AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 9295, Տպվել է` 1249, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՍՅՈՒՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սփյուռքը տուն է եկել: Ոչ բոլորը, իհարկե, եւ ոչ բոլոր երկրներից, բայց օրինակ Եթովպիայից եկել են: Եկել են, որ էլի գնան, նախ խոսեն, կարոտն առնեն, քանի որ Հայաստանում առանձնապես բարեկամ չի մնացել, Արարատից կարոտն առնեն, ու որովհետեւ Արարատն էլ Հայաստանում չի մնացել, դրան նայելովՙ կարոտն առնեն ու էլի գնան: Գնան իրենց զարգացած երկրները, որտեղ ոչ անարդարությունն է այնքան շատ, որ լքեն այդ երկրները, ոչ էլ գործերում են այնքան անհաջողակ, որ հեռանան այդ երկրներից: Այլ բան է Հայաստանում, որտեղ, ինչպես գիտենք, ե՛ւ անարդարությունն է չափից դուրս շատ, ե՛ւ գործերում անհաջողության ռիսկն է արտագաղթի մղող: Չնայած Գարեգին Երկրորդ վեհափառ հայրապետն ասում է, թե անարդարությունն ու գործերում անհաջողությունը չեն կարող հայրենիքը լքելու պատճառներ լինել, բայց մենք հո գիտենք, որ հենց այս երկուսն են Հայաստանում եւ ամենուր արտագաղթի պատճառները:

Մի խոսքով, Սփյուռքը տուն է եկել, ու դա չցրտող եղանակի պես հրաշալի է: Բայց ավելի հրաշալի բան կա. մինչեւ 2040-ը, ավելի ճիշտՙ 2040-ին, Հայաստանի բնակչությունը պետք է լինի 4 միլիոն մարդ: Ահարոն Ադիբեկյանը չի ասել, կամ պարզել, նախագահ Սարգսյա՛նն է հայտարարել: Ու եթե հաշվի առնենք, որ նախագահը սա ասել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում, ուրեմն Հայաստանի բնակչությունը գրեթե կրկնապատիկ ավելացնելու հարցում Սերժ Սարգսյանն այդքան էլ հույս չի կապում Հայաստանում բնակվող մայրերի հետ: Նրա հույսը Սփյուռքն է, ու այս առումով ՀՀ նախագահն ամենեւին էլ առանձնահատուկ չէ ու չի տարբերվում մնացած հայաստանցիներից: Դե այսինքն, Սփյուռքը պետք է այնպես անի, որ 2040-ին 4 միլիոն դառնանք, Հայաստանն իր հերթին իրենից կախված ամեն ինչ կանի, անշուշտ, օրինակ ամեն տարի Հայաստան-Սփյուռք գեղեցիկ ու վեհ համաժողովներ կկազմակերպի, որպեսզի տեսնի, թե տվյալ տարում Սփյուռքը որքանո՞վ է հայ համայնքներից մարդկանց մղել դեպի հայրենիք, ինչո՞ւ ավելի շատ չի մղել... Բայց, հասկանալի է, Հայաստանը լցնելու ծրագրի իրականացումն ամբողջությամբ Սփյուռքի ուսերին է: Ինչպես Արամ Ա կաթողիկոսն է ասել նույն համաժողովում, Սփյուռքը մաշվում է... Բայց այս պարագայում ոչ թե Հայաստանն էլ պարպվում է, այլ Սփյուռքը մաշվելու է, որպեսզի Հայաստանը լցվի:

Ընդհանուր առմամբ Հայաստանի բնակչության թվի ավելացումը, այն էլ կրկնապատկելով այն, միայն հայրենասիրություն չէ. բանն այն է, որ որքան շատ քաղաքացի ունենա Հայաստանը, այքան շատ կլինեն հարկատուները, գործ անողները, հետեւաբարՙ գործերը ու դրանց մեջ ինչ-որ մաս ցրելու, վերցնելու, եղբայրաբար կիսելու հայաստանյան քաղաքականությունը: Եւ ուրեմն շատ բնակիչ նշանակում է շատ փող ու շատ փող ունենալու հնարավորություն:

Անշուշտ բնակչության թվի ավելացումը նաեւ զուտ հայրենասիրական նշանակություն ունի, դե օրինակ ավելի շատ մարդիկ կմասնակցեն կառավարության հռչակածՙ Մաքուր Հայաստան ծրագրին ու Հայաստանն ավելի արագ կմաքրվի տարբեր տեսակի կեղտից ու գարշահոտություններից: Ամեն դեպքում պարզապես հրաշալի կլինի, եթե 4 միլիոն դառնանք, թեկուզ 2040-ին, անգամՙ միայն մեկ տարով, որպեսզի հասկանանք-զգանք, թե կարո՞ղ ենք այդքան շատով միաժամանակ ապրել երկրում, եթե շուրջ 3 միլիոնով չենք կարողանում, ապա 4 միլիոնով կարո՞ղ ենք: Մանավանդ, որ մարդկանց Հայաստան վերադարձնելու, իսկ ավելի ճիշտՙ բերելու հարցում Հայաստանը որեւէ պարտավորություն չի ստանձնում կարծես թե, թողնելով, որ Սփյուռքը կազմակերպվի ու հայորդիներին մղի դեպի հայրենիք: Սփյուռքն էլ, իհարկե, կազմակերպվելու հարցում չի շտապելու: Նախ այն ժամանակ, երբ Փասադենայում ցերեկ է, Փարիզի արվարձաններում գիշեր է, իսկ Սիդնեյում նոր է լույսը բացվում, հետեւաբար շատ դժվար է Փասադենայում, Փարիզի արվարձանում ու Սիդնեյում ապրող հայերին ինչ-որ ընդհանուր ժամի հավաքել, որպեսզի կազմակերպվեն: Բացի այդ, Ռուսաստանում ապրող, այդ երկրի քաղաքացի հայը, կարող է եւ չցանկանալ կազմակերպվել Նյու Յորքում ապրող, ԱՄՆ քաղաքացի հայի հետ, քանի որ իրենց երկրները, կրկնում եմ, իրենց երկրները այս պահին ու կարծես թե դեռ երկար, եթե ինչ-որ բան կազմակերպում էլ են, ապա միմյանց դեմ պայքարելու ռազմավարությունը: Այնպես որ Սփյուռքի կազմակերպման համար անհրաժեշտ է, որ Պուտինը սեղմի Թրամփի ձեռքը նորից Մեծ ութնյակ դարձած Մեծ յոթնյակի գագաթաժողովում, Ռուսաստանը մտնի ՆԱՏՕ, կամ ՆԱՏՕ-նՙ Ռուսաստանի թանկագին խաթեր լուծարվի, ու բոլորով, բացի Թուրքիայից, մտնեն ՀԱՊԿ, իսկ Կիմ Չեն Ընը դադարի խաղալ իր միջուկային հրթիռներով, մանավանդ որ, ինչպես Գերմանիայի ԱԳ նախարարն է նրա մասին ասելՙ ԿԺԴՀ առաջնորդն ամենեւին էլ գիժ չէ: Միայն աշխարհումՙ պատերազմ հրահրող տարակարծությունների եւ կամ էմբարգոների հաղթահարումից հետո է հնարավոր, որ աշխարհի պետությունների քաղաքացիները, որոնցից 12-13 միլիոնը հայեր են, կազմակերպվեն, ընդհանուր հայտարարի գան, միասին մի բան անեն, ու այդ բանը պատերազմը չլինի:

Ու քանի որ Քրիստոսի երկրորդ գալստին դեռ երկար ժամանակ կա (ամեն դեպքում աղավնիներն այդ մասին ոչինչ չեն ասում), ապա մնում էՙ 2040-ը դիմավորենք 4 միլիոնով ազգային ծրագրի իրականացման պատասխանատվությունից Սփյուռքին ազատել: Փոխարենը ողջ պատասխանատվությունը ստանձնի Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով, որ մենք երկու հանրապետություն ունենք, 4 միլիոնի համար տեղ հաստատ կգտնվի: Պատասխանատվություն, այսինքն պետականաշինություն, երկրի կառուցում, երբ կարեւորը ոչ թե այն է, որ գալիս են, այլ այն է, որ չեն գնում: Հակառակ պարագայում, եթե Սփյուռքից տասը մարդ, հայրենիքը շատ կարոտած, վերադառնան Հայաստան, ու մեկը, Հայաստանից շատ հոգնած, լքի այն, ապա մենք ոչ 2040-ին ենք լինելու 4 միլիոն, ոչ էլ 2400-ին: Ինչպես կառուցել նման երկի՞ր, նախ արդարության հնարավորինս վերականգնմամբ: Երբ մարդիկ տեսնեն ու զգան, որ իրենք կարող են մնալ Հայաստանում, աշխատել Հայաստանում ու իրենց աշխատավարձով կարող են բնակարան գնել Հայաստանում, մեքենա ձեռք բերել, երեխաներին մեծացնել, նրանց ուսման տալ, ուսման վարձը վճարել, այլ ոչ թե տեսնեն, թե ինչպես է այս ամենը կարողանում հարեւանը, ընդ որումՙ ամենեւին էլ ոչ աշխատավարձով, իսկ իրենք չեն կարողանում ու չեն էլ կարողանալու, քանի որ աշխատավարձի հույսին ապրող հարիֆ են: Արդարություն, այսինքն սիմֆոնիկ նվագախմբի ջութակահարին ավելի բարձր աշխատավարձ, քան խանութի բեռնակրին: Արդարություն, այսինքն հավատ դատարանի նկատմամբ, այսինքն չխաբել, չքցել: Հյուսիս-Հարավը կառուցել, ամեն նորակառույց եկեղեցու կողքին մոմերի մի արտադրամաս գոնե կառուցել, առնվազն երկու-երեք աշխատատեղով, որ հավատան մարդիկ, որ փրկությունը եկեղեցին է: Արդարություն, այսինքն հավատ: Հենց որ դա վերականգնվեց, Հայաստանում եթե կլինի ինչ-որ մեկը, ում գործերը հաջող չեն լինի, ապա ինքը մեղավոր կլինի դրանում, իսկ մայրերն էլ անպայման երկրի բնակչությունը կհասցնեն 4 միլիոնի, ու դա կանեն մինչեւ 2040-ը: Միայն նրանք դա կարող են անել, ո՛չ Սփյուռքը: Երկրի բնակչության ավելացման գործում Սփյուռքը միայն նեցուկ է, ոչ ավելին. կուզե՞նՙ կգան, կտեսնե՞ն, որ Հայաստանում ծնելիության բում է, հետեւաբար կհամոզվե՞ն, որ երկրում ոչ թե հինավուրց անցյալն էՙ կուռուպցիայի մեջ թաղված, այլ կյանք կա ու ապագա կա, կգան: Չեն տեսնիՙ չեն գա: Համաժողովից-համաժողով կգան, մինչեւ դրանից էլ հոգնեն:

Այնպես որ, ես համաձայն եմ, թող մինչեւ 2040-ը Հայաստանի բնակչությունը հասնի 4 միլիոնի, ու թող ՀՀԿ-ն նորից հաղթի ընտրություններումՙ հավաքելով 4 միլիոն 786 հազար 521 մարդու ձայն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.