AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ

Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 7037, Տպվել է` 714, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԻԲԱՆԱՆ - ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԿԻՐ

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ, Գրականագետ, արվեստաբան

Մի քանի օրից, նոյեմբերի 22-ին, Լիբանանը նշում է իր անկախության տարեդարձը: Տեւական խաղաղություն եւ կայուն բարգավաճում մաղթելով այդ սիրելի երկրին` տպագրում ենք հուզառատ մի հոդված` արտատպելով Հայաստանում Լիբանանի դեսպանության նախաձեռնությամբ եւ մեր բարեկամ Գեւորգ Յազըճյանի կազմած գրքույկից:

Վայրեր կան, որոնցից միշտ ափսոսանքով ես բաժանվում եւ հեռանալուց հետո ուզում ես անմիջապես վերադառնալ: Դրանք ձգողական անդիմադրելի ուժի, անբացատրելի հմայք ունեցող վայրեր են, ուր միշտ ուզում ես վերադառնալ: Ինձ համար այդպիսի վայր, այդպիսի երկիր է Լիբանանը...

***

Իրերի պատեհ բերումով սրանից մոտ երկու տասնամյակ առաջ, երեւանյան կոշտ ձմեռից դուրս գալով, ես հայտնվեցի Լիբանանում: Մինչեւ Լիբանանը տեսնելը ես, ով գիտի, հազար անգամ արտասանել եմ Լիբանան բառը. Արմենակ Շահմուրադյանի «Կիլիկիա»-ն էինք լսում եւ հետը երգում էինքՙ «Լեառն Լիբանան եւ իւր մայրեր...»: Եվ հիմա ես եկել էի հանդիպելու մեզ համար անիրական թվացող երկրի հետ: Մինչ այդ ես, խորհրդային երկրում ծնված, խորհրդային երկիրը տեսած, այդ երկրում ապրած անձս (սա ինչ-որ բան ասում է) եղել էի արտասահմանյան երկրներումՙ Լեհաստան, Հնդկաստան, Մալայզիա, Սինգապուր, Ամերիկա... Եվ բնական է, շատ բանի վրա զարմացել եմ, շատ ու շատ բաներով հիացել եմ, բայց վերադարձել եմ, մխրճվել առօրյայի մեջ եւ... մոռացել:

Լիբանանի պարագային ամեն բան այլ կերպ եղավ:

Նախ ասեմ, որ բախտս բերեց, որ Լիբանանում ես ծանոթացա մի հրաշալի եւ բացառիկ անձնավորությանՙ նկարիչ ու բազմաշնորհ Շահե Տեր-Հարությունյանի հետ: Շահեն կյանքին ու բնությանը սիրահարված մարդ է: Ես չգիտեմ, չեմ էլ կարող պատկերացնել, թե Լիբանանում կա՞, ապրո՞ւմ է մի երկրորդ անձնավորություն, որն այդքան մանրամասնորեն գիտի Լիբանանի ամեն մի գյուղը, ամեն մի անկյունը եւ այդքան մանրամասնորեն է սիրում այդ երկիրը:

Եվ ահա Շահեն դարձավ իմ առաջնորդը իմ լիբանանյան կյանքի բոլոր ազատ օրերին: Շահեն մի փոքրիկ ավտոմեքենա ուներ, ու մեր բոլոր ազատ օրերին մենք շրջում էինք ողջ Լիբանանով մեկ, հյուսիսից հարավ, Քֆար Նունից մինչեւ Բըֆոր: Մենք ծրագիր էինք կազմել, քարտեզ ունեինք եւ անցանք Լիբանանի գրեթե բոլոր քաղաքներով ու գյուղերով, լեռները բարձրացանք եւ իջանք գեղեցիկ հովիտները: Շահեն ինձ ցույց տվեց փյունիկյան հնագույն երկիր Լիբանանըՙ իր պատմական վկայություններով, Հռոմեական հզոր կայսրության հարուստ պրովինցիա Լիբանանըՙ անկրկնելի ու աննման, ուղղակի համաշխարհային հռչակ վայելող հուշարձաններով, ժամանակակից Լիբանանըՙ իր ողջ գեղեցկությամբ, Ադմայի նման շքեղ ու տպավորիչ բնակավայրերով:

Շահեն ինձ ցույց տվեց Լիբանանի բնության ողջ գեղեցկությունն ու հմայքը, իմ առջեւ բաց անելով Լիբանանի բնության գաղտնարանները, մատնացույց անելով մարդկանց աչքերից ծածկված, հեռու մնացած գողտրիկ անկյուններՙ լեցուն կյանքի հրճվանքով եւ բանաստեղծությամբ: Հայտնի վայրերը բոլորը գիտենՙ Ժայիտա, Բաալբեք, Ժբեյլ, Սուր, Սայդա... Եվ, իհարկե, լիբանանյան նշանավոր մայրիները, Բշարրեի հարեւանությամբ, Էրզում, ապա Թաննուրինում, Շուֆում... Բեքաայի արեւաշող հովիտը, Լիթանիի ձորըՙ Շուֆի բարձրությունից դիտված... Այս թվարկումը կարող եմ անվերջ շարունակել...

Բայց ես այլ վայրեր եմ ուզում հիշել... Հնարավո՞ր է մոռանալ Քֆար Հելդայի եռաստիճան ջրվեժը, անձայն, որովհետեւ մեզՙ դիմացի լանջից ջրվեժը դիտողներիս, պարզ ու սքանչելի օրվա մեջ ձայնը չէր հասնում: Աֆկայի պաղ ջրերը, Սաննինի լանջերի ձյունհալը, Յախշուշ գետի երգեցիկ մեղեդին, Աքքարի ամրոցը, Զահլեի հարեւանությամբ, Նիհա գյուղի մոտ գտնվող հռոմեական տաճարը, Ֆարայայի խստաշունչ ձյուներն ու վարը փռված հովիտը, Ազունիեից Բարուկ ձգվող կանաչագեղ անտառները, Ռաշայայի հնձած արտերի թախծալի գեղեցկությունը...

Անկարելի է դիմանալ գայթակղությանը եւ չհիշել Զահլենՙ աննման, թագի ադամանդի նման շողուն ու կատարյալ Զահլենՙ Բեքաայի նորահարսը: Զահլեի մասին ոչ խոսել է պետք, ոչ պատմել. Զահլեն տեսնել է պետք: Զահլեն արժի ե՛ւ պոեմ, ե՛ւ վեպ, ե՛ւ, իհարկե, պատարագ: Զահլե հասնելու համար Շթորայից պետք է թեքվել ձախ:

Լիբանանը վայրեր ունի, որոնք մեզՙ հայերիս համար առանձնակի իմաստ ու նշանակություն ունեն: Շթորայի անունը տվեցի. Շթորան այդ վայրերից մեկն է: Այստեղ ամառները ապրել է մեր ժողովրդի մեծ զավակներից մեկըՙ ընտիր գրականագետ եւ բանասեր, անմրցելի գրաքննադատ Նիկոլ Աղբալյանը: Նա այստեղ տուն է կառուցել. իր ժամանակակիցները, ճեմարանում դասավանդած իր գործընկերները պատմում էին, թե ինչ դժվարությամբ, ինչ տառապանքով է պարզ ուսուցիչ Նիկոլ Աղբալյանը կառուցել այդ տունը... Այստեղ էլ նա կնքել է իր մահկանացուն:

Շթորայում մի օր մենք գտանք Նիկոլ Աղբալյանի տունը: Բակ մտանք: Տան դռները, անշուշտ փակ էին: Բարձրացանք երկրորդ հարկ տանող դրսի աստիճաններով: Հարկը ապակեպատ պատշգամբ-նախամուտք ուներ, ապակեպատ դռնով, որ նույնպես փակ էր: Նախամուտք-պատշգամբի ներսը պարզ երեւում էր: Մեզ առաջնորդում էր մի տարեց հայ կին, որի տունը գտնվում էր Աղբալյանի տնից մի երկու տուն այն կողմ: Կինը մեզ պատմեց, որ Աղբալյանը հենց այդ պատշգամբում է կաթվածահար վայր ընկել: Հայաստանիցՙ ընտանիքից նամակ է ստացել, բացել է եւ կարդալիս կաթվածահար վայր ընկել...

Լուռ կանգնեցինք ու խոնարհվեցինք...

Տասնամյակներ էին անցել, բայց Աղբալյանի տունը անվթար կանգնած էր. թվում էրՙ տանտերը այստեղ է, մոտակայքում ինչ-որ տեղ: Սա ցույց էր տալիս, թե ինչ ազնիվ մարդիկ են ապրում Շթորայում, ինչ ազնիվ են եղել Աղբալյանի անցյալ ու ներկա հարեւանները:

Շթորան Աղբալյանով ու իր տնով դարձավ մեզ համար առանձնապես սիրելի:

Լիբանանում ես տեսա, թե ինչքան լավ են զգում իմ հայրենակիցները այս երկրում: Տասնամյակներ շարունակ Լիբանանում եղել է լիարյուն հայկական կյանքՙ ստեղծվել է մշակույթ, մշակվել է գրականություն, եղել են գրական-մշակութային, կրթական-հասարակական ազգային հաստատություններՙ դպրոցներ եւ զանազան այլ կրթօջախներ, թատրոն եւ երաժշտություն, մամուլ եւ հրատարակչություններ, մի խոսքովՙ ամեն բան, ինչ անհրաժեշտ է ազգային կյանքով ապրող համայնքի համար: Եվ արդեն պարզ դարձավ, թե ինչո՞ւ է Լիբանանի հայությունը այդքան ջերմ սիրով կապված այդ երկրի հետ, նրա բարքերին, կյանքին, սովորություններին, լեզվին ու խոհանոցին: Եվ հասկացա, որ իմ հայրենակիցներիՙ Լիբանանի հանդեպ ունեցած սերն ու առանձնակի վերաբերմունքը նույնպես ազդել են ինձ վրա, որոշակի բաժին ավելացնելով իմ վերաբերմունքին: Ես տեսա նաեւ այն խորին հարգանքը, որ Լիբանանի իշխանությունները եւ Լիբանանի ժողովուրդը ունեն հայության, Հայ եկեղեցու եւ հայ մշակույթի հանդեպ: Սա նույնպես, իր հերթին եւ իր չափով, իմ մեջ ավելացրել է Լիբանանի հանդեպ ունեցած իմ սիրո եւ հարգանքի չափը:

Լիբանանում ես շատ բան տեսա. մանրամասն պատմելու համար հարյուրավոր էջեր են պետք: Տեսա նաեւ ստվերներ եւ անցանկալի գույներ. կա՞ իր կամ առարկա, որ ստվեր չունենա: Տեսա, ասենք, Բուրջ Համմուդի հսկա աղբակույտը, որ եգիպտական բուրգերի հետ կարող է մրցել, տեսա... Բայց, ճիշտն ասած, դրանք մոռացվել են, ես Լիբանանից միայն լավ եւ գեղեցիկ պատկերներ ու զգացումներ եմ հիշում... Այնպես որ ես միշտ պատրաստ եմ Լիբանան վերադառնալու:

***

Լիբանան այցելելուց, Լիբանանը ճանաչելուց հետո ես եղա եվրոպական եւ այլ շատ երկրներումՙ Ֆրանսիա, Իսպանիա, Բելգիա, Հոլանդիա, Իտալիա եւ այլն: Եվ այնուամենայնիվ Լիբանանը ինձ համար մնում է այն երկիրը, ուր կուզեի միշտ վերադառնալ: Դա սքանչելի գեղեցկությամբ երկիր է, ուր ապրում են ինձ շատ սիրելի մարդիկՙ իմ ընկերներն ու բարեկամները:

Մի օր տղաս ծիծաղելով ինձ ասաց. «Հայրիկ, ինձ թվում է, թե եթե մի օր քեզ առաջարկեն ընտրություն անելՙ գնալ անծանոթ ու շատ հետաքրքրական մի երկիր կամ թե նորից, հերթական անգամ այցելել Լիբանան, դու հաստատ կընտրես Լիբանանը»:

Հաստա՛տ: Իսկապես կընտրեի Լիբանանը:

Ինձ համար Լիբանանը այն երկիրն է, ուր միշտ կուզեի վերադառնալ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.