AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 82. ՍՂՈՑԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՍՂԱՃԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 8485, Տպվել է` 1332, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՎԵԿՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՎ ՄԵՐ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ

Բրուսելում Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ընդլայնված համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրման նախօրեին կարծես դադարեցին աշխույժ քննարկումներն ու բանավեճերն այն մասին, թե որքանո՞վ է հնարավոր համատեղել եվրասիական եւ եվրոպական ինտեգրացիոն վեկտորները: Քաղաքագետները, քաղաքական գործիչները, լրագրողները փորձում են հասկանալ, հնարավո՞ր է արդյոք այդ համատեղումը նվազագույն քաղաքական կորուստներով, եւ որքանո՞վ է իրատեսական հայ քաղաքական մտքի ազնիվ պոռթկումը` մի յուրօրինակ կամուրջ լինել արեւմտյան եւ ռուսական քաղաքական-քաղաքակրթական տարածքների միջեւ: Այս վերլուծականում մենք կփորձենք գնահատել այն քննարկումների արդյունքը, որոնք վերջին ամիսներին վարում էին հայկական քաղաքական դաշտի մարդիկ ռուսաստանցի գործընկերների հետ, փորձելով փարատել Հայաստանի «հեռանալու» մասին կասկածները:

Քաղաքակրթական հակամարտությունը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ եւ կոմպլիմենտար արտաքին քաղաքականության ավարտը

Արտաքին քաղաքականության կոմպլիմենտար բնույթը թելադրված էր այն իրողությամբ, որ մենք բարյացակամ վերաբերմունք ունեինք ժամանակակից աշխարհի քիչ թե շատ մեզ համար կարեւոր ուժային կենտրոնների նկատմամբ եւ այդպիսով փորձում էինք համադրել նրանց շահերը մեր երկրում եւ մեր տարածաշրջանում: Այդ քաղաքականությունը արդյունավետ էր այնքանով, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի, Եվրոպական Միության եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնություն չկար, իսկ քաղաքական ազդեցությունների ոլորտում ձեւավորվել էր որոշակիորեն հավասարակշռված վիճակ, երբ Հարավային Կովկասի փխրուն կայունության եւ անվտանգության ընդհանուր մթնոլորտը պայմանավորված էր վերոհիշյալ երեք ուժային կենտրոնների միջեւ կոնսենսուսով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերը եւ ռազմավարական դաշնակիցը լինելով, սերտորեն համագործակցելով ՀԱՊԿ-ի շրջանակներում, ազնիվ գործընկերոջ համբավ կարողացավ ձեռք բերել թե՛ Արեւմուտքի, թե՛ Չինաստանի, թե՛ հարեւան Իրանի աչքում: Հայկական կոմպլիմենտարիզմը շոյում էր աշխարհի ուժեղների ականջը եւ Հայաստանին հեռու պահում աշխարհաքաղաքական կողմնորոշումների բախման արդյունքում հնարավոր ներքաղաքական ցնցումներից:

Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով ծայրահեղ սրված Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը վերաճեց քաղաքակրթական բախման եւ «արգելամիջոցների պատերազմի»: ԱՄՆ-ում ծայրահեղ սրվեցին հակառուսական տրամադրությունները, Եվրոպական Միությունում հաղթեցին Ռուսաստանին մեկուսացնելու եւ թուլացնելու քաղաքական գծի կողմնակիցները: Ռուսաստանն այս պայմաններում գտնվում է պաշտպանվողի դիրքում, լարել է իր քաղաքական համակարգի պոտենցիալը դիմակայելու համար չթուլացող արեւմտյան ճնշմանը: Այս պայմաններում Ռուսաստանում ուժեղացել են այն շրջանակները, որոնք հանդես են գալիս սեփական ուժերի վրա ինքնաբավ տնտեսական ու քաղաքական համակարգեր կառուցելու օգտին եւ համարում են, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է ծնկի գա եւ զիջի ազդեցության եւ ձգողականության համաշխարհային կենտրոններից մեկը լինելու իր իրավունքը: Որովհետեւ այդ իրավունքի կորուստը հաջորդ քայլով ուղղակիորեն տանում է դեպի բուն Ռուսաստանի քայքայում: Պատահական չէ, որ փոխադարձ անհանդուրժողականության, սրված աշխարհաքաղաքական մրցակցության եւ ազդեցության ոլորտների համար գլոբալ պայքարում ռուսաստանյան իսթաբլիշմենթը նյարդայնանում է այն տեղեկություններից, թե այստեղ-այնտեղ ուժեղանում են հակառուսական տրամադրությունները, քաղաքական վերնախավերը քայլեր են անում Ռուսաստանից հեռանալու նպատակով, Ռուսաստանի հակառակորդնորը գրավում են նորանոր դիրքեր եւ սեղմում օղակը իրենց երկրի շուրջը: Ահա այս մթնոլորտում է Հայաստանը ստորագրում ընդլայնված հարաբերությունների համաձայնագիր Եվրոպական Միության հետ:

Ավելորդ է ասելը, որ նման պայմաններում կոմպլիմենտար հեզությամբ բոլորին ասելը, թե «դուք եք ճիշտ»` ուղղակի ծիծաղելի է: Մեր արտաքին քաղաքականության մեջ կոմպլիմենտարիզմի էջը (ժամանակավորապես թե մշտական) պետք է ավարտված համարել: Մեր արտաքին քաղաքականության բնույթը պետք է ուղղակի բնութագրել իբրեւ պարզապես բազմավեկտոր: Ինչպես շատ այլ պետությունների պարագայում է:

Մեր քաղաքական վերնախավի գերխնդիրը այդ վեկտորները առաջ մղելն է այնպիսի պայմաններում, որ դրանց չափազանց առաջխաղացումը հանկարծ խանդ, դժկամություն, վրդովմունք եւ ագրեսիա չառաջացնի մեր դաշնակիցների եւ գործընկերների շրջանում: Չլինի հանկարծ այնպես, որ ուզում էինք առաջընթաց եւ զարգացում, իսկ կստանանք մեկուսացում, ներքաղաքական առճակատումներ եւ թշնամանք: Մեր քաղաքական վերնախավի պարզ ցանկությունըՙ կամուրջ լինել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ եւ դրանով նպաստ բերել միջազգային լարվածությունը թուլացնելու գործում, Արեւմուտքի եւ Ռուսաստանի քաղաքական գործիչների շրջանում ընկալվում է սկզբում հետաքրքրությամբ, իսկ հետո ժպիտով: Որովհետեւ Հայաստանը շատ փոքր է նման դերակատարության համար: Սակայն գործադրվող ջանքերըՙ Հայաստանը վերածել համագործակցության եւ փոխշահավետ գործընկերության դաշտի, քարոզչական մակարդակում հաճելի եւ հասկանալի ցանկություն է:

Մեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակելու հասկանալի փաստարկներից մեկն այն էր, որ Արեւմուտքում իր ունեցած կապերը նա կգործադրի ԵԱՏՄ-ի կայացման եւ ուժեղացման համար: Անցած տարիները ցույց են տվել, որ Տիգրան Սարգսյանի այդ ուղղության գործունեությունը աննկատ չի մնացել գործընկեր պետություններում եւ ընդունվում է բարեհաճորեն: Սակայն ասել, թե նրա եւ նրա նման գործող տասնյակ միջազգային գործիչների ջանքերը հաջողություն են բերել, ցավոք, չի կարելի:

Հակառակ այն իրողությանը, որ ԵԱՏՄ վերլուծաբանները կարծում են, թե 20-ական թվականների սկզբին արեւմտյան արգելամիջոցները կարող են հանվել եւ մենք կարող ենք վերադառնալ ԵՄ-ԵԱՏՄ գործընկերային-համագործակցային հարաբերություններին, արեւմտյան զրուցակիցների դատողություններում որեւէ կերպ չի հաստատվում: Առայժմ չի երեւում նաեւ ԱՄՆ-Ռուսաստան լարվածության թուլացման հեռանկարը:

Չդարձնել Հայաստանը հակառուսական հարձակումների հարթակ

Մեր ռուս զրուցակիցները տարբեր առիթներով ասել են, որ իրենց կատարած հետազոտությունների արդյունքներով Հայաստանը այն երկրներից է, որտեղ ԶԼՄ-ները ամենաշատ թվով հակառուսական տեղեկատվություն են տարածում: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ է: Այս կառույցներում Հայաստանի աշխույժ, կառուցողական մասնակցության հարցում առարկություններ չկան եւ չեն կարող լինել: Բայց Հայաստանը շատ հեռու է գնացել հակառուսական քարոզչության օջախ լինելու հարցում: Վերջին մեկ տարվա ընթացքում սոցիոլոգիական զանազան հարցումների իսկական «պատերազմ» է ծավալվում մեր երկրում, որտեղ բանականության մեջ չտեղավորվող, իրար արմատապես հակասող թվերի օգնությամբ փորձում են համոզել, թե Հայաստանը որեւէ օգուտ չունի Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը լինելուց, եվրասիական ինտեգրումից եւ որեւէ զարգացում չի ապրում: Այս մասին ես այնքան եմ գրել, որ այս հոդվածում չէի ուզենա վերադառնալ այդ չափազանց, մեղմ ասած, վիճելի փաստարկներին: Ցավում եմ միայն, որ պատկան նախարարությունների անհասկանալի քաղաքական կողմնորոշումներ ունեցող պաշտոնյաները այնքան դանդաղ ու չկամորեն են կատարում հասարակությանը տեղեկացնելու իրենց պարտականությունները, որ տեղեկատվական յուրաքանչյուր «ֆեյք» լուրջ սպառում ունի մեր հասարակության մեջ:

Ռուս զինվորականությանը, դիվանագետներին, քաղաքական գործիչներին, պետական պաշտոնյաներին, իսկ նրանցից հետո նաեւ քաղաքագետներին ու լրագրողներին նյարդայնացնում է այն հանգամանքը, որ Արեւմուտքի շատ ակտիվ որոշ ազդեցիկ շրջանակներ հետեւողականորեն առաջ են մղում Հայաստանը Ռուսաստանից պոկելու գիծը: Չեմ կարծում, թե այս գծի էնտուզիաստները լուրջ հաջողությունների կհասնեն, որովհետեւ հայաստանցիների մեջ Ռուսաստանի հետ համագործակցության եւ դաշինքի կողմնակիցները կայուն մեծամասնություն են կազմում այսօր: Բայց որ նրանց քայլերը նյարդայնացնում են հասցեատիրոջը եւ ստեղծում են մի պատկեր, համաձայն որի հակառուսական հռետորաբանությունը հավասարեցված է ազգային ազատագրական «պայքարին», այսօր արդեն ուղղակի անվիճելի է: Ես այստեղ չեմ ուզում քննարկել այն մղումները, որով Արեւմուտքի ոչ անշահախնդիր կողմնակիցները ծավալում են իրենց գործունեությունը: Ես ուզում եմ հասկանալ այն հայաստանցիներին, ովքեր ներգրավված են այդ գործընթացում եւ ակտիվորեն առաջ են մղում իրենց քարոզը: Ճիշտ է, Բրուսելում ստորագրմանը նախորդող վերջին երկու-երեք ամիսներին հակառուսական քարոզչությունը Հայաստանում ասես մի հրամանով դադարեց: Սակայն կասկած չկա, որ այն զգալի ռեսուրսները, որոնք ստեղծվել են այդ գործերը առաջ մղելու համար, ուղղակի պահանջելու են վերադառնալ նկարագրված նախկին վիճակին:

Եվ այսպես, ի՞նչ են ուզում հակառուսական քարոզի մեջ ներքաշված հայաստանյան քաղաքական-հասարակական գործիչներն ու լրագրողները: Նրանք ուզում են, որ Ռուսաստանը չօգնի Ադրբեջանին, այլ օգնի միայն իր դաշնակից Հայաստանին: Այս խնդրի վտանգավորությունը անլուծելիության մեջ Է, որովհետեւ ինչպես վերջին հարյուր տարում, այնպես էլ հիմա Ռուսաստանը կարիք ունի թե՛ իր դաշնակից Հայաստանի, թե՛ իր գործընկեր Ադրբեջանի: Այլ կերպ ասած` երկուսին էլ: Մերոնք ասում են, թե Հայաստանին վտանգ է սպառնում նաեւ ռուս-թուրքական համագործակցության դեպքում: Բայց երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ նախորդ քսան տարիներին ահռելի ճիգեր էր գործադրում ԵՄ-ի մաս դառնալու համար, մեզ համար վտանգ չէ՞ր ներկայացնում: Պարզ է, որ մեր քաղաքական պատասխանատու գործիչները շատ լավ գիտակցում են, որ թշնամանքի եւ հակասությունների վրա քաղաքականություն կառուցելը վտանգավոր է եւ կարճատես: Չեմ կարող չասել, որ անհամբերությամբ եմ սպասում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի դիվանագիտական պատմության ուսունասիրությանը, որը նվիրված կլինի 1918-1920 թթ. իրադարձություններին եւ Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականությանը: Այդՙ արդեն իսկ հետաքրքրություն առաջացրած ուսումնասիրությունը թերեւս պատասխան կտա շատ ու շատ հարցերի, որոնք մեր օրերում հնչում են ճիշտ այնպես, ինչպես հարյուր տարի առաջ: Խելացիները սովորում են ուրիշի սխալների վրա, իսկ հիմարները` իրենց: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակի տարում մենք հնարավորություն կունենանք վերջապես մի անկեղծ ու շահագրգիռ երկխոսություն ունենալ մեր պետականության ապագայի ու պատմական ճակատագրի վերաբերյալ:

Հայկական նոր ատոմակայանը` ազգային գաղափար

Հայաստանը ԵՄ-ի հետ տարաձայնություն չունի այն հարցում, որ այս ատոմակայանի անվտանգությունը պետք է բարձրացվի, իսկ նոր հայակական էներգետիկան պետք է լինի բնապահպանական տեսանկյունից մաքուր, տեխնոլոգիապես արդիական եւ համաձայնագրի կողմերի համար փոխհամաձայնեցված: Մեր եվրոպացի գործընկերներին մենք պարտավոր ենք բացատրել, որ Հայաստանը, լինելով միջազգային խաղաղ ատոմի ակումբի ամենափոքր անդամը, անցած չորս տասնամյակներում այնպիսի պատկառելի հաջողություններ է արձանագրել միջուկային ֆիզիկայի ասպարեզում, որ դրանք չտեսնելն ուղղակի տգիտություն է: Մասնագետները նշում են, որ ժամանակակից Հայաստանի էներգետիկան զարմանալիորեն ճշգրիտ բալանսավորված է` մեկ երրորդով ատոմային, մեկ երրորդով ջրային եւ մեկ երրորդով ջերմային: Այս օրերին կառավարությունը ջանքեր է գործադրում այլընտրանքային էլեկտրաէներգետիկան զարգացնելու համար: Բայց մեծ միամտություն է կարծելը, թե շատ ավելի թանկ այդ էներգիան կարող է մրցունակ լինել մեր տարածաշրջանում եւ ապագա միասնական եվրասիական էներգետիկ տարածքում: 2008 թ. չորրորդ գումարման Ազգային Ժողովի առջեւ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն իրագործելու է երկու մեծ նախագիծ. կառուցելու է նոր միջուկային էներգաբլոկ եւ կառուցելու է Իրան-Հայաստան երկաթուղագիծ: Իրար հաջորդած երեք ֆինանսատնտեսական ճգնաժամի ալիքները թույլ չտվեցին իրականություն դարձնել այդ ծրագրերը: Հաջողություն չունեցան նաեւ հայկական էներգետիկայի պատասխանատուների ջանքերը ռուսական, ամերիկյան եւ եվրոպական համատեղ մասնակցությամբ նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ: Բայց ասածը չի նշանակում, թե պետք է թեւաթափ լինել եւ հայկական էներգետիկան զարգացնել քաղաքակրթական պատերազմում պարտված երկրի առջեւ նետված ոսկորի տրամաբանությամբ: Մեզ պետք է նոր ատոմակայան, եւ մեր պետական իշխանության մարմինները առաջիկա տասնամյակում պարտավոր են Ռուսաստանի հետ միասին լուծել այդ խնդիրը:

1995 թ. ամերիկյան մի ֆուտուրիստական ծրագրում 2050 թ. Հայաստանը նկարագրվում էր իբրեւ մեկ եւ կես միլիոն բնակիչ ունեցող մի երկիր, որը ունի տնտեսության առաջատար երկու ճյուղ` էներգետիկան եւ զբոսաշրջությունը: Այսօր արժե ապացուցել, որ Հայաստանն իր մարդկային, ինտելեկտուալ եւ տնտեսական ներուժով կարող է հավակնել եւ ավելիին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.