AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 91. ԻՄԱՍՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-10-26 22:14:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 11919, Տպվել է` 1798, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆ ԲՈՍՏՈՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Առաջիկա օրերին, նոյեմբերի 2-ին եւ 3-ին, Բոստոնում յուրահատուկ կերպով նշվելու է հայկական անգլիատառ հնագույն թերթիՙ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթըր» շաբաթահանդեսի 85-ամյակը: Յուրահատուկՙ հայաստանցիներիս համար, որ սովոր ենք նման հանդիսությունները վերածել անձնագովության, ինքնափառաբանանքի, գովեստաշատ խոսքերի, շքանշանների ու գովասանագրերի մատուցման խրախճանքի, որի ավարտին, սովորաբար, թե՛ ստացողների, թե՛ մատուցողների կոկորդում մնում է շաքարախեղդության զգացումը: «Միրոր-Սփեքթեյթըրն» իր հոբելյանը նշում է սիմպոզիումով, որի թեման որքան կարեւոր, նույնքան արդիական է. «Լրագրություն եւ կեղծ լուրեր. Ցեղասպանություն եւ Ղարաբաղ» (Journalism and "Fake News". The Armenian Genocide and Karabagh) վերնագրով, մասնակցությամբ ամերիկյան եւ անգլիական մամուլի հայ եւ օտար հայտնի անունների:

Սա հենց այն է, որի անհրաժեշտության մասին գրել էի ամիսներ առաջ, երբ Երեւանում «մենք ասենք - մենք լսենք» սկզբունքով կազմակերպվում էր լրագրողների համահայկական չգիտեմ քանիերորդ բազմամարդ եւ ավելորդամարդ համաժողովը: Մինչդեռ, հատկապես մեզ պարտադրված «քարոզչական պատերազմի» պայմաններում, շատ ավելի քիչ միջոցներ ծախսելով անհրաժեշտ էր մեր դիմագրաված հիմնահարցերի շուրջ ներգրավել օտար լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներին ու նրանց օտարազգի գործընկերներին, ոչ թե նրանց համոզելու (իսկական լրագրողների մոտ դա հակառակ ազդեցությունն է թողնում), այլ նրանցից լսել-սովորելու տեղեկատվական ներկայիս բարդ հարաբերություններում բազմաթել հանգույցներից ճիշտ թելերը քաշելու իմացությունը, միաժամանակ նրանց ներկայացնելու մեր դիմագրաված խնդիրների բուն էությունը:

Հենց այս իմաստով կարծում եմ հատկանշական է լինելու նաեւ 85-ամյակի նշման 2-րդ օրը, նոյեմբերի 3-ը, Բոստոնի «Նյուտոն Մարիոթ» հյուրանոցի մեծ դահլիճում Հարվարդի համալսարանի Մարդասիրական նախաձեռնության շարժման ղեկավար Անահիտ Նահիքյանի հանդիսապետությամբ կայանալիք գալա-ընթրիքը, որի ընթացքում երախտագիտական պարգեւների են արժանանալու միջազգային մամուլի երեք ներկայացուցիչներՙ «Ինդիփենդենտ» (The Independent) անգլիական թերթի (այժմՙ համացանցային) Միջին Արեւելքի բազմամյա թղթակից, ըստ ինձՙ ապրող ամենահայտնի հետաքննող լրագրող, Բրիտանական մամուլի ամենամյա մրցանակի յոթնակի դափնեկիր եւ տարվա լավագույն լրագրողի տիտղոսակիր Ռոբերտ Ֆիսքը, բրիտանական նշանավոր մեկ այլ պարբերականիՙ Թուրքիայում «Էկոնոմիստ» (The Economist) շաբաթահանդեսի նախկին թղթակից, Diken եւ Al Monitor լրատվամիջոցների սյունակագիր Ամբերին Զամանը, եւ ամերիկյան Այլընտրանքային ռադիոյի (Alternative Radio) հայազգի հիմնադիր-տնօրեն Դեյվիդ Բարսամյանը: Լրագրողներՙ որոնց կարդում-լսում են միլիոնավոր մարդիկ, եւ որոնք տարիներ շարունակ ծառայում են արդարությանը եւ ճշմարտությանը, իրենց մասնագիտության նկատմամբ անզիջող հավատարմությամբ, բոլոր առիթներով պաշտպանելով նաեւ հին ու նոր անարդարությունների ենթակա մեր ժողովրդին:

Այսպիսով, փաստորեն, 85-ամյա «Միրորն» ու նրա մեջքին կանգնած Ռամկավար Ազատական կուսակցությունը ստանձնել են հայկական կառավարության կարեւոր բացթողումներից մեկը դույզն չափով լրացնել-ծածկելու պարտականությունը, որը վաղուց պիտի կատարած լինեին մեր պետական համապատասխան օղակները, մանավանդ երբ թուրք-ազերիական հակահայ քարոզչական մեքենան աշխատում է շոգեպինդՙ չկանգնելով անպարկեշտ ու հանցագործ ոչ մի գործարքի առջեւ:

Անշուշտ, տոնակատարության ընթացքում երախտագիտության խոսքեր կհնչեն եւ մեկ առ մեկ կհիշատակվեն նաեւ թերթը նախաձեռնողները եւ հաջորդական 11 խմբագիրներըՙ սկսած հիմնադիր խմբագիր Եղիա Չրաքյանիցՙ հասնելով մինչեւ ներկա խմբագիրըՙ պրոֆեսիոնալ լրագրող Ալին Գրիգորյանը, դրվատանքի խոսք ասելով նաեւ գլխավոր աշխատակիցների եւ հատկապես 20 տարուց ի վեր խմբագրականների հեղինակ Երվանդ Ազատյանի հասցեին, որի հոդվածների մեծ մասը թարգմանաբար տպագրվում է նաեւ մեր թերթում: Կշեշտվի նաեւ թերթի հավասարակշիռ, լայնախոհ ու ծանրախոհ նկարագիրը, ընթերցողին միայն ստույգ եւ հավաստի տեղեկություններ մատուցելու նրա նախանձախնդիր կեցվածքը, իր բովանդակության բազմակարծությամբ ամերիկահայության համար վստահելի ֆորում հանդիսանալու նրա վաստակը:

Սակայն չգիտեմ, պատշաճ կերպով կբացատրվի՞ արդյոք այնՙ առաջին հայացքից տարօրինակ իրականությունը, որ հոբելյար թերթը Ռամկավար Ազատական կուսակցության օրգանը լինելով հանդերձՙ կուսակցական թերթ չէ: Այն զերծ է նեղմտությունից ու կողմնակալությունից, քանզի ծառայում է ողջ հայությանը եւ առաջին հերթինՙ ամերիկահայությանը, ինչպես իրեն պահող ու սնող կուսակցությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.