AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:01:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 9920, Տպվել է` 2231, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԿԱՌԱԿ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ» ԹԵԶԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԵԱՏՄ, ԵՄ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի արտաքին առեւտրի ծավալներն աճում են, ընդ որումՙ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման, թե՛ ԵԱՏՄ երկրների, թե՛ ԵՄ երկրների եւ թե՛ այլ երկրների հետ: Սա արձանագրվել է ազգային վիճակագրական ծառայության հրապարակածՙ 2017-ի հունվար-օգոստոս ամսիների Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշներում: Հետեւաբար, հայտարարություններն այն մասին, թե Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին սահմանափակում է «երրորդ երկրների, այդ թվում անմիջական հարեւաններ Իրանի եւ Վրաստանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը», սովորական կեղծիք է, ինչի վրա կառուցվում է համապատասխան քարոզչությունը: Իրականությունը միանգամյան այլ է, որի որոշ մանրամասներին կանդրադառնանք ստորեւ:

Այսպիսով, 2017-ի առաջին ութ ամիսներին, որը փաստորեն տարվա երկու երրորդը կազմող ժամանակահատվածն է, մեր երկրի արտաքին առեւտրի ծավալները կազմել են 3 մլրդ 880 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 24,4 տոկոսով: Այսինքն, առեւտրաշրջանառության, այդ թվում եւ արտահանման եւ ներմուծման ծավալները ոչ միայն աճ են արձանագրել, այլեւ այդ աճը երկնիշ է եւ բավականին բարձր: Նկատի ունենալով հատկապես արտահանման նշանակությունը մեր տնտեսության զարգացման առումով, առավել հանգամանորեն ներկայացնենք այստեղ արձանագրված ցուցանիշները:

Արտահանման ծավալները նշված ութ ամիսներին ավելացել են 247 մլն դոլարով կամ 21,8 տոկոսով, կազմելով 1 մլրդ 383 մլն դոլար: Կարեւոր է, որ արտահանման ծավալների աճը առավելապես պայմանավորված է պատրաստի արտադրանքի եւ հետո միայն հանքահումքային արտադրանքի արտահանման ավելացմամբ: Այսպեսՙ պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը տարվա ութ ամիսներին ավելացել է 32,1 տոկոսով կամ շուրջ 78 մլն դոլարով, հասնելով 320 մլն դոլարի: Եվս 40 մլն դոլարով կամ 28,9 տոկոսով ավելացել է ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալներըՙ հասնելով 179 մլն դոլարի: Մանածագործական իրերի (թեթեւ արդյունաբերության) արտահանումն աճել է 36,6 տոկոսով կամ մոտ 23 մլն դոլարով: Արտահանման ծավալներն այստեղ կազմել են 87 մլն դոլար: Մեքենաների, սարքավորումների եւ մեխանիզմների արտահանումն աճել է 2,2 անգամ կամ 16 մլն դոլարով եւ կազմել 28 մլն դոլար: Քիմիական արտադրանքի արտահանման ծավալները նույնպես կտրուկ աճել ենՙ 73,7 տոկոսով կամ մոտ 7 մլն դոլարով, հասնելով 17 մլն դոլարի: Պատրաստի ապրանքի տեսակներից սրանք արտահանման ամենամեծ աճ արձանագրած ճյուղերն են, եւ միայն այս ճյուղերում արտահանման ծավալները միասին վերցրած աճել են 144 մլն դոլարով:

Հանքահումքային արտադրանքի, հիմնականում պղնձի խտանյութի արտահանման աճը կազմել է 43,1 տոկոս կամ 130 մլն դոլար, որի արդյունքում արտահանման ընդհանուր ծավալն այս ճյուղում կազմել է 430 մլն դոլար: Այս ցուցանիշների պարզ համադրումը վկայում է այն մասին, որ ավելի շատ ավելացել են պատրաստի ապրանքների, քան հումքային ապրանքների արտահանման ծավալները: Վերջիններիս համար, ի դեպ, խթանող գործոն է եղել մետաղների միջազգային գների բարձրացումը:

Այժմ, ըստ երկրների արտահանման ցուցանիշները տարբեր ուղղություններով: Դեպի մեր հիմնական շուկա եւ ԵԱՏՄ ամենախոշոր երկիրՙ Ռուսաստան արտահանումն ավելացել է 36,6 տոկոսով կամ 84 մլն դոլարով, կազմելով 310 մլն դոլար: Մեզ համար Ռուսաստանը պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական շուկան է: Դեպի ԵՄ երկրներ արտահանումն աճել է 32,6 տոկոսով կամ մոտ 100 մլն դոլարով, կազմելով 407 մլն դոլար: Հիշեցնենք, որ ԵՄ երկրներ հիմնականում արտահանվում է հանքահումքային արտադրանքը:

Հատկապես ուշագրավ է դեպի այլՙ ԵԱՏՄ եւ ԵՄ մեջ չմտնող առանձին երկրներ արտահանման ծավալների տպավորիչ աճը: Ռեկորդայինՙ 3,5 անգամ կամ մոտ 122 մլն դոլարով աճել են դեպի Շվեյցարիա արտահանման ծավալները, մոտենալով 170 մլն դոլարի: Միացյալ Արաբական Էմիրություններ մեր արտահանումն այս տարվա ութ ամիսներին ավելացել է 2,2 անգամ կամ մոտ 32 մլն դոլարով, հասնելով գրեթե 61 մլն դոլարի: 16 մլն դոլարով կամ 60,7 տոկոսով ավելացել է արտահանումը դեպի ԱՄՆ, կազմելով 42 մլն դոլար: 13 մլն դոլարով կամ 23,7 տոկոսով աճել է դեպի Չինաստան արտահանումը, կազմելով 64 մլն դոլար: Դեպի Թաիլանդ արտահանման 19,3 անգամ աճը գումարային առումով կազմել է մոտ 7 մլն դոլարՙ նախկինում մի քանի հարյուր հազար դոլար կազմող ցուցանիշի փոխարեն:

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա, դարձյալ, աճել են ինչպես ԵԱՏՄ եւ ԵՄ, այնպես էլՙ անհամեմատ ավելի մեծ ծավալներով այլ երկրներից Հայաստան ներմուծման ծավալները:

ԵԱՏՄ հիմնական երկիր Ռուսաստանից ներմուծումը Հայաստան ավելացել է 18,3 տոկոսով, ԵՄ երկրներիցՙ 18,6 տոկոսով, իսկ այլ երկրներիցՙ 35,8 տոկոսով: Ընդ որում, ներմուծման ամենամեծ ծավալներն ունենք հենց այլ երկրներից, որոնց մեջ, որքան էլ ցավալի եւ երկրի անվտանգության համար մտահոգիչ լինի, նաեւ մեր հանդեպ թշնամաբար վերաբերվող Թուրքիան է: Չգիտես ինչու, ԵԱՏՄ-ից մրմուռ զգացողներին առանձնապես չի մտահոգում այս հանգամանքը եւ այն, որ այս տարվա ութ ամիսներին Թուրքիայից Հայաստան ներմուծման ծավալները անցյալ տարվա նույն ժամանահատվածի համեմատ աճել են գրեթե 61 տոկոսով կամ մոտ 54 մլն դոլարով, հասնելով 141 մլն դոլարի:

Մեր անմիջական հարեւանների հետ հարաբերությունների մասին ի վերջո: Փաստենք, որ արտահանումը Հայաստանից Իրան աճել է 11,2 տոկոսով եւ կազմել 54 մլն դոլար, ներմուծումըՙ 9,1 տոկոսով եւ կազմել 118 մլն դոլար: Մյուս հարեւանիՙ Վրաստանի հետ պատկերը հետեւյալն է. արտահանումը դեպի այդ երկիր աճել է 3,4 տոկոսով, հասնելով 101 մլն դոլարի, ներմուծումը նվազել է 6,7 տոկոսով, կազմելով 64 մլն դոլար: Հաշվի առնելով սեզոնային գործոնը, որ Վրաստանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքները Հայաստան են ներմուծվում տարեվերջին, ներմուծումն այս երկրից նույնպես առաջիկա ամիսներին կավելանա: Չմոռանանք նաեւ, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ ունեն ազատ առեւտրային ռեժիմ, որի շնորհիվ վերջին տարիներին փոխադարձ ապրանքաշրջանառությունը էապես ավելացել եւ հասել է մեծ ծավալների:

Մի խոսքով, քաղաքական մեկ ուժի ցանկությունները, որոնք ներկայացվում են որպես իրականություն, ինչպես երեւում է վիճակագրական ցուցանիշներիցՙ իրականության հետ կապ չունեն: Իրականությունը, բարեբախտաբար մեր բոլորիս եւ մեր երկրի համար, տրամագծորեն հակառակն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.