AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 8096, Տպվել է` 1717, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԸ ՀԻՄՆԱԺԱՅՌ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հոկտեմբերի 17-ին Թեհրանի ազգային թանգարանում բացվեց մի ցուցահանդես նշանավորելու համար Հայաստան-Իրան պատմական եւ մշակութային կապերըՙ սկսած հնագույն ժամանակներից: «Իրան եւ Հայաստան: Հիշողությունների տիրույթում» խորագրով ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ 2018 թվի հունվարի 17: Ներկայացված են Հայաստանից 100 եւ Իրանից 200 ցուցանմուշներ:

Հնագիտական պեղումները երկու երկրների միջեւ սերտ հարաբերությունների 5000 տարվա պատմություն են հայտնաբերել: Ներկա ցուցահանդեսը հիմնականում ներկայացնում է բրոնզե եւ երկաթե դարերը, երբ ուրարտական քաղաքակրթությունը ծաղկում էր Վանա լճի շրջակայքում:

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Իրանի մշակութային ժառանգության տնօրեն Ալի Ասկյար Մունեսանը միասին կտրեցին ցուցահանդեսի բացումը ազդարարող ժապավենը: Այդ առթիվ Մունեսանը համառոտ շարադրեց Իրանի որդեգրած քաղաքականությունն իր հարեւանների նկատմամբ, ասելովՙ «Մշակութային դիվանագիտության միջոցով Իրանի կառավարությունը առաջ է տանում խաղաղության եւ բարեկամության առաքելությունը»:

Երկու երկրների հարաբերությունները դարեր շարունակ առավելաբար բարեկամական են եղել, բացի, գուցե, Վարդանանց պատերազմի (մ.թ. 451) ընթացքում, երբ հայերը կռվեցին պահպանելու համար իրենց նոր, քրիստոնեական հավատքը: Իրանի Շահի իշխանության օրերին, տեղի հայկական համայնքը վայելում էր առանձնաշնորհյալ արտոնություններ եւ դրա արդյունքում զգալիորեն բարգավաճեց: Հակառակ Իրանը վատաբանելու ազդեցիկ լրատվամիջոցների ջանքերին հայերը մնացին հարգված փոքրամասնություն այնտեղ, եւ Իրանի կառավարությունը հատուկ հոգատարություն ցուցաբերեց հայկական հուշարձաններին, եկեղեցիներին եւ հաստատություններին, բնավ չնմանվելով հարեւան Թուրքիային:

Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ամենանշանակալի ժամանակաշրջանը, գուցե, Պարսկաստանի Սեֆեւյան հարստության հզորագույն կառավարիչ Շահ Աբբասի (1571-1629) իշխանության օրոք էր: Իրանը շատ պատերազմներ է մղել Օսմանյան կայսրության դեմ եւ Հայաստանը ստիպված է եղել մեկ սրա, մեկ մյուսի տիրապետության տակ հայտնվել: 1604-ին Շահ Աբբասը բռնի նոր Ջուղա է գաղթեցրել 250-300 հազար հայերի: Այսօր դժվար է ասել, թե այդ վերաբնակեցումը հայերի ստեղծագործական ունակությունների հանդեպ նրա ունեցած հիացմունքի՞ արդյունքն էր, թե՞ իրենից ավելի ուժեղ Օսմանյան ուժերին ոչնչացնելու քաղաքականության, մանավանդ որ հայերի մեծ մասը զոհվեց Արաքս գետն անցնելու ճանապարհին: Նրա գործադրած միջոցները բնութագրում են մի իշխանավորի, ով իր հորը բանտարկել տվեց, եւ սպանեց իր հարազատ որդուն:

Իրենց նոր, պարսկական բնակավայրում հայերը վայելում էին առանձնաշնորհյալ կարգավիճակ: Պահպանում էին իրենց քաղաքագլուխներին, դատավորներին եւ ընդարձակում առեւտրի սահմանները ինչպես երկրում, այնպես էլ երկրից դուրս, հասցնելով այն մինչեւ Հեռավոր Արեւելք ու Եվրոպա:

Մեր ժամանակներում անհրաժեշտությունից ելնելով է, որ Հայաստանն առավելաբար ապավինում է Իրանին, նկատի ունենալով Վրաստանի լուռ համաձայնության ներքո Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումները: Դա միաժամանակ ռիսկոտ հարաբերություն է, քանի որ Իրանը միջազգային պատժամիջոցների տակ էր գտնվում եւ այդ պատճառով էլ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը դանդաղ էր առաջ գնում: Այդ պատժամիջոցների մասնակի վերացումից հետո, 11 տոկոսով ավելացան Հայաստանի արտահանումները Իրան, 2017-ի հունվար-օգոստոս ամիսներին հասնելով 54.8 միլիոն դոլարի:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս Թեհրան այցելեց ստորագրելու մի շարք համաձայնագրեր էլեկտրականության, գազի, գյուղատնտեսության, վերամշակված արդյունաբերության, տրանսպորտի, գիտության եւ մշակույթի բնագավառներում: Իրանյան գազը, մասնավորապես, թույլ է տալու Հայաստանին այլընտրանքային տարբերակ ունենալ եւ չպարտավորվել օգտվելու միայն մեկ, ռուսական գազի աղբյուրներից, որոնք անցնում են ոչ այնքան բարեկամական Վրաստանի տարածքով:

Կարապետյանի հետ համատեղ անցկացված մամուլի խորհրդակցության ժամանակ Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին շեշտը դրեց խոչընդոտները վերացնելու վրա, որպեսզի կարելի լինի ավելի սերտ տնտեսական հարաբերություններ մշակել եւ օգտվել Եվրոմիությունից բացի ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի ունեցած կապերից:

Վերջին շրջանում հայաստանաբնակները շատ էին դժգոհում, որ երկիրն այնքան էլ չօգտվեց ԵԱՏՄ-ին անդամակցելով: Այժմ, տարածաշրջանային զարգացումների կոնտեքստում, այդ անդամակցության նշանակությունը առավել բարձրանալու է ԵԱՏՄ-ի հետ Իրանի համաձայնության կնքումով: Հարաբերությունների նման զարգացումը հավանաբար կհակազդի Հայաստանին ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքականապես մեկուսացնելու Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ջանքերին:

Իրանը հավասարակշռված հարաբերություններ է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, միշտ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու տարբերակը, քանի որ լիամասշտաբ պատերազմի պարագայում հակամարտությունը Իրան էլ կարող է ներթափանցել: Տարածաշրջանի խաղաղության մտահոգությունից բացի, վախ կա, որ Իրանի ազերիաբնակ շրջաններում կարող են խլրտումներ առաջանան: Իրանի 80 միլիոն բնակչությունը միատարր չէ: 9 միլիոն իրանցի ազերիներ են ապրում երկրի հյուսիսում գտնվող նահանգում, որի նկատմամբ ժամանակին պահանջներ էր ներկայացրել ազերի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը :

Իրանի վերաբերյալ նեոկոնների (նոր պահպանողականների) ծրագրերում, իրանական Ատրպատականը համարվում է էթնիկական սխալ վայրում տեղակայված, որը հնարավոր թշնամիների համար կարող է խլրտումներ հրահրելու հարմար վայր լինել: Իրանի ղեկավարները միաժամանակ մտահոգ են հարեւան Ադրբեջանում Իսրայելի ծավալած ծրագրերի ու գործունեությունների կապակցությամբ:

Իրանի միջուկային համաձայնագրի կնքումով կարծես համեմատական խաղաղություն է հաստատված տարածաշրջանում: Բայց անկանխատեսելի նախագահ Թրամփը սպառնում է միակողմանիորեն չեղյալ համարել համաձայնագիրը, հակառակ որ դրա տակ ստորագրել են նաեւ Ռուսաստանն ու Եվրոպան: Նախագահ Թրամփը այդ համաձայնագիրը վատ գործարք է համարում, չնայած ապացույցներ չկա, որ Իրանը թերանում է կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Թրամփը շտապ ծլկեց նաեւ Փարիզում կայացած կլիմայի համաձայնագրից, որի տակ ստորագրած միջազգային մյուս պետությունները հավատարիմ են մնում դրան: Ամերիկայի նախագահը անտեսում է բոլորին եւ կարող է ինքնակամ որոշումներ կայացնել:

Բայց կարծես տարաձայնություններ կան նրա վարչակազմում: Նրա հետ համաձայն չեն պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու պաշտպանության քարտուղար Ջեյմս Մաթիսը : Նաեւ Եվրոմիության արտաքին գործերի հանձնակատար Ֆրեդերիկա Մոգերինին , ով շրջանցելով Սպիտակ տունը կոնգրեսին է դիմել համաձայնագիրը ուժի մեջ թողնելու խնդրանքով:

Եթե Մ. Նահանգների վարչակազմը միաձայն որոշի չեղյալ համարել համաձայնագիրը, ապա ոչ միայն անկայունություն է տիրելու տարածաշրջանում, այլեւ շատ ավելի լուրջ հետեւանքներ է ունենալու ամբողջ աշխարհում:

Երբ պատժամիջոցները ուժի մեջ էին, պետքարտուղարությունը հանդուրժում էր Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ, ըմբռնելով, որ այդ երկիրը Հայաստանի միակ հնարավոր կապն է արտաքին աշխարհի շուկաների հետ:

Անկարգությունների վերսկսման պարագայում Հայաստանը կարող է դեռեւս ապահով զգալ իրեն, բայց բիզնեսի բնագավառում նրա գործառույթները կսահմանափակվեն եւ տնտեսությունն էլ բնականաբար կտուժի:

Իրանը հիմնաժայռ է հանդիսանում Հայաստանի կայունության համար: Որեւէ ճնշում նրա վրա անմիջականորեն վնասելու է Հայաստանին սահմանափակելով նրա մուտքը համաշխարհային շուկա եւ խոչընդոտելով տնտեսական զարգացման հեռանկարները:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.