AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2017-09-29 15:15:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 13421, Տպվել է` 2486, Ուղարկվել է էլ.փոստով` 0

3,6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԲՈՆՈՒՍ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԿԱՄ` ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԶԻՆՈՒՄ ՄԵՐ ԹՇՆԱՄՈՒՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Եվս 40 մլրդ դոլարի ներդրումներ եվրոպական ընկերություններից Բաքվում կնքված նոր «դարի գործարքով»

Հենց այդքանՙ 3,6 մլրդ դոլար գումար արեւմտյան ընկերությունները կնվիրեն Ադրբեջանին, ըստ օրերս այդ երկրում ստորագրված նավթային երկրորդ, այսպես կոչվածՙ «դարի գործարքի»: Ընդգծենք, որ սա միայն այն բունուսն է, որ բրիտանական «Բրիթիշ պետրոլիումի» գլխավորած ընկերությունները մի քանի տարիների ընթացքում կվճարեն մեր թշնամի եւ մեզ հետ պատերազմի մեջ գտնվող երկրինՙ «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նավթի հանքավայրի մինչեւ 2050 թվականը շահագործելու եւ նավթ արդյունահանելու համար:

Վերոնշյալ գումարը կստանա Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, որտեղ մոտ 32 մլրդ դոլար կար: Վերջին տարիներին նավթի գների կտրուկ անկումը Ադրբեջանի կառավարությանը դժվարին իրավիճակի մեջ է դրել, եւ այս հիմնադրամը համարվում է այն հույսը, որ պետք է փրկի այդ երկրի տնտեսությունը ցնցումների ժամանակ: Եվ ահա, շնորհիվ արեւմտյան ընկերությունների տրամադրած դրամաշնորհի, Ադրբեջանը եւ նրա նավթային հիմնադրամը շունչ քաշելու հնարավորություն ստացան: Եվ սա միայն այն փոքր մասն է, որ Ադրբեջանը ստացել է վերոնշյալ գործարքի շնորհիվ, որին, մեր եվրոպասերներն ու ամերիկասերները բացարձակապես չեն անդրադառնում: Ակնհայտ է, որ հանուն սեփական գրպանի պարունակության, վերջիններս չեն կարող քննադատել արեւմտյան ընկերություններին այդ գործարքի համար: Այլ բան է, եթե գործարքը կնքվեր ռուսական ընկերությունների հետ, հիստերիկ վայնասունն ապահովված կլիներ: Ըստ էության, ադրբեջանական նավթարդյունաբերությանը երկրորդ շունչ տալու նպատակ ունեցող գործարքն ուղղված է Հայաստանի եւ Արցախի անվտանգության դեմ, իսկ մեր գրանտակեր «փորձագիտական» եւ լրատվա-քարոզչական դաշտը պապանձվել է: Ինչեւէ:

Համաձայն նոր գործարքի, արեւմտյան ընկերությունների կոնսորցիումը, որի մեջ բացի «Բրիթիշ պետրոլիումից», մտնում են նաեւ «Շեվրոնը», «Էքսոն մոբիլը», «Ստատօյլը» եւ այլ ընկերություններ, ծրագրում է 40 մլրդ դոլարի ներդրում կատարել մինչեւ 2050 թվականը վերոնշյալ հանքավայրի 500 մլն տոննա նավթն արդյունահանելու համար: Ընդ որում, ադրբեջանական նավթային ընկերությունըՙ SOCAR-ը, նոր պայմանագրում արդեն ոչ թե 11,6, այլ 25 տոկոս բաժնեմաս ունի եւ նրան է անցնելու ստացվող շահույթի 75 տոկոսը: Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին նավթի արդյունահանումից 180 մլրդ դոլար կստացվի, իսկ նախորդ 1994-ին կնքված առաջին «դարի գործարքի» շնորհիվ Ադրբեջանում 33 մլրդ դոլարի ներդրումներ կատարվեցին, արդյուհանվեց մոտ 400 մլն տոննա նավթ, իսկ այդ երկիրը ստացավ 125 մլրդ դոլարի եկամուտներ: Ճիշտ է, անցած տարիներին, հատկապես 2003-ից հետո, նավթի գները առնվազն 2,5 անգամ գերազանցում էին ներկայիս գներին, բայց այս գործարքը անկում ապրող ադրբեջանական տնտեսության համար վերականգնվելու հնարավորություն է:

