AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-10-12 23:21:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 11099, Տպվել է` 1699, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆՙ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեն ամբողջ Մերձավոր Արեւելքում քաղաքական փոթորիկ առաջացրեց, որի հետեւանքներն առայժմ դժվար է գուշակել:

Զուգահեռաբար, աշխարհի մեկ ուրիշ մասումՙ Եվրոպայում, անկախության համար մղված նման մի պայքար ծայր առավ: Հոկտեմբերի 1-ին, երբ դարեր շարունակ կուտակված վրդովմունքն իր գագաթնակետին էր հասել, Կատալոնիան Իսպանիայից անջատվելու հանրաքվե անցկացրեց: Համարյա Իրաքյան Քուրդիստանի չափ բնակչություն ունեցող (7-8 միլիոն) Կատալոնիան իսպանական տիրապետության տակ էր անցել 15-րդ դարում Արագոնի Ֆերդինանդ թագավորի եւ Կաստիլիայի Իզաբել թագուհու իշխանության օրոք: Կատալոնցիներն ամենաշատը տուժել են գնդապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ֆաշիստական իշխանության օրոք (1938-1975): Նա այնքան առաջ էր գնացել, որ արգելել էր օգտագործել կատալոներենը, հարեւնման թուրքական եւ իրաքյան իշխանությունների տակ տառապող քուրդ ժողովրդի ճակատագրին: Դա անմիջական սպառնալիք էրՙ ուղղված նրանց ինքնության պահպանման դեմ: Կատալոնիայի հանրաքվեն ցնցեց ամբողջ Եվրոպան, հատկապես Շոտլանդիան եւ Բելգիան, որոնցում ազգայնական խմորումները կարող են ամեն րոպե պայթել:

Կատալոնիայի եւ Իրաքյան Քուրդիստանի միջեւ միակ տարբերությունն այն է, որ առաջինը մեկ ուժիՙ Իսպանիայի դեմ պետք է պայքարի, մինչ երկրորդը ստիպված է պայքարել ամենաքիչը չորս ուժերի դեմ, չհաշված գլխավոր մեծ տերությունները: Թուրքիան, Իրաքն ու Իրանը զորակոչի են ենթարկել իրենց ուժերըՙ ճնշելու Քուրդիստանի անկախության ձգտումները: Սիրիան ներկայիս շատ թույլ է միանալու նրանց, բայց սկզբունքորեն կողմնակից է նրանցՙ Քուրդիստանի հարցում:

Քուրդիստանի հանրաքվեն ազդարարում է 1916 թվի Սայքս-Փիքոյի համաձայնագրի վախճանը եւ բացում է Պանդորայի արկղըՙ վերականգնելու 1920 թվի Սեւրի պայմանագիրը, որտեղ Հայաստանն էլ ունի իրեն հասանելիք մասնաբաժինը:

Իրաքի քուրդերը մի քանի շատ կարեւոր, ռազմավարական քայլեր ձեռնարկեցին ամրապնդելու համար իրենց դիրքերը ներքին ճակատում եւ հանրաքվեում ընդգրկեցին նավթով հարուստ Քիրքուկի շրջանը, որի ազատագրմանը ԻՊ-ի ուժերիցՙ օգնել էին Իրաքին:

Իրաքյան Քուրդիստանը կառավարում են երկու տոհմական խմբավորումներՙ թալաբանիներն ու բարզանիները, որոնք առ այսօր պահպանում են իրենց առանձին, շատ անգամ իրար հակադիր, զինվորականությունը: Պեշմերգաներ կոչվող այս ուժերը ներքին համաձայնության գալով օգնեցին Մ. Նահանգների զորքերին ազատագրելու Իրաքի տարածքը «Իսլամական պետության» գրոհայիններից: Ընդհանուր առմամբ 5.2 միլիոն քվեարկողներ (72 տոկոս) մասնակցեցին հանրաքվեին: «Այո» ասողները կազմեցին քվեարկողների 93 տոկոսը: Հանրաքվեն անմիջական անկախություն չի պարգեւում, այլ պարզապես լիազորություններ է տալիս բանակցելու Բաղդադի ազգային կառավարության հետ, որի վարչապետ Հեյդար էլ-Աբադին բոլորովին տրամադիր չէ բանակցելու: Նա պահանջում է, որ չեղյալ հայտարարվեն հանրաքվեի արդյունքները նախքան բանակցությունների սեղանի շուրջ նստելը:

Թուրքիան հաստատակամորեն դեմ է Քուրդիստանի անկախությանը ակնհայտ պատճառներով: Մինչ այժմ Անկարան, անտեսելով Բաղդադի զգուշացումները, համագործակում էր Քուրդիստանի շրջանային կառավարության հետ: Քուրդիստանի նավթը հոսում էր դեպի Թուրքիա, ստեղծելով շրջանային կառավարության բյուջեի 80 տոկոսը: Մինչ Աբադին հետամուտ է լինում պահպանելու Էրբիլի եւ Սուլեյմանիա օդանավակայանների վերահսկողությունը, Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում է ասելով, որ «խողովակաշարերի ծորակները մեր ձեռքերում են»:

Տարածաշրջանում Թուրքիայի գլխավոր մրցակից Իրանը միացել էր նրան Քուրդիստանի սահմաններում ռազմական զորավարժություններ անցկացնելու խաղերին: Այսպիսով, բոլոր տարածաշրջանային պետությունները մտահոգված են, որ Քուրդիստանի անկախությունը անողոքաբար կբորբոքի անկախության համար պայքարող քրդերի ձգտումները իրենց համապատասխան երկրներում:

Ընդհանուր հաշվարկներով 30-40 միլիոն քուրդ է ապրում Իրաքում, Սիրիայում, Իրանում եւ Թուրքիայում: Վերջինս ավելի քան երեք տասնամյակ է ինչ հետապնդում է ու ճնշում քրդերին:

Քաղաքական դիտորդների մոտ կարծես ընդհանուր համաձայնություն է ձեւավորված, որ մոտալուտ պատերազմ չի սպառնում Քուրդիստանին, գլխավորապես այն պատճառով, որ գերհզոր պետություններն արդեն զգալի ներդրումներ են կատարել այնտեղ: Բայց Թուրքիան կարող է դրդել տեղացի թուրքմեններին, որոնք միշտ էլ որպես հինգերորդ շարասյուն են գործել, ապակայունացում առաջացնելու համար Քուրդիստանում: Նաեւ այն հավանականությունը կա, որ Աբադիի թույլ կառավարությունը կփորձի քրդերից խլել Քիրքուկի վերահսկողությունը:

Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Կուշները հայտարարել է, որ անկախ Քուրդիստանի կայացումը կարող է կայունություն հաստատել տարածաշրջանում: Բայց Քուրդիստանի հարեւանները կարծես այդ կարծիքին չեն, քանի շարունակում են սաստկացնել իրենց ռազմատենչ արտահայտությունները:

Քուրդիստանի առաջիկա անկախության ակնկալիքով մի շարք գերտերություններ հսկայական ներդրումներ են կատարել ինքնավար շրջանում, որտեղ կառավարությունը պայմանագրեր է ստորագրել «Exxon Mobil» (ամերիկյան), «Total» (ֆրանսիական), «Taqa» (Արաբական Էմիրությունների) եւ «Gazprom» (ռուսական) ընկերությունների հետ: Այնպես որ անխոհեմություն կլիներ որեւէ կողմի համար խառնվել նրանց շահերին եւ ռազմական գործողություններ հրահրել:

Հոգեբանական առումով հանրաքվեի ժամանակը ճիշտ էր ընտրել Մասուդ Բարզանին , քանի որ Իրաքի կենտրոնական կառավարությունը դեռեւս ISIS-ի դեմ կռիվ է մղում վերագրավելու համար նրանց ձեռքն անցած մնացյալ տարածքները եւ չի հանդգնի ռազմադաշտում կռվել թրծված պեշմերգաների դեմ: PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանին բանտում պահելուց հետո, Թուրքիան նրա կարգավիճակը փոխանցել էր Մասուդ Բարզանիին, ով այժմ խոստովանում է, որ հուսախաբ է եղել Թուրքիայից, քանի որ վերջինս 180 աստիճանի շրջադարձ է կատարել ընդդիմանալով հանրաքվեին: Իրաքի քրդերը շատ մեծ գին էին վճարել Անկարայի բարեհաճությանն արժանանալու համարՙ կռվելով PKK-ի շարքերում գտնվող իրենց իսկ եղբայրների դեմ:

Մինչ տարածաշրջանային ուժերը թշնամական են վերաբերվել հանրաքվեին, գերտերությունները կարծես հանդուրժողականություն են դրսեւորում: Մ. Նահանգները Թուրքիայի եւ Բաղդադի կողքին է կանգնելՙ դատապարտելով հանրաքվեն, բայց միաժամանակ խոստացել է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել շրջանին: Մոսկվան նույնպես իր «մտահոգությունն» է արտահայտել հանրաքվեի կապակցությամբ, բայց դրանից այն կողմ պահպանում է իմաստալից լռություն: Ամենավճռական պաշտպանությունը, ակնհայտ պատճառներով, հնչեցրեց Իսրայելը: Վերջինս երկար ժամանակ իրեն մեկուսացված էր զգում: Չնայած դիվանագիտական կապեր հաստատել էր Եգիպտոսի եւ Հորդանանի հետ, այնուամենայնիվ դա մեծ ձեռքբերում չէր համարվում: Այժմ Իսրայելը գործունեություն է ծավալում Քուրդիստանում եւ զենք մատակարարում շրջանին, որովհետեւ դրանով առաջին անգամ հնարավորություն է ստանում պայքարելու հրեական պետության թշնամի, շիա մեծամասնությամբ Իրանի դեմ: Հրեա վերլուծաբան Ավգիդոր Էսկինը Քուրդիստանում իր երկրի ռազմավարական շահերի մասին խոսելով հայկական հեռուստատեսության առաջին ալիքի հետ, խոստովանել է, որ Իսրայելը քուրդերին պաշտպանում եւ զենք է մատակարարում սկսած 1960-ական թվերից, ինչը նշանակում է, որ քրդական ապստամբությունն ընդդեմ Սադդամ Հուսեյնի կարող էր հրահրված լինել Իսրայելի կողմից: Էսկինը նաեւ բարձր էր գնահատել Հայաստանի զգուշավոր քաղաքականությունը քրդական հարցում:

Վաղ թե ուշ Մ. Նահանգները Իսրայելի կողքին է կանգնելու, որովհետեւ Մերձավոր Արեւելքում Ամերիկան միշտ հետեւում է Իսրայելի դիրքորոշմանը: Վաշինգտոնն արդեն երկար ժամանակ է, ինչ ինքնուրույն քաղաքականություն չի դրսեւորել այդ տարածաշրջանում:

Արեւմուտքի հետ հարաբերությունները սրելով Էրդողանը ստիպեց Եվրոպային, եւ հատկապես Մ. Նահանգներին, պաշտպանելու քրդերին եւ հույսը դնելու նրանց վրա: Այդ պատճառով է, որ Էրդողանը հուսահատորեն փորձում է սիրաշահել Պուտինին, որ վերջերս այցելեց Անկարա:

Մերձավոր Արեւելքի թոհուբոհի մեջ, քրդերը հաջողությամբ կարողացան կայունություն պահպանել Իրաքյան Քուրդիստանում եւ Սիրիայիՙ թուրքական սահմանին մոտ գտնվող Ռաջովա շրջանում: Սա երկու բան է նշանակում. ա) քրդերը կարող են իրենք իրենց կառավարել եւ բ) նրանք կարող են Արեւմուտքի վստահելի գործընկերները դառնալ:

Քուրդիստանում կայունությունից օգտվելով, Իրաքի հայերը այնտեղ են կենտրոնացել: Նրանք նույնիսկ տեղական խորհրդարանում ներկայացուցիչ ունեն եւ քուրդ պեշմերգաների շարքերում կռվող մարտիկներ:

Հայաստանը որդեգրել է զգուշավոր մոտեցում: Բարեկամական հարաբերությունները պահպանելով Բաղդադի հետ, Քուրդիստանի հետ պայմանավորվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ Էրբիլում հյուպատոսարան բացել: Հարգելով հանդերձ Թեհրանին, որ դեմ է հանրաքվեին, Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարեց. «Հույս ունենք, որ Իրաքի կառավարությունն ու Քուրդիստանի շրջանային իշխանությունները ջանք չեն խնայի խուսափելու համար հակամարտությունից»:

Արցախի դիրքորոշումը տարբեր է: Ստեփանակերտի կառավարությունը շնորհավորել է հանրաքվեի արդյունքների առիթով եւ ամբողջական պաշտպանություն արտահայտել քուրդերի անկախությանը: Քուրդիստանի անկախությունը ամրապնդում է էթնիկական փոքրամասնությունների ինքնորոշման սկզբունքը, անկախ այն զգուշացումներից, որ յուրաքանչյուր դեպք տարբեր է: Միջազգային օրենքի սահմանումներում ինքնորոշման իրավունքը նույն հարթակի վրա է (ինչ տարածքային ամբողջականությունը): Միայն քաղաքական գործոններն են, որ վերջնականորեն որոշում են յուրաքանչյուր դեպքի ելքը: «Կարիք չունենք Քուրդիստանից Կատալոնիա գնալու» BBC-ի հրատարակած ծավալուն հոդվածը Արցախի հարցին ակնարկելով նշում էր, որ «անկախ միջազգային ճանաչումից, ինքնահռչակ կառավարությունները կարո՛ղ են գոյություն ունենալ»:

Քուրդիստանի անկախությունը վերադասավորելու է ուժերը Մերձավոր Արեւելքում: Սուննի Թուրքիան ավելի է մերձենալու շիա Իրանին եւ Բաղդադին, իսկ Իսրայելը մեծացնելու է իր գերակայությունը տարածաշրջանումՙ արաբական թերակղզու սուննի թագավորությունների լուռ համաձայնության ներքո:

Քուրդիստանի հանրաքվեն մի ամբողջովին նոր քաղաքական խաղ է պարտադրում Մերձավոր Արեւելքում: Երբ փոթորիկը հանդարտվի, մի նոր պետություն է հայտնվելու քարտեզի վրա:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.