AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ...

Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 19977, Տպվել է` 1193, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԵՍՆԻՍ ԿԵՂՆԻ՞ ՄԵ ՕՐԸՄ, ՕՐ...

ՆԱԻՐ ՅԱՆ

Մեր տան հեռուստաէկրանն Ամանորի տոներին լավագույնս ու ճշգրիտ ցույց է տալիս, թե ինչ ենք արել նախորդ տարում, ինչպես ենք ապրել, ինչի ենք հասել ու ինչից հետ մնացել. կարճ ասածՙ ամանորյա հաղորդումները մեր կյանքի հանրագումարն ու լակմուսի թուղթն են: Հեռուստաէկրանը մեր ներաշխարհը, ինտելեկտը, ճաշակը, կյանքի դինամիկան արտացոլող հայելին է: Որպես կանոնՙ հեռուստաընկերությունների մեծ մասի ղեկավարներն Ամանորի տոների համար կազմում են, այսպես կոչված, հումորային, ժամանցային ծրագրեր: Ժողովրդին ծիծաղեցնելու, տրամադրություն բարձրացնելու ձգտումովՙ նրանք հանրագումարի են բերում իրենց արխիվում եղած-չեղածը. միայն թե իրե՛նց ալիքի կոճակը սեղմվի: Այդ մրցավազքում արդարացված է ամեն բանՙ էլ հին ու նոր հաղորդումներ ու համերգներ, էլ ժամկետանց կինոներ ու խուտուտի էֆեկտով շոուներ: Տասնյակից ավելի ալիքներ ունենք, բայց մեծ մասամբ նույն ձեռագրով, նույն ոճով ու ճաշակով, նույն դեմքերով ու անուններով:

Ամանորին վճռեցի ուշիուշով հետեւել հայկական հեռուստաընկերությունների աշխատանքին: Ներվերս անջատեցի ու մեկ շաբաթ գրեթե բոլոր ալիքները նայեցի: Հնդկական սերիալները մեկ շաբաթով արձակուրդ էին գնացել, բացառությամբ «Շանթի»: Դրանց փոխարինել էր բացառապես տեղական արտադրանքը, բայց էլի հնդկական: Յոթ օր անընդմեջ միայն տաշի-տուշի, միայն խուտուտ, միայն ծանծաղ հումոր, սաղր սրամտություններ:

1990-ականներից սկսածՙ ավանդույթ էր դարձել. հենց 12-ը զարկում էր, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» ներքո ինչ-որ պարային խումբ երեկոյան զգեստներով վալս էր պարում, «Հանրապետության» հրապարակի ժամացույցն ու հրավառություն էր ցուցադրվում: Ամեն դեպքում ազդեցիկ էր, հանդիսավոր էր, ներքին խորհուրդ ու գոնե միջին ճաշակ կար: Համարվեց, որ Արամ Խաչատրյանն էլ, վալսն էլ հնաոճ են ու անհետաքրքիր: Ու արդեն քանի տարի հենց 12-ը խփում է, զուռնան զիլ ու զռզռան կանչում է, ու իրար հերթ չտալով, կոկորդների կլկլոցային ողջ հմտությունները գործի դնելովՙ երգում է մեր շոու-բիզնեսի ամբողջ աստղաբույլը: Տարվա ընթացքում հիթային դարձած բոլոր ռաբիս երգերըՙ մեկտեղ: Ռաբիսի գերաստղերը դարձել են ամանորյա համերգների թագն ու պսակը: Նրանց մենահամերգները բացառիկ իրավունքով են ցույց տալիս հեռուստաընկերություններըՙ ամենադիտվող ու ամենաթանկ ժամերինՙ գովազդային հոլովակներով համեմված ու հագեցած:

Ձախ Հարութը, որ երկու-երեք տասնամյակ առաջ համարվում էր քաղաքային ռաբիսի ամենավառ ներկայացուցիչ, հեռուսաէկրաններին երբեք չէր երեւում: Միայն համացանցի ի հայտ գալուն պես մենք դեմքով ճանաչեցինք նրան. շատերս լսել, բայց չէինք տեսել: Այն ժամանակվա հեռուստատեսության ներքին կանոնադրության համաձայնՙ արգելվում էր ռաբիս հնչեցնելն ու ցուցադրելը. ցածրակարգ հեռուստածրագրերը հակադաստիարակչական ու հակակրթական էին համարվում: Հետո եկան Թաթայի հեռուստաժամանակները, հետոՙ Արամ Ասատրյանի: Չէ, Թաթայի ու Արամ Ասատրյանի հեռուստաժամանակները եկան միաժամանակ ու համընթաց: Նրանց աստեղային ժամը «Մեր բակը» դարձավ: «Մեր բակը» գաղափարն իրագործողներիՙ «Շարմի» տղերքի թեթեւ ձեռքով կապույտ էկրանը տրամադրվեց ռաբիսիՙ այն ժամանակվա կարկառուն դեմքերին: Ու «Շարմի» օրինակը դարձավ վարակիչ. օրինակը դարձավ օրինաչափություն հետագայի համար: «Մեր բակի» հեղինակներն էլ էին զարմացած ու հիասթափված. անգամ արտահայտվեցին այդ մասին, թե իրենք ցանկացել են ծաղրել ու քննադատել 90-ականների մեր կյանքի ցածրորակ երեւույթներն ու անձանց: Բայց այդ ձեւաչափն ու մոտեցումը, չենք կարող ասել, թե անկախ «Շարմի» կամքից ու ցանկությունից, դարձավ ճաշակ թելադրող, ծանրակշիռ ազդեցություն ունեցավ ժողովրդի ու հատկապես երիտասարդների վրա:

Իսկ այդ տարիներին եկեք հիշենք, թե ինչ վիճակում էր նույն ժողովուրդն ու երիտասարդությունը. հովհարային անջատումներ, սոցիալական, հոգեբանական ճնշող իրավիճակ, կենցաղային նվազագույն պայմանների, արվեստի, հեռուստատեսության հետ դույզն-ինչ հաղորդակցության բացակայություն: Ու այս համայնապատկերում, երբ Արամայիս Սահակյանի «Ոզնի» թերթը բազմաբնակարան շենքում տնից տուն էր անցնում, թե ինչ է մարդիկ մի քիչ թեթեւացնեն իրենց ծանր օրվա մի քանի վայրկյանը, մի քիչ ծիծաղեն ու լիցքաթափվեն, հանկարծ ուՙ «Մեր բակը»: Բնական է, որ այն մեծ արձագանք գտավ կյանքի ծանրության տակ կքած ժողովրդի շրջանում: Իհարկե, լուրջ արվեստագետները դեռ այն ժամանակ զգացին, որ այդ անմեղ թվացող բակային լիամետրաժ տեսահոլովակը հետո վտանգավոր է դառնալու, կանխատեսեցին, որ ցածրորակ հումորն ու սրամտությունները մեր ժամանակներում թեւավոր խոսքեր են դառնալու, իսկ կերպարներըՙ մեր ժամանակների հերոսներ, որոնց ձգտելու է նմանվել մի ամբողջ ազգ: Լավ, եթե շատ հոռետես չլինեք, գոնե մի ամբողջ ազգի կեսը, հատկապես երիտասարդ ու նոր սերունդը: «Մեր բակի» մասնակիցները պետք է երախտապարտ լինեն այդ նախագծի հեղինակներին, որովհետեւ դրանից հետո սկսվեց նրանց կյանքի հանրահռչակ ու արգասաբեր շրջանը, որ շարունակվում է ցայսօր: «Մեր բակից» հետո Արամ Ասատրյանն ու Թաթան դարձան ամրագրված ու հաստատագրված անուններ եթերում: Եվ ոչ միայն նրանք: Նրանց հետ նաեւՙ Աշոտ Ղազարյանն ու Զառա Արամյանը, Լալա Մնացականյանն ու Հրանտ Թոխատյանը, Հայկո-Մկոն, իսկ -ի տղերքըՙ որպես նորանկախ Հայաստանի նոր եթերաշրջանի կնքահայրեր, գրավեցին ամբողջ հետուստատեսությունը, հետագայում եւՙ քաղաքական դաշտը: Մարտնչող անճաշակությունը, կիսագրագետ, ծանծաղ հումորն ու հումորիստները հեռուստաէկրաններից մտան մեր տները, մեր կյանք, փոխեցին հումորի ու հումորիստի, կինոյի ու կինոարվեստի, դերասանի ու դերասանական արվեստի, երգի ու երգարվեստի մասին մեր դասական պատկերացումներն ու իրե՛նք դարձան դասականներ: Նրանցից հետո եկածներն իրենց ցածրաճաշակությամբ այնպես գերազանցեցին նրանց, որ սրանց կողքին նրանք արդեն իսկապես դասական համարվեցին ու սկսեցին վաստակավորների կոչումներ ստանալ: Արամ Ասատարյանի կյանքը կարճ տեւեց, թե չէ նա հիմա ժողովրդական էր ստացել: Ցավալի է, բայց անհերքելի. «Մեր բակը» դարձավ նշաձող, չափանիշ, որից սկսվեց այն, ինչի ձեռքը կրակն ենք ընկել, ինչից պրծում չկա, ինչը մետաստազներ է տվել:

Այս Նոր տարուն հայրենի հեռուստատեսությունն ի մի բերեց իր ամբողջ «հարստությունը», 90-ականներից մինչեւ հիմա եղած արտադրանքը: Ըստ ժամանակագրությանՙ ստեղծվել է հեռուստատեսության ամանորյա հաղորդումների մատենաշար, կամ եկեք այն անվանենքՙ անթոլոգիա: Այն համապարփակ պատկերացում է տալիս հատկապես տոնական օրերի հեռուստաեթերների մասին: Յուրաքանչյուր Նոր տարում ցուցադրվում են ոչ միայն այդ թվականի, այլեւ նախորդ տարիների արտադրանքը, երբեմնի դրամարկղային, բայց մեր կինոթատրոնների էկրաններից արդեն իջած ֆիլմերը: Դե բոլորս գիտենք, որ ֆիլմ կոչվող այդ լիամետրաժ տեսահոլովակները նկարվում են միայն ու բացառապես պոպկորնային հանդիսատեսի համար: Իսկ երբ մինչեւ վերջին հատիկ պոպկորնը ճանապարհվում է ստամոքս, դրանք խելոք-խելոք իջնում են կինոթատրոնների էկրաններից եւ ուղեւորվում հետուստաընկերություններՙ հատուկ Նոր տարուն ցուցադրվելու համար: Այդքանով ու այդպիսով ավարտվում է խուտուտի համար նախատեսված այդ լիամետրաժ տեսահոլովակների կենսագրությունը:

Համաձայն եմ, թող լինի նաեւ էկրանային այդպիսի արտադրանք, հո բոլորը Փելեշյան ու Փարաջանով չեն դառնալու, կամ մեր երկրում հո 2 միլիոն արվեստաբան կամ բարձր կինոյի սիրահար չի լինելու, բայց այլընտրանք տվեք, պարոնայք: Այլընտրանքի հնարավորություն տվեք ՀՀ մյուս քաղաքացիներին, ովքեր չեն ուզում լսել ու տեսնել բոլոր եթերները հեղեղած ձեր տկար ու գռեհիկ հումորներն ու հումորիստներին, ձեր PR-ով կերտված երգիչ-երգչուհիներին: Ի վերջո, պե՞տք է հաշվի առնվի, որ մեր հասարակությունը կազմված է տարբեր ճաշակ ու աշխարհընկալում, տարբեր մտածողություն ու կարծիք ունեցող քաղաքացիներից: Ինչո՞ւ եք համահարթեցնում ամեն բան: Լոզունգ եք սարքելՙ ժողովուրդին դա է դուր գալիս, ժողովրդի ճաշակն ու պահանջն ենք բավարարում: Ո՞վ է ձեզ թույլ տվել ժողովրդի անունից խոսել ու ձեր փնթի, ոչ պրոֆեսիոնալ, կիսագրագետ ու անճաշակ պրոդուկտը պարտադրաբար մատուցել ամենքին ու ամենուր: Ո՞վ եւ ե՞րբ է թույլ տվել... միամիտ, նայիվ հարց:

Երբ -չիկները դարձան երկրիս ռազմավարական նշանակության ոլորտների ղեկավարներ ու ամեն ինչին թեթեւ նայելու հոգեբանությամբ սկսեցին վճռել կարեւոր նշանակության հարցեր, այդ ժամանակ էլ հենց դուք ձեր ամենակարողի անարգել թույլտվությունն ստացաք: Երբ պետական կոչումներ ստանալը դարձավ խանութից յոգուրտ առնելու պես մի բան, բնական է, տրամաբանական հաջորդ քայլը պետք է լիներ ռաբիսի առաջ հեռուստաեթերում կանաչ լույս վառելը: Հանրապետության նախագահին, բարձրաստիճան մյուս անձանց նմանակելը դարձել է ընդունելության քննություն. խոսքի հանգը, ժեստերը, ինտոնացիան հաջողվե՞ց նմանակել, ուրեմն կդառնաս պահանջված արտիստ: Այո, այո, ոչ ավել, ոչ պակասՙ արտիստ: Այդպես են իրենք իրենց մասին խոսում շուոբիզնեսի ներկայացուցիչները: Բայց իրականում նրանք մեղավոր չեն, նրանց համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում, նրանց գործունեությունը խրախուսվում է բարձր ատյաններից, իրենք էլ իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Պետական տոնակատարություն լինի, թե համերգ, ովքե՞ր են ելույթ ունենում, ծաղկացնում. հենց նրանք:

Ընկերներիցս մեկը բոլորովին թարմ մի դեպք պատմեց: Նոր տարին անց է կացրել Թբիլիսիում: Այնտեղի բարձրակարգ ռեստորաններից մեկում հատուկ վերաբերմունք են ցույց տվել հայ հաճախորդների նկատմամբՙ հայտարարելով, թե նրանց պատվին հնչեցնում են հայկական երգ: Ռեստորանի հայ հաճախորդները խիստ շոյվել են վրացիների ժեստից ու անհամբերությամբ սպասել, թե հայկական ինչ երգ է հնչելու: Ու հնչել է... Սպիտակցի Հայկոյի «Մի գնա, գնա»-ն: Սա միակ դեպքը չէ. անգամ հեռավոր Մարոկկոյում հայ երաժշտարվեստը ճանաչում ու չափում են հենց Սպիտակցի Հայկոյի այդ երգով: Օրինակները ցցուն են ու ցավոտ: Ի դեպ, այս Նոր տարուն մեր հեռուստաընկերությունները մեծ խանդավառությամբ ցուցադրեցին նաեւ վրացի Սոսո Պավլիաշվիլու ու Դաթոյի համերգները: Հետաքրքրական է, վրացական ո՞ր մի հեռուստաընկերությունն է Ամանորին ցուցադրել հայ որեւէ, մանավանդ ռաբիս երգչի ելույթ:

Ամեն ինչ վերեւից է գալիս, այսինքնՙ «վերեւներից»: Ինչ վերաբերմունք որ ունեն «վերեւները» մեր մշակույթի ու մշակույթը սպառողների նկատմամբ, նույն վերաբերմունքը որդեգրում են «ներքեւները»: 2018-ին մշակույթի եւ կրթության, գիտության ոլորտների հատկացումները կրճատվելու են: Ինչպես ձեւակերպված է պետական փաստաթղթում, մշակութային ծառայություններին այս տարի կհատկացվի 13. 564. 8 մլն. դրամՙ 2017-ի 13.995.3-ի փոխարեն: Մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման համար կտրամադրվի 395. 8 մլն. դրամՙ նախորդ տարվա 405.9 մլն-ի փոխարեն, կինոյինՙ 611 մլն., 653,5 միլիոնի փոխարեն: Իսկ կրթության ոլորտի ֆինանսական կրճատումները 2018-ին կլինի 600 մլն. դրամ: Կրճատված բյուջեներով նախարարները հեչ էլ դժգոհ չէին իրավիճակից. ամեն ինչ լավ է, հրաշալի, կբարարվեն ու կաշխատեն եղած հնարավորությունների սահմաններում:

«Մեր մանկության տանգո» ֆիլմի Սիրանուշի ասած. «Տեսնիս կեղնի՞ մէ օրըմ, օր.... մի նախարար ձեռքը սեղանին խփի ու ասիՙ ես այսպես աշխատել չեմ ուզում: Մշակույթի ու կրթության բյուջեն կրճատելովՙ դուք ձեր չկարեւորված ու անտարբեր վերաբերմունքն եք ընդգծում հայրենի մշակույթի ու կրթության հանդեպ: Իսկ եթե եսՙ որպես նախարար համաձայնեմ կրճատված բյուջեի փաստի հետ, կնշանակի իմ վերաբերմունքն էլ է անկարեւոր ու անտարբեր իմ իսկ ղեկավարած ոլորտի նկատմամբ: Ուստիՙ սեւով սպիտակի վրա գրում եմՙ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ ....ու հեռանում»:

Տեսնիս կեղնի՞ մէ օրըմ, օր...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.