AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 37. ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 6251, Տպվել է` 457, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պգթ Էներգետիկ աշխարհաքաղաքականության ու միջազգային անվտանգության մասնագետ

Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական արժեքը հիմնականում պայմանավորված է եղել նավթի հսկայական պաշարներով, որոնք կուտակված են այդ տարածաշրջանի ընդերքում: Արեւմուտքը, հանձինս իր նավթային ընկերությունների, միշտ էլ ցանկացել է ակտիվ դերակատարություն ունենալ նավթի արդյունահանման այս գործընթացում, ինչով էլ պայմանավորվածՙ երկար տարիներ դաժան մրցակցություն էր ընթանում աշխարհաքաղաքական մի շարք խաղացողների միջեւ այս տարածաշրջանի համար: Վերլուծելով անցած տասնամյակների պատմությունը, կարող ենք պնդել, որ Մեծ Մերձավոր Արեւելք տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացների տրամաբանությունը միշտ էլ թելադրված է եղել նավթի հոսքերը վերահսկելու առաջնահերթությամբ:

Պատերազմներ, քաղաքացիական, էթնիկ ու կրոնական բախումներ, որոնք ընթացել են այդ տարածաշրջանում, շատ դեպքերում հրահրվել են դրսից այդ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկությամբ: Քաոսի ու պատերազմի միջոցով վերահսկելու այս քաղաքականության տրամաբանության հիմքում նորից նավթն է եւ ցանկությունըՙ ունենալ հնարավորինս մեծ մասնաբաժին այդ հումքի արտահանման հոսքերից:

Նավթային հոսքերը որպես զենք օգտագործելը հատուկ է եղել ոչ միայն արտաքին խաղացողներին, այլեւ Պարսից ծոցի պետություներին եւս, որոնք միավորվելով եւ ստեղծելով նավթ արտահանող պետությունների կազմակերպությունըՙ ՕՊԵԿ, ցանկանում էին իրենց կամքը ցույց տալ Արեւմուտքին, թուլացնելով արեւմտյան նավթային ընկերությունների ազդեցությունը իրենց պետությունների տնտեսական ու քաղաքական համակարգերի վրա:

Արեւմուտք- ՕՊԵԿ նման հակամարտությունն էլ 1973թ. հանգեցրեց հայտնի էմբարգոյի, ինչի արդյունքում նավթի արտահանումը դեպի ԱՄՆ եւ Եվրոպա ժամանակավորապես դադարեց, այդ պետություններում հանգեցնելով տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի: Նավթի գինը ընդամենը մի քանի օրվա ընթացքում 2.6 դոլարից հասավ մոտ 12 դոլարի, ինչը աննախադեպ էր այն ժամանակ եւ հանգեցրեց արեւմտյան մի շարք պետությունների տնտեսական համակարգի կոլապսի, իսկ քիչ ավելի ուշ սպանվեց Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆայսալ բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը:

Այս իրադարձություններն էին պատճառը, որ արեւմտյան տերությունները 1975թ միավորվեցին ստեղծելով Միջազգային էներգետիկ գործակալությունըՙ ՄԷԳ, որի նպատակը սպառող պետությունների տնտեսությունների պաշտպանությունն էր: Մշակվեցին էներգետիկ քաղաքականության նոր հայեցակարգեր, որոնք հայտնի են էներգետիկ անվտանգություն եւ էներգետիկ աշխարհաքաղաքականություն տերմիններով: Այս հայեցակարգերի եւ ռազմավարությունների մշակման նպատակը Մերձավոր Արեւելքի նավթային ազդեցության նվազումն էր ու դրան հակադրվելու արդյունավետ քաղաքականության մշակումը:

Նկատենք, որ անցած դարի 70-ական թվականներին ՕՊԵԿ-ի անդամ պետությունները միասին տիրապետում էին աշխարհի ապացուցված նավթի պաշարների մոտ 80%-ին եւ նավթի սպառման շուկայի 70%-ին: Այս բացարձակ տիրապետությունը այդ շուկայում էլ այս կառույցին ու ընդհանրապես Մերձավոր Արեւելքին բացառիկ հնարավորություն էր տալիս թելադրել աշխարհաքաղաքական օրակարգ էմբարգոների կազմակերպման միջոցով: Նշենք նաեւ, որ 1973թ, հայտնի էմբարգոն թվով 11-րդն էր, սակայն միակ հաջողվածը, քանի որ ԱՄՆ-ին միշտ էլ հաջողվում էր սեպ խրել նավթ արտահանող պետությունների էներգետիկ համատեղ քաղաքականության մեջ եւ օգտվելով առկա տարաձայնություններիցՙ նվազեցնել այդ էմբարգոների հետեւանքները Արեւմուտքի համար:

Սակայն 1973 թ.իրադարձությունները եկան համոզելու, որ այստեղ հարկավոր է կատարել արմատական միջամտություն համաշխարհային նավթի շուկայում ՕՊԵԿ-ի եւ ընդհանարապես Մեծ Մերձավոր Արեւելք կոչվող տարածաշրջանի դերի նվազման համար: Սա նաեւ ԱՄՆ-ին եւ ընդհանրապես Արեւմուտքին թույլ կտար ավելի համարձակ քաղաքականություն վարել այդ տարածաշրջանում առանց անհանգստանալու, որ դա կարող է ազդել նավթի գնի վրա միջազգային բորսաներում:

Միջազգային էներգետիկ գործակալության եւ նմանատիպ այլ կառույցների մշակած քաղաքականության արդյունքում արդեն 2010թ. տեղի ունեցան արմատական փոփոխություններ նավթի համաշխարհային շուկայում, ինչն էլ իր հերթին հանգեցրեց Մերձավոր Արեւելքի դերի նվազմանը այդ շուկայում: Սա իր հերթին հանգեցրեց այդ տարածաշրջանի պետությունների դերի անկմանը ընդհանրապես համաշխարհային քաղաքականության մեջ: Նմանատիպ փոփոխության առաջին պատճառներից մեկն էլ այն էր, որ նավթի տեսակարար կշիռը համաշխարհային էներգետիկ շուկայում 60%-ից նվազեց հասնելով ընդամենը 45%-ի: Դրա փոխարեն աճեցին այլ էներգակիրների, մասնավորապես գազի նշանակությունը, բացի այդ Արեւմուտքում մշակվեցին նոր տեխնոլոգիաներ, ինչը համեմատաբար էժանացրեց այսպես կոչված թերթաքարային նավթի արդյունահանումը ԱՄՆ-ում եւ վերականգնողական էներգետիկայի զարգացումը Եվրոպայում:

2014թ. ԱՄՆ-ը սկսեց 96%-ով ապահովել նավթի ներքին պահանջարկը, ինչը հանգեցրեց նրան, որ նավթի շուկայում առաջարկը սկսեց գերազանցել պահանջարկը, սա էլ իր հերթին բերեց նավթի գների անկմանը ու նավթի շուկայում ՕՊԵԿ-ի դերի նվազմանը: Մերձավոր Արեւելքի դերակատարումը նավթի համաշխարհային շուկայում սկսեց խամրել: Եթե անցած դարի 70-ականներին այդ շուկայում 70%-ը ՕՊԵԿ-ինն էր, ապա 2014թ.-ինՙ ընդամենը 38%-ը, մնացածը ապահովում էին ՕՊԵԿ-ին ոչ անդամ պետությունները:

Այսպիսով արմատական փոփոխությունները նավթի համաշխարհային շուկայում հանգեցրել են Մերձավոր Արեւելքի դերի նվազմանը, եթե նախկինում որեւէ ճգնաժամ այդ տարածաշրջանում ուղղակիորեն ազդում էր նավթի գնի վրա, ապա ներկայումս ընթացող պատերազմները չեն նպաստում նավթի գների բարձրացմանը: Սա էլ իր հերթին ստիպում է Սաուդյան Արաբիայի թագավորին այցի գնալ Ռուսաստանի նախագահին այն հույսով, որ նավթի արդյունահանման համատեղ կրճատման արդյունքում կհաջողվի բարձարացնել դրա գինը:

Եթե առաջ ԱՄՆ ազգային անվտանգության տարեկան զեկույցներում Մեծ Մերձավոր Արեւելքը համարվում էր առաջնային թիրախ, ապա վերջին տարիներին այս հարցում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է ամերիկյան հետաքրքրությունների կիզակետում: Նման փոփոխության պատճառը հենց նավթի դերի նվազումն է համաշխարհային էներգետիկ շուկայում: Այս փոփոխությունը նաեւ հանգեցնում է նավթային պետությունների եւ, հետեւաբար, տարածաշրջանների դերակատարության նվազմանը:

Նախկինում ԱՄՆ-ի ու առաջին հերթին Արեւմուտքի շահերից էր բխում խաղաղության պահպանումը այս տարածաշրջանում որպես նավթի գնի կայունության երաշխիք, ապա այսօր նավթի գների վրա կարելի է ազդել այլ լծակներով, եւ Մերձավոր Արեւելքի ազդեցությունը նավթի շուկայի այս սեգմենտում անհամամետ նվազել է: Սա էլ իր հերթին նշանակում է, որ մեծ տերությունները առանձնապես շահագրգռված չեն շուտափույթ խաղաղության հաստատմամբ` գոնե նավթի գների կայունության պատրվակով, ինչը, ցավոք, նշանակում է նաեւ, որ պատերազմներն ու անկայունությունը Մերձավոր Արեւելքում դեռ երկար տարիներ կշարունակվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.