AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 71. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՂԱՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4614, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՅՈՒՆԵՍԿՕ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ ԱՄՆ-Ն ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ

Պ.Ք.

Օրերս Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարեց, որ ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից: Ինչպես եւ սպասվում էր, Սպիտակ տունը քննադատության ենթարկվեց այդ որոշման համար: Սակայն այդ քայլը անսպասելի չէր, վաղուց էր հասունացել:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի մռայլ պատմություն: Այն օժանդակել է մի շարք բռնապետությունների, ունեցել է հակաիսրայելական կեցվածք: Մ. Նահանգները քանիցս փորձել է բարեփոխել ՅՈՒՆԵՍԿՕ-ն, բայց հաջողություն չի ունեցել: Ուստի նախագահ Թրամփի որոշումը ճիշտ էր», անպատասխանատու կերպով հայտարարում է Washington Post-ը, թեեւ դա ավելի շուտ նման է իսրայելական քարոզչության:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն լքելու Իսրայելի որոշմանն անմիջապես հաջորդած ԱՄՆ-ի որոշումը տարօրինակ է թվում: Ինչո՞ւ պատժել այն կազմակերպությանը, որը նպաստում է գրագիտությանը, մաքուր ջրի հայթայթմանը, մշակութային ժառանգության պահպանմանը եւ կանանց իրավունքների ապահովմանը: Վաշինգտոնի այն պնդումը, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն կանխակալորեն է վերաբերվում Իսրայելին, ենթադրում է, որ կազմակերպությունը, Իսրայելի կարծիքով, զանցածք է գործել: Հարց է ծագում. այստեղ ի՞նչ կապ ունի ԱՄՆ-ը:

Առաջին, 2011թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձավ ՄԱԿ-ի առաջին կազմակերպությունը, որը իբրեւ անդամ ընդունեց Պաղեստինին: Դա անմիջապես բարձրացրեց պաղեստինցիների կարգավիճակը ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում: Նույն թվականին ԱՄՆ-ը որպես բողոքի նշան հրաժարվեց անդամավճար մուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Հարկ է հիշեցնել, որ դեռ 1953թ., երբ Իսրայելը եւ պաղեստինցիները համաձայնագիր ստորագրեցին Օսլոյում, աշխարհը որոշեց, որ առաջադեմ մարդկության նպատակը Պաղեստինի պետության ստեղծումն է: Բայց ըստ երեւույթին ամերիկացի քաղաքական գործիչների մեծ մասը այդպես էլ չհանգեց տվյալ մտքին: Իսրայելական հզոր լոբբիի ճնշման ներքո ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց օրենսդրություն, որն ավելի շուտ կանխում է հաշտության գործընթացը: Եվ 2016 թվականից Միացյալ Նահանգները դադարեցրեց ՄԱԿ-ի այն բոլոր մարմինների ֆինանսավորումը, որոնք ընդունում են պաղեստինցիների մասնակցությունը գործընթացին: Դրա արդյունքում ԱՄՆ-ը վեց տարի անց կուտակեց 550 մլն դոլարի պարտք եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում զրկվեց ձայնի իրավունքից: Հիմա արդեն հեռանալը ոչ այլ ինչ է, քան պարզ ձեւականություն:

Երկրորդ զանցանքն այն է, որ գործակալությունը կապված է համաշխարհային ժառանգության ընտրության հետ: Այդ որոշումները նույնպես զայրացնում էին Իսրայելին, հետեւաբար նաեւ ԱՄՆ-ին: Գրավյալ տարածքներում, ապագա պաղեստինյան պետության տեղում, իրոք շատ են պատմական օբյեկտները: Հելլենսիտական, քրիստոնեական, հրեական, հռոմեական, իսլամական հնությունները իրոք խոստանում են ոչ միայն զբոսաշրջությունից ստացվող տնտեսական մեծ օգուտներ, այլեւ պատմական նյութը պաղեստինցիների օգտին օգտագործելու հնարավորություն:

«Իսրայելցի հնագետները, որոնք օկուպացման փաստորեն գիտական թեւն են, շահագրգռված են Սուրբ երկրի հրեական շերտերի հայտնաբերմամբ, պահպանմամբ եւ լուսաբանմամբ: Հետագայում դա կօգտագործվեր հրեական նոր ավանների կառուցումից պաղեստինցիների դուրսմղումն արդարացնելու նպատակով», գրում է ամերիկյան այլընտրանքային The Counterpunch հրատարակությունը:

Մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պնդում է, որ ինքը գնահատում է տարածաշրջանի բոլոր մարդկանց, այլ ոչ թե անցած քաղաքակրթությունների մշակութային ժառանգությունը:

Առավել բարդ է իրավիճակը օկուպացված Հեբրոնում, որտեղ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ ապրում են հարյուրավոր իսրայելցի վերաբնակիչների եւ զինվորների վերահսկողության տակ: Հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն զայրացրեց Իսրայելին եւ ԱՄՆ-ինՙ հայտարարելով, որ Հեբրոնը համաշխարհային ժառանգության սակավաթիվ վտանգված օբյեկտներից մեկն է: Իսրայելն այդ բանաձեւն անվանեց «կեղծ պատմություն»:

Երրորդ զանցանքը գրավյալ տարածքներում պաղեստինյան անվանումներին տրվող նախապատվությունն է: Անշուշտ անուններն ազդում են հավաքական հիշողության վրաՙ տեղավայրերին հաղորդելով առանձնակի կարեւորություն: Իսրայելցի պատմաբան Իլան Պապպեն նույնիսկ «հիշասպանդ» եզրույթ է հորինել Իսրայելի կողմից պաղեստինյան անվանումների վերացումն արտահայտելու համար:

«Իսրայելը ոչ միայն ավերեց պաղեստինյան 500 քաղաք ու գյուղ, այլեւ դրանց տեղում նոր անվանումներով հիմնեց իսրայելական համայնքներ: Հուդայականացում կոչվող համանման գործընթաց է տեղի ունենում նաեւ գրավյալ տարածքներում: Խաղադրույքները հատկապես մեծ են Երուսաղեմում: Ալ-Աքսա մզկիթի մոտ գտնվող արեւմտյան պատի մեծ մասը կառուցվեց հազարավոր պաղեստինցիների արտաքսումից եւ նրանց թաղամասի ավերումից հետո: Սակայն միլիոնավոր մարդիկ ամեն տարի անցնում են այդ հրապարակովՙ ուշադրություն չդարձնելով տվյալ փաստին: Իսրայելի պետության աջակցությունը վայելող վերաբնակիչները շրջապատում են քրիստոնեական եւ իսլամական պատմական վայրերը», շարունակում է The Counterpunch-ը:

Մոտավորապես այս բնույթի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին զեկույցները, որոնցում լուսաբանվում են հին Երուսաղեմին սպառնացող վտանգները, ներառյալ Ալ-Աքսայում նամազ անելու պաղեստինցիների մեծամասնության իրավունքի մերժումը:

Իսրայելը նաեւ հանել է Երուսաղեմը համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկիցՙ ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրելով այն բանում, որ չի օգտագործել քաղաքի հնավայրերի հրեական անվանումները:

Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատվությունը օկուպացման պաշտպանությունը չէ, ոչ էլ հուդայականացման ջանքերի աջակցումը: Կազմակերպությունը ավելի շուտ կոչված է պաշտպանելու միջազգային իրավունքը եւ կանխելու պաղեստինցիների ոչնչացումը:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն լքելու Թրամփի որոշումը նոր չէ: Նրա նախորդները 1970-ականներից պայքարել են կազմակերպության դեմ, հաճախՙ դարձյալ Իսրայելին պաշտպանելու առիթներով: Հիմա ամերիկացիները ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատժելու հավելյալ պատճառ ունեն, քանի որ վերջինս թույլատրեց պաղեստինցիների անդամակցությունը: Այդպիսով ԱՄՆ-ը ասես նախազգուշացնում է մյուս կազմակերպություններինՙ չդիմելու նման քայլերի», գրում է The Counterpunch-ը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ողջունել է ԱՄՆ -ի որոշումըՙ ասելով. «Դա համարձակ եւ բարոյական որոշում է, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերածվել է աբսուրդի թատրոնի: Պատմությունը պահպանելու փոխարեն նա խեղաթյուրում է այն»:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ երկիրը այնուամենայնիվ կմնա դիտորդի կարգավիճակում: Որոշումն ընդունվել է կազմակերպությանը ԱՄՆ պարտքի մեծացման, կազմակերպությունում հիմնարար բարեփոխության անհրաժեշտության եւ հակաիսրայելական հակումների մտահոգությամբ:

ԱՄՆ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ից վերջնականապես դուրս կգա 2018թ. դեկտեմբերի 31-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.