AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 65. ԱՏՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



Տեղադրվել է` 2017-09-29 15:15:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 13133, Տպվել է` 2486, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՆԱՑԵՔ ՆՈՐՄԱԼ ՕՐԵՆՔ ԳՐԵՔ, ԿԱՄ` ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՄԻ՛ ԳՐԵՔ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ինչն է առաջացրել Տեղեկատվության ազատության բավական հաջողված օրենքի դրույթների փոփոխությունների անհրաժեշտությունը, երբ այժմ նոր օրենսդրության, նոր Սահմանադրության ու թղթի վրա հանգիստ բազմած զանազան այլ նոր կարգավորումների` կառավարման տարբեր մարմինների ու պաշտոնյաների մասին տեղեկատվությունը պետք է որ առավել թափանցիկ ու բաց լինի գոնե էլեկտրոնային ռեսուրսներով, մնում է անհասկանալի: Զանազան կառույցների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների պահանջներըը հիմա ավելի ընդլայնված են, ուրիշ բան, որ այդ տեղեկությունները թերի են ներկայացվում, կամ դրանց մի մասը չի ներկայացվում տեղեկություն տնօրինողների էլեկտրոնային ռեսուրսներում: Բայց սկզբունքի առումով` օրենսդրությամբ պաշտոնական կառույցների եւ պաշտոնատարների մասին արդեն իսկ լայն տեղեկատվություն հասանելի է հանրությանը: Սա երեւի սկսել է անհանգստացնել մեր պաշտոնյաներին, նրանք էլ փաստորեն տեղեկատվության ազատության մասին նոր նախագծի դրույթներով են ուզում շիրմավորվել:

Եթե Սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջն է գործել նոր նախագծի անհրաժեշտության առումով, այդ դեպքում ինչպես պետք է սողան այն դրույթները, որոնք իրենց ենթատեքստում Սահմանադրությամբ գերակա`մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքի ազատությանն են կչպելու:

Չնայած պաշտոնապես դեռ նախագիծ չկա շրջանառության մեջ, այն շրջանառության մեջ է դրվելու մինչեւ տարեվերջ, սակայն նախագծի տարբերակները, որոնք կարելի է գտնել համացանցի բաց ռեսուրսներում, արդեն անհանգստացրել են լրագրողներին ու քաղհասարակության ներկայացուցիչներին, անգամ այդ թեմայով քննարկումներ են եղել, լրագրողներն ու ԶԼՄ-ներն են արտահայտել իրենց մտահոգությունները: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասում էր, թե պաշտոնապես նախագիծ չի ներկայացվել քննարկման, իսկ լրագրողների մտահոգությունները վերաբերում են նախագծի սեւագիր տարբերակներից մեկին, ինչն անթույլատրելի: Սակայն անգամ եթե սեւագիր տարբերակ է եղել` լրագրողներին անհանգստացնող դրույթներով, արժե այդ մասին բարձրաձայնել, ինչ իմանաս:

Լրագրողների սկսած քննարկումն իմաստ ունի, քանի որ պաշտոնապես շրջանառելուց հետո, երբ մեր օրենքները հատուկ ընթացակարգերով այժմ արագորեն ընդունվում են Ազգային ժողովում, աչքը տեսածից է վախենում, ու այսպիսի քննարկումները կանխարգելիչ նշանակություն կարող են ունենալ: Դե իսկ այս քննարկումները օրենքի հեղինակները կարող են ընդունել օրենքի հանրային քննարկման եւ օրենքը կոնսենսուսով ընդունելու իրենց խոստումի համատեքստում:

Այսպես. հիմա, երբ ցանկացած տեղեկատվություն հնարավոր է ձեռք բերել այլընտրանքային աղբյուրներից` նախագծով սահմանել, թե պետական եւ ինքնակառավարման մասին մարմինների ու պաշտոնյաների մասին տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն, առնվազն տարակուսելի է : Ում համար` ակնհայտ, կամ «հանրային հետաքրքրությունն» ու այդ «ակնհայտը» ովքե՞ր են սահմանելու` մամուլի քարտուղա՞րը, որի խնդիրը հայաստանյան չափանիշներով նախեւառաջ ոչ թե հանրային հետաքրքրությունը բավարարելն է, այլ սեփական շեֆի ու սեփական գերատեսչության շահի պաշտպանումը, այլապես նրան կազատեն աշխատանքից: Է, վերջինիս համար «ակնհայտորեն» հանրային հետաքրքրությունը միշտ կհակասի իր գերատեսչության հետաքրքրությանը: Նույն կերպ հանրային հետաքրքրությունը հակասում է այն պաշտոնյայի շահին, որից լրագրողը կամ քաղաքացին իր ապօրինությունների մասին տեղեկություն է ուզելու: Ինչ, արդեն դատական կարգով լրագրողը պե՞տք ապացուցի իր բարձրացրած հարցի հանրային հետաքրքրության «ակնհայտորենը», իսկ դատարանները մի՞թե լրիիիվ պատահաբար պաշտոնյաներին կամ կառավարման մարմիններին չեն պաշտպանում սովորաբար Հայաստանում:

Կամ` որ թվով նվազ աշխատող ունեցող հիմնարկները, եթե տեղեկություն տրամադրողի ռեսուրսների ու ժամանակի վատնման վտանգ կա` լայնածավալ տեղեկատվության տրամադրման տեսակետից, նույնպես կարող են մերժել տեղեկության տրամադրումը, սա եւս կանոն չի կարող լինել, քանի որ նվազ թվով աշխատող ունեցող հիմնարկը կարող է տնօրինել ողջ հանրությանը վերաբերող տեղեկատվության, ինչպես սակագները կարգավորող հանձնաժողովը կամ ԿԸՀ-ն, կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն են տիրապետում, հետո՞:

Ի՞նչ է ստացվում. այս նախագիծը, թեկուզ նրա սեւագիր տարբերակը, ինչ իմանանք, ոչ թե հանրությանն ու լրագրողների` տեղեկություն ստանալու իրավունքն է պաշտպանում, այլ հանրության մի շատ նվազ շերտի` պաշտոնյաների տեղեկություն չտրամադրելու իրավունքը: Չեղավ:

Մինչեռ դեռ մայիսին արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը այս փոփոխությունները դիտարկում էր օրենքը հակակոռուպցիոն գործիք դարձնելու տեսանկյունից եւ, բացի այդ, օրենքի նպատակ էր անվանում Սահմանադրությամբ տեղեկություն ստանալու մարդու իրավունքի ապահովման մեխանիզմների ներդրումը:

Իսկ, օրինակ, ո՞վ պետք է ապացուցի, որ տեղեկատվության չտրամադրումը, ընդհակառակը, հակասում է քաղաքացու, հանրության` տեղեկացված լինելու սահմանադրական շահերին: Հակասությունը Սահմանադրության հետ «ակնհայտորեն» ակնհայտ է:

Առանց այդ էլ օրենսդրությունն այնքան սահմանափակումներ է մտցրել տեղեկատվության չտրամադրման դեպքերի սանդղակում:

Վերը նշված անհանգստացնող կետերը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման պաշտոնական կայքում չկան:

Չնայած, միեւնույն է, կայքում հրապարակված տարբերակում տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերի մի մասն, օրինակ, միշտ էլ կարելի է տարընթերցել. օրինակ`տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային կամ այլ գաղտնիք, այդ այլի տակ ինչ ասես կարելի է սաղացնել: Կամ` եթե պարունակում է նախաքննության տվյալներ. է, հա, համաձայն ենք, սակայն նաեւ վստահ չենք անողջամիտ ժամկետներով երկարատեւ քննվող գործերում անընդհատ նախաքննական գաղտնիքով ծածկվող մեր իրավապահների վրա, մինչդեռ երբեմն մամուլի հրապարակումները զսպում են տարբեր շարժառիթներով քննության ընթացքը կեղծելու հակումները: Կամ`տեղեկատվության տրամադրմամբ խախտվում են մտավոր սեփականության իրավունքները. հա, բայց մտավոր սեփականության իրավունքները մեզանում համատարած են խախտվում, եթե ընտրողաբար մերժվում է տեղեկության տրամադրումն առանձին դեպքի համար, որ հանրությանն է հետաքրքրում`ապա ամենաթողության լայն դաշտ է բացվում մյուս խախտողների համար. նախ դաշտն այնպես կարգավորեք, որ մտավոր սեփականության գողը համատարած պարսավանքի արժանանա, հետո օրենքով տեղեկության տրամադրումը մերժելը կդիտարկենք բնականոն հարթության մեջ:

Նախագծով առանձնացվելու է տեղեկատվության ազատության խորհուրդ, որը մի շարք պարտականություններ ունի ,այդ թվում` մշտական մոնիթորինգով օրենքի կատարմանը հետեւելու, ՄԻՊ-ի միջոցով տարեկան հաշվետվություն ներկայացնելու, առաջարկներ ձեւավորելու: Խորհուրդը նաեւ վերապատրաստման եւ կրթական ծրագրեր է իրականացնում եւ այլն: Այսինքն` սա մի նոր, լրագրողներին եւ տեղեկատվության ոլորտը հսկող մարմին է՞, անհասկանալի է` տեղեկատվության ազատության կիրառմանը հետեւելու անվան տակ:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասել էր ժամանակին, թե այդ մարմինը տեղեկատվության ազատության ոլորտում լրացուցիչ կառուցակարգեր ստեղծելու նպատակ ունի: Անհասկանալի բառերը, տվյալ դեպքում` կառուցակարգերը, ենթադրում են ինչ-ինչ վերահսկող լիազորություններ, մանավանդ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից (թե՞ արդարադատության նախարարությանը կից դե ֆակտո) է գործելու այդ մարմինը:

Հետաքրքրական է, որ բաց ռեսուրսերում (մեր դիտարկման դեպքում` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում, արդարադատության նախարարության հղումով) օրենքի նախագծի տարբերակին կից հրապարակված են նաեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի առաջարկները նախագծի վերաբերյալ, այդ թվում` որ ՏԱ խորհուրդը չի համապատասխանում ՏԱ լիազոր մարմնի` միջազգայնորեն ընդունված մոդելին, այն պետք է ստեղծվի որպես ինքնավար մարմին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով այդ խորհրդի գործառույթների իրականցումը նպատակահարմար չէ, քանի որ Տեղեկատվության ազատության օրենքի կիրառման տասնչորս տարիների ընթացքում ՄԻՊ-ը չի հանդիսացել ՏԱ իրավունքի պաշտպանության արդյունավետ ատյան:

Ընդհանրապես` առանց լրագրողների կամ մի քանի «էլիտար» լրագրողների ձեւական մասնակցությամբ` տեղեկատվության մասին որեւէ նախագիծ պատրաստելուն պետք է վերջ տալ: Էլի ընդհանրապես` ինձ զարմացնում է, որ պետական կառույցները պարբերաբար ձեռնամուխ են լինում մի ոլորտի օրենսդրական կարգավորումներին, որն առանց այն էլ հիանալի կարգավորված է մյուս օրենքներով ու Սահմանադրությամբ:

Իսկ մեր այս հրապարակումն ավելի շատ աջակցություն է մեդիա ոլորտին` հետագա խոսակցությանը մասնակցելու հայտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.