AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-09-29 15:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 14926, Տպվել է` 2475, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՌԱՑՎԱԾ ԲԱՆԵՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայը ստեղծարար է, դե այսինքն գունավոր հեռուստացույց, ամերիկյան դոլարի գույն,...Մի խոսքով, եթե չգիտեիք, իմացեքՙ հայը ստեղծարար է: Ու ամեն անգամ, երբ հանդիպում եք ձեր օտարերկրացի ընկերներին, հպարտորեն նշեք, որ գերմանացին ինժեներ է, իտալացինՙ դիզայներ, հայն էլՙ ստեղծարար: Շուտով սա կդառնա պետական քարոզ: Բոլոր դպրոցներում, շախմատի դասասենյակների պատերին կփակցնենՙ Հայը ստեղծարար է գրությունը, որպեսզի չմոռանանք, Մակոնդոյում տեղադրվածՙ Վերեւում Աստված կա ցուցանակի պես:

Այս նախաձեռնությամբ հանդես կգա Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավագ-Ավագյանը: Ի դեպ, Հայաստանի զարգացման հիմնադրամը, ինչպես հուշում է անունը, սովորական, թեկուզ համահայկական հիմնադրամ չէ, նրա նպատակըՙ Հայաստանի զարգացումն է , իսկ առաքելությունըՙ Հայաստանում ներմուծման, արտահանման եւ զբոսաշրջության աճի խթանումը : Այսինքն, եթե դուք մի օր արթնանաք ու ձեզ հայտնեն, որ Հայաստանում ներմուծումն աճել է 60 տոկոսով, իսկ արտահանումըՙ 75, եւ ուրախ փողոց դուրս գաք, որտեղ տեսնեք զբոսաշրջիկներՙ տարբեր ազգերի, իմացեքՙ Հայաստանի զարգացման հիմնադրամն իր առաքելությունը կատարել է. Հայաստանն այլեւս զարգացած պետությունն է, հայն էլ, հիշեցնեմՙ ստեղծարար: Ոչ սովորական ստեղծարար. Հայըՙ քչից շատ ստեղծող ազգ է: Ու սա հպարտությամբ է նշվում. Տիգրան Մեծից հետո, բոլոր հայերը սա ասել են, հիմա էլ Արմեն Ավագ-Ավագյանն է ասում ու հպարտությամբ: Ու ոչ ոք չի հարցնում. եղբայր, եթե հայը քչից շատ ստեղծող ազգ է, ապա ինչո՞ւ հայը միշտ քիչ է ունեցել եւ ունի: Չէ՞, եթե շատ ենք ստեղծում, ուրեմն շատ պետք է ունենանք, բայց քանի որ չունենք, ուրեմն կա՛մ մեզ համար չենք ստեղծում, կա՛մ մեզ համար ենք ստեղծում, ուղղակի խլում են, կամ էլ ինքներս մեզ խաբում ենք, թե բաՙ քչից շատ ստեղծող ենք: Ո՞րն է...

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայերի մեծ մասն ապրում է Հայաստանից դուրս, ուրեմն հայի ստեղծարար լինելը Հայաստանի զարգացման հետ հեչ կապ չունի: Ավելի կոնկրետՙ հայը ստեղծարար է, բայց Հայաստանում չէ: Այսինքն ձեր ընկերներին անպայման դա՛ էլ ասեք, ավելի ճիշտՙ մի ասեք, գուցե նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ուզում են գալ Հայաստանՙ ստեղծարար մարդկանց հայրենիք ու այստեղ ներդրումներ անեն, Հայաստանը զարգացնեն, ինչի արդյունքում էլ մեր ՀՆԱ-ն կաճի, որն էլ իր հերթին կնպաստի ողջ տնտեսության զարգացմանը, ինչն էլ իր հերթին հիմք կդառնա մեծ վերադարձին ու Հայաստանը կդառնա 4 միլիոն բնակչություն ունեցող զարգացած երկիր, մինչեւ 2040-ը: Այնպես որ ուշադիր եղեք, թե ինչ եք ասում ձեր այլազգի ընկերներին, բավարարվեքՙ Հայը ստեղծարար է ասելով, իսկ եթե ճշտող հարցեր տանՙ լուռ ժպտացեք, եթե ֆինն են, ապա հարցրեք նրանց Հելսինկիի մասին, ամեն կերպ փորձեք փոխել թեման, քանի որ ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչպե՞ս կարող է հայը ստեղծարար լինել, բայց Հայաստանը զարգացած չլինել: Չեն հասկանա, քանի որ իրենք չեն տեսել, թե ինչպես են ավտոբուսները գնում, մեծ-մեծ ավտոբուսներըՙ շատ-շատ մարդ տանելով, որոնք բոլորն էլ ստեղծարար են, բայց զզված, ստեղծելուց չէ, ստեղծելու հնարավորության բացակայությունից:

Գնում են ու այլ տեղերում են ստեղծում. աշխարհում գրեթե բոլոր հայերը ստեղծել են, բայց քչերըՙ Հայաստանում: Եւ ուրեմն աշխարհը գիտի, որ հայը ստեղծարար է, ու այս նոր համահայկական իմիջին վաղուց ծանոթ է: Այլ հարց է, որ այստեղՙ Հայաստանում ենք մենք դա մոռացել: Հայաստանցիներիս է, որ պետք է դա հիշեցնել, ինչպես հիշեցնում են կոռուպցիայի դեմ աննահանջ պայքարը, ինչպես հիշեցնում են Հյուսիս-Հարավ ճանապարհի հավերժ կառուցումը, ինչպես հիշեցնում են բանկից վարկերի մարման օրը,... Դպրոցներում, բուհերում, աշխատավայրերում, փողոցներում, ամենուր պետք է գրվիՙ Հայը ստեղծարար է , որ հիշենք ու ստեղծենք, օրինակՙ կոռուպցիայի նոր ձեւեր, այն դեպքում, երբ հակակոռուպցիոն լուրջ գործընթացներ են ընթանում: Եւ կամ օրենք շրջանցելու նոր ճանապարհներ, մանավանդ, որ հարստանում է նա, ով շրջանցում է օրենքը, ու սաՙ ոչ միայն Հայաստանում: Մի խոսքով, ստեղծելու շատ բան կա, մշակո՞ւյթ, չարժի. նախ մենք վաղուց ենք մշակույթ ստեղծել ու հիմա հանգստանում ենք, բացի այդ այն ոչ ներմուծումն է ավելացնում, ոչ արտահանումը, ոչ էլ զբոսաշրջությունն է խթանում, հետեւաբար չի նպաստում Հայաստանի զարգացմանը:

Մենք պետք է այնպիսի բաներ ստեղծենք, որից պետք է զարգանանք: Բայց որպեսզի նման բաներ ստեղծես, նախ պետք է ինքդ զարգացած լինես, իսկ դա Հայաստանում քիչ է հավանական: Դրա համար էլ պետք է գնալ, զարգանալ ու ստեղծել դրսում, Հայաստանից հեռո՜ւ, Հայը ստեղծարար է ազգային նոր իմիջն ապացուցելով, մոռանալով, որ աշխարհին քիչ են հետաքրքրում ազգային իմիջիները, քանի որ աշխարհը միշտ հետաքրքրված է եղել պետական իմիջներով: Օրինակՙ ո՞ւմ են հետաքրքրում քրդերը, այն պարագայում, երբ բոլորին է հետաքրքրում Քրդստանը: Դրա համար էլ քրդերը պետություն են ստեղծում, ի դեպ, պետությունը եւս ստեղծում են:

Այնպես որ Հայաստանում, մանկապարտեզներիցՙ մինչեւ Գիտությունների ազգային ակադեմիա, մանավանդ այնտեղ, առաջարկում եմ փակցնել երկու գրությամբ պաստառներՙ Հայը ստեղծարար է եւ Հայը պետություն ունի : Ընդ որում, եթե մենք չմոռանանք երկրորդը, առաջինը կդառնա բնազդի պես մի բան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.