AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 6003, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑՈՒՄ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պգթ Էներգետիկ աշխարհաքաղաքականության ու միջազգային անվտանգության մասնագետ

«Պատերազմը հնարավոր է հետաձգել, բայց խուսափել դրանից անհնար է»

Օտտո ֆոն Բիսմարկ

21-րդ դար մարդկությունը թեւակոխեց պատերազմներով. սկզբում Բալկաններում ու Աֆղանստանում, իսկ հետագայում դրանք շարունակվեցին Իրաքում, Եմենում, Սիրիայում, Սուդանում եւ այսպես շարունակ: Մարդկանց հույսը, որ Սառը պատերազմի ավարտից հետո աշխարհը ավելի խաղաղ ու անվտանգ կլինի, ի դերեւ ելավ, եւ կուտակված խնդիրների լուծման «լավագույն» տարբերակը հակամարտող կողմերը շարունակում են տեսնել ռազմական գործողությունների իրականացման մեջ: Արդյունքում միջազգային անվտնագության համակարգերը, զսպման ու հավասարակշռության մասին տեսությունները դադարում են աշխատել, երբ կուտակված խնդիրները եւ զենքի մեծ քանակը գայթակղիչ է դարձնում հարցերը ռազմական ճանապարհով հնարավորինս արագ լուծելու տարբերակը:

Ժամանակակից տեխնոլոգիաները փոխում են պատերազմների վարման ընդունված համակարգերը, առաջ են քաշվում ռազմական գործողությունների իրականացման նոր մարտավարություններ ու ռազմավարություններ: Ռազմական ճակատային գիծ հասկացողությունը դադարում է նախկին նշանակությունն ունենալ, հրթիռա-հրետանային նորագույն համակարգերը խոցելի են դարձնում անգամ խորքային քաղաքներն ու գյուղերը, իսկ խաղաղ բնակիչները հակամարտող կողմերի համար դառնում են առաջնային թիրախ: Աշխարհի տարբեր վայրերում ընթացող ռազմական գործողությունները դրա վառ ապացույցն են:

Պաշտպանվել նմանատիպ ժամանակակից զինատեսակներից եւ անխոցելի դարձնել բնակավայրերը հրետանային հզոր համակարգերիցՙ դառնում է համարյա անհնար, ինչը ստիպում է նոր լուծումներ փնտրել եւ նոր ռազմավարություններ մշակել: Արցախյան առաջին պատերազմը ցույց տվեց, որ պատերազմի արագ ավարտման ու հրթիռակոծությունների կանխման լավագույն տարբերակը թշնամուն իր իսկ տարածքում հնարավորինս ավերիչ հարված հասցնելն է եւ ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելն է, ինչը հնարավոր է միայն կազմակերպված, մարտունակ եւ մեծաքանակ ռազմական միավորների առկայության պայմաններում:

Արցախյան պատերազմի հաղթանակի հիմնական գրավականը դարձավ Մռավի լեռներից մինչեւ Արաքս ռազմական ճակատի ձեւավորման ռազմավարությունը, ինչի արդյունքում ռազմական գործողությունները տեղափոխվեցին թշնամու խորը թիկունք, նրան զրկելով հայկական բնակավայրերը ռմբակոծելու հնարավորությունից, ինչպես նաեւ հայկական ուժերի առաջխաղացումը կանխելու ընդունակությունից: Հայկական ուժերը դուրս եկան ռազմավարական տարածքներ եւ նրանց առաջխաղացումը հնարավոր եղավ կանխել միայն հրադադարի Բիշկեքյան կոչվող տխրահռչակ համաձայնագրի կնքման պայմաններում:

Ապրիլյան առճակատման ժամանակ պարզ դարձավ, որ հրթիռահրետանային համակարգերի կատարելագործման ու դրանց համազարկի խորության ավելացման պայմաններում վնասը բնակավայրերի համար ավելի մեծ ու ավերիչ է լինելու, քան կար նախորդ պատերազմի շրջանում: Ապրիլյան պատերազմի 4 օրերի ընթացքում կողմերը ավելի շատ արկեր էին օգտագործել, քան արցախյան պատերազմի մեկ տարվա ընթացքում: Սա նշանակում է, որ հնարավոր պատերազմը հեռահար ռմբակոծմամբ կարող է արյունալի ու միմյանց ռեսուրսներն ու մարդկային ուժը քամող հակամարտության վերածվել, ինչը կարելի կլինի կանխել միմիայն հակառակորդին տարածքային մեծ կորուստներ պատճառելու ճանապարհով:

Նման ռազմավարության իրականացման համար հիմք կարող է հանդիսանալ միայն մոբիլ պահեստազորային բանակի ստեղծումը, որն ի վիճակի կլինի մի քանի ժամվա ընթացքում ոտքի կանգնել, եւ լինելով մարզված ու լավ պատրաստված, իրականացնել համապատասխան առաջադրանքը, թշնամուն հնարավորինս ավերիչ հարված հասցնելու եւ ռազմական գործողությունները նրա տարածք տեղափոխելու հարցում: Սակայն նմանատիպ պահեստազորի ստեղծումը ժամանակ, ջանքեր, համապատասխան օրենսդրական դաշտ ու հսկայական ռեսուրսներ է պահանջում պետության կողմից: Դա նաեւ Հայոց բանակին մաս կազմելու պարտավորության ու հպարտության զգացում պետք է առաջացնի յուրաքանչյուր քաղաքացու մոտ, ինչը նշանակում է նոր գաղափարաբանության ու մշակույթի ձեւավորում Հայաստանում:

Պահեստազորի մասին օրենքով, եվրոպական շատ երկրներումՙ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, ծառայությունը սկսվում է 18 տարեկանից, իսկ ավարտվում, երբեմն միայն 60 տարեկանում, երբ հայտարարվում է զորացրման մասին: Այդ ամբողջ տարիների ընթացքում պահեստազորի զինվորները եւ սպաները պարբերաբար մասնակցում են զորահավաքներինՙ երբեմն մեկ կամ երկու տարին մեկ անգամՙ մինչեւ երեք շաբաթ ժամկետով, որի ընթացքում նրանք անցնում են համապատասխան ռազմական վերապատրաստում:

Նմանատիպ զորահավաքները պարտադիր են բոլորի համար եւ խուսափելը հավասարազոր է դասալքության, ինչը նշանակում է, որ ոչ ոք չի կարող դրանից հրաժարվել: Գործող օրենսդրության համաձայն, պահեստազորի զինծառայողները պաշտպանված են օրենքով եւ նրանց բացակայության ժամանակ նրանց հեռացնել աշխատանքից ոչ ոք չի կարող: Բացի այդ, պահպանվում է նրանց աշխատավարձը եւ պաշտոնը մինչեւ զորահավաքի ավարտը: Օրինակ, Շվեյցարիայում նման զորահավաքներին մասնակցում են բոլորը, անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից ու հասարակական դիրքից:

Նման շարունակական զորահավաքները մասնակիցներին հնարավորություն են տալիս լավագույնս ճանաչել միմյանց ու ստեղծել համապատասխան մթնոլորտ ռազմական գործողությունների դեպքում բարձր մակարդակի համագործակցության ու հաջողության հասնելու համար: Շատ պետություններում պահեստազորի զինվորները իրավունք ունեն համազգեստը եւ նույնիսկ զենքը իրենց մոտ պահել, ինչը հնարավորություն է տալիս շատ արագ կերպով ներկայանալ այն վայրը, որտեղ եւ պետք է իրականացվի մարտական առաջադրանքը: Նման մոբիլությունն ու շարժունակությունը անգնահատելի է դարձնում պահեստազորի դերը հնարավոր պատերազմում:

Սա նաեւ հակամարտության կտրուկ սրման պայմաններում զինված ուժերի թվաքանակը շատ կարճ ժամանակահատվածում եռապատկելու ու նույնիսկ հնգապատկելու հնարավորություն է ստեղծում, ինչը իր հերթին ռազմական գործողություններն արագ կերպով ավարտին հասցնելու ու թշնամուն հնարավորինս ավերիչ հարված հասցնելու ներուժ է ստեղծում: Հայաստանի պայմաններում պահեստազորի հավաքը չպետք է կարգավորվի զորակոչային հանձնաժողովների կողմից, ինչը մինչ օրս կատարվում է, այլ դրանք պետք է կցված ու կապված լինեն կոնկրետ զորամիավորումներին ու գործեն համապատասխան վայրում, ինչը հնարավորություն կտա ծանոթ լինել թե՛ հրամանատարությանը եւ թե՛ այն տեղանքին, որտեղ ընթանալու են ռազմական գործողությունները: Սահմանամերձ շրջանների բնակչությունը պետք է կապված լինի հենց սահմանի պահպանումը իրականացնող զորամիավորումներին, իսկ պահեստազորայինները պետք է նաեւ զենք ու համապատասխան ռազմամթերք ունենան իրենց տանը, ինչը հնարավորություն կտա շատ արագ կերպով արձագանքել թշնամու կողմից ոտնձգության յուրաքանչյուր փորձին:

Ինչեւէ, պահեստազորի խնդիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար եւ այս ուղղությամբ համապատասխան օրենսդրական դաշտի, կազմակերպչական գործողությունների իրականացման եւ դրա կարեւորության շուրջ քննարկումների համար պետք է սկսել պատրաստել համապատասխան միջավայր: Անկեղծ լինենք. այս հարցում մենք բավականին ուշացել ենք եւ խնդրի հետագա հետաձգումը միայն կդժվարացնի դրա իրականացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.