AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:01:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 9911, Տպվել է` 2232, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԴՈՐՐԸ ԽԱԽՏՈՂՆԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի քաղաքական դաշտում հարաբերական անդորր է` հիմնական որոշումների կայացման համար դեռ ժամանակ կա` աշնան մնացած մասն ու ձմեռը, դե գոնե հունվարը ներառյալ, երբ հարկ կլինի կողմնորոշվել` ով ում բարեկամն է, միայն կոալիցիա՞ն է երկրի նոր ղեկավար կերտելու գործը գլուխ բերում, թե արտակոալիցիան էլ է ավելի արտոնյալ պայմանների դիմաց այդ նույն գործին կպչում ու հաշվեկշռի բերում վերին պայմանավորվածությունները: Եւ առհասարակ` ո՞վ է մնում, ով է գնում, կամ` ում կթողնեն, որ մնա:

Մի փոքրիկ նորություն կա այս համատեքստում այն վերլուծությունների առումով, որոնց հեղինակները չգիտես ինչու ժամանակին որոշել էին, թե ներկա նախագահը միգուցե ուզում է Ազգային անվտանգության խորհրդի նախագահ դառնալ եւ այդ բեւեռից համակարգել երկրի ղեկավարումը: Աժ պատգամավոր Հրայր Թովմասյանը , հավանաբար ոչ առանց շարժառիթի, պարզություն մտցրեց այդ հարցում` ԱԱԽ-ը վարչապետի համակարգմամբ է գործելու նոր սամանադրական փոփոխություններով, այնպես որ`2018 թվականից ով լինի վարչապետը, նա էլ ղեկավարելու ԱԱԽ-ը, հասկացա՞ք: Սահմանադրությունը պետք է շուտ-շուտ կարդալ:

Իսկ առայժմ բացառիկ ոսկե մի ժամանակ է` «վաստակած» հետընտրական անդորրի եւ Գագիկ Սուրենյանի կանխատեսած Հայաստանի ոսկե աշունը վայելելու առումով, հանգիստ մի իրավիճակ, որը հազիվ թե այլեւս կրկնելի լինի, եթե նկատի առնենք, թե արդեն հունվարից հետո ինչեր կարող են տեղի ունենալ, ու ընդհանրապես` հետո իրերի դեֆակտո ինչ դրություն կարող է լինել: Անգամ Արցախի հարցի հետ կապված մանր նորությունները, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` սպասվող հանդիպումը, զանազան մանր-մունր ինտրիգները չեն ձգում երկրիս կորիֆեյների անխռովությունը սասանող որեւէ ծանրակշիռ պատճառ ձեւավորելուն: Մեր քաղաքական «էլիտան» մի փոքրիկ անցումային ու հանգիստ ժամանակ է նվեր ստացել ակամա (քանի որ որոշում կայացնողները դեռ կենդանության նշաներ ցույց չեն տալիս) եւ փորձում է վայելել այդ հարաբերականորեն հանգիստ ժամանակը հարսանիքների, կերուխումերի մեջ:

Դե իսկ մսի, կարագի եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների զգալի թանկացումները ի՞նչ են, որ խռովեն մերոնց անշարժությունը, մի քանի հազար դրամ էս կողմ-էն կողմ, նրանց միլիոնների մեջ դա միթե կարող նշմարվել: Իսկ թե սովորական մարդիկ կարագ ու միս ուտում են, թե՞ չեն ուտում`դա չի կարող նրանց համար հոգս լինել, քանի որ կա երկրիս նոր կառավարություն, թող ոնց ուզում է` տակից դուրս գա: Վերջինս էլ իր խնդիրները երեւի որոշել է լուծել գնաճը պակաս զսպելով կամ չզսպելով, պետք չէ խանգարել նրան:Արդեն իսկ օրենսդրորեն 2018 թվականի հունվարի 1-ից շուրջ 900 ապրանքի մաքսատուրքի դրույքաչափերը փոխվելու են, եւ էական թանկացումներ կարող են լինել, դա անխուսափելի գործընթաց է, ու դրա դեմ մեր «էլիտարները» ջանք չեն ուզում գործադրել:

Անգամ պետական նշանակության այնպիսի հարցերը, որոնք այս շաբաթ խորհրդարանում էին քննարկվում` իրավականացնելով հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, մեծ հաշվով` նաեւ Հայաստանի մոտիկ ապագայի գործընթացները, չէին կարող երկրիս «բարձր» խավի խռովքի պատճառ դառնալ եւ մեծ ակտիվության մղել: Իսկ խորհրդարանը, արձանագրենք, հայ-ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համաձայնագրերի վավերացմամբ իրականում իրավական կնիքներ դրեց հայ ռուսական ռազմական համագործակցության` արդեն տարիներ առկա դեֆակտո վիճակին, եւ երկար ժամանակով` լավ է դա, թե՞ վատ:

ԶԼՄ-ներն արդեն լայնորեն լուսաբանել են` ով ինչ ասաց խորհրդարանում հայ- ռուսական միացյալ զորախմբի ստեղծման եւ ռազմատեխնիկական փոխգործակցության համաձայնագրերի վավերացման առիթով քննարկումների ժամանակ, ում մտքի թռիչքը մինչեւ ուր էր ձգում:

Համաձայնագրերից ամենաբուռն քննարկվածը` հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին, արդեն վավերացվել է ընդամենը յոթ «դեմ» ձայներով, դրանով Հայաստանը կօգտվի ռուսական այն զինատեսակներից, որոնք միացյալ զորախմբի համատեղ գործողությունների խնդիրներն են լուծելու, ընդ որում`Հայաստանի պետական սահմանի հանդեպ ոտնձգության կամ ագրեսիայի կանխումն այս համատեքստում է:

Մենք ուղղակի արտահայտված մի քանի մտահոգություններին անդրադառնանք, որ բերում էին փոքրաթիվ ընդդիմադիր պատգամավորները, բայց մինչ այդ միջանկյալ ընդմիջենք մեր խոսակցությունը:

Ծեծն Ազգային ժողովում

Մի երկրում, որտեղ ծեծն ու կրակոցները դարձել են հարց լուծելու ամենաուղիղ ճանապարհը, ինչու պիտի Ազգային ժողովի մթնոլորտը տարբերվի ընդհանուր մթնոլորտից, սա զարմանալի կլիներ: Այնպես որ Նիկոլ Փաշինյանի ` իր քննադատական խոսքում Արտաշես Գեղամյանի անունը հիշատակելուց հետո ԱԺ միջանցքի ծեծկռտուքում հայտնվելը խիստ համաչափ է երկրի տարբեր բնակավայրերում առկա ծեծի դոզային: Այ, մի փոքր բովանդակությունն է այլ, այն էլ այն պատճառով, որ միջադեպի մի կողմը (նախաձեռնողը, հարձակվողը` ինչպես կուզեք անվանեք) ծանրակշիռ տնտեսագիտական գրքեր գրող եւ ծանրակշիռ տարիքի տղա է` Արտաշես Գեղամյանը, իսկ մյուս կողմը մի ողջ խմբակցության ղեկավար («Ելքի») եւ նախկին լրագրող: Ծեծկռտուքի մասին բողոքի խոսքով հայտարարեց «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ԱԺ խոսափողից, իսկ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջից էր անդրադարձել դրան` բազմիմաստ գրելով.«Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա: Հաջողությամբ պաշտպանվեցի: Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով: Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»: Հա~,հա~, հա~: Մեծ տղերք եք, չեք ամաչում` բռնունցքներով հասնում եք իրար վրա:

Եթե սա հերթական շեղոցին չի Հայաստանի համար կարեւոր հերթական թեմայից, ապա, բռավո, Հայաստանի Ազգային ժողովում չեն ուզում անտեր թողնել հին ավանդույթներից մեկը: Չնայած` երկու դեպքում էլ բռավո, գլխավոր թեմաները թողած` հիմա լրագրողները կզբաղվեն այս թեմայով:

***

Դե իսկ ԱԺ այս շաբաթվա քառօրյայում, իրոք, դիմակայություն կար` հայ-ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մի շարք պայմանագրերի, հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագրի, ինչպես նաեւ «Ելքի» նախաձեռնած ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկի քննարկումների առիթով, երբ Գեղամյանը եւ առհասարակ` մեծամասնության ներկայացուցիչները կրծքով պաշտպանում էին հայ-ռուսական համաձայնագրերի բովանդակությունն ու Հայաստանի` ԵՏՄ-ում մնալու անհրաժեշտությունը, իսկ հիմնականում «Ելքի» պատգամավորները, ընդհակառակը, խոսում էին կաթիլ-կաթիլ ինքնիշխանությունը զիջելուց, սա էր ինտրիգը: Այդպիսով` վերադառնանք մտահոգությունների թեմային:

Ինչ բան է միացյալը

Մտահոգություններ ունենալը, կարծում ենք, բնական է, դա պետք է հատուկ լինի ամեն մտածող մարդու, այլապես գլխով անվերջ համաձայնության նշան անելիս վզի ցավի պրոբլեմ, իրոք, կարող է առաջանալ, իսկ եթե այդ մտահոգություններն արտահայտելն իր վրա է վերցրել մի փոքրիկ խմբակցություն միայն, սրա համար անգամ մեծամասնությունը պետք է շնորհակալ լինի, իր դեմքն է փրկում ինքնամոռաց տրվելու ու վտանգները չնկատելու ոչ դիվանագիտական կեցվածքից:

Օրինակ` մարդիկ չհարցնե՞ն բա, թե եթե Ադրբեջանն իրական սպառնալիք գոյացնի Հայաստանի սահմաններին, եւ ի պատասխան հայ-ռուսական միացյալ զորախումբը պատրաստվի կրակելու, ինչ դեր է ունենալու այստեղ ռուս-ադրբեջանական ռազմական գործակցությունը, որը տվյալ դեպքում զենքի վաճառքի տեսքով է: Այս դեպքում միթե կարեւոր չի լինի, թե ով է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը, եւ միթե ռուսները, թեկուզ համաձայնագրի պարտավորվածությանը, կկանգնեցնեն իրենց ռազմական մի այլ գործակցի ագրեսիան, մանավանդ` պատմական հակառակ փորձի դառնահամը եթե հիշենք: Կազուս է, թե՞ ոչ: Որքան էլ պաշտպանության փոխնախարար եւ մեր լավ բարեկամ Արտակ Զաքարյանն այդտեղ խնդիր չտեսնի:

Կամ որ այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ո՞րն է ներքին ռազմական սպառնալիքը, որի առկայությամբ եւս գործի է գցվելու միացյալ զորախումբը: Իսկ բացատրությունը, թե երկրի ներսում ահաբեկչության մասին է խոսքը, տարընթերցումներ չի կարող չունենալ` հայտնի օրինակները եթե նկատի առնենք: Արդյոք «Սասնա ծռերի» պարագայում, երբ դեռ որակումը իրավական ձեւակերպման չէր հասել, այլ լրատվամիջոցներով բանավոր շրջող ձեւակերպումների մակարդակում էր, կարող էր հայ- ռուսական միացյալ զորախմբի միջամտության առիթ լինել: Չէ՞ որ շատերը պնդեցին` ահաբեկչություն է: Ի՞նչ, պիտի խնդրեինք ռուսական միջամտությո՞ւն: Կամ Մարտի մեկին ընդդիմության դիմակայությունը կարո՞ղ էր ռազմական ներքին սպառնալիք անվանվել (իսկ միգուցե անվանվե՞լ է, Ռոբերտ Քոչարյանը չէ՞ր ակնարկում, որ կար ոստիկանության վերահսկողությունից դուրս մնացած տարածք, որտեղ տեղի ունեցածի համար մեր իրավապահները պատասխանատու չէին): Համանման դեպքում, որը երբեք էլ չի կարելի բացառել, էլի հանգիստ կարող է երկկողմանի հրամանատարության որոշմամբ ներքին ռազմական սպառնալիք անվանվե՞լ կատարվածը եւ միջամտության կարիք առաջացնե՞լ, կամ սա հենց երկրի ինքնիշխանությանը սպառնալիք միթե չի՞ կարելի համարել:

Չնայած համաձայնագիրը ներկայացնողները պնդում էին, թե միացյալ զորախումբ մտած հայկական զորաբաժանումներն իրենց ինքնությույնությունը չեն կորցնի, մինչեւ հիմա էլ գործել են ինքնուրույն, ուղղակի համատեղ գործողությունները համադրելու համար գործելու է ընդհանուր հրամանատարություն, անգամ այս պահին հայ գեներալ է հրամանատարը: Եւ էլի պնդում են, թե մեր ներքին խնդիրներն ինքներս կարող ենք կարգավորել, ու բանը դրան չի հասնի:

Իսկ ընդհանրապես` արդեն տասնհինգ տարուց ավել ՀՀ-ում գործում են հայ-ռուսական զինված միացյալ ուժերը, խորհրդարանը համաձայնագրի վավերացմամբ ընդամենը նորմատիվային կարգավորում իրակացրեց, ինչ աղմուկ է` ըստ համաձայնագիրը ներկայացնողների: Փաստորեն տասնհինգ տարի միացյալ զորախումնբ ենք ունեցել դեֆակտո, այժմ միայն իրավական հիմքերի վրա ենք դնում, ու ակամա հնչում է հարցը` այդ դեպքում ինչո՞ւ հայկական կողմը չի տիրապետել միացյալ զորախմբի օպերատիվ այն տվյալներին, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ պետք է չեզոքացնեին անսպասելիության գործոնը, այդ ի՞նչ միացյալ է, որ թշնամու առաջխաղացման կամ դիվերսիայի տվյալները հայկական կողմին չի տրամադրում, իսկ եթե չի ունեցել` առավել եւս միացյալի իմաստն անհասկանալի է: Այդ հարցերն, իհարկե, մեր ղեկավարությունն էլ անշուշտ բարձրացնում է, ու անգամ գիտե դրա պատասխանները, բայց հանրությունը տեղյակ չէ այդ բոլորից:

Համաձայնագրով նաեւ կանխարգելիչ գործողություններ են նախատեսված անհրաժեշտության դեպքում, իսկ սա զսպիչ ազդեցություն միգուցե կունենա հատկապես մեր անհանգիստ հարեւանի պարագայում:

Իսկ որ Ռուսաստանի բացի` անվտանգության երաշխավոր այլ պետություն-դաշնակից չենք տեսնում եւ մի դաշտում ենք խաղում, այ դա իրական սպառնալիք է պետականությանը, այլընտրանք միշտ պետք լինի: Մնացածնՙ ըստ պատկերացումների ու կողմնորոշումների:

«Ելքի» առաջարկած ելքը չուզեցին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն իր նախագծով առաջարկում էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դադարեցման նախագծի ձեւավորման համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Ռուսամետների համար բոլոր առումներով սարսափելի այս նախաձեռնությունն, իհարկե,Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց, այդպիսով նաեւ ԵՏՄ-ում լինելու տնտեսական նպատակահարմարության այլընտրանքային ուսումնասիրությունը մերժելով: Կարկառուն ԵՏՄ-իստներն ասում էին, որ ԵՏՄ ներուժն ընդամենը լավ չենք օգտագործում հայերս, իսկ դրա համար ոչ թե պիտի այսպիսի նախագծեր առաջարկել, այլ լավ աշխատել:

«Ելք» խմբակցության այս առաջարկի քննարկումն ու մերժումը խորհրդարանում մի քանի շերտանի խնդիր բացահայտեց. նախ` Ռուսաստանին չզայրացնելու մշտական վախը, որ սպրդում էր ելույթներից, փաստորեն ավելի գերակա է, քան խնդիրները պետական շահի տեսակետից քննարկելու հրամայականը. երկրորդ` իրենց խղճի առաջ պատասխանատու եւ բարձրորակ ոլորտային մասնագետների բացակայությունը խորհրդարանում, որոնք հարցի տնտեսական կողմն առանց քաղաքական շիրմայի կդնեին սեղանին, եւ այս դեպքում այս քայլը ոչ թե միայն քաղաքական քայլ կընկալվեր, ինչ որ է իրականում «Ելքի» պարագայում, այլ խիստ հիմնավորված տնտեսական միջոցառում կդառնար: Եւ երրորդ` այս քայլը, քաղաքական նպատակներ հետապնդելուն զուգահեռ , ակամա մատնեց բոլորի մոտեցումները, հատկապես քվեարկությամբ: «Կողմ» 9` ընդդեմ 79 «դեմի», 1/ 8 հարաբերակցություն: Դե, թող էլի մերժվեր նախագիծը, բայց գոնե 49 «դեմով» մերժվեր, քանի որ ԵՏՄ-ն ի վերջո ընկալվում է որպես ինքնիշխանության նեղացում, որը հայ խորհրդարանականներին փաստորեն չի անհանգստացնում գոնե ձեւի տեսակետից. ասենք` եթե նախագծի քննարկումը դիտվեր արմատական անկախականների եւ չափավոր անկախականների մրցակցություն` արմատականների զգալի «դեմ» քվեներով, միգուցե արտաքին ցուցափեղկ պահպանվեր եւ արժանապատվության բարձրության խնդիր լուծվեր: Բայց... է՞ս խորհրդարանից պետք է պահանջենք այդպիսի մոտեցում` խոնարհ հարս ա՛յս խորհրդարանից, որի միակ ընդիմախոսը մնացել է նշանակովի ընդդիմությո՞ւնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.