AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 11562, Տպվել է` 1549, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԵՐԿՈՒ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հարյուրամյա վաղեմության երկու գլխավոր իրադարձություններ լռության են մատնվել, չնայած իրենց ունեցած ազդեցությանը համայն աշխարհի վրա: Դրանցից մեկը 1917 թվի նոյեմբերի 8-ի հոկտեմբերյան հեղափոխությունն է, իսկ մյուսըՙ նույն թվի նոյեմբերի 2-ի «Բալֆուրի դեկլարացիան»:

Չնայած արտաքնապես թվում է, թե դրանք կապ չունեն հայերիս հետ, իրականում երկուսն էլ խորապես ազդել են Հայաստանի եւ հայերի պատմության վրա:

Հոկտեմբերյան հեղափոխությունը նպատակ էր հետապնդում Ռուսաստանում գոյություն ունեցող ֆեոդալական կարգերի փոխարեն երկրում հաստատել արդար տնտեսական կարգեր: Այն հիմնված էր Կարլ Մարքսի հեղափոխական սոցիալիզմի տեսության վրա եւ գործադրվեց Վլադիմիր Լենինի ձեռամբ:

Մարքսի տեսությունը պաշտպանում էր պրոլետարիատին, որ ազատագրվի հասարակությունում կազմավորվող կապիտալիստական կառույցների լծից եւ հաստատի դասակարգային տարբերություններից զուրկ մի նոր հասարակություն: Տեսությունը պարզաբանված էր հասարակությանը մատչելի դարձնելու համար, «յուրաքանչյուրից ըստ իր կարողությունների, դեպի յուրաքանչյուրն ըստ իր պահանջների» նշանաբանի ներքո: Նման փիլիսոփայությունը պետք է պարտադրվեր հասարակությանըՙ կառավարության, իրականում պրոլետարիատի կառավարության կամ դիկտատուրայի կողմից:

Արդյունաբերական հեղափոխությունը արդիականացրել էր ապրանքների արտադրությունը եւ ծառայությունների մատուցումը Եվրոպայումՙ առաջացնելով ավելի մեծ անհավասարություն եկամուտների բաշխման ոլորտում: Մարքսի տեսությունը հիմնված էր գլխավորապես Եվրոպայում տնտեսական կյանքի նախադրյալների եւ ոչ թե Ռուսաստանում գործող ֆեոդալ կարգերի հիման վրա:

Հակառակ 1848-ին եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցած հեղափոխություններին, դրանցից ոչ մեկը Մարքսի սոցիալիզմը չընդունեց որպես կենսաձեւ: Փոխարենը այն արմատներ գցեց Ռուսաստանում, հետամնաց ագրարային մի հասարակությունում, որտեղ ոչ արտադրության միջոցներն էին հավասարվում եվրոպականին, ոչ էլ ապրանքների արտադրողականությունը կամ ծառայությունների մատուցումը: Այնպես որ այդ տեսության իրականացումը սկզբից եւեթ դատապարտված էր ձախողման: Բայց դրա կիրառումը պարտադրվեց ռուս ժողովրդին եւ սկիզբ դրվեց «սոցիալական լաբորատորիայի» փորձարկումներինՙ իր սարսափելի հետեւանքները թողնելով ինչպես ռուս ժողովրդի, այնպես էլ ամբողջ աշխարհի վրա:

Յոթանասուն տարիների փորձարկումներից հետո տեսությունը կորցրեց իր մղիչ ուժն ու ստեղծված կառույցըՙ Խորհրդային Միությունը ինքնաբերաբար խորտակվեց, առանց թշնամու կողմից արձակված կրակոցների:

Հայաստանը մաս կազմելով նախկին ցարական կայսրության, ինքն էլ առնչվեց այդ սոցիալական փորձարկումների հետ, եւ 1918-ին դժվարությամբ ձեռք բերված անկախությունը 1920-ին փոխարինվեց խորհրդային զորքերի երկիր մուտք գործելով: Յոթանասուն տարի Խորհրդային Հայաստանի ժողովուրդն ապրեց կառավարման այդ համակարգի ներքո, կրելով Ստալինի իշխանության սարսափներն ու զոհաբերելով անհամեմատ մեծ թվովՙ 300 հազար հայորդիներիՙ ի պաշտպանություն «անծայրածիր հայրենիքի»ՙ համաշխարհային Երկրորդ պատերազմի օրերին:

Բայց մյուս կողմից Հայաստանն օգտվեց Խորհրդային Միության տնտեսության աճի բացառիկ հնարավորություններից եւ գիտությունն ու արդյունաբերությունը, գրականությունն ու արվեստները արագ թափով զարգացան, երկիրը հասցնելով տիեզերական դարաշրջանի շեմին: Մի բացասական գործոն, ճանապարհորդելու սահմանափակումը, այնուամենայնիվ դրական ազդեցություն ունեցավ հայերիս համար: Մենք պատմականորեն եւ բնազդային առումներով հակված ենք եղել հեռանալ մեր պատմական վայրերից եւ բնակություն հաստատել այլ երկրներում, զարգացնելով դրանք: Ճանապարհորդելու սահմանափակման հետեւանքով Հայաստանի բնակչությունը ստիպված էր ապրել երկրի ներսում եւ գուցե առաջին անգամ պատմության ընթացքում բնակչության թիվը գրեթե հասավ 4 միլիոնի: Զարկ տրվեց մեկ ընդհանուր ազգային գիտակցության: Բարգավաճ հայրենիքի մասին քարոզչությունն այնքան գրավիչ դարձավ, որ մոտ 200 հազար հայեր Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եւ հետո ներգաղթեցին սփյուռքից հայրենիք:

Խորհրդային Միության փլուզումից հետո միգրացիայի դարպասները լայն բացվեցին եւ մինչ օրս ոչ մեկը գործնական քաղաքականություն չի մշակել կանգնեցնելու համար արտագաղթի հոսքը: Այնպես որ խորհրդային համակարգի չարաբաստիկ սահմանափակումներից մեկը օրհնանք դարձավ Հայաստանի համար, ամրագրելով նրա ապագան:

Մյուս իրադարձությունը, որի հարյուրամյակը լրանում է այս տարի, առավել անուղղակի ազդեցություն է թողել հայերիս, ավելի ճիշտ սփյուռքահայերիս վրա: Դա 1917 թվի Բալֆուրի դեկլարացիան է:

Եվրոպայում եւ Ռուսաստանում դարեր շարունակ հետապնդումների ենթարկվելուց հետո, հրեաները ձգտեցին իրենց հայրենիքն ունենալ: Թեոդոր Հերցլ անունով վիեննացի մի լրագրող սիոնիզմի գաղափարախոսությունը առաջ քաշեց հրահրելու համար աշխարոհվ մեկ սփռված հրեաների երեւակայությունը: Բրիտանացիները Աֆրիկայում, իսկ Ստալինը հետագա տարիներին Ռուսաստանում հողատարածքներ տրամադրեցին նրանց: Բայց սիոնիստների նպատակը Պաղեստինում իրենց պատմական հայրենիք վերադառնալն էր, եւ 1948-ին Հերցլի երազանքն իրականություն դարձավ: Բրիտանացի գիտնական Խայիմ Վայմանի եւ Մ. Նահանգների գերագույն դատարանի դատավոր Լուիս Բրանդիսի օժանդակությամբ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Արթուր Ջեյմս Բալֆուրը հնարավորություն ստացավ համապատասխան «Դեկլարացիա» հռչակել: Նա սիոնիստական ֆեդերացիայի առաջնորդ լորդ Ուոլտեր Ռոթսչայլդին տեղեկացրեց, որ «նորին գերազանցության կառավարությունը դրական է վերաբերվում Պաղեստինում հրեա ժողովրդի համար ազգային օջախ հիմնելու գաղափարին եւ ամեն ջանք գործադրելու է դյուրացնելու համար դրա իրականացումը, զգուշացնելով, որ Պաղեստինում ապրող ոչ հրեա համայնքների քաղաքացիական եւ կրոնական, ինչպես նաեւ այլ երկրներում ապրող հրեաների իրավունքներն ու քաղաքական կարգավիճակը չխաթարվեն կամ չոտնահարվեն»:

Հետագայում «Դեկլարացիան» հանձնվեց Ազգերի Լիգայինՙ գործադրության դրվելու համար: 1930-ականներին, երբ դեռ Բրիտանիայի ձեռքերում էր Պաղեստինի մանդատը, Բրիտանիայի կառավարությունը փորձեց ձերբազատվել պարտավորություններից, բայց արդեն շատ ուշ էր: Հրեաներն արդեն սկսել էին աշխարհի տարբեր վայրերից վերադառնալ իրենց երկիրը եւ հիմնել «Քիբուցներ», գյուղատնտեսական համայնքներ, նման Կիլիկիայի (բայց ոչ Ղարաբաղի) հայերի: Արդեն սկսվել էին հրեաների զինված ապստամբություններն ընդդեմ բրիտանական օկուպացիայի եւ տեղացի արաբ բնակչության: Երուսաղեմի «Քինգ Դեյվիդ» հյուրանոցը, որը բրիտանացիների կենտրոնատեղին էր, ռմբահարվեց 1946-ին եւ սանձազերծվեց թշնամական արշավն ընդդեմ պաղեստինցիների: Դեր Յասինի եւ այլ վայրերի կոտորածները նպատակ ունեին ահաբեկելու տեղացի ժողովրդին: Լեհին, ազատամարտիկների խմբավորումը, ոչնչով չէր տարբերվում Համասից կամ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունից: Այդ կոտորածները կազմակերպողների թվում էին Դեյվիդ Բեն-Գուրիոնը, Յիցհակ Շամիրը եւ Մենահիմ Բեգինըՙ նրանք ահաբեկիչ առաջնորդներ էին, որոնք հետագայում դարձան հարգված պետական գործիչներ:

Երբ Իսրայելը անկախություն հռչակեց, հայերը ըմբռնումով մոտեցան իրողությանը ներզգալով, որ հրեաները իրենց նման միեւնույն «պատմական տրավմայի» միջով էին անցել: Ինչ վերաբերում է «Բալֆուրի դեկլարացիայի» զգուշացմանը, որ պետք է պահպանվեն «ոչ-հրեական համայնքների քաղաքացիական եւ կրոնական իրավունքները», բավական է ասել, որ 700 հազար պաղեստինցիներ վտարվեցին իրենց բնակավայրերից եւ 25 հազարի հասնող հայկական համայնքից այսօր ընդամենը 1.500 հայեր են մնացել այնտեղ: Անկախության հռչակման ժամանակ հրեաների թիվը 600 հազար էր կազմում: Այսօր Իսրայելի բնակչությունը 8 միլիոն է:

Այն ինչ ազատագրում բերեց հրեա ժողովրդին, դարձավ «նաբկա» (աղետ) պաղեստինցիների համար: Հակամարտությունն ու տարաձայնությունները շարունակվում են մինչեւ օրս եւ թափանցել են ամբողջ Մերձավոր Արեւելքի երկրները:

Եգիպտոսը երեք մեծ պատերազմներ է մղել Իսրայելի դեմ մինչեւ նախագահ Անուար Սադաթը խաղաղության պայմանագիր կնքեց Իսրայելի իր գործընկերոջՙ Մենահիմ Բեգինի հետ 1979-ին: Այդ ժամանակ արդեն Եգիպտոսի բարգավաճ հայկական համայնքը 55 հազարից նվազել էր 4 հազարի:

Մերձավոր Արեւելքը պատերազմական գոտի է դարձել 1948-ից սկսած: Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սնկի նման աճել էՙ դառնալով գլոբալ խնդիր եւ Եվրոպայի ու հատկապես Մ. Նահանգների պաշտպանությունը Իսրայելին ամբողջ մահմեդական աշխարհին լարել է Արեւմուտքի դեմ, Իսրայելին վերագրելով կողմնակի դիտորդի կարգավիճակ:

Արիել Շարոնի 1982-ին նախաձեռնած Լիբանան ներխուժումը զգալիորեն նվազեցրեց այնտեղ տեղակայված պաղեստինյան զորքերի թիվը, եւ այլ երկրներ ցրեց սփյուռքի ամենակայուն հայկական համայնքներից մեկի անդամներին: Դրան հաջորդած Իրաքի օկուպացիան քայքայեց տեղի հայկական համայնքը: Այնուհետեւ հերթը հասավ Սիրիային: Պատերազմներից անուղղակիորեն տուժել են հայերը, որոնք բարգավաճ Մերձավոր Արեւելյան երկրներից գաղթել են Հայաստան, եվրոպական երկրներ եւ Միացյալ Նահանգներ, նոր ավյունով հարստացնելով այդ երկրներն ու այնտեղ ապրող հայկական համայնքները: Սակայն վերջին հաշվով պատճառված վնասը շատ ավելի մեծ է քան օգուտը:

Շատ քիչ մարդիկ են նշում այսօր այս զույգ հարյուրամյակները: «Կրակն իր խփած տեղն է վառում», ասում է հայկական առածը: Այնպես որ, երկու լռելյայն նշվող հարյուրամյակներին միավորում է մեզ բաժին ընկած ճակատագիրը: Հայո՛ւ ճակատագիրը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.