AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 11635, Տպվել է` 1548, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃՐԹՃՐԹԱՑՈՂ «ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կարմիր վերարկուով կինը հազիվ կարողացավ բարձրանալ երթուղային: Չափազանց գեր էր: Չնայած կնոջ ոչ տարիքն են հարցնում, ոչ գիրության վրա են ուշադրություն դարձնում, բայց դա առաջ էր, երբ կանայք ու տղամարդիկ իրավահավասար չէին` բոլոր առումներով:

Նստեց ամենահարմար տեղը, ինչից ու հատկապես` նստելուց հետո արձակած ձայնից պարզ երեւաց, որ այդ կինն իրենց տան ամենահարմար տեղում չի նստում, չնայած միշտ երազում է նստելու մասին. չեն թողնում, ավելի ճիշտ` չի թողնում: Նստեց ու սկսեց ճրթճրթացնել, ցելոֆանե տոպրակը, դատելով տարածվող հոտից` բաստուրմայով լի:

Երթուղայինը շարժվեց եւ մի սիրունատես օրիորդ խնդրեց դիմացի նստած տղամարդուն, որ վերջինս բացի պատուհանը, քանի որ անտանելի հոտ է տարածված, ծխախոտի եւ բաստուրմայի, մի խոսքով` ազգային-ազատագրական, ճիշտ հայկական քեֆի: Տղամարդը դեռ չէր հասցրել բացել, երբ կարմիր վերարկուով կինը թեքվեց դեպի օրիորդն ու ասաց. «Կեթաս ձեր տունը կբացես պատուհանը էս ցրտին: Երեւում ա արյունդ եռում ա, լավ տեղից ես գալիս»: Աղջիկը, բոլորովին չշիկնեց, փոխարենը պատասխանեց. «Գիտե՞ք, դատելով նրանից, թե ինչ հոտ է բուրում ձեր տոպրակից, այդ դուք եք լավ տեղից գալիս»: Կինը թեքվեց դեպի աղջիկն ու այդպես մնաց մի հինգ րոպե. ճիշտ այդքան խոսում էր, ավելի ճիշտՙ բղավում, ավելի ճիշտ` հայհոյում: «Բանա եղե՞լ», հարցրեց վարորդը, ով միջինից բարձր տարիքի տղամարդ էրՙ չսափրված, կանգնեցնելով մեքենան: «Դու ճամփին նայի, չէթանք մեռնենք իզուր տեղը», կինը հասցրեց նաեւ վարորդին պատասխանել: Վարորդը հլու հնազանդվեց, ինչից պարզ երեւաց, որ տարիների փորձ ունի: Ապա միացրեց ռադիոն: Լուրեր էին, մեկնաբանը հայտնեց, որ այսօր Տավուշում... երեք զոհ ունենք: Սկսվեց վայ-վույը: Կարմիր վերարկուով կինը, արդեն դեմքի կատարյալ բարեգութ արտահայտությամբ, ի լուր երթուղայինի ժողովրդի հայտնեց, որ երեխեքը, նկատի ունի սահման պահողներին, լվացվելիս են եղել ու անասունները, նկատի ունի` ոչխարներին, հարձակվել են ու միամիտ երեխեքին փրթել: Կինն այդպես էլ ասաց` փրթել: Վայ-վույը կրկնապատկվեց: Մի երիտասարդ կին, հանկարծ ասաց` «Վայ թաղեմ Ձեզ», ու քանի որ մինչ այդ խոսում էր հեռախոսով, պարզ չեղավ, թե «թաղեմ ձեզ» ասելով տիկինն ո՞ւմ ի նկատի ունի` ադրբեջանցիներ՞ին, թե՞ նրանց, ում հետ հեռախոսով խոսում էր, գուցե նրանց, ում մասի՞ն էր հեռախոսով խոսում: Ինչեւէ: Վարորդը մտավ թեմայի մեջ: «Արա, մարդ չի հասկանում ի՞նչ անի, հելնենք թողենք տուն-տեղ եթա՞նք, թե ի՞նչ անենք», վարորդն էր: Կինը` կարմիր վերարկուով, արձագանքեց. «Այ մարդ, տո դու սկի Ղարաբաղի տեղը գիտե՞ս, որ գնում ես, ավտոդ քշի, չեթանք մեռնենք: Հենա տղես Ղարաբաղում ա, ամեն օր զանգում ա, ամեն օր կրակում են, ամեն օր մարդ են սպանում, ամեն օր...»: «Թաղեմ ձեր գլուխը», կրկին երիտասարդ անծանոթ կինն էր, ով այս պատմության մեջ հայտնի դարձավ միայն իր այս երեք բառով` «թաղեմ ձեր գլուխը», բայց իրոք, տեսնես ո՞ւմ...

Վարորդը, կարմիր վերարկուով կնոջ խոսքերից հետո կանգեցրեց մեքենան ու թեքվեց դեպի կինը: «Քույրիկ ջան, ինչ-որ խնդիր կա՞: Դու ինձ ճանաչո՞ւմ ես»: «Վարորդ ջան, նա սկի չգիտի, որ Տավուշը Ղարաբաղում չի, ձեզ որտեղի՞ց ճանաչի», երիտասարդ աղջիկն էր, ում արյունը եռում էր իբր, կամ ինչո՞ւ իբր... Կինը նորից սկսեց բղավել, ընդ որում իր վրա հարձակված բոլոր կողմերի վրա, չմոռանալով ամեն նախադասության մեջ հիշեցնել, որ իր որդին Ղարաբաղում է...: «Ես կռված տղա եմ, էս ձեռքիս երկու մատը Ղարաբաղում եմ կորցրել, էլի հարցեր ունե՞ս», վարորդն էր: Քար լռություն տիրեց: Անգամ կարմիր վերարկուով կինը լռեց: Նա հո չգիտե՞ր եւ իրականում ոչ ոք երթուղայինում հո չգիտեի՞ն, որ վարորդը ոչ թե Ղարաբաղում կռվել է, այլ բենզինի գործ է արել` պատերազմի ժամանակ, ինչի կանիստերներից մեկն էլ ընկել է ձեռքին, երկու մատը կոտրել, հետո վարակ է անցել, հետո բժիշկները հեռացրել են մատերը... Մի խոսքով, ամեն հերոսի մասին չէ, որ մենք ամեն բան իմանում ենք, ավելին, ոչ մի հերոսի մասին մենք ամեն բան չգիտենք, ու դա հրաշալի է, քանի որ հակառակ պարագայում հազիվ թե հերոս ունենայինք:

Երեկոյան, երբ այս երթուղայինի ողջ անձնակազմը, այդ թվում վարորդը, տանն էին, ոմանք միս էին աղում, օրինակ վարորդը, ոմանք բլինչիկ էին փաթաթում, օրինակ կարմիր վերարկուն հանած տիկինը, հանկարծ վերջինիս բջջայինը զանգեց: «Վայ, մինուճարս ա», բացականչեց կինն ու թռավ հեռախոսը վերցնելու: Իրոք մինուճար որդին էր, ով արդեն հինգ տարուց ավելի ապրում ու երբեմն աշխատում էր Կիսլավոդսկում, եւ ամեն տարի, երբ զինկոմիսարիատից գալիս էին նրանց տուն, մայրը հպարտ ու անվախ հայտարարում էր` «Իմ տղեն ստեղ չի, իրա տեղը ինձ տարեք, կարա՞ք»:

Զինկոմիսարիատից եկածները թողնում-հեռանում էին, չնայած զինկոմիսարիատում մի քանի հոգի կային, ովքեր գիտեին, որ տղան Կիսլավոդկսում է, կոնկրետ հասցեն էլ գիտեին, փող ուղարկելու օրերն էլ...

Այսպես ապրում էր մի երթուղային դարձած ազգը, որը շուտով ազգ-բանակ է դառնալու: Հրացաններով, միս ուտելով եւ Կիսլավոդկսում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.