AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 5882, Տպվել է` 370, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆՔ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ասում են համաժողովի մասնակիցները

Հայրենիքը կրկին իր գիրկն էր կանչել աշխարհասփյուռ զավակներին: Նրանց մեջ միշտ էլ եղել են եւ այսօր էլ կան մեծ թվով շնորհալի, տաղանդավոր եւ արժանապատիվ մարդիկ, ովքեր կարողանում են ոչ միայն պահպանել հայ մարդու դիմագիծը, այլեւ ուժերի ներածին չափով ձեռք մեկնել Հայրենիքին:

Ահա հենց այսպիսի մարդկանց հանդիպեցի Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ընթացքում: Հեռուներում իրենց հայրենանպաստ բազմաթիվ գործերով աչքի ընկած մեր հարգարժան հայրենակիցներից այս տարի համաժողովին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ ԱՊՀ Միջկառավարական ասամբելայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանը` Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից, եւ Ռուսաստանում շատ հայտնի ու մեծ ճանաչման արժանացած բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը: Հենց այս պատվարժան մարդկանց էլ խնդրեցի իրենց տպավորությունները կիսել համաժողովից` միաժամանակ ներկայացնել նաեւ այն ծրագրերը, որոնք առաջիկայում պետք է իրականացնեն Հայրենիքում:

Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է, նրա հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Հրաչյան առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Հրաչյա Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 80-ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ: Դրանցից 24 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 7-ը` Հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են տարբեր քաղաքներում: Նրա մեկենասությամբ տպագրվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, ինչպես նաեւ տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմեր: Հրապարակված գրքերից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգի ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների մասին ծավալուն ժողովածուն:

- Յուրաքանչյուր մարդ պետք է իր ունեցածի չափով բարեգործ լինի,-ասում է Հրաչյա Պողոսյանը: Աստվածահաճո գործ կատարելը ինձ համար սրտի ցանկություն է, ուրախության մի անբացատրելի պոռթկում: Ես չափազանց կարեւորում եմ Հայրենիքի հետ շփումը, նաեւ համոզվում, որ ամեն մի այց մեծացնում է սերը Հայաստանի հանդեպ:

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը մինչ այդ եղածների գագաթնակետն էր բոլոր առումներով,- ասաց Հրաչյա Պողոսյանը: Հաճելի էր տեսնել հատկապես Սփյուռքի նախարարության աշխատակիցների պրոֆեսիոնալ, եվրոպական չափանիշներին հարիր աշխատաոճը` համեմված հայկական հյուրասիրության բոլոր կանոններով:

Ուզում եմ ընդգծել նաեւ, որ համաժողովը հիանալի առիթ է ընձեռում ոչ միայն առնչվելու մեր երկրի պատմությանը, այլեւ ծանոթանալու եւ շփվելու, օրինակ, երկրի նախագահի եւ վարչապետի հետ: Մարդիկ, ովքեր մտահոգ են Հայաստան երկիրը ծաղկուն եւ բարգավաճ տեսնելու համար:

Ավելացնեմ նաեւ, որ ես մասնակցել եմ մի շարք կարեւոր նիստերի, եւ չափազանց գոհ եմ համաժողովի արդյունքներից: Քննարկումներն ընթացել են փոխադարձ վստահության մթնոլորտում, եւ հույս ունեմ, որ իմ հայրենակիցների խոստացված ներդրումները առաջիկայում կյանքի կկոչվեն եւ կբարգավաճի Հայաստանը: Ես նույնպես դատարկաձեռն չէի եկել Հայրենիք եւ ուրախ եմ, որ իմ առաջարկած ծրագիրը կարեւորեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այն կյանքի կկոչվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` «Էրեբունի-Երեւանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում եւ կներկայացնի Ցեղասպանության զոհերի` Սուրբ նահատակների պատկերներով խճանկար: Վիգեն Սարգսյանը եւ Տարոն Մարգարյանը առաջարկեցին նաեւ, որպեսզի իմ ներկայացրած ծրագրի առնչությամբ իր հեղինակավոր կարծիքը հայտնի նաեւ Հայ եկեղեցին...

Ես լիահույս եմ, որ 2018 թվականը Երեւանի հոբելյանական տարին լինելուց բացի, մեր մայրաքաղաքի պատմության մեջ կնշանավորվի նաեւ որպես մեծ նախաձեռնությունների եւ նշանակալի ձեռքբերումների տարի: Եվ մեծագույն երջանկություն է, երբ մասնակիցն ես Հայրենիքիդ հզորացման սուրբ գործին...

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը ծնվել է Երեւանում, 1974-ին ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը, 1975-ից Մոսկվայում է: Փայլուն տիրապետում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման մեթոդաբանությանն ու գաղտնիքներին, հարյուրավոր վիրահատությունների հեղինակ է, այդ թվում` աշխարհում առաջին անգամ սրտի մի շարք կարեւոր վիրահատությունների: 2007-ից անվանական կրթաթոշակներ է տրամադրում Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում:

- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներից` ջերմ ընդունելության համար: Ամեն ինչ արված էր հավուր պատշաճի, դրական մեծ լիցքեր ստացանք, համաժողովը մեզ ուժ ու ոգի հաղորդեց: Մենք բոլորս մեծ առաքելություն ունենքՙ Հայաստանի կողքին լինել, օգտակար լինել Հայրենիքին: Ես մասնագիտությամբ բժիշկ եմ եւ Ռուսաստանում ինձ հետ աշխատող գործընկերներիս հետ, բնականաբար, մեծ անելիքներ ունենք Հայաստանում եւ Արցախում` մեր պարբերաբար այցելություններով օգնության ձեռք մեկնելու եւ բժշկելու մեր հայրենակիցներին: Ես նաեւ կողմնակից եմ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը էլ ավելի սերտացնելուն եւ խորացնելուն, ուստի իմ այցելությունների ընթացքում ինձ հետ կլինեն նաեւ ռուս բժիշկներ, ովքեր սիրով պատրաստակամություն են հայտնել ընկերակցելու մեր թիմին...

Այո, մեր սփյուռքահայ հայրենակիցները համաժողովից հեռանում են իրենց խոստումներն ու ծրագրերը կյանքի կոչելու եւ Հայրենիքը շենացնելու պատրաստակամությամբ: Ես առավել քան վստահ եմ, որ նրանք իրականություն կդարձնեն իրենց խոստումները, եւ ամենեւին էլ չզարմացա, երբ համաժողովի նիստերից մեկի ժամանակ այդ մասին ինձ ասաց նաեւ կողքիս նստած ռուս կինը, որը, ինչպես պարզվեց, Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող է. «Դուք հայերդ արժանապատիվ մարդիկ եք, եւ իմ տարիների փորձով եւ դիտարկումներով կարող եմ ասել հետեւյալը. եթե հայը խոստանում է, ուրեմն վստահ եղեք` կկատարի...»:

Այս գնահատականի հետ ես լիովին համաձայն եմ, ուստի բարի ճանապարհ եւ բարի վերադարձ եմ ցանկանում իմ հայրենակիցներին...

Նկար 1. Հրաչյա Պողոսյան

Նկար 2. Բագրատ Ալեքյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.