AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



ՌԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-09-29 15:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 14876, Տպվել է` 2487, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՌԱԿ ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՐԱՁԳԱՐԱՆԸ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբերի 22-ին ՌԱԿ ղեկավար մարմինների մի խումբ ներկայացուցիչներՙ գլխավորությամբ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Հակոբ Ավետիքյանի եւ ՌԱԿ Գերագույն խորհրդի ատենապետ ընկեր Վարդան Նազիրյանի, ժամանեցին Սիսիան: Կուսակցականներին քաղաքի կենտրոնական հրապարակում դիմավորեցին Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, քաղաքի ավագանու անդամներ, դպրոցների բարձր դասարանների մի խումբ աշակերտներ: Հյուրերը Սիսիանի տարածաշրջանի ՌԱԿ շրջանային վարչության ատենապետ ընկեր Լեւոն Ավագյանի կողմից առաջնորդվեցին ՌԱԿ գրասենյակ, որի հարեւանությամբ էլ գտնվում է նորաբաց հրաձգարանը, որն այսուհետ ծառայելու է Սիսիան քաղաքի պատանիների եւ աղջիկների զինավարժական նախակրթությանը:

Այս կարեւոր նախաձեռնությանը պատրաստվելու ընթացքում ամիսներ շարունակ ընթանում էին սրահի նորոգման աշխատանքները, եւ սրահը հարմարեցվում էր հրաձգարանի համար սահմանված չափանիշներին, որպեսզի երեխաները կարողանան նշանառության վարժանքներով իրենց առաջին քայլերը կատարել դեպի զինվորական պատրաստություն:

ՌԱԿ Կենտրոնական վարչության այս նախաձեռնության գլխավոր նպատակն է, որպեսզի ՀՀ սահմանամերձ գոտիներից Սիսիանը, որն այնքան քաջեր է տվել հայոց բանակին, միշտ բարձր մարտական պատրաստություն ունենա, եւ դրանով է պայմանավորված նմանօրինակ հրաձգարանը առաջինը հենց Սիսիանում հիմնելու հանգամանքը:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ընկեր Հակոբ Ավետիքյանը, քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ընկեր Վարդան Նազիրյանը: Հակոբ Ավետիքյանն իր խոսքում մասնավորապես շեշտեց. «Այս հրաձգարանը կոչվելու է ռամկավար զինվորական մեծ գործիչ, Վանի հերոսական ինքնապաշտպանության զինվորական խորհրդի նախագահ եւ հրամանատար Արմենակ Եկարյանի անունով»:

Գեղեցկորեն հարդարված եւ բոլոր հարմարություններն ունեցող հրաձգարանին պակասում էին միայն զինատեսակները... Իսկ զինատեսակներըՙ 3 հրացան եւ 2 ատրճանակ, որոնցով այսուհետ մարզվելու են երիտասարդները, ինչպես հպարտությամբ նշեց Հակոբ Ավետիքյանը, նորաբաց հրաձգարանին են նվիրաբերվել լիբանանահայ հայտնի ռամկավար գործիչ եւ բարերար ընկեր Կարապետ Պապահեքյանի կողմից: Իսկ բարերարի նվերը Հայաստան էր բերվել Բեյրութի հայտնի ռամկավար գործիչ ընկեր Պետրոս Թոփչյանի միջոցով: Հ. Ավետիքյանը տեղեկացրեց, որ Կ. Պապահեքյանը, որ կուսակցական բարձր պաշտոններ է վարել, 80-ական թթ.ին Հայաստան է ուղարկել խնձորի 10 հազար տնկի, որոնց բերքը հետագայում կոչվել է «Դեմիրչյանական սորտ»: Նա Հայաստանին է նվիրաբերել նաեւ հոլանդական ցլերի սերմ եւ սերմակայան, որն անձամբ է հասցրել Մայր հայրենիք:

Իր խոսքում Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը նշեց, որ նմանատիպ բոլոր նախաձեռնություններին քաղաքային իշխանությունները պատրաստակամ են օգնելու եւ օժանդակելու իրենց բոլոր հնարավոր միջոցներով:

Հրաձգարանի բացման արարողությունն անցավ բավական ուրախ ու ջերմ մթնոլորտում, իսկ ուրախության ու խանդավառության ամենամեծ չափաբաժինը, անշուշտ, երիտասարդներինն էր, որոնց համար անակնկալ էր հրաձգարանի բացումը: Քաղաքում սա նորություն է, եւ պատանիները, նշանառության դասընթացներին հետեւելուց հետո առավել պատրաստված կլինեն ծառայելու հայոց բանակին ու հայրենիքին:

Նշենք, որ հրաձգարանը նախատեսված է 10-16 տարեկան պատանիների համար: Նախնական յուրաքանչյուր դպրոցից դասընթացներին մասնակցելու համար ընտրվել են 10-15 աշակերտներՙ ե՛ւ տղաներ, ե՛ւ աղջիկներ, իսկ յուրաքանչյուր դպրոցը դասընթացներին մասնակցելու հնարավորություն կունենա շաբաթական մեկ օր:

Վերջում հայտարարվեց, որ ՌԱԿ Ա. Եկարյան հրաձգարանի ստեղծումը պիլոտային ծրագրի առաջին փուլն է, որը հետագայում, գոհացուցիչ արդյունքների դեպքում, կունենա շարունակությունՙ սահմանամերձ այլ շրջաններում եւս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.