AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 10750, Տպվել է` 1553, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԴՅՈ՞Ք ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԿՀԱՍՑՆԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

ՆԱԻՐ ՅԱՆ

Պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու ամրակայման համար այս տարի եւս պետբյուջեից գումար է հատկացվել: 2017 թվականի ծրագրում ներառված է 7 եկեղեցի: Դրանց վերականգնումը կամ նորոգումը հիմնականում սկսվել է մի քանի տարի առաջ, այսինքնՙ ամեն տարի պետբյուջեից գումար է հատկացվում, որպեսզի հուշարձանները փուլ առ փուլ, տարի առ տարի աստիճանաբար վերակառուցվեն կամ ամրակայվեն:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հոկտեմբերի վերջերից սկսածՙ գրեթե ամեն շաբաթ այցելում է մարզերՙ անձամբ հետեւելու, թե ինչպես են կատարվում շինարարական աշխատանքները: Արմավիրի Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցին 6-7-րդ դարերի է. այն խոնարհված հուշարձան է: 3-3,5 տոննա կշռով բեկորները հնարավոր է եղել բարձրացնել ու տեղադրել եկեղեցու վրա, բացակայող քարերը փոխարինվել են նորերով: Ըստ նախագծիՙ նախատեսվում է վերականգնել ավագ խորանն ամբողջությամբ, գմբեթարդը, երեք ճակատներով արտաքին խորշերը, հյուսիսային խորանըՙ նույնպես: 2012 թվականից այստեղ շինարարություն է ընթանում: Այս տարի հատկացվել է 14 մլն. դրամ: Շինարարարկան աշխատանքները սկսվել են բավականին ուշՙ հոկտեմբերին: Շինարարության ընթացքը, մեղմ ասած, տարակուսանքի առիթ է տալիս: Մրցույթը շահած «Արհովշին» շինարարական կազմակերպությունը վստահեցնում է, որ մինչեւ ժամկետի ավարտըՙ դեկտեմբերի կեսերը, գործը կավարտի: Նույն կազմակերպությունն է ստանձնել նաեւ Իրինդի սբ. Աստվածածին, Բյուրականի Արտավազիկ եկեղեցիների վերականգնումն ու ամրակայումը: Դրանց հատկացված գումարը մոտ 40 մլն. է: Շինարարական գործընթացի ուշացած պատկեր է նաեւ այդ հուշարձաններում: Հասկանալի է, որ այսուհետեւ եղանակն ավելի է ցրտելու, ինչը նշանակում է, որ կրաշաղախով աշխատել հնարավոր չի լինի, որովհետւ կրաշաղախն ուղղակի չի կպչի ու չի չորանա: Եթե եղանակը -ս մի քանի աստիճանով ցրտի, շինարարական աշխատանքները շարունակել հնարավոր չի լինի: Հասարակական հնչեղություն ստացած այս ուշացումները նախարարին լուրջ դժգոհելու ու վրդովվելու առիթ տվեցին:

Օրերս Արմեն Ամիրյանն այցելեց նաեւ Լոռու մարզի Սանահինի սբ. Քոբայրավանք վանական համալիրներՙ նույն նպատակովՙ տեսնելու, թե այնտեղ ինչպես են ընթանում վերականգնման աշխատանքները: Սանահինի եւ Քոբայրավանքի շինաշխատանքները նույնպես «Արհովշին» կազմակերպությունն է իրականացնում: Երկու հուշարձանների վերանորոգումն էլ ուշանում է. ժամկետները շուտով կավարտվեն, իսկ ընկերության ղեկավարը դարձյալ խոստացավ գործն ավարտին հասցնել մինչեւ ցրտերն ընկնելը: Նախարարը Լոռիում էլ չթաքցրեց դժգոհությունը:

Ինչո՞ւ է տենդեր շահած «Արհովշին» կազմակերպությունն ուշ սկսել հուշարձանների շինարարությունը: Ընկերության ղեկավարը հավաստիացնում է, որ մշակույթի նախարարությունը շինարարությունն սկսելու թույլտվությունն ստացել է սեպտեմբերի վերջերին: Այդ պատճառով էլ նրանք աշխատանքի համար բարենպաստ ամռան ամիսները բաց են թողել ու ստիպված սկսել են գործ անել հոկտեմբերից: Բնական է, որ շատ բան հասցնել չէին կարող: Նախարար Արմեն Ամիրյանն այս առումով նկատեց, որ շինարարին խստորեն մեղադրել չի կարելի: Նա հաստատեց, որ իսկապես թույտվությունը շինկազմակերպությանն ուշ են տվել. բանն այն է, որ մրցույթին մասնակցած ընկերություններից մեկը դատական գործընթաց էր սկսել, ինչի պատճառով էլ թղթաբանությունն ուշացել է: Իսկ առհասարակ նախկինում հուշարձանների վերականգնման աշխատանքները կազմակերպելու գործընթացը, ավելի ճիշտՙ շինարարությունն սկսելու թույլտվությունը միշտ էլ ուշ է ստացվելՙ բաց թողնելով ամառվա ամսիները: Արմեն Ամիրյանը վճռել է փոփոխություններ անել այդ գործընթացում. 2018 թվականի հունվարի 15-ից այդ տարվա նախագծերի մրցույթը կհայտարարվի, հայտերի ընդունման, մրցույթի մասնակցության քայլերն ավելի արագ կարվեն ու հուշարձանների վերականգնման աշխատանքները կսկսվեն շատ ավելի վաղ, քան մինչեւ հիմա է արվել: Բացի այդ, շինարարության ընթացքին մշտապես կհետեւեն մասնագետները:

Սանահինի վերականգնմանն այս տարի հատկացվել է մոտ 19 մլն. դրամ, իսկ 2012-16 թթ-ինՙ 80 մլն.: Ամեն տարի վերանորոգվում ու ամրակայվում են համալիրի վանքերից մեկի որոշակի հատվածները: Այս անգամ սբ. Ամենափրկչի տանիքի ծածկասալերն են քանդվում-վերաշարվում:

Սանահինում դժվար չէ նկատել վերջին տարիներին արված վերականգնման աշխատանքները: Համալիրի վանքերի տանիքները փոխվել են, պատերըՙ վերաշարվել, բայց դարձյալ առկա է նույն չհնացող խնդիրը. հուշարձանի վրա ամենուր առատ բուսականություն է աճում: Նախարարությունը վկայակոչում է օրենքը. պետությունը վերանորոգում է, իսկ օգտագործողը պարտավոր է հուշարձանը պահպանել ու խնամել: Իսկ տվյալ դեպքում օգտագործողը Մայր աթոռ սբ. Էջմիածինն ու տեղական ինքնակառավարման մարմիններն են: Սանահինի վրա աճող բուսականության խնդիրը տարիներ առաջ մեծ աղմուկի առիթ դարձավ. ոչ թե խոտ կամ թուփ, այլ հսկա ծառ էր աճել: Հիմա այնտեղ դեռեւս ծառեր չկան, բայց հավանականությունները մեծ են ու մոտալուտ, որ կրկին կաճեն: Արմեն Ամիրյանը նկատեց, որ ոչ միայն Սանահինի, այլեւ առհասարակ խոնավ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու խնամքը պետք է ստանձնեն քահանաները եւ համայնքներըՙ թեկուզ կամավորների խմբեր կազմելով ու ժամանակ առ ժամանակ աճող բուսականությունը մաքրելով: Օրինակՙ Սանահինի վանքերի վերականգնված կղմինդրներն արդեն տեղահանվել են նույն խոտ ու թփերի պատճառով ու մոտ ժամանակներում նույն ծավալով վերականգնման աշխատանքների կարիք է լինելու: Կա խնդիր. պետք է լինի նաեւ լուծում. օրինակՙ նոր ծլարձակող բույսերի արմատները թունաքիմիկատներով չորացնելը: Սովետական տարիներին մասնագիտական հատուկ խումբ ենք ունեցել, որը զբաղվել է հուշարձաններն անցանկալի բույսերից մաքրել-ձերբազատելով, նաեւ լաբորատորիա ենք ունեցել, որտեղ քարերը քիմիկատներով մշակվել են, հետո միայն շարվել:

Սանահինի արտաքին տեսքը խեղում են ոչ միան բույսերը, այլեւ հուշարձանի պահպանման տարածք ներխուժած քաղաքացիական գերեզմանները: Վանական համալիրից ընդամենը մի քանի քայլ հեռու շիրմատունն է, որի սահմանները տարածվել ու ընդարձակվել են, ընդ որումՙ հարեւան գյուղերից տեղափոխված դագաղներով: Վերջերս հարուցված քրեական գործերից մեկը դեռ քննության փուլում է: Այս խնդրի պատասխանատուն տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք պետք է վերահսկեն ու արգելեն առանձին անհատների հակաօրինական գործողությունները:

Մեր հուշարձաններըՙ հատկապես բազմադարյա, կառուցվել են գրեթե անառիկ ու դժվարանցանելի վայրերում, հիմնականումՙ բարձունքների վրա: Այդպիսին է նաեւ Քոբայրավանքը, որը վրացական սահմանին շատ մոտ է: Տասնամյակներ շարունակ վրացիներն այստեղ իրենց ներկայացուցիչներին են ուղարկելՙ միանձնուհիների ու հոգեւորականներիՙ այդպիսով փորձելով Քոբայրավանքն իրենցով անել: Նրանք միշտ հայտարարել են, թե այդ համալիրը վրացական էՙ վկայակոչելով վրացատառ արձանագրությունները: Քոբայրավանքի, այսպես ասած, նախահիմքը եղել է Բագրատունյաց դստեր կառուցած Մարիամաշեն մատուռը (9-10-րդ դարեր): Մատուռը լիովին վերականգված է. ճակատային պատերին հայատառ արձանագրություններ են:

Հաջորդ դարերում Հառաքելական եկեղեցուց անջատված վրացահպատակ հայերը Մարիամաշենի հարեւանությամբ կառուցել են քաղկեդոնական եկեղեցիներ, որոնց վրա իսկապես կան վրացերեն արձանագրություններ, սական դրանք հինՙ մեսրոպյան վրացատառերով են, որոնք վրացիներն այլեւս չեն կիրառում: Եվ ամենակարեւորըՙ հին մեսրոպյանով գրված են հայերեն արձանագրություններ, այսինքնՙ հայերեն տեքստեր: Վերջին տարիներին վարցիներն այլեւս այդ կողմերում չեն երեւում, մանավանդ, երբ հուշարձանի վերականգնման աշխատանքներն ավելի ինտենսիվ են դարձել: Քոբայրավանքի վերանորոգման ու ամրակայման նախագիծն արժե 180 մլն. դրամ:

Նախարար Արմեն Ամիրյանի հաջորդ այցը Գոշավանքում է լինելու մեկ շաբաթից: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե պետբյուջեի գումարներով վերականգնվող 7 եկեղեցիներից 6-րդի վերանորոգման գործընթացը ո՛ր փուլում է. արդյո՞ք չի ուշանում մյուսների նման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.