AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 37. ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 7945, Տպվել է` 1618, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑՈՒՄ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կհաջողվի՞ անցնել

2017 թ. նոյեմբերի 24-ը կոչված է լինելու Անկախ Հայաստանի գոյության 26 տարվա պատմության ամենակարեւոր թվականներից մեկը: Թերեւս ավելի կարեւոր , քան 2014 թ. հոկտեմբերի 10-ը, երբ Հայաստանը մաս կազմեց Եվրասիական տնտեսական միությանը ( ԵԱՏՄ ) ոչ թե իր կամքի հակառակ- ինչպես փորձում են ներկայացնել ոմանք - այլՙ ափսոսանքով, որ զուգահեռաբար երկիրը զրկվում է միջազգային համագործակցության մեկ այլ հնարավորությունից, որի շուրջ բանակցություններին ձեռնարկվել էր դեռեւս 1999-ից սկսած եւ որը խոստանում էր ավարտվել Գործընկերության եւ համագործակցության (ավելի շուտ հայտնիՙ Ասոցիացման) պայմանագրի կնքումով: 2013 թ.ին եւ 2014 թ.ին փաստորեն Հայաստանի առջեւ հակադիր երկու կողմերից դրված էր «կամ-կամ», ավելի ճիշտՙ «կամ այո- կամ ոչինչ» տարբերակը, փոխանակՙ մեզ համար նախընտրելի «եւ-եւ» տարբերակի, որը Անկախության առաջին տարիների խարխափումներից հետո դարձել է արտաքին քաղաքականության մեր տեսլականը:

Սակայն մի բան է գեղեցիկ տեսլական ունենալը, մի այլ բանՙ այն իրականացնելը: Այժմ պարզվում է, որ մեր համապատասխան իշխանությունները անցնող տարիներին իրենց համար անսովոր ջանասիրությամբ ու բծախնդրությամբ աշխատանք են տարել եվրոպական համապատասխան կառույցների հետՙ մերժված Ասոցիացման պայմանագրի փոխարեն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր ստորագրելու պահը հասունացնելու ուղղությամբ:

Արդարեւ, պետք է բարձր գնահատել տարված այդ աշխատանքը, մանավանդ եթե նկատի ունենանք դրան ուղեկցած բոլոր բարդությունները: Նկատի ունեմ ոչ միայն Եվրոմիության անդամ 28 պետություններին կամ, առնվազն, դրանց մեկ մասին դրապես տրամադրելը, այլեւ նման նախաձեռնությունների նկատմամբ խիստ խանդոտ Ռուսաստանին վստահություն ներշնչելը, քանի այդ երկիրը նման հարցերին սովոր է վերաբերվել թելադրողի դիրքերից միայն...

Այստեղիցՙ մի կարեւոր եզրակացություն. ԵՄ-Հայաստան համաձայնագիրը պետք էր ոչ միայն մեզ (ցինիկները պիտի ասեինՙ ոչ այնքան մեզ), այլեւ նույնինքն ԵՄ-ին եւ նույնքան Ռուսաստանին: Եվրոմիությանըՙ որին անհրաժեշտ է իր ներսում գոյություն ունեցող կենտրոնախույս ուժերին ցույց տալ, որ Միությունը դեռեւս մնում է կենսունակ ու գրավիչ, միաժամանակ հենման կետ եւ բարեխառն գոտի ստեղծելով այսպես կոչված «հակառակորդ» ճամբարում, այն էլ Կովկասում: Իսկ Ռուսաստանինՙ միջազգային քաղաքական հանրույթին ցույց տալու համար իր հանդուրժողականությունն ու բացվածությունը դիվերսիֆիկացման գործընթացների նկատմամբ, միաժամանակ Հայաստանը օգտագործելու որպես հետադարձ կապի եւ տրամադրություններն ու նպատակները ստուգելու եւ վերստուգելու միջոց, գործիք:

Այս առիթով պետք է հիշել, որ Հայաստանը պատմականորեն թե այլապես ոչ մի բանով պարտական չէ ո՛չ ԵՄ-ին (նկատի ունեմ վերջինիս անդամ գլխավոր երկրներին), ո՛չ էլ Ռուսաստանին, որոնք իրենց շահադիտական քաղաքականությամբ վնասել են, զոհաբերել են մեր երկիրն ու ժողովրդին ոչ մեկ անգամ: Նրանք անմիջական պատճառ են դարձել մեզ համար ստեղծված ներկա վիճակինՙ փոքրիկ, լեռնային, անծով երկիր, կոտորակված եւ աշխարհասփյուռ ժողովուրդ, կենսագործունեության համար խիստ անբավարար պայմաններ, մեծամասամբ թշնամական միջավայր:

Մինչդեռ հայ ժողովուրդը, ինչպես միջին դարերում, այդպես էլ այսօր, իր համաշխարհային առաքելությունը համարում է Արեւելքն ու Արեւմուտքը կամրջելը, քաղաքակրթությունների միջեւ բարեխառնություն, ներդաշնակություն, փոխներգործություն ստեղծելը:

Ինչ վերաբերում է նորաստորագիր պայմանագրին, մեր քաղաքացիների ու երկրի համար դրա խոստումնալից բովանդակությանը, կից սյունակներում եւ հետագա էջերում մեր աշխատակիցները ձեռնհասորեն ներկայացրել են դրանք ու մեկնաբանել խորապես, շեշտելով գլխավորըՙ զարգացման համապարփակ եւ խորը տեսլական ունենալը ոչինչ չի նշանակում, եթե դրան չի հետեւում կամքն ու հետեւողական աշխատանքը դրանք կենսագործելու:

Այսպիսովՙ դարձյալ քննություն է մեր պետության ու ժողովրդի համար. եթե հաջողենքՙ վարձատրությունը կլինի մեր իսկ բարգավաճումը, անվտանգ զարգացումը, ներքին անդորրությունը, ազգային տեսլականների իրականացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.