AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 28. ԱՆՐԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ

Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 5246, Տպվել է` 529, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՎԵՐԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԴԻԼԻՋԱՆԻ ՏԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հայաստանի կոմպոզիտորների միությունը հրավիրել էր հերթական 15-րդ համագումարը, որի վերջնարդյունքը, բնականաբար, նախագահի ընտրություններն էին: 4 տարի առաջ թեժ մրցապայքարում, ընդամենը 2 ձայնի առավելությամբ կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը : Այդ ընտրություններն ուղղակի շրջադարձային ու բեկումնային եղան հենց թեկուզ այն պատճառով, որ ջարդեցին կոմպոզիտորների միության ղեկավար Ռոբերտ Ամիրխանյանի 22 տարվա նախագահական աթոռը: Կոմպոզիտորների միության շենքում ապրող Էդվարդ Միրզոյանը 22 տարվա մեջ ոչ մի անգամ ոտքը միության շեմից ներս չէր դրել, որովնետեւ երդվել էրՙ քանի դեռ նախագահը Ռոբերտ Ամիրխանյանն է, ինքը հրաժարվում է մտնել այդ շենք: Ռոբերտ Ամիրխանյանի ու շատ ու շատ կոմպոզիտորների անհաշտ հարաբերությունները գաղտնիք ու թաքցնելու բան չէին:

Ինչեւէ, 4 տարի առաջ լարված պայքարի արդյունքում Արամ Սաթյանը հաղթեց Ռոբերտ Ամիրխանյանին: Առաջինն, ինչ նա արեց, Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդվարդ Միրզոյանի անունով կոչելն էր: Հետո համերգներ, փառատոներ, մրցույթներ, կայք-էջ, ռադիո, որով հնչում են ժամանակակից կոմպոզիտորների գործերը, Դիլիջանում վերանորոգված 5 քոթեջ. այս ամենը համագումարի ժամանակ իր հաշվետվության մեջ ներկայացրեցրեց Արամ Սաթյանը: Նա նաեւ անդրադարձավ ֆինանսական մուտքերին ու ելքերին. տարվա կտրվածքով եկամուտները կազմել են 40 մլն. դրամ:

Ելույթ ունեցողները հնչեցրին եւ՛ գովեստներ, եւ՛ բողոքներ Արամ Սաթյանի հասցեին: Երիտասարդ կոմպոզիտորներն ավագներին հորդորեցին երեխայի պես չշոյել իրենց գլուխները. իրենք արդեն բավականին մեծ են ու վաղուց ժամանակն է, որ ներգրավվեն կոմպոզիտորների միության կառավարման համակարգում:

Միության 143 անդամներից գրանցվել էր 85-ը: Նախագահի թեկնածուները երկուսն էինՙ Արամ Սաթյանը եւ Վարդան Աճեմյանը : Ի դեպ, համագումարը կես էր ընկել, երբ շատերը նոր-նոր իմացան, որ բացի Սաթյանից, Աճեմյանն էլ է առաջադրվել: Եղան ստեղծագործական ազնիվ մղումներով ելույթներ. ամենատարեց կոմպոզիտորներից Գեղունի Չթչյանն , օրինակ, հորդորեց փրկել անճաշակության ճանապարհն անվրդով բռնած հայրենի երաժշտության ապագան: Երուսաղեմում ապրող Նուբար Ասլանյանը բողոքեց, որ տարիներով սպասում է, թե երբ են իր ստեղծագործություններն իր հայրենիքում հնչելու. նրան հակադարձեցինՙ լավ էլ հնչում են, էլ չբողոքես: Կարծիք հնչեց, թե կոմպոզիտորների միությունը հիվանդ է. լավ կլինի կողմնորոշվենքՙ կա՛մ փրկենք նրան, կա՛մ թողնենք հոգին հանգիստ ավանդի: Իսկ Վարդան Աճեմյանիՙ տխրության ու հուսահատության շեշտադրումներով ելույթի վերջում հնչեցՙ միությունը ժեկ է հիշեցնում:

Բանավիճային տարաբնույթ ելույթներում առանց բացառության ընդգծվեց Դիլիջանի կոմպոզիտորների տան հարցը: Բոլորը մտահոգություն հայտնեցինՙ պետք է վերանորոգել այն ու վերականգնել երբեմնի հեղինակությունն ու կենսունակությունը: Կոմպոզիտորները վերջապես եկան-հասան համագումարի բուն թեմային ու նպատակին: Անթաքույց էր, ակնհայտ էր, ցերեկվա պես պարզ էրՙ բոլոր ճանապարհները տանում են դեպի Դիլիջան: Ճիշտ է, մեղք գործած կլինենք, եթե ասենք, թե բոլոր կոմպոզիտորներն էին մտասեւեռված Դիլիջանի վրա. կան զտարյուն, ուղնուծուծով, կոչումով արվեստագետներՙ հեռու առքուվաճառքից, եկամուտ-շահույթ հաշվարկներից, այս ու այն մարդու հետ շահադիտական մտերմությունից: Բայց մեծ հաշվով կոմպոզիտորների 15-րդ համագումարի առանցքում Դիլիջանի հանգստյան տունն էր:

Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն առանց սար ու ձոր ընկնելուՙ պարզ արտահայտվեց. եթե լավ գնորդ գտնվի, որը Դիլիջանի տան համար լավ գումար կտա, ապա պետք է վաճառել այն: Պայմանական 10 միլիոնից 9 միլիոնը կդրվի բանկում, ավանդի տոկոսներով կոմպոզիտորներն ամեն ամիս կունենան պատվերներ, ու սոցիալական խնիրներ կլուծվեն, իսկ մնացած 1 միլիոնով Դիլիջանում կկառուցվի 20 քոթեջ: Նա նաեւ առաջարկեց ստեղծել տնօրենների եւ գեղարվեստական խորհուրդներ, որոնց կազմում կարող են լինել ե՛ւ Արամ սաթյանը, ե՛ւ Վարդան Աճեմյանը, ե՛ւ Արմեն Սմբատյանը: «Նա մեծ փորձ ունի, եւ բոլորը գիտեն, թե դա ինչ փորձ է»,- նկատեց Ստեփան Ռոստոմյանը Արմեն Սմբատյանի առումով: Այսինքնՙ Ռոստոմյանն առաջարկեց փոխել միության կառավարման մոդելը, ինչը ենթադրում է, որ միությունում որոշումներ կայացնողները մի քանիսը կլինենՙ խորհրդի անդամները, եւ ոչ թե միության նախագահը:

Ռոստոմյանի առաջարկը չանցավ, դահլիճում ներկա իրավաբանը բացատրեց, որ նման համակարգային փոփոխությունների առաջարկները պետք է ներկայացվեն համագումարից մեկ տարի առաջ, որպեսզի համագումարի օրը քննարկման ու քվեարկության դրվեն: Տեղում փոփոխություններ անելը կանոնադրությամբ չի թույլատրվում: Ռոստոմյանն էլ հեռացավ ու չմասնակցեց ընտրություններին: Ասել է թե, եթե որոշում կայացնողն այսուհետեւ էլ ի պաշտոնե մեկ ու նույն մարդն է լինելու, ուրեմն Դիլիջանի հարցում բազմակարծությունները չեն կարող վճռորոշ լինել. գործող օրենքի համաձայնՙ կառավարման մոդելը չի կարող փոխվել, ուրեմն հուզող հարցերը կամ հարցն իրենց ուզած ելքով չի լուծվի:

Այսպիսով, կոմպոզիտորները կամաց-կամաց ու տրամաբանորեն հասան իրենց բուն հանգրվանին. դեմ ու կողմ կարծիքներՙ վաճառե՞լ Դիլիջանի տունը, թե՞ ոչ: Ու ըստ էությանՙ Արամ Սաթյանին կողմ քվեարկողները դեմ էին վաճառքին, իսկ Վարդան Աճեմյանին կողմ քվեարկողներըՙ կողմ: Վարդան Աճեմյանն այն նույն Վարդան Աճեմյանն է, որը 4 տարի առաջՙ նախորդ ընտրություններին, ընդդեմ Ռոբերտ Ամիրխանյանի էր ու Սաթյանի թեկնածության ակտիվ պաշտպաններից: Իսկ 4 տարի հետո նա Սաթյանի հակառակ թիմից է: Համագումարի ընթացքում Արմեն Սմբատյանին ու Վարդան Աճեմյանին հաճախ կարելի էր միասին տեսնել: Կոմպոզիտորների ու երաժշտագետների շրջանում ոչ թե շշուկով, այլ բարձրաձայն էին հնչում պնդումներըՙ Աճեմյանը Սմբատյանի հովանավորությունն է կրում, ու նախագահ ընտրվելու դեպքում Դիլիջանի տան վաճառքի հարցը գործնական դրսեւորում կստանա:

Համագումարի ընթացում ելույթի իրավունք խնդրեց Էդվարդ Միրզոյանի բժիշկ որդին: Նա դժգոհեց Արամ Սաթյանից, թե նա այսքան ժամանակ Դիլիջանի ստեղծագործական տան վերանորոգման բիզնես-նախագիծ չի ներկայացրել. մի քանի քոթեջ է այսուայնտեղ սարքվել ու վերջ, լուրջ գործ չի արվել: Նա պատմեց, որ Սաթյանին առաջարկել է բիզնես-ծրագրի ամբողջական փաթեթ ստեղծելու համար գումար ներդնելՙ մի մասը Սաթյանի կողմից, մյուս մասըՙ իր, բայց այդպես էլ գործնական ոչ մի քայլ չի արվել: «Պետք է լինի բիզնես-ծրագրի ամբողջական փաթեթ, որ հետաքրքրվողներին, ասենքՙ Տաշիրի Սամվելին կամ մյուսին ներկայացնենք, ու նա իրեն հուզող ցանկացած հարցի պատասխանն այդ փաթեթի էջերում գտնի», - ասաց Արշակ Միրզոյանը :

Ինչպես երեւում էր, Դիլիջանի տան վաճառքով շահագրգռվածների թիվը փոքր չէր, իսկ չշահագրգռվածները հույսեր էին փայփայում, թե պետության ուժերով կարվի դա, թեկուզ մաս-մաս, քոթեջ առ քոթեջ, բայց ոչ մասնավոր որեւէ մեկին վաճառելով: Նրանք օրինակ են բերում նույն Դիլիջանում կինոգործիչների ստեղծագործական տան վաճառքի փաստը, որի համար կինոյի մարդիկ խիստ զղջում են հիմա: Նախադեպերը ցնծություն չեն առաջացնում ու իրավացիորեն ստիպում են մտածել, որ հերթական գործարքն էլ միակողմանի շահավետ է լինելու. մեր երկրում, որպես կանոն, արժեքավոր կառույցները ջրի գնով են վաճառվում:

Ի՞նչ ճակատագիր կունենա Դիլիջանի կոմպոզիտորների տունը, որի վերաբերյալ Արամ Սաթյանի նախաձեռնությամբ կես ժամանոց փաստավավերագրական ֆիլմ էր պատրաստվել. վերջում ներկայացվեցին նաեւ շինարարական այն աշխատանքները, որ արվել են այնտեղՙ կարծես համոզելու համար ներկաներին, որ հնարավոր է ժամանակի ընթացքում փուլ առ փուլ վերականգնել ու վերանորոգել ստեղծագործական տունը: Դա նման էր հորդորիՙ եկեք չհամաձայնենք Դիլիջանի տան վաճառքի գաղափարի հետ, եկեք մերժենք այդ միտքն ու չլսենք ոչ մեկի քարոզչությունն ու ճռճռան խոստումները: Առայժմ այս տրամադրությամբ է առաջնորդվում Արամ Սաթյանը: Նրա կողմից Դիլիջանի տան հակաօտարման մասին ոչ մի բաց տեքստ չհնչեց, բայց ենթատեքստերն ամեն ինչ ասում էին: Կփոխի՞ ջուրն իր հունը, կպղտորվի՞, ու այդ պղտոր ջրում ձուկ որսացողներն ովքե՞ր կլինեն. ժամանակը ցույց կտա, ինչպես նաեւ շահերը, որոնց բախումը դժվար թե անխուսափելի լինի:

Համենայն դեպս, ձայների 56/28 հարաբերությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ վերընտրվեց Արամ Սաթյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.