AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017



Տեղադրվել է` 2017-11-10 01:10:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 6238, Տպվել է` 1701, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԱՅՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՇԱՏ ՔԻՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԿԱՆ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ

- Ամիսներ հետո ինչպես եք նայում Ձեր նոր կարգավիճակին, երբ այլեւս ԱԺ նախագահ չեք: Կարծես վատ չեք զգում` Ձեր կուսակիցներն անընդհատ ելումուտ են անում, ինչ-որ հարցեր քննարկում Ձեզ հետ, Ձեր դուռը իսկի չի փակվում:

- Անընդհատ ասել եմ` քաղաքական գործիչն իր անուն-ազգանունի տերն է, բարձրացում-իջեցում` դա քաղաքական գործունեության հետ կապ չունի: Ես երբեք, եւ այս պահին էլ, չեմ զգում, որ ինչ-որ մի բան եմ կորցրել, կամ էն , ինչ պիտի խոսեմ` ուրիշ ձեւով պիտի խոսեմ:

- Ընդհանրապես ինչպես եք նայում մշտապես շոշափվող հարցին` ԱԺ նախագահի պաշտոնում պե՞տք է սերնդափոխություն, թե միգուցե իմաստնությունն ու փորձառությունն ավելի կարեւոր են:

- Նոր Սահմանադրությամբ ֆիքսված է նաեւ հետեւյալը, որ ԱԺ պատգամավորները կարող են պահանջել նաեւ ԱԺ նախագահի հրաժարականը: Էնպես որ` ես չեմ կարծում` դա էն պաշտոնն է, որ եթե որեւէ մեկը դառնում է նախագահ... Նախագահը հիմնականում վարում է նիստերը, իսկ բոլոր մնացած գործերը` օրակարգից սկսած, կազմակերպականից վերջացրած, կազմակերպվում է խորհրդի միջոցով: Ես չեմ տեսնում որեւէ աննորմալ բան, որի մասին կարելի է խոսել ներկա աշխատանքի հետ կապված: Ով էլ ասես` կարող է դառնալ ԱԺ նախագահ:

- Ի՞նչ է` քաղաքական համաձայնություններն ու կոնսեսուսն այստեղ կարեւոր չե՞ն: Օրինակ վերջերս ԶԼՄ-ներից մեկը մի վերլուծություն էր արել, թե Արփինե Հովհաննիսյանը որոշակի իշխանական մի թեւի առաջմղման դեպքում կարող է ԱԺ նախագահի հավանական թեկնածու լինել...

- Դա լրագրողական երեւակայություն է, ինչու միայն Արփինեն` յուրաքանչյուր պատգամավոր կարող է դառնալ ԱԺ նախագահ, էդպես չի, որ ԱԺ նախագահն էն պաշտոնն է, որ որեւէ պատգամավոր չի կարող դառնալ: Քաղաքական մեծամասնությունն ինքն է որոշում, թե ով պետք է լինի ԱԺ նախագահ: Եվ մենք այս անգամ որոշել ենք, թե ԱԺ նախագահ պիտի լինի Բաբլոյանը:

- Ներկայանալու առումով զուտ` կարեւոր չէ՞, որ ԱԺ նախագահը քաղաքական դեմք լինի, որ իմանան` նրա հետեւում քաղաքական կառույց է, եւ նա քաղաքական կառույցի ղեկավար է:

- Բնականաբար Ազգային ժողովում են կերտվում քաղաքական դիմագծերը եւ ուրվագծվում քաղաքական որոշակի պրոբլեմները, այսինքն` ամբողջ Ազգային ժողովը պիտի լինի քաղաքական: Ա՛յս Ազգային ժողովի մասին եք խոսում` այս Ազգային ժողովում շատ քիչ քաղաքական գործիչներ կան: Կան քաղաքական գործունեությամբ զբաղվողներ, բայց քաղաքական գործիչները շատ քիչ են: Մինչդեռ` որքան քաղաքական գործիչները շատ լինեն Ազգային ժողովում, այնքան հիմնական օրենքները որակյալ կլինեն եւ դրական կազդեն մեր ազգի հետագա ճակատագրի վրա:

- Մի հին մոտեցում պարզենք ու անցնենք առաջ. ժամանակին Ձեր պաշտոնաթողությանը տանող արշավ կարծես սկսված լիներ ԶԼՄ-ներում, ենթատեքստում ԱԺ նախագահի պաշտոնում սերնդափոխության խնդիր էր շոշափվում, ինչպես վերեւում ակնարկեցի, բայց եկավ նույն տարիքի Ձեր կուսակիցը: Դուք ենթատեքստ ու հասցեատեր նկատո՞ւմ էիք:

- Քաղաքական գործչի համար տարիքը նշանակություն չունի: Քաղաքական երկարամյա փորձառությունը գնահատելի է` արդեն բաներ կան, որ իր երկրի համար նա արել է: Այսքանը:

- Ձեր կարծիքով Հայաստան- ԵՄ համաձայնագիր նոյեմբերի 24-ին կստորագրվի՞:

- Կստորագրվի: Բոլոր խնդիրները բավական վերլուծված են, եւ ես գտնում եմ, որ նոյեմբերի 24-ին կստորագրվի, այո, եթե բոլոր պետությունները կազմակերպական խնդիրները ժամանակին լուծեն, օրինակի համար` Գերմանիայում կառավարությունը սկսի աշխատել, այնտեղ էլ ստորագրեն, եւ այսպես` մյուս պետությունները: Խոչընդոտ չի լինի` մտածոմ ենք, դա նոյեմբերի 24-ին տեղի կունենա:

- Շատ խոսվեց, շատ վերլուծվեց թեեւ` այնուամեայնիվ` ռուսական ուղղությունից խոչընդոտում հնարավո՞ր է:

- Ոչ, որեւէ հակադրություն չկա, եւ որպեսզի բոլորը դա զգան` Ռուսաստանում աշխատող մեր գործիչներից կարող են հետաքրքրվել, կամ ընդամենը կարող են համաձայնագիրը կարդալ, եւ կզգան, որ այդպիսի խնդիր չի կարող լինել:

- Դուք ամբողջությամբ կարդացե՞լ եք:

- Ես ոչ միայն կարդացել եմ, այլ մշակման ընթացքում, որքան կարողացել եմ հասցնել, մասնակցել եմ փոփոխություններին: Ամենակարեւոր խնդիրը, որին մեծ ուշադրություն է դարձվել, դա Արցախի խնդիրն է, որ արդեն մտած է հիմնական համաձայնությունների մեջ: Հարցն ընդհանուր արձանագրությունների մեջ կա` մեր երկրի հիմնական նպատակադրումների մոտեցումը Եվրոմիությունն այդպիսով ընդունում է (արձանագրված է ժողովրդի ինքնորոշման սկզբունքը եւս- Մ.Խ.):

- Ես որ գալիս էի Ազգային ժողով` ուսանողները ցույց էին անում` Զինապարտության օրենքում տարկետման իրավունքի վերացման դեմ: Օրենքի դրական միտումների ընդունելիությանը զուգահեռ` այդպես էլ անասկանալի մնաց` գիտնական դառնալու ցանկություն ուեցող մի հարյուրհիսուն անձի պարագայում արժե՞ր արդյոք տարկետման իրավունքը վերացնել, դրա խիստ կարիքն ինչո՞վ պայմանավորվեց այնուամենայնիվ:

- Ես կարծում եմ, որ եթե տարկետումը վերաբերեր գոնե մեկ մարդու` այդ դեպքում էլ պետք էր վերացնել, որովհետեւ զինծառայությունը օրենքի պարտադրանք է, իսկ ուսում առնելը կամ ուսումը շարունակելու նպատակադրումը մարդու կամքն ու նպատակն է: Ծառայությունը պարտադիր գործոն է` մարդիկ պիտի՛ գնան ծառայելու: Այսօր մարդիկ խոսում են-տարբեր բաներ են ասում, երիտասարդներ են, մտածում են` հլա սովորենք, դրանից հետո էլ մի բան կլինի, կամ չի լինի...

- Ամենասկզբից դուք եղել եք ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահ` չե՞ք վախենում, որ այս Ձեր տեսակետով Ձեզ համարեն գիտությունն արգելակող մեկը...

- Նախ ասեմ` Վազգեն Սարգսյանի ժամանակ արդեն գնում էինք այն ճանապարհով, որ 18 տարին լրանալուց հետո բոլորը պիտի գնան բանակ...

- Այն ժամանակ խորհրդարանը ողջ ուժով հակադրվեց, անգամ Բաբկեն Արարքցյանը հրաժարական ներկայացրեց այդ պատճառով...

- Այն ժամանակ, այո, օրենքը չընդունվեց, պարզապես մեր հասարակությունը նոր է գլխի ընկել, որ իր անվտանգությունը կապված է բանակի հետ, հայ զինվորը դարձել է մեր բոլորի օջախների ամենակարեւոր մարդկանցից մեկը, բոլորը զգում են, որ պիտի պետությունը պահպանել ու պաշտպանել: Իսկ որ գիտությունը դրանից կտուժի... Մենք բավականին երկար ժամանակ պետություն չենք ունեցել, Դուք գոնե շատ լավ գիտեք` ինչ մտավորականություն ենք ունեցել, կարդացած կլինեք` պատերազմից հետո, երբ 300 հազարից ավելի մեր հայրենակիցները զոհվել էին, մնացողները վերադարձան Հայաստան, եւ նրանցից շատերը գիտությունն էլի զարգացրեցին: Այնպես որ` գիտության զարգացումը երբեք կախված չէ ծառայությունից, չեմ կարծում, որ բանակը պիտի խանգարի գիտության զարգացմանը:

- Բայց ասպիրանտական տեղերը թափուր կմնան, գոնե մի որոշ ժամանակ, մինչեւ նոր կարգին հարմարվելը...

- Մի հատ հաշվեք, թե այս տարիներին այդ ասպիրանտական տեղերն զբաղեցնողներից քանիսն են այսօր գիտության մեջ աշխատում: Որ ուսումնասիրեք` շատ հիասթափեցնող պատկեր կտեսնեք: Գտնում եմ, որ երկրի պաշտպանունակության ուժեղացման նման դրսեւորումը գիտությանը բոլորովին չի խանգարում: Ես ինքս երբ սովորում էի` մեր կուրսում բանակից եկած մարդիկ են եղել, որոնք այսօր դոկտորներ ու թեկնածուներ են, նրանք բանակից հետ են եկել համալսարան ու գիտության մեջ նվաճումներ արձանագրել:

- Դասադուլի ու ցույցերի շարժումը, ասում են նաեւ, որ ուղղորդվում է պաշտոնյա գիտնականների կողմից: Միգուցե քաղաքական նպատակադրումներ ունեցողներ էլ կան:

- Մեզանում բոլոր շարժումներն էլ ուղղորդվում են: Բայց չեմ կարծում, որ քաղաքական նպատակադրումներով այդ շարժումը կուղղորդվի, որովհետեւ հայերս պիտի հասկանանք` վերջապես անվտանգ պետություն ունենալու ենք, թե՞ ոչ:

- Հիմա չարչրկված հարցը` ե՞րբ կլուծվի ապագա վարչապետի դիլեման, ե՞րբ կհստակվի. նախ որ մամուլի մշտական թեման է դարձել` ով կդառնա վարչապետ 2018-ին, բացի այդ` ինտրիգների որոնումը մի պահ կմեղմանա: Դուք ինչ եք կարծում` կա՞ կարապետյանական կամ սարգսյանական թեւերի մրցակցություն վարչապետի ապագա պաշտոնի համար, իմ տեսակետով` մրցակցությունը բնական բան է յուրաքանչյուր պաշտոնի համար:

- Նախ ասեմ, որ Կարապետյանը շատ լավ վարչապետ է, ես այդպես եմ համարում: Իսկ ընդհանրապես` երկրի քաղաքական ուղղվածությունը, քաղաքական կամքը պիտի առաջնորդի մի մարդ, որ մասնակցել է Հայաստանի անկախությանը, մասնակցել է պատերազմին, ունի բավականին մեծ փորձառություն, այդպիսի մարդ պետք է դառնա մեր երկրի վարչապետը: Այդ մարդը Սերժ Սարգսյանն է` այսօրվա մեր նախագահը: Ուրիշ մարդիկ էլ կան, որ մասնակցել են նման գործընթացների, բայց նրանք քաղաքական կուսակցություններ չեն ղեկավարում: Հայաստանի քաղաքական պայմանն այսօր դա է: երբեմն-երբեմն ասում եմ այդ հարցը տվողներին, նաեւ` Ձեզ է վերաբերում` մյուս անգամ այդ հարցը տալու որ լինեք-մտածեք` եթե Սարգսյանը չպիտի լինի, ո՞վ պետք է լինի:

- Կարապետյանով, թե՞ առանց Կարապետյանի:

- Կարապետյանը կարող է վարչապետի նույն գործողությունը կատարել, ինչ որ այսօր է կատարում: Բայց ղեկավարը քաղաքական բանիմացության, երկրի համար քաղաքական տարբեր ճակատագրերում համոզմունք դրսեւորած ու փորձություն անցած, աշխարհը ճանաչող մարդ պետք է լինի: Չգիտեմ դեռ Հանրապետականը (կուսակցությունը-Մ.Խ.) ինչ է որոշելու, սա իմ առաջարկն է, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: Իսկ եթե ասում են` եթե Կարապետյանը չլինի, էն չլինի` ես Ձեզ հետեւյալն եմ ասում. եթե իմ ասածը չի, որի հիմքում բոլորի համար հասկանալի արգումենտներ են, ու Սերժ Սարգսյանը չի լինելու, ուրեմն Հանրապետականը պիտի մտածի` ով պետք է լինի: Այդ դեպքում չկան մարդիկ, բացի Սերժ Սարգսյանից, որոնք իմ ասած պայմանների կրողն են: Քանի ամիս է` անընդհատ ասում եմ, որ պիտի լինի Սերժ Սարգսյանը:

- Այդ դեպքում` ենթատեքստ ունեցող հարց. նոր բյուջեն, որ խորհրդարանում քննարկվում է, դա խեղճ բյուջե է եւ դեռ քննադատության է արժանանալու, ոչ միայն այս կառավարության բյուջեն է, այլեւ առայժմ սահմանադրությամբ գործադիրը ղեկավարող նախագահի՛, այսինքն` մեր ապրելակերպի չբարելավման առումով քննադատության հասցեատերերից հիմնականը նաեւ նա է...

- Նախ ասեմ, որ բյուջեն տնտեսական առումով ճիշտ է կազմակերպված, քաղաքական առոմով` ոչ, որովհետեւ թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացվում: Գնում ենք առաջ տնտեսական հեռանկարի առումով` պահպանելով մեր ունեցածը` փորձում ենք բյուջեն այնպես հարստացնել, որ հետագա տարիներին բարձրացնենք թոշակները, աշխատավարձերը: Բնական է , որ ինչքան ուզում ես ժողովրդին բացատրես, թե տնտեսական առումով ճիշտ է բյուջեն, ու քաղաքական առումով էլ` մի տարի դուք պետք է չօգտվեք, դժվար է բացատրելը:

- Իսկ ապակայունացնող գործոն չե՞ք տեսնում սոցիալական բարելավում չխոստացող իրավիճակի առումով:

- Ես գիտեմ, որ հայ ժողովրդի մեջ երբեք սոցիալական լարումներ չեն լինում: Երբեմն-երբեմն, որ մարդիկ հավաքվում-ինչ-որ բաներ են պահանջում, նրանց պահանջներում ե՛ւ ճշմարիտ հարցադրումներ կան, ե՛ւ անհնար մոտեցումներ, բայց ընդհանուր առմամբ` մեր ժողովուրդը դեռ սոցիալական թեմայով լարումներով չի առաջնորդվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.