AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 7989, Տպվել է` 1616, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵԿՈՅԱՆ ՔՆԵՆՔ ԵՎՐԱՍԻԱԲԱՐ, ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՐԹՆԱՆԱՆՔ ԵՎՐՈՊԱԲԱՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նոր եւ միգուցե անսպասելի իրավիճակ

Անցած շաբաթ «Russia Today» ռուսական հեռուստատեսության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, հյուրընկալվելվելով ռուսական «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը, մի թեթեւ զարմացավ այն առիթով, որ հաղորդման մեջ չէր պահպանվել հաղորդման մասնակիցների ազգային քվոտան: Զարմանքն առ այն էր, որ հաղորդման մի ներկայացուցչի` Գարիկ Մարտիրոսյանի հայ լինելու պարագայում երկրորդ հային էլ էին հրավիրել, ու այդպիսով խախտվել էին հեռուստատեսության չգրված օրենքները: Սա, կարելի է ասել, ակամա խոստովանություն էր ռուսական հեռուստաալիքներում սովորաբար առկա տոտալ վերահսկողության մասին:

Ասել, թե ռուսական հեռուստատեսություններով Հայաստանի դեմ սկսված տգեղ հարձակումները փորձագիտական մակարդակով են միայն, եւ ի գիտություն պետք է ընդունել, օրինակ, Ռուսատանի իշխող` «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակության ներկայացուցիչների տեսակետները, որ նրանք հայտնում էին Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելիս, իսկ Ռուսաստանի պաշտոնական տեսակետը չի համընկնում փորձագիտականի հետ` սա , մեղմ ասած, ջայլամություն կլինի: Այո, Պետական դումայում մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչները ողջունում էին Հայաստանի «Եւ-եւ» քաղաքականությունը, եւ որ` մեր երկիրը այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ, ուստի բոլոր մյուս տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական եւ իշխող քաղաքական ուժի մոտեցումները, ասում էին նրանք: Սակայն գոնե ռուսական տեղեկատվական վարկածով այս իրողությունը բացարձակապես չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ռուսական գլխավոր բոլոր ալիքները Կրեմլի վերահսկողության տակ են, եւ այնտեղ քաղաքական քննարկումների թեմաներն անգամ վերեւներն են հուշում` բովանդակային ոչինչ չի փոխվել խորհրդային ժամանակներից, ցուցափեղկերից բացի: Այնպես որ` ռուսական հեռուստաալիքների` ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքած Հայաստանի թեմայով քննարկումները պարզապես մեր երկրի իմիջին հասցվող հարվածներ են, որոնց թելերը տանում են կառավարող շրջանակներ:

Ինչ անել այս դեպքում: Յուրաքանչյուր դեպքի համար պահանջել արձագանք Հայաստանի ղեկավարությունից` այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ ռուսական պաշտոնական տեսակետը, որպես այդպիսին, լրիվ հակառակն է ասում: Ինչ-որ «փորձագետներ» այնտեղ բարբաջում են Ռուսաստան ամուսնու հանդեպ Հայաստան կնոջ դավաճանանական վարքի մասին` դրան պետական գերատեսչությունների մակարդակով արձագանքելը մի տեսակ վիրավորական կլիներ մեր պետության համար: Միեւնույն ժամանակ անպատասխան թողնել հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունեցող այդ տեսակետները` նույնպես անթույլատրելի է, քանի որ արդեն իսկ կենցաղային մակարդակով սովորական ռուսներից լսում ենք` դուք առանց Ռուսաստանի ոչինչ եք, բայց Եվրոպա ե՞ք գնում, ուրեմն մի եկեք Ռուսաստանում աշխատելու եւ այլն:

Ասելս այն է, որ «Ռաշա Թուդեյի» նման միջազգային մի ալիք` ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, շաաաատ վաղուց պիտի ունենայինք հենց մենք, հայերս, այսքան տարածական մեծ սփյուռք ունենալու պարագայում: Ինչ է`ողջ սփյուռքը եւ պետությունը միաժամանակ մի ալի՞ք էլ չեն կարող ֆինանսավորել, որը ոչ թե անձերի փիար կամ հակափիար կաներ, ինչպես որ հիմա սփյուռքի ու Հայաստանի շատ հեռուստաընկերություններ են անում, այլ կվերածվեր հայկական եւ, ինչու չէ, Հայաստան-պետության շահերը պաշտպանող միջազգային լուրջ լրատվամիջոցի, ողջ օրը միջազգային մակարդակի լրատվություն թողարկելով բոլորի համար`միաժամանակ կարձագանքեր-կպատասխաներ նաեւ այս տեսակ հակաքարոզչությանը:

Ռուսական տեղեկատվական տարածքում Հայաստանի եվրոպական համագործակցության դեմ «Զվեզդայի» ձղաձգումներին հաջորդել է ՆՏՎ ալիքի «Հանդիպման վայր» ծրագրի քննարկումը, իսկ ինտերնետ տարածքն ընդհանրապես լցված է Հայաստանի դեմ բազմաթիվ հրապարակումներով: Հիմա եթե միջազգային այդպիսի հեռուստատեսություն ունենայինք, որտեղ աշխատեին միջազգային վարկ ունեցող եւ ոչ անպայման հայ լրագրողներ, ոչ մի բան անպատասխան չէր մնա:

Է, մենք մինչեւ հասկանանք, որ այդպես ծախսված փողերը պետության եւ ազգային շահի տեսքով տասնապատիկ վերադառնում են, մինչեւ հետ սովորենք գավառական «ատկատով» հիմնադրամներից ուղղակի փող լվանալով հեռուստաբիզնեսում, չհասկանալով, որ դա այլեւս ժամանակավրեպ է ու հարվածում է հայկական ամեն ինչին, այդ թվում` փող լվացողի անձին, ուշ կլինի: Թե՞ մերոնք միայն սեփական լրատվամիջոցներով իրար վրա նյութեր պատվիրել գիտեն:

Բոլոր դեպքերում` արժանապատիվ պահելու խնդիր պետությունն ունի, ու այս տեսակ քարոզչական կեղտին արձագանքելու կերպը պետք է արագ գտնել:

Բայց ողբերգություն սարքել այս բոլորից հիմա պետք չէ:

Ընդհանրապես` մենք վաղուց հոգեբանորեն պետք է պատրաստ լինենք նրան, որ մեր այս կամ այն քայլի համար աշխարհը մեր գլուխը չի շոյելու, միշտ էլ ամենատարբեր հարվածներ կարող են լինել, եւ պատասխանալու առումով էլ պետք է պատրաստ լինենք. թարմ օրինակը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում պատահածն է Կիեւում, երբ առանց հայկական պատվիրակության քննարկվել եւ հռչակագրում հակամարտությունների վերաբերյալ հայերիս համար աննպաստ փոփոխություն էր մտցվել: Դա, օրինակ, մեզ համար անսպասելի չպետք է լիներ:

Մի ժամանակ Գորբաչովն ու նրա շրջապատը հայերիս էքստրեմիստներ էին կոչում` անկախ պետություն ունենալու ցանկության համար, է, չանկախանայի՞նք: Նույնը հիմա է, եթե մեր Նժդեհին մի քանի ռուս «փորձագետ» նացիստ են անվանում, հո մեր ազգային հերոսից չենք հրաժարվելու:

Ընդհանրապես` չպետք է խուճապի մատնվել, երբ մեր դեմ կիրառում են սեւ քարոզչություն, միշտ պետք է մտածել հակամիջոցների մասին: Օրինակ` ատոմակայանի փակման պահանջին ինչ կունենանք հակադրելու, որքան էլ ԵՄ-ն հաստատում է համաձայնագրում, թե հավատարիմ է Հայաստանի միջուկային անվտանգությանը: Նայած որ կողմից ես հասկանում անվտանգությունը` եվրոպական կողմից անվտանգ է ատոմակայանի փակումը, հայկական դիտակետից`աշխատեցումը, քանի որ մեր էներգիայի համարյա կեսը կամ կեսից մի փոքր պակասն արտադրող ձեռնարկության փակումը կնշանակի վերադառնալ իննսունականների հովհարային անջատումներին, ինչպես որ ռուսական կայքերն են չարախնդում: Կամ հավանաբար ռուսներին արժե բացատրել, որ շրջափակման մեջ հայտնված Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները, այդ թվում ԵՄ-ի ընձեռած, դրա մեջ հակառուսական խնդիր չկա, մեր գոյատեւան խնդիրն է, ու չարժե անընդհատ հիշեցնել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման առթիվ տված ռուսական 270 մլն դոլարանոց վարկն ու 30 մլն դոլարանոց գրանտը:

Ի՞նչ է հաջորդելու համաձայնագրին

Ի՞նչ պիտի անի Հայաստանը համաձայնագրի ստորագրումից հետո, ինչո՞ւմ պետք է դրսեւորվի վարչապետ Կարեն Կարապետյանի ասած` ամենօրյա մանրակրկիտ աշխատանքը, որ իրականություն դարձնի համաձայնագիրը: Չէ՞ որ այնպես չի լինում, որ երեկոյան քնենք եվրասիաբար, իսկ առավոտյան արթնանանք եվրոպաբար: Էլ չասած, որ Եվրոպայում ամեն ինչ չէ, որ կատարյալ է, ու նրանց բարքերի բոլոր մանրամասներն են մեզ սրտամոտ:

Խոսքն այն սովորույթների ընդօրինակելիությանն է վերաբերում, որոնք օրենքների գերակայությանն ու մարդու ռեալիզացման միատեսակ հնարավորությանն են վերաբերում, այս եւ համանման խնդիրները մեզ պետք է հետաքրքրեն:

Եթե ԵՄ-Հայաստան համաձայնագրի մի քանի հիմնական դրույթներով նայենք հայաստանյան կյանքին, զուգահեռը պարզապես կընդգծի վիհը, իսկ մեր բարեփոխվելու հեռանկարը ավելի քան կաղոտանա: Որքան էլ «մանրակրկիտ» աշխատենք:

Օրինակ` համաձայնագրով բիզնես վարելու եւ աշխատատեղերի ստեղծման հնարավորությունների մեծացում ենք պարտավորվել: Ինչ է` Հայաստանում այլեւս 7 մարդ չի ներկրելու 12 նիշով դասակարգված 20 հազար ապրանք` ողջ ներկրման 36 տոկոսը: Փոքր ու միջին բիզնեսին այլեւս չե՞նք խեղդելու: Հենց հիմա բոլոր մանր խանութները, որոնք գտնվում են առեւտրի մեծ մոլերին մերձ, մաքրում-վերացնում են, փոքր խանութների տերերին ստիպում անցնել մեծ մոլերի թրի տակով: է, համաձայնագիրն ինչ կանի, էս մեր 7 հոգու ախորժակին քացախ է լցնելո՞ւ: Կամ ո՞նց է մեր շուկան իսկապես ազատականացվելու, երբ Հայաստանում 10 տոկոսանոց ունեւորների խավը տիրապետում է ունեցվածքի 90 տոկոսին, ու սովորական մարդը հազիվ թե մոտակա քսան-երեսուն տարում կարողանա զբաղվել մանր բիզնեսով, երկիրն էլ վաղուց դարձել է 7 մարդու հայրենիք:

Խորհրդարանական կարգը պետք է մաքրված լինե՛ր խոշոր բիզնեսից, խորհրդարանում նստած խոշոր բիզնեսը սեփական լոբբիինգի սպասարկման օրենքներն առաջ մղելով ո՞նց է ուրիշներին նույնպես «հավասար մրցակցային հնարավորություն» տալու:

Կամ էն որ ասվում է, թե արդար դատաքննության իրավունքին մեծ ուշադրություն է դարձվելու, է, լավ, օրերս չհրապարակվե՞ց Սամվել Բաբայանի դատավճիռը, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ընդունումից հետո անմիջապես. կա՞ մեկը, որ հետեւել է դատաքննությանն ու հավատում է այդ դատավճռին, մի երկու տարի հետո, երբ համաձայնագրի մի շարք դրույթներ իրականացված լինեն, ինչ է, մեր դատավարներն այլեւս տարբեր շահերով չե՞ն առաջնորդվելու, հավատացի՞ք: Կամ որ ասում են, թե կաշառքի սանդղակներ կան` դրանք վերանալո՞ւ են, թե՞ համաձայնագրի հազարեսիմքանի էջից են վախենալու մեր դատավորները` մեկ տան արժեքի եւ ավելի մեծ չափերի սակագներով ամրագրված կաշառքի սանդղակն իրականացնելիս: Լավ, էլի, հա մի երկու սլաքավարի, երկու-երեք հարյուր դոլար կաշառք վերցրած մանր ձկների կշարունակեն ցուցադրական բռնել «կաշառք վերցնելու» պահին, հետն էլ պահը տեսագրել ու ցույց տալ բեմադրության նման, բայց դա հո չնշանակե՞ց, թե դատական համակարգի փտած կառուցվածքը փոխեցինք նորով:

Դե հա, բոլորն էլ, այդ թվում` Հայաստանի նախագահը շատ լավ տեսնում է` կոռուպցիայի դեմ պայքարն արդեն վերածվել է ազգային անվտանգության հարցի, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարին հանրությունը կհավատա միայն այն դեպքում, երբ տեսնի, որ ոչ մեծ աշխատավարձ ստացող չինովնիկը թանկարժեք դղյակների եւ ունեցվածքի տեր չէ, որոնք առարկայական վկայություններ են կոռումպացված դասի մասին: Եւ այդ ունեցվածքի վկայագրումը եւ պարզաջրումը պետք է սկսվի հենց ամենավերեւից:

Իսկ որ ասվում է`քաղաքացիական հասարակության անկախ պլատֆորմը համաձայնագրի կատարմանն է հետեւելու, ֆլան-ֆստան, լավ, էդ պլատֆորմի հայկական հատվածում էլի հաճախ մեր պաշտոնյաների ու ղեկավար շրջանակների կանայք, դուստրերն ու այլ հարազատները չե՞ն հայտնվելու, կամ վերեւից նախանշված մարդկանց չե՞ն ընդգրկելու ծրագրերում, ինչպես որ մինչեւ հիմա է: Կամ տարիներով միմյանց սերտաճած-հայաստանյան բարքերը որդեգրած նույն գրանտ ուտող (այս բառը ժողովուրդն է կպցրել, ու շատ դիպուկ, որը նշանակում է, թե գրանտը ոչ թե իրական գործունեության համար է, այլ ուտելու) ու միմյանց ձեռք լվացող կազմակերպություններին չի՞ գրանտ տրվելու: Գոնե իսկապես նոր մարդկանց ու շրջանակների ներառեն այս գործում, նրանց, ովքեր շահերի բախում չունեն:

Կամ` միթե մեր ընտրությունները «ազատ եւ արդար» չէին, որ հիմա էլ ԵՄ-ն է նպաստելու ազատ ու արդարին, նույն Եվրոպան չասա՞ց` ազատ ու արդար են եղել վերջին ընտրությունները, իսկ թե մինչեւ ընտրությունը տասն հազար դրամ են տվել ընտրողին, դա ընտրողների ու ընտրվողների խիի՜իիստ անձնական կյանքն է, որին Եվրոպան չի խառնվում, չի մտնում մատի ու մատանու արանքը:

Մի խոսքով` համաձայնագրի նոյեմբերքսանչորսյան ստորագրությունն, իրոք, պատմական է, պետությունն ու նրա ղեկավարները փաստորեն փաստաթղթային հայտ են ներկայացրել փոխելու պետությունում իշխող բարքերը` ավելի քաղաքակիրթ, կոռումպազերծ եւ արդյունավետ դարձնելով նախ պետական կառուցվածքները: Եւ ի վերջո` արդյունավետ համակարգով հաջողելու տնտեսության եւ քաղաքական մակարդակներում: Սակայն հայտը մի բան է, այն իրականացնելու կարողությունն` այլ: Դրա համար ոտից գլուխ ամեն ինչ պիտի փոխվի, այդ թվում` արտաքին ատրիբուտները փոփոխության դրոշ դարձնելու մտայնությունը, ասենք` ընտանեկան բռնության դեմ օրենք ընդունելու տարբերակով: Բովանդակայի՛ն փոփոխություն է պետք մեր պետությունում, իսկ թե դա կարվի եվրոպական, թե՞ այլ թղթերով, դա էլ ընդամենը ճաշակի խնդիր է: Կամք կարելի է դրսեւորել ե՛ւ թղթերով, ե՛ւ առանց թղթերի: Պատմության համար, իրոք, կատարվածը քաղաքակակրթական ընտրություն է, չնայած, նայելով հենց թեկուզ ռուսական կողմից եկող արձագանքներին` ամենեւին ոչ անվտանգ:

Հարեւանի առումով ճիշտ ճամփի վրա ենք

Իսկ մոտիկ հարեւանի առումով, կարելի է ասել, ճիշտ ճամփի վրա ենք` Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը` ցուցիչ: Ու եթե ռուսները հանկարծ ու տատանվում են` մենք ԵՄ-ի հետ իրենց կամուրջն ենք, թե, հակառակը, Ռուսաստանից ենք հեռանում, ապա Իրանի դեպքում հենց այդ երկրի արտգործնախարարը չի թաքցնում` Հայաստանն իր համար ԵՄ-ի հետ կամուրջ կարո՛ղ է լինել:

Մեզ համար էլ կարեւոր է տնտեսական ծրագրեր իրականացնել տարածաշրջանի այնպիսի ծանրակշիռ երկրի հետ, որի հետ ստիպված են հաշվի նստել նրա հարեւանները: Այս իմաստով սպասվող Մեղրու ազատ տնտեսական գոտու բացումը կարող է թեթեւացնել Հայաստանի հարավի սոցիալական լարվածությունը: Իսկ եթե երբեւէ առարկայական դառնան գազային ծրագրերը, հեռանկարում է նաեւ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, սրանից լավ տնտեսական հեռանկար Հայաստանի համար չի կարող լինել` բարելավելով մեր էներգետիկ կարողությունները: Ընդ որում`տնտեսական հաջող ծրագրերի հանրագումարը միշտ էլ աշխարհաքաղաքական շեշտադրումների լավ հիմնաքար է:

Արցախի հարցում էլ Իրանի հետաքրքրությունից պետք է քաղել ավելին, քան կարելի է կարծել` մեր շահերի ծիրից այդ իմաստով էլ չպետք է դուրս թողնել Իրանին, մի տեսակ` ապահով թիկունք է` պարզ է, որ նա իր շահերով է առաջնորդվում, որոնք տվյալ դեպքում տարբեր են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից Արցախի հարցում: Մի խոսքով` Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան, Սոչիում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո, մի տեսակ հավասարակշռող նշանակություն ուներ եւ Հայաստանի կշիռը մի փոքր ավելի էր ծանրացնում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.