AZG Daily #7, 23-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018



ԶՆՆՈՂ ԱԿՆԱՐԿ

Տեղադրվել է` 2018-01-26 14:51:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3769, Տպվել է` 473, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑՙ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եվ այսպես, Արմեն Վարդանի Սարգսյան: ՀՀԿ-ն ու անձամբ նախագահ Սարգսյանը (դեռեւս չխառնելՙ Արմեն Սարգսյանի հետ), հենց Արմեն Սարգսյանին առաջադրեցին ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում: Չմոռանամ ասել, որ ՀՀԿ-ն իր այս դժվարին որոշումը կայացրեց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ խորհրդակցելուց հետո. ամեն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Արմեն Սարգսյանի անունը, ՀՅԴ-ից Արմեն Ռոստամյանը նշեց, որ ՀՀԿ-ն իրենց հետ խորհրդակցել է 4-րդ նախագահի թեկնածության հարցում: Անկեղծ ասածՙ կդժվարանամ ասել, թե կոնկրետ որ օրը ու որ ժամին: Ինչեւէ, սրանք ներկոալիցիոն հարցեր են, եթե իհարկե նման հարցեր լինում են:

Արմեն Սարգսյանին ներկայացնելու կարիք թերեւս չկա: Մարդը երկար տարիներ, սակայն ընդմիջումներով, եղել է Մեծ Բրիտանիայում, 2014-ից համատեղության կարգով նաեւ Իռլանդիայում ՀՀ դեսպան, Եվրոպայում ՀՀ ավագ դեսպան, ՀՀ վարչապետ (ամենաքիչ պաշտոնավարածը), ապա հիվանդության պատճառով հրաժարվել է վարչապետի պաշտոնից ու նորից նշանակվել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան: Իմիջիայլոց, ընդունելով դեսպանի հավատարմագրերը Սարգսյանից, թագուհի Եղիսաբեթն ասել է. «Արմեն, դու չեմպիոն ես դեսպանների շարքում. արդեն երրորդ անգամ ես վերադառնում մեզ մոտ»:

Մի խոսքով, քաղաքականությամբ զբաղվել է ու զբաղվում է: Մենք իհարկե գիտեինք, որ ՀՀ 4-րդ նախագահը քաղաքականությամբ զբաղված չի լինելու , ինչպես ասել էր Սերժ Սարգսյանը, բայց դիվանագիտությունը հավանաբար քաղաքականություն չի համարվում, ասենք Էդվարդ Նալբանդյանը արտաքին քաղաքականությամբ չի զբաղվում, ԼՂ հարցը քաղաքական հարց չէ... Մի խոսքով: Ինքըՙ Արմեն Սարգսյանը, նախքան հայտնի կդառնար, որ առաջադրվելու է նախագահի թեկնածու, ասել է, որ քաղաքականությամբ զբաղվելու հետաքրքրություն չունի : Հետաքրքրական է, թե ինչո՞վ են զբաղվում Լոնդոնում մեր դեսպանատանը, եթե ոչ քաղաքականությամբ... Ամեն դեպքում ասում են, որ Արմեն Սարգսյանը լուրջ գիտնական է, լուրջ գյուտեր ունի, լուրջ բիզնեսմեն է ու լուրջ փողեր ունի: Մի խոսքովՙ ՀՀ նախագահի լուրջ թեկնածու է: Լուրջ, բայց ժպտերես, ինչով էլ պարոն Սարգսյանը առանձնանում էր 90-ականներին Հայաստանում, երբ նշանակվեց ՀՀ վարչապետ ու առանձնանում է հիմա, երբ կընտրվի ՀՀ նախագահ: Ի դեպ ժպտերեսության մասին: Արմեն Սարգսյանի կինըՙ տիկին Նունե Սարգսյանը, որի մասին դեռ կխոսենք, ասում է. «Ես միշտ երջանիկ դեմք եմ ունեցել, տխուր դեմքը երբեք չի աշխատում»: Այնպես որ, անկախ նրանից կընտրվի՞ Ա. Սարգսյանը ՀՀ նախագահ, թե՞ ոչ, Սարգսյանները շարունակելու են ժպտալ:

Ընտրվելո՞ւ է, անշուշտ, բայց ինչպես մենք ենք ազգովին որոշել նոր Սահմանադրությանն «այո» ասելով, ոչ թե համապետական ընտրությունների արդյունքում, այլ ԱԺ-ի կողմից, որտեղ նրան առաջադրող ՀՀԿ-ն մեծամասնություն է, ՀՅԴ-ն մեծամասնության կողքին է, ԲՀԿ-ում «բոլորը Ծառուկյան են», իսկ Ելք-ը, չնայած առաջադրում է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, բայց համապատասխան ստորագրություններ չի կարողանում հավաքել, եւ ըստ ամենայնի Արմեն Սարգսյանը մրցակից չի ունենա:

Ուշագրավ է, որ այս պահին, երբ նախագահի ընտրությանը մնացել է մեկ ամսից քիչ ավել ժամանակ (ընտրությունը նշանակված է մարտի 2-ին), պարոն Արմեն Սարգսյանը Հայաստանում չէ: Սերժ Սարգսյանից ստանալով նախագահ աշխատելու առաջարկըՙ նա մեկնել է Լոնդոնՙ խոստանալով մինչեւ շաբաթվա վերջ ժամանել Հայաստան: Արմեն Սարգսյանը որոշ ժամանակ է խնդրել ՀՀԿ-ից, որպեսզի Հայաստանի քաղաքական-հասարակական տարբեր խմբերի, Սփյուռքի տարբեր շրջանակների ու Արցախի իշխանությունների հետ հանդիպումներից հետո որոշում կայացնի, թե համաձա՞յն է արդյոք առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնին, ինչը, եթե անում ես ՀՀԿ-ի աջակցությամբ, ապա դառնում ես նախագահ: Պետք է նշել, որ Արմեն Սարգսյանն իրոք մտածելու շատ բան ունի, ընդ որում ոչ այնքան իր նշած շրջանակների հետ հանդիպումներից հետո կամ դրանց ընթացքում, այլ մենակ կամ ընտանիքով, ասենք կիրակի օրը Սուռեյում գտնվող Սարգսյանների շքեղ առանձնատանը, որտեղ, ի դեպ, տիկին Նունեն ամենաուրախ օրերն է անցկացնում: Բանն այն է, որ ՀՀ նախագահ դառնալով, պարոն Սարգսյանը պետք է հրաժեշտ տա այդքան սիրելի Լոնդոնին, որտեղ ապրելու մասին դեռ ԽՍՀՄ տարիներից երազում էին ինքն ու կինը, համոզի որդիներին, մանավանդ ավագ որդունՙ Վարդանին (որի կինն ամերիկուհի է) երբեմն թողնել սեփականՙ կիբեռանվտանգությամբ զբաղվող ընկերության ղեկավարի պաշտոնն ու վերադառնալ Հայաստան, քանի որ անհարմար է, երբ հայրը բարեկեցիկ է դարձնում մի երկիր, որի բարեկեցիկ դառնալուն չեն հավատում սեփական որդիներըՙ շարունակելով ապրել այդ երկրից դուրս: Բացի այդ, պարոն Սարգսյանը պետք է այլեւս խորհուրդ չտա British Petrolium ընկերությանը, որի խորհրդականների թվում է եղել, չնայած այդ ընկերությունը Բաքվում լուրջ հետաքրքրություններ ունի ու մեծ գործեր: Եւ վերջապես պետք է ինչ-որ բան ասել արքայազն Չառլզին, որի հետ Սարգսյանները մտերիմ են ու որը Երեւան եկավ հենց Արմեն Սարգսյանի միջնորդությամբ: Չնայած այս վերջինը կարելի է եւ չանել, ու արքայազնին հրաժեշտ տալ անգլիական ձեւով:

Ամեն դեպքում անգլիական միջավայրին հրաժեշտ տալը հեշտ բան չէ, մանավանդ եթե ամբողջ կյանքում երազել ես ապրել հենց այդ միջավայրում: Օրինակ Daily Mail-ը գրում է, որ Սարգսյանները Բրիտանիայում հայտնի են իրենց անթերի ճաշակով ու շարժուձեւով : Բրիտանական պարբերականի լրագրողը անձամբ է գնացել Սարգսյանների լոնդոնյան տունը, որը գտնվում է Բրիտանիայի մայրաքաղաքի շքեղՙ Չելսի թաղամասում (որտեղ բնակվողներին հնուց ի վեր անվանում են «ազնվականներ»)ՙ զրուցելու տիկին Նունեի հետ ու հիացել, օրինակ, կահույքով: Բանն այն է, որ Սարգսյանները հանրահայտ Դեւիդ Լինլիի կահույքի ամենամեծ հավաքածուներից մեկն ունեն: Դե իսկ Դեւիդ Լինլին արքայադուստ Մարգարետի որդին է, թագուհի Եղիսաբեթի ազգականը, Սարգսյանների եւս մեկ մոտ ընկերը: Ինչպես օրինակ Դարիգա Նազարբաեւան, որը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրն է: Ճիշտ է, որեւէ փաստ չկա, որ տիկին Նազարբաեւան եւ Սարգսյանները մտերիմ են, բայց փաստ է, որ Արմեն Սարգսյանը Աստանայի ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիրն է, որի կազմկոմիտեի նախագահը հենց Դարիգա Նազարբաեւան է: Բացի այդ, 2013-ի մայիսին, երբ Երեւան ժամանեց արքայազն Չառլզը, տիկին Դարիգա Նազարբաեւան նույնպես Երեւանում էր:

Հրաժեշտի առումով պակաս կարեւոր չեն տիկին Նունեի գործերը: Բանն այն է, որ Արմեն Սարգսյանի կինը արքայազն Չառլզի օգնությամբ բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղիակ է: Ճիշտ է, տիկին Նունեն ասում է, որ ինքը շատ բան է զոհաբերել հանուն Արմենի կարիերայի , բայց օրինակ այն ժամանակ, երբ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ էր, տիկին Նունեն ամենեւին էլ Երեւան չէր տեղափոխվել. նա ապրում էր ե՛ւ Երեւանում, ե՛ւ Լոնդոնում: Ավելին, որդիներըՙ Վարդանն ու Հայկը այդ տարիներին սովորում էին բրիտանական հեղինակավոր դպրոցներից մեկում եւ տիկին Նունեն չէր կարող նրանց մենակ թողնել:

Մասնագիտությամբ ֆիզիկոս Արմեն Սարգսյանը նաեւ բիզնես զոհաբերություններ պետք է անի: 2013-ին ռուսական «Կոմպանիա» պարբերականը նշեց, որ Արմեն Սարգսյանը ղեկավարում է 25 ընկերություն: Որոնցից ամենահայտնին թերեւս Knightsbridge-ն է: Հենց 2013-ին Սարգսյանին պատկանող այս ընկերությունը համաձայնագիր կնքեց ՌԴ Պոմորյեի նահանգապետ Իգոր Օրլովի հետՙ Արխանգելսկի օդանավակայանի եւ տեղական ավիաուղիների զարգացմանն ուղղված ներդրումներ կատարելու շուրջ: Ընկերությունը մասնաբաժին ունի նաեւ ՌԴ արեւմտյան Չումպասի նավթային հանքում: Ավելինՙ Սարգսյանի ղեկավարած հոլդինգը ստեղծել է «Լենինգրադ» կորպորացիան, որն էլ հանդիսանում է ռուսաստանյան «Էներգոպրոեկտ» ընկերության բաժնետեր: Ի դեպ «Էներգոպրոեկտը» ՌԴ հյուսիսարեւմտյան տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ ոլորտի նախագծային եւ ինժեներական աշխատանքներով զբաղվող խոշորագույն կազմակերպությունն է:

Մի խոսքով, կարելի է երկար թվարկել Սարգսյանների բիզնես եւ ոչ միայն բիզնես հնարավորություններն ու կարողությունը, որոնց առկայությունից թերեւս պարզ է դառնում, թե ինչով են զբաղվել Լոնդոնում մեր դեսպանատանը, եթե ոչ քաղաքականությամբ: Հիմա պարոն Արմեն Սարգսյանը պետք է որոշում կայացնի, կամ այս ամենը հանձնում է... ուրիշին չէ, որդիներին, ու գալիս է Հայաստանՙ նախագահ աշխատելու, կամ ՀՀԿ-ն թող այլ թեկնածու առաջադրի: Բայց քանի որ ՀՀԿ-ն ամենակարեւոր պաշտոնների համար ներքին կադրային բազայում չունի ու երբեք չի ունեցել հարմար թեկնածուներ, ուրեմն Արմեն Սարգսյանը պետք է թողնի Լոնդոնըՙ Հենրիխ Մխիթարյանին ու վերադառնա Հայաստան: Հաշվի առնելով, որ նախագահի ընտանիքը պետք է նրա կողքին լինի, ուրեմն Հայաստան կվերադառնա 8 մարդՙ Արմեն Սարգսյանը, տիկին Նունեն, նրանց որդիներըՙ Վարդանն ու Հայկը, ամերիկուհի հարսն ու երեք թոռները:

Ի դեպ, երեխաների մասին: Պարզվում է տիկին Նունեն հեքիաթներ է գրում ու արդեն 14 գիրք ունի, որոնցից 10-ըՙ հայերեն, 3-ըՙ ռուսերեն, 1-ըՙ անգլերեն: Ինչպես ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանըՙ «Նունեն այսօր դարձել է հայ մանուկների ամենաճանաչելի մանկագիրներից մեկը: Նրա հեքիաթներում նույնիսկ վիշապները կարող են գեղեցիկ ու բարի լինել, լույսի ու խավարի պայքարում միշտ հաղթում է լույսը»:

Հուսանք, որ բրիտանական հեքիաթային կյանքը Սարգսյանները կբերեն Հայաստան, այդ կյանքն ու տիկին Նունեի ամենաթանկարժեք ունեցվածքը ՙ անգլիական բուլդոգ Քոլոյին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.