«Բիրթիշ պետրոլիումի» նախագահ Ռոբերտ Դադլին Բաքվում ստորագրված համաձայնագիրը բնորոշել է որպես «նոր հարյուրամյակի գործարք», Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՙ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի համագործակցության նոր փուլ, իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ «ԱՄՆ-ն շատ ուրախ է Ադրբեջանի հետ համագործակցության շարունակման համար»: Բնական է, այս ամենը եւս չեն «տեսնել» կամ «լսել» Հայաստանում այդ երկրների պնակալեզները եւ հենց այս իրավիճակում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարց են բարձրացնում: Ի դեպ, արժե նշել, որ գործարքի կնքման կապակցությամբ Ադրբեջանին իր ուղերձով շնորհավորել է նաեւ մեր հարեւան Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը :

Սակայն, որքան էլ «դարակազմիկ», «պատմական» կամ այլ կերպ բնորոշեն այս գործարքը, նրա արդյունավետությունը պայմանավորող գլխավոր գործոնները լինելու են նավթի գները, նոր արդյունահանվող նավթի ինքնարժեքը եւ իրական պաշարները: Այստեղ արդեն ամեն ինչ այդքան էլ լուսավոր չէ, որքան ցանկանում են ներկայացնել մեր հարեւանները :

Նախՙ բացի նավթի գների անկումից, Ադրբեջանում զուգահեռաբար տարեց-տարի նվազում են դրա արդյունահանման ծավալները: Առավելագույնը եղել է 2010-ինՙ 51 մլն տոննա, այժմ այդ ցուցանիշը հասել է 40 մլն տոննայի: Այս տարվա 7 ամիսներին նավթարդյունահանումը նվազել է եւս 9 տոկոսով: Այնուհետեւ, նոր հանքավայրերը գտնվում են Կասպից ծովի խորքումՙ ի տարբերություն ծանծաղուտում գտնվող եւ ներկայումս շահագործվող հանքավայրերի: Դա նշանակում է, որ նոր հանքերից արդյունահանվող նավթն ավելի թանկ կարժենա եւ ինքնարժեքն ավելի բարձր կլինի: Միանշանակ չեն նաեւ նավթի 500 մլն տոննա պաշարների մասին տվյալները: Մինչ այդ, «Բրիթիշ պետրոլիումը» ադրբեջանական նավթի ապացուցված պաշարները գնահատել էր 620 մլն տոննա, որից 400 մլն տոննան արդեն արդյունահանվել է: Այժմ նշվում է 500 մլն տոննա պաշարների արդյունահանման մասին, բայց ոչ մի տեղ չի նշվում, որ խոսքը ապացուցված պաշարների մասին է: Նկատի ունենալով նաեւ նավթի ներկայիս գները, ակնհայտ է դառնում, որ այս գործարքից սպասելիքները նույնը չեն, ինչպես 1994-ին կնքված առաջին «դարի գործարքից»: Թերեւս այս պայմանագրի հիմնական նպատակը արդյունահանման ներկայիս ծավալների պահպանումն է առաջիկա տարիներին:

Չի կարելի անտեսել նաեւ հարցի քաղաքական եւ քարոզչական կողմըՙ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են եւ մինչ նախկին գործարքի ժամկետի լրանալը նոր գործարք կնքելու Իլհամ Ալիեւի ցանկությունը պայմանավորված է նաեւ սրանով: Առավել եւս, որ այս պահի դրությամբ ադրբեջանական տնտեսության անկումը շարունակվում է: Ըստ այդ երկրի վիճակագրության պետական կոմիտեի տվյալների, հունվար-օգոտստոսին Ադրբեջանի տնտեսական անկումը կազմել է 1,1 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է նավթագազային հատվածում 7,6 տոկոս անկմամբ:

Ամեն դեպքում, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները առայժմ ավելի մեծ են, քան Հայաստանինը: Մեր առջեւ տնտեսական աճի բարձր տեմպի ապահովման հրատապ հարց է ծառացած, եւ Հայաստանի կառավարությունը պարազապես այլ տարբերակ չունի, քան այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարելը: Մյուս կողմից, ԵՄ հետ ասոցիացման պատրաստվող Հայաստանի բարձրագույն իշխանությունը պետք է, ի վերջո, կարողանա հստակ տարբերել, թե ո՞վ եւ ինչպե՞ս է հարստացնում ու զինում Ադրբեջանին եւ հանդես գա համապատասխան կողմին ուղղվածՙ մտահոգություն արտահայտող հայտարարություններով: Այլապես, նրա վարքագիծը առանձնապես չի տարբերվի մեր երկրում գործող քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների մեջ միավորված «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.