AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 9989, Տպվել է` 1661, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԵՎ ՄԵՐ ԿԱՆԱՅՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նոյեմբերի 20-ին, բայց 1947-ի, Մեծ Բրիտանիայի Վեսթմիսթերյան աբբայությունում տեղի ունեցավ մի բան, որը...չէ, չշրջեց մարդկության պատմությունը, ոչ էլ նույնիսկ այդ պատմությունն ավելի լավը դարձնելու հույս տվեց, բայց, ինչպես անգլիացիներն են ասումՙ Marriages are made in heaven (Ամուսնությունները կնքվում են երկնքում): Ու չնայածՙ անգամ Վեսթմիսթերյան աբբայությունը Երկինք չէ, բայց հենց այդտեղ ու հենց հիշյալ օրը Անգլիայիՙ այդ ժամանակ ապագա թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ամուսնացավ Ֆիլիպի հետ: Վերջինս այն ժամանակ կրում էր Մաունթբեթեն ազգանունը եւ Հունաստանից նոր էր ժամանել Անգլիա, ընդ որումՙ հունական մի շարք տիտղոսներով: Հավանաբար հենց այդ տիտղոսներն էլ գրավել են Նորին Գերազանցությանը, քանի որ, օրինակ, հումորի զգացողություն Ֆիլիպն այն ժամանակ էլ չուներ: Ինչեւէ: 1947-ի նոյեմբերի 20-ից առաջ Ֆիլիպ Մաունթբեթենը կանգնած էր լուրջ ընտրության առջեւՙ ամուսնանալ Անգլիայի ապագա թագուհու հետՙ անգլիական եկեղեցում եւ ստանալ անգլիական տիտղոսնե՞ր, թե՞ մնար հունական ուղղափառ եկեղեցուն հավատարիմ եւ ամեն օր հպարտանար իր հունական տիտղոսներով: Բանն այն է, որ այս ամենը համատեղ հնարավոր չէր ու չէ, եւ Ֆիլիպն ընտրեց Եղիսաբեթին: Հենց նույն օրը Ֆիլիպը դարձավ ոչ միայն Անգլիայի ապագա թագուհու ամուսին (բայց ոչ ապագա թագավոր), այլեւ Էդինբուրգի դուքս:

Այս զոհաբերությունը, սակայն, Նորին Գերազանցությունը չգնահատեց, ավելի ճիշտՙ հետո պետք է գնահատեր, հետո, այսինքն 70 տարի անց:

Բոլորովին վերջերս Էդինբուրգի դուքսը հայտարարեց, որ դադարեցնում է իրականացնել իր արքայական պարտականությունները: Բուքինհեմյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ 96-ամյա Ֆիլիպն այլեւս չի ընդունի հրավերներ, սակայն ժամանակ առ ժամանակ կմասնակցի ինչ-ինչ միջոցառուների: Ի դեպՙ Էդինբուրգի դուքսը ավելի քան 780 կազմակերպությունների հովանավոր է, նախագահ կամ անդամ: Նա առաջվա պես կապված կլինի այդ կազմակերպությունների հետ, սակայն այլեւս ակտիվ դեր չի ունենա դրանց գործունեության մեջ: Մի խոսքով, 96-ամյա Ֆիլիպը որոշել է հանգստանալ, եւ այդ որոշումը, ինչպես Բուքինհեման պալատն է հատուկ շեշտումՙ Էդինբուրգի դուքսը համաձայնեցրել է Նորին Գերազանցության հետ. Եղիսաբեթ Երկրորդը աջակցել է ամուսնու որոշմանը եւ հիմա նա թագավորական գործերը կանիՙ ընտանիքի մյուս անդամների աջակցությամբ :

Նոյեմբերի 20-ին, բայց արդեն 2017-ի, Եղիսաբեթ թագուհու եւ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի ամուսնության 70-ամյակն էր, պլատինե տարեդարձը: Հանդգնում եմ ենթադրել, որ Նորին Գերազանցությունը Բուքինհեմյան պալատում նոյեմբերի 19-իՙ լույս 20-ի գիշերը երկար չի քնել, ընդ որում ոչ թե Brexit-ի կամ վարչապետ Թերեզա Մեյի ու նրա կառավարության ունեցած խնդիրների պատճառով, այլ քանի որ թագուհին սկսել է հիշել, թե ինչպես 70 տարի առաջ, այդ նույն օրը...Ու հանկարծ հասկացել է, որ Ֆիլիպն այսքան տարի ծառայել է իրենՙ անմնացորդ սիրով: Անմիջապես կանչել է թագավորական ընտանիքի անդամներին ու կարգադրել, որպեսզի նախապատրաստվեն Էդինբուգի դուքս Ֆիլիպի պարգեւատրման արարողությունը: Ընտանիքի ավելի երիտասարդ անդամները հիշեցրել են Նորին Գերազանցությանը, որ Ֆիլիպն արդեն երեք անգամ արժանացել է ասպետի կոչման, էլ ի՞նչ պարգեւ տան, ու Թագուհին ընտանիքի ավելի երիտասարդ անդամներին հայտնել է, նախ ինքը հրաշալի հիշում էՙ ամեն ինչը ու րոպեն, բացի այդ եթե Ֆիլիպը չորրորդ անգամ ասպետի կոչում ստանա, ապա կդառնա այժմ կենդանի միակ մարդը, ով չորս անգամ ասպետ է դարձել: Աշխարհում եզակին , բարձրաձայն շշնջացել է թագուհին, աշխարհում եզակին , նրա հետեւից շշնջացել է թագավորական ընտանիքը:

Հաջորդը օրը, նոյեմբերի 20-ին, Վեսթմիսթերյան աբբայությունում 70 տարի առաջվա ճիշտ նույն օրվա պես անձրեւ էր գալիս, չնայած Բրիտանիայում անձրեւ միշտ է գալիս, անկախ նրանից, թե ով է ասպետ դառնում, կամ այդ օրն առհասարակ ասպետ դարձող կա՞: Էդինբուրգի դուքս Ֆիլիպը ծնկում է Նորին Գերազանցության առջեւ եւ վերջինս չորրորդ անգամ ասպետի կոչում է շնորհում իր ամուսնունՙ իրենց հարսանիքի 70-ամյակի կապակցությամբ պարգեւատրելով Ֆիլիպին վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ կոչումով: Բուքինհեմյան պալատն էլ հայտնում է, որ Էդինբուրգի դուքսը պարգեւատրվել է թագուհուն ծառայելու համար : Պալատն, ի դեպ, չի նշում, թե Էդինբուրգի դուքսը թագուհու ինչն է, ոչ էլ նշում նրա ծառայությունների բնույթը... Մինչդեռ սա շատ կարեւոր է, քանի որ Բրիտանիան ամբողջ աշխարհին ցույց է տալիս, թե ընտանիքում ով պետք է ում ծառայի:

Կանցնեն էլի տարիներ, Աստված տաՙ ավելի քիչ, քան 70-ը, ու մենքՙ Հայաստանում էլ չենք զարմանա, թե ինչպե՞ս կարող է բարձր պաշտոնյան պարգեւատրել իր ամուսնուն, կնոջը, հարազատին, ծանոթին: Հիմա զարմանում ենք, մեր կարծիքով ամբողջ աշխարհում այդպես չէ, մեր կարծիքով մենք ամբողջ աշխարհին ծանոթ ենք, ընդ որումՙ հնուց (քանի որ հինավուրց ենք), մինչեւ հիմա (քանի որ ժամանակակից ենք): Բայց սա չէ կարեւորը, այլ այն, որ մենք հասկացած կլինենք, թե ինչպես են ասպետ դառնում, եւ որ թագուհիները միայն Բրիտանիայում չեն լինում: Չնայած չարժի այսքան վստահ լինել, ամեն դեպքում տեսանելի ապագայում թագուհին մեզ համար միայն Բրիտանիայում է եւ թույլ:

Իսկ մեր կանա՞յք... Ի դեպ, հենց բրիտանացի գիտնականները պարզել են, որ աման լվալն ու լվացք անելը նպաստում է երկարակեցությանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ 91-ամյա Եղիսաբեթ Երկրորդն ամբողջ կյանքում Էդինբուրգի դուքսի հագուստն է լվացել ու թագավորական ընտանիքի սպասքը, բայց սա նշանակում է, որ մենք սիրում ենք մեր կանանց, քանի որ ուզում ենք, որ նրանք երկար ապրեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.