AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



ՏՆՏԵՍԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 9412, Տպվել է` 1285, Ուղարկվել է էլ.փոստով` 0

5,5 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃՙ Ո՞Ր ՃՅՈՒՂԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎՐԱ Ի՞ՆՉ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տարվա առաջին ութ ամիսների արդյունքում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 5,5 տոկոսով: Եթե նկատի ունենանք, որ հունվար-օգոստոս ժամանակահատվածը տարվա երկու երրորդն է, ապա միանգամայն իրատեսական է տարեկան արդյունքով 5 տոկոսի մոտակայքում տնտեսական աճի ցուցանիշ ունենալու հավանականությունը: Համենայնդեպս, գոնե այս պահի դրությամբ չեն նշմարվում ներքին եւ արտաքին աշխարհից եկող ռիսկեր, որոնք կարող են բացասաբար ազդել տնտեսական այսՙ համեմատաբար բարձր աճի ցուցանիշի վրա, ինչպես դա եղավ անցյալ տարվա վերջին ամիսներին:

Տնտեսական ակտիվության աճի մասին խոսելով հարկ է ընդգծել դրա հիմնական դրական կողմըՙ արդյունաբերության աճի բարձր տեմպը: 2017-ի հունվար-օգոստոսին արդյունաբերական արտադրանքը շարունակում է երկնիշ աճ արձանագրելՙ 12,4 տոկոս: Միանշանակ է, որ խոսել տնտեսական աճի որակական փոփոխության մասին առանց արդյունաբերության, անհնար է: Արդյունաբերության աճին նպաստող գործոնների մասին խոսելով, հարկ է նշել արտաքին բարենապաստ միջավայրըՙ մետաղների բարձր գները, որոնք նպաստում են հանքարդյունաբերության ծավալների ավելացմանը եւ մեր հիմնական գործընկեր երկրների, ամենից առաջ Ռուսաստանի տնտեսական կայունացումն ու փոքր աճը, ինչը նպաստում է մեր պատրաստի արտադրանքի թողարկման եւ իրացման ծավալների ավելացմանը:

Տնտեսության մյուս ճյուղերից ծառայությունների ծավալն աճել է նույնպես 12,4 տոկոսով, առեւտրի ծավալներըՙ 12,3 տոկոսով: Ծառայությունների աճի մեջ զգալի դերակատարում է ունեցել զբոսաշրջության աճըՙ զբոսաշրջիկների թվի էական ավելացումը, ինչի արդյունքում էլ ավելացել է մատուցվող ծառայությունների ծավալը:

Առեւտրի շրջանառությունը չնայած ութ ամիսների արդյունքում աճել է, բայց օգոստոսին հուլիսի համեմատ նվազում է արձանագրել, ինչը, թերեւս, նույնպես բնական պետք է համարել: Օգոստոս ամիսