AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



ԽԱԽՏՎՈՂ ԽՃԱՆԿԱՐ

Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 13042, Տպվել է` 2231, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

Ինչու է կատալոնյան հանրաքվեն սարսափի մատնել ողջ Եվրոպան: Եվրոպայում անկախության ձգտող ազգերը եւ ժողովուրդները քանդում են տարիներ շարունակ ձեւավորված այն կարծրատիպերը, որ անջատողականությունը կամ սեպարատիզմը հատուկ է միայն տնտեսական ու հատկապես քաղաքական հետապնդումների ենթարկվող ժողովուրդներին ու կրոնա-էթնիկական փոքրամասնություններին, իսկ տնտեսապես ծաղկող Եվրոպայում այն կարելի է գնահատել միայն որպես թյուրիմացություն, որի թիկունքում կանգնած են ազգայնամոլությամբ տառապող մարգինալ խմբերը եւ կառույցները, որոնք, ըստ այդ տեսության կողմնակիցների, չեն վայելում բնակչության մեծամասնության աջակցությունը: Միեւնույն մարդիկ նաեւ պնդում էին, որ ազգայնական, իմաՙ անջատողական շարժումները թուլանում են կյանքի տնտեսական մակարդակի աճի հետ միասին, եւ եթե այն նաեւ զուգորդվում է ինքնավարության, թեկուզ եւ միայն մշակութային որոշակի տարրերով, ապա անջատողականության մասին կարելի է մոռանալ:

Ահա այս համոզմունքն է, որն այս օրերին ոչնչանում է իրական կյանքով, որն ապացուցում է, որ կյանքի որակի լավացումը ոչ միայն չի թուլացնում անջատողական շարժումները, այլեւ ընդհակառակըՙ երբեմն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ եւ ժամանակի ընթացքում մեծացնել այդ շարժման կողմնակիցների թիվը: Վերը նշված տեսության կողմնակիցները նաեւ համոզված էին, որ պատմությունը` հատկապես ազգային-ազատագրական, ֆինանսական ու տնտեսական բարգավաճման պայմաններում երկրորդական պլան է մղվում եւ դառնում է լոկ հիշողություն, որով զբաղվում են միայն պատմաբանները: Սակայն բարգավաճող Եվրոպայում անջատողականությունը, այդ աշխարհամասի հարստացման հետ միասին չկորավ եւ ընդամենը այլ երանգներ ու ձեւաչափեր ստացավ` դառնալով սկզբում լուրջ գլխացավ, իսկ հետագայում` սպառնալիք Եվրոպայի միասնության համար:

Նախաձեռնելով Եվրոմիության ստեղծումը, դրա հեղինակները համոզված էին, որ միավորման ընդհանուր էյֆորիայի ազդեցության պայմաններում փոքր ազգերի անջատողականությունը կդիտարկվի միայն որպես հետադեմ ու գավառական երեւույթ, որը կդատապարտվի, այսպես կոչված, առաջադեմ մարդկության կողմից: Այս տեսությունը ընդունվում ու պաշտպանվում էր Եվրոպական ինտելեկտուալ ներկայացուցիչների կողմից, որոնք, հատկապես ԽՍՀՄ-ի քայքայումից հետո, համոզված էին, որ Արեւմուտքի հաղթանակը «սառը» պատերազմում կնպաստի սեփական դիրքերի ամրապնդմանը, այդ թվում նաեւ ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման հարցում, օրինակ հանդիսանալով այլ միավորումների համար, իսկ Եվրոմիության շարքերի ընդլայնումը կնպաստի անջատողականության վերջնական մարգինալացմանը այդ միության սահմաններում:

«Իռլանդական հանրապետական բանակի», բասկերի ու դրանից առաջ Կորսիկայի ազատագրության համար մարտնչող զինված խմբավորւմների դեմ հաջողած պայքարն ստիպեց Եվրոմիության չինովնիկներին, ինչպես ժամանակին ԽՍՀՄ կոմունիստ ղեկավարներին, հայտարարել, որ ազգային հարցը վերջնականապես լուծված է այդ միության անդամ երկրների համար: Վերջիններս համոզված էին, որ իրադարձությունների զարգացման նոր լույսի ներքո էթնիկ պետությունների ժամանակաշրջանը արդեն անցյալում է եւ հետագայում կստեղծվեն միայն միջպետական միավորումներ, որոնց համար հիմք կծառայեն բիզնես կապիտալը, եւ փող աշխատելու մոլուցքը կլռեցնի ազգային շարժումն ու գաղափարախոսությունը:

Սակայն ժամանակը եւ իրադարձությունները եկան ապացուցելու հակառակը, որ սեփական, առանձին, զուտ ազգային պետության ստեղծման գաղափարները ոչ միայն չեն մահացել, այլեւ ձեռք են բերել այլ երանգներ ու զուտ ռազմական պայքարի ձեւից վերածվել են քաղաքացիական շարժումների, որոնց կողմնակիցները միայն կրկնապատկվել ու եռապատկվել են: Այս պայքարի հիմքում ազգերի ազատ ինքնորոշման իրավունքն է, որի իրականացումը դեկլարատիվ կերպով հայտարարված է Եվրոմիության կողմից, սակայն դրա իրականացումը նրանք տեսնում էին միայն այդ միության սահմաններից դուրս այլ պետություններում, այն էլ եթե այն բխում է զուտ իրենց քաղաքական շահերից: Սա է պատճառը, որ, մի դեպքում, ինչպես օրինակ Կոսովոյի, նրանք այն պաշտպանում են, իսկ այլ դեպքերում, հատկապես նախկին ԽՍՀՄ տարածքում, դրա դեմ են հանդես գալիս:

Ինչեւէ, կատալոնյան հանրաքվեն եկավ ապացուցելու, որ ազգային պետությունների մահվան մասին բարձրագոչող արեւմտյան տեսաբանների հայտարարությունները ոչ միայն վաղաժամ էին, այլեւ սխալ, քանի որ էթնիկ-ազգային պետականությունների ստեղծման շարունակականությունը շատ մեծ ներուժ ունի թե՛ բուն Եվրոպայում եւ թե ընդհանրապես ամբողջ աշխարհում: Բարսելոնայում տեղի ունեցած իրադարձությունները կարող են խթան հանդիսանալ անկախության համար շարժումների ակտիվացմանը եվրոպական շատ պետություններում, որտեղ դրա համար պարարտ հող կա եւ որտեղ այդ շարժումները թուլացել են, բայց չեն մահացել եւ իրենց «հնարավորությանն» են սպասում ակտիվանալու ու քաղաքական ասպարեզ դուրս գալու համար:

Եվրոմիության անդամ շատ պետություններում, մասնավորապես Չեխիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Շվեյցարիայում եւ Մեծ Բրիտանիայում կան անկախության համար պայքարող ուժեր եւ կազմակերպություններ: Այդ շարժումները տարբեր երկրներում որպես կանոն ներկայացնում են ազգային փոքրամասնություններին եւ միշտ չէ, որ վայելում են տեղի բնակչության ամբողջական աջակցությունը, սակայն նույնիսկ ամենաթույլ շարժումը որոշակի պայմաններում կարող է վերածվել հզորագույն անկախական պոռթկման` հանգեցնելով այս կամ այն պետության կազմաքանդմանը:

Հենց Իսպանիայում անկախության համար պատրաստ են պայքարել բասկերը, անդալուսիացիները, Գալիցիայի, Կաստիլիայի ու Վալենսիայի բնակչությունը, ինչը կարող է վերջնականապես քանդել Իսպանիա պետությունը: Ֆրանսիայում Կորսիկայի անկախականներից բացի, նմանատիպ շարժում գոյություն ունի նաեւ Բրիթոնում եւ այլ նահանգներում: Իտալական Սարդինիա ու Սիցիլիա կղզիներում միշտ էլ գոյություն են ունեցել անկախական շարժումներ, սակայն դրանք հատկապես հզոր են եղել հարուստ հյուսիսում, որտեղ որոշակի աջակցություն ունեին այն կուսակցությունները, որոնք կոչ էին անում առանձնանալ Իտալիայից, որ դադարեն կերակրել աղքատ հարավի նահանգները:

Անջատողական շարժումները միշտ էլ աջակցություն են վայելել Բելգիայի մի շարք շրջաններում, որտեղ մասնավորապես իրար հետ լեզու չէին գտնում ֆրանսախոս Վալոնը եւ Ֆլանդրիան, որոնք առանձին պետական միավոր ստեղծելու ձգտումներ էին դրսեւորում: Սակայն անկախական շարժումները հատկապես հզոր են Մեծ Բրիտանիայում, որտեղ Շոտլանդիան արդեն մեկ անգամ փորձել է անկախանալ` անցկացնելով հանրաքվե ու, չնայած այն ժամանակ չնչին տարբերությամբ անկախության կողմնակիցները տանուլ տվեցին, սակայն Բրեքսիթը եւ Կատալոնիայի օրինակը կարող է վարակիչ լինել շոտլանդացիների համար եւ նրանք նորից կփորձեն հանրաքվե կազմակերպել Բրիտանիայի կազմից դուրս գալու նպատակով: Անկախական շարժումները միշտ էլ ուժեղ են եղել նաեւ Հյուսիսային Իռլանդիայում, եւ հնարավոր է, որ այնտեղ էլ ականատեսը լինենք այդ շարժման հզորացմանը, ինչը կարող է վերջ դնել Մեծ Բրիտանիա թագավորության գոյությանը:

Ինչեւէ, Կատալոնյայի հանրաքվեն անկախության հարցի շուրջ նոր քննարկումների, բանավեճերի եւ հետազոտությունների առիթ է տվել: Սակայն այն նաեւ օրինակ է ծառայել անկախության համար ձգտող ժողովուրդներին, թե ինչպես է պետք պայքարել դրա համար, եւ սա կարող է նոր էջ բացել Եվրոպայի պատմության մեջ` վտանգելով նաեւ բուն Եվրոմիության գոյությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.