AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



ՄԵՐՈՆՔ

Տեղադրվել է` 2017-09-29 15:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 13173, Տպվել է` 2482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՆՈԷԹՆԻԿՆԵՐԻՍ ՏԵՍԵՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ի՞նչ են անում այն երկու հայերը, որոնք միմյանց լրիվ անծանոթՙ հանդիպում են, օրինակ, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում եւ պարզում, որ երկուսն էլ հայ են: Եթե երկուսն էլ այդ պահին ազատ ժամանակ ունեն, ապա հաստատ գնում նստում են ինչ-որ տեղ, ինչ-որ բան են խմում, ուտում, ավելի շատՙ խմում, կարոտից անշուշտ, զրուցում ու պարտադիրՙ հայերեն, վերջում էլ վիճում, թե ո՞վ պետք է փակի հաշիվը: Մի քանի օր անց նորից են հանդիպում (արդեն հեռախոսահամարներն ունեն ու բարեկամացել են), մեկը մյուսին խնդրում է ինչ-որ բան (հնարավոր է փող), մյուսը տալիս է, հետո վերցնողը ուշացնում է վերադարձնել, վիճում են, բայց այս անգամ արդեն ո՛չ հաշիվը փակելու շուրջ... Ամեն դեպքում, արտասահմանում ապրող երկու հայըՙ հանդիպելիս ժպտում են, զրուցում են, ու դա բնական է: Իսկ երբ պարզվում է, որ նրանք երկուսն էլ ոչ միայն հայ են, այլեւ, օրինակ, երկուսն էլ Կապանից, ոգեւորությունը, հասկանալի է, ավելի մեծ է լինում, շփումն ավելի ջերմ, վեճն ավելի թունդ...

Ինչեւէ, մենք սիրում ենք իրար, սիրում են միավորվել, համատեղ ինչ-որ բան անել, հայրենակիցներով հավաքվելՙ լինի դա բանակում, թե... արտասահմանում:

Մի՛ զարմացեք, դա իրոք այդպես է, օրինակ Հայաստանում այս պահին գործում է ավելի քան 100 հայրենակցական միություն: Կրկնում եմՙ ավելի քան 100: Հայաստանն ունի 10 մարզՙ գումարած Երեւանը, այսինքն եթե հայրենակցական միությունները Հայաստանում ձեւավորվում են տեղական սկզբունքով, ապա այդ թիվը չպետք է գերացանցեր 11-ը, լավՙ 20-ը, հաշվի առնելով, որ, օրինակ, գավառցիները չեն ցանկանա վարդենիսցիների հետ ինչ-որ բան անել, կամ դիլիջանցիներն իրենց ամենեւին էլ չեն համարում շամշադինցի: Բայց հարյո՞ւր:

Լավ, ո՞րն է Հայաստանի ներսում հայրենակցական միություն բացելու նպատակը, որ ի՞նչ անեն: Օրինակ Նիգ-Ապարանը ինչո՞վ է զբաղված (բացի ամեն տարի մի քանի խաչ ավելացնելովՙ սուրբ, իսկ իրականումՙ սարսափելի հուշարձանին), կամ Տավուշի, ուշադրությունՙ միջազգային հայրենակցական միությունը (հավանաբար դրա կազմում ներառված են նաեւ կողքի մարզերիցՙ ծագումով տավուշցիներ) ինչո՞վ է զբաղված. Տավուշի բարբառի պահպանությա՞մբ: Երկրի ներսում, օրինակ Կապանի, Տավուշի, Ապարանի, Գավառի, Գյումրիի, Արցախի, մանավանդՙ Արցախի բարբառը, սովորությունները, ավանդույթները փլուզող ինչ-որ շարժո՞ւմ կա, որ այս մադիկ որոշել են միավորվելՙ դա թույլ չտալու համար: Հայաստանում արմավիրցին մտահոգվա՞ծ է, որ ձուլվելու է աշտարակցու հետ...

Սփյուռքում, օրինակ, նման վտանգ կա, ու այնտեղ գործող հայրենակցական միությունները լրիվ հասկանալի գործունեություն են ծավալում: Որքան էլ մեզ բարեկամ լինեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, հյուրընկալ ափեր ունենան Կիպրոսն ու Արգենտինան, եւ ռազմավարական եղբայր լինի Ռուսաստանը, միեւնույն էՙ դրսում ապրող հայերը կանգնած են ձուլման վտանգի առջեւ, եւ ուրեմն այնտեղ նորմալ է ու ճիշտ, որ ստեղծվեն հայրենակցական միություններՙ տվյալ մարդկանց բնակավայրերի անուններով: Օրինակՙ Մուշում մի քանի տարի առաջ ստեղծվեց Տարոն հայրենակցական միությունը, ի դեպ...

Բայց Հայաստանո՞ւմ, ո՞րն է խնդիրը, ո՞վ է խանգարում լոռեցիներին հանդիպել Վանաձորում կամ Ալավերդիում, նույնիսկ Երեւանում ու մի թաս բան խմել եւ լոռեցի մնալ: Հայաստանում ապարանցի մնալու համար պետք է անպայման հայրենակցական միությո՞ւն բացել, հետո էլ տարբեր համապետական ընտրությունների ժամանակ սատարել ինչ-որ մեկինՙ չմոռանալով հանրահավաքներին տանել «Ապարանը ձեզ հետ է» գրությամբ պաստառներ: Լավ, եթե Եհովայի վկաները շեղում են Մայր եկեղեցուց, բա հայրենակցական միություններն ի՞նչ են անում հայրենիքին. եկեղեցուն չի կարելի, պետությանը կարելի՞ է...

Ու ես չեմ ասի, որ մենք մի պետություն ենք, քանի որ մենք մի պետություն չե՛նք: Մենք ավելի քան 100 պետություն ունենք, որոնցից մեկն է միայն դեռ ճանաչված աշխարհում, բայց չճանաչվածՙ մեզ համար: Ավելին, այդ պետությունն ամենեւին էլ մոնոէթնիկ չէ. այնտեղ ապրում են ավելի քան 100 ազգի ներկայացուցիչներ, օրինակՙ գուգարքցիները, առանձինՙ լոռեցիները, սյունեցիները, ապարանցիները,... Ու այսպես 100-ից ավելի ազգ: Աշխարհի ոչ մի երկրում այսքան ազգ չի ապրում: Կարելի է անգամ լրջորեն մտահոգվել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ. մարդ ես, հնարավոր է, ինչ-որ մեկն այս ազգերից որոշի իրացնել սեփական ինքնորոշման իրավունքըՙ ազդվելով քրդերից, չնայած ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում:

Ամեն դեպքում Հայաստան-Սփյուռք համաժողովներին զուգահեռ առաջարկում եմ անցկացնել Հայաստան-հայրենակցական միություններ համաժողովներ: Քանի որ բոլորը միասին չեն գա, ուրեմն կարելի է առանձին-առանձին համաժողովներ անել, օրինակՙ Հայաստան-Լոռվա ձոր համաժողով, կամ Հայաստան-Նոյեմբերյան համաժողով, Հայաստան-Արցախ համաժողովի կարիքը չկա, քանի որ դա արդեն միջպետական հարաբերություններ են, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պեսՙ եղբայրական:

Եւ ամենակարեւորըՙ եթե Հայաստանում կա 100-ից ավելի հայրենակցական միություն, ուրեմն Հայաստանը կա՞...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.