AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 5619, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՇԻԱ ԱՌԱՆՑՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ»

Պ.Ք.

Հրեական պետությունը Իրանին մեղադրում է Սիրիայի պատերազմից եւ ուժերի նոր դասավորությունից օգուտ քաղելու մեջ: Իսրայելը պնդում է, թե Իրանը մտադիր է իր եւ «Հզբոլլահի» զորքերը տեղաբաշխել Սիրիայի հարավում, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:

Սիրիայի պատերազմի սկզբից ի վեր Իսրայելը անհանգստությամբ դիտում է, թե ինչպես է ահագնանում Իրանի հետ կապված խնդիրը: «Իսլամական պետության» պարտությունից եւ Բաշար Ասադի հաղթանակից հետո հորիզոնում ուրվագծվող խաղաղությունը չի մեղմացնում իսրայելցիների մտահոգությունը: Իսրայելական «Մոսսադ» հետախուզության նախկին աշխատակցուհի Սիմա Շայնը հայտարարում է, որ իր երկիրը խիստ մտահոգ է Սիրիայում իրանական բանակի ներկայությունից: Այնտեղ «Հզբոլլահը» գործում է բացահայտորեն: Իսրայելցիները վախենում են, որ Սիրիայի պատերազմին մասնակցած շիա աշխարհազորը կարող է ընդգրկվել սիրիական բանակի կազմում: Արեւելյան Միջերկրածովքում Իրանի ազդեցության ուժեղացումը դիտվում է որպես ուժերի դասավորության փոփոխություն:

Հարցը հատկապես հրատապ է դարձել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո, որը հավանաբար տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի հրահրմամբ եւ շիա մահմեդական Իրանին եւ «Հզբոլլահին» հակազդելու նպատակով:

Իսրայելցիներն արդեն վարժվել են Լիբանանում «Հզբոլլահի» արմատավորման մտքին: Այնտեղ շիա բնակչության աջակցությունը որոշակի օրինականություն է հաղորդում «Հզբոլլահին»: Սակայն իսրայելցիները չեն հանդուրժի օտար ուժերի ռազմական ներկայությունը Գոլանի բարձունքների մոտակայքում, քանի որ այդ դեպքում երկրի հյուսիսը կհայտնվի հարձակման վտանգի տակ, պարզաբանում է աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը :

Նրա խոսքերով, իրանցիներն ակնհայտորեն որոշել են հիմնավորվել Սիրիայում, որտեղ սպաները եւ շիա աշխարհազորայինները երկարաժամկետ ռազմակայաններ են ստեղծում Դամասկոսի շրջանումՙ Իսրայելի սահմանից 30 կմ հեռավորության վրա: Վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում հարված հասցնել Սիրիայի հարավին, որպեսզի ստիպի հարգել Իսրայելի շահերը: «Մենք չենք հանդուրժի առաջնագծի գործողություններին օժանդակելու համար Սիրիայում շիա առանցքի գոյություն», նախազգուշացրել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը : Իսրայելը պահանջում է 50 կմ լայնությամբ բուֆերային գոտու ստեղծում, ուր չեն կարողանա մտնել Իրանի եւ նրա դաշնակիցների զորքերը:

Իրանի ազդեցության ուժեղացումը իսրայելցի ղեկավարների միակ մտահոգությունը չէ: Մյուս պատճառը ռուս-իրանական առանցքի ամրապնդումն է: Դա արդեն ոչ միայն հաշվարկով ամուսնություն է, այլեւ ռազմավարական գործընկերություն, գրում է Le Figaro թերթը: Ռուսաստանի հետ Իրանն ունի ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական հարաբերություններ:

Տարածաշրջանային փոփոխված պայմաններում Իսրայելը փորձում է գտնել նոր դաշնակիցներ: Իսրայելցի դիվանագետներից մեկը պարզորոշ հայտարարել է. «Մենք չենք պատրաստվում կեղտոտ աշխատանք կատարել ամենքի փոխարեն, բայց Իրանի վրա գործադրվող ամեն մի ճնշում խրախուսվում է»: Խոսքը մասնավորապես Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի գործադրած ճնշումների մասին է: Նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջանում Իրանը դարձրել է իր գլխավոր թշնամին եւ սպառնում է խզել միջուկային բազմակողմ գործարքը:

Եվրոմիությունում իրանցիների հետ բանակցությունների վերսկսման միակ կողմնակիցը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն է: Ֆրանսիան իր պատմական եւ մշակությային ավանդույթներով կապեր ունի տարածաշրջանի երկրների հետ եւ ջանքեր է գործադրում Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ լարվածությունը թուլացնելու նպատակով, ինչպես նաեւ կարող է որպես միջնորդ հանդես գալ Լիբանանի ճգնաժամի հարցում: Սակայն Թեհրանի վրա ճնշում գործադրելու նրա հնարավորությունները սահմանափակ են:

«Մակրոնը մտադիր չէ սին երազանքների հետեւից ընկնելով կորցնել իրական ձեռքբերումները, բայց գործում է հմտորենՙ ջանալով զբաղեցնել ամերիկացիների թափուր թողած տեղը»: Ըստ Ֆրեդերիկ Անսելի, ներկայումս ժամանակն է, որ Ֆրանսիան դառնա այնպիսի տերություն, որին հնարավոր կլիներ իբրեւ իրավարարի դիմել այն սառը պատերազմում, որտեղ բախվում են շիա եւ սուննի առանցքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.