AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 91. ԻՄԱՍՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 10697, Տպվել է` 1509, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵՎԸ ՈՒ ՀՐԵՇՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նոյեմբերի 15-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Սարյանի գույներով բացվել են Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերը: Օրերի բացմանը մասնակցել են նախագահներ Սարգսյանն ու Պուտինը: Ի դեպ, վերջիններս նաեւ հանդիպել են, առանձնազրույց են ունեցել, քննարկել են հայ-ռուսական մեծ օրակարգը, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը, այնուհետեւ տարածաշրջանային առկա խնդիրները: Բայց ամեն դեպքում, ՀՀ նախագահիՙ Մոսկվա կատարած այցի ամենակարեւոր դրվագն այն է, որ Տրետյակովյան պատկերասրահում երկու նախագահների մասնակցությամբ բացվել են անծայրածիր Ռուսաստանում փոքրիկ, բայց ծովից ծով Հայաստանի մշակութային մեծ օրերը, ավելի ճիշտՙ փոքրիկ Հայաստանիՙ ծովից ծով մշակույթի օրերը: Մի կարեւոր բան էլ. Պուտինը Սարգսյանին է հանձնել Հայաստանում Ռուսական թանգարանից գողացվածՙ Միխայիլ Վրուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը: Ի դեպ կտավը վերադարձնելու խոստում ՌԴ նախագահը տվել էր դեռեւս այս տարվա մարտին, սակայն այն ժամանակ դեռ կտավը վերականգնված չէր:

Նույն օրը ՌԴ նախագահը ուղերձ է հղել Ռուսաստանում եւ Նոր Նախիջեւանում Հայ առաքելական եկեղեցու թեմի 300-ամյակի առիթով: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանում Հայ եկեղեցու թեմը մեծ ներդրում ունի երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Իմիջիայլոց, բացի այս հոբելյանից, ռուս-հայկական բարեկամությունը նշում է երկու հոբելյան եւս. Հայաստան-Ռուսաստան բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին համաձայնագրի 20 եւ ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակները: Ուշագրավ է, որ փաստորեն անկախության առաջին հինգ տարիներին Ռուսաստանի հետ միայն դիվանագիտություն ենք արել, ոչ թե նաեւ դիվանագիտություն, համագործակցություն եւ փոխադարձ օգնության ցուցաբերում: Ինչեւէ:

Ցավոք սրտի ո՛չ ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, ո՛չ էլ Կրեմլը չեն նշել, որ նախագահներ Սարգսյանն ու Պուտինը գոնե միայն Տրետյակովյան պատկերասրահո՞ւմ բարձր տրամադրություն են ունեցել, մինչդեռ սա շատ կարեւոր է: Բանն այն է, որ նախքան Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կլիներ Ռուսաստանում, պաշտոնական այցով այդ երկրում էր Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Թուրքիայի նախագահն ու Պուտինը Սոչիում պետք է խոսեին մեկ ժամ, բայց նրանց առանձնազրույցը տեւել է, ուշադրություն, 4 ժամ, ընդ որում ե՛ւ Թուրքիայի նախագահի, ե՛ւ ՌԴ նախագահի պաշտոնական աղբյուրները նշում են, որ հանդիպումից հետո նախագահներն ունեցել են բարձր տրամադրություն: Ավելին, Պուտինն անձամբ ասել է, որ Թուրքիայի նախագահի հետ չքննարկված հարց իրենք այլեւս չունեն, եւ որ այդ երկրի հետ ՌԴ-ի գործակցությունն ամբողջովին վերականգնված է, իսկ Էրդողանն ասել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները խորանում են րոպե առ րոպե: Այսինքն հիմա ավելի խորն են, քան բուն հանդիպման պահին: Ամանորին էլ ավելի խորն են լինելու, քան հիմա, աշխարհում ամենախորըՙ Բայկալ լճի պես:

Հետաքրքրական է, որ նախքան Պուտին-Էրդողան հանդիպումը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ նախագահները քննարկելու են Սիրիայի հարցը: Հանդիպումից հետո, սակայն, նախագահները հայտարարեցին, որ իրենք քննարկել են ոչ միայն Սիրիայի հարցը, այլեւ երկկողմ գործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու հրամայականը, եւ, ուշադրություն, տարածաշրջանում առկա խնդիրները: Ընդ որում, ինչպես Պուտինն է ասելՙ Թուրքիայի նախագահի հետ ունեցել ենք անկեղծ զրույցՙ առանց դիվանագիտական կեղծ ավելորդությունների : Այսքան հարց ու այսկերպ քննարկելուց հետո էլ նրանք, ինչպես պաշտոնապես է հայտարարվում, ունեցել են բարձր տրամադրություն, ճիշտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պես, որը Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, ճիշտ ՀՀ նախագահիՙ Ռուսաստան կատարած այցի օրը, Ենի Ազարբայջան կուսակցության համագումարում հայտարարեց, որ «Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ հայկական երկրորդ պետություն լինի իրենց բնիկ տարածքներում» : Իմիջիայլոց, պատմական տարածքների եւ պատմության հետ կապված նշեմ, որ ՀՀ նախագահը Ռուսաստանում Հայաստանի օրերի շրջանակներում Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր նախիջեւանի առաջնորդարան Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում դիտել է Ռուսաստանում հայ առաքելական եկեղեցու թեմի 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» ցուցահանդեսը: Նախագահը նաեւ մասնակցել է եկեղեցու տարածքում հայկական ժամանակակից խաչքարերի ցուցահանդեսին, բայց քանի որ այդ խաչքարերը ժամանակակից են, չենք կարող դրանք ներկայացնել Ադրբեջանի հինավուրցության համատեքստում:

Ինչեւէ, Պուտին-Էրդողան, ապա Պուտին-Սարգսյան հանդիպումներից հետո, որոնցից առաջինն անցել է առանց դիվանագիտական կեղծ ավելորդությունների, իսկ երկրորդըՙ առանց թիթիզ ձեւակերպումների, խիստ պաշտոնական, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է այցելել Երեւան, ապա Բաքու: Լավրովն ինքն է հայտարարել, որ առաջիկա շաբաթվա սկզբին ինքն այցելելու է տարածաշրջան: ՌԴ ԱԳ նախարարը ասել է, որ իր այցը պայմանավորված է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ՌԴ-ի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 25-ամյակներով, բայց հաշվի առնելով, որ այդ երկու հարաբերություններն էլ հաստատվել ենՙ այո, 25 տարի առաջ, բայց ապրիլին, ապա կարելի է ենթադրել, որ Լավրովը այցելում է բոլորովին այլ նպատակով: Ինքն ի դեպ փոքրիկ հուշում է արելՙ նշելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկելու է տարածաշրջանում առկա խնդիրները ու ժնեւյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ես, իհարկե, չեմ պնդի, որ ԼՂ հարցով բանակցություններում ինչ-որ բան է տեղի ունենում, քանի որ դա ակնհայտ է: Հայտնի չէ մեկ ուրիշ բան, ինչո՞ւ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումից հետո ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում բարձր տրամադրություն չի լինում, իսկ օրինակ Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի հանդիպումներից հետո այս երկու երկրներում ու նախագահների մոտ լինում է: Չէ՞ որ ե՛ւ մենք ռուսների հետ, ե՛ւ ռուսները թուրքերի հետ քննարկում ենք տարածաշրջանում առկա խնդիրները... Ավելին, բացի խնդիրները քննարկելուց, մենք նաեւ մշակութային օրեր ենք անցկացնում Ռուսաստանում, եւ արդեն 20 տարի է, ինչ պայմանագրով հաստատված բարեկամներ ենքՙ փոխադարձ օգնություն ցուցաբերելու գրավոր պարտավորությամբ:

Ամեն դեպքում Հայաստանից գողացված կտավը Ռուսաստանը վերադարձնում է, սակայն միայն կտավը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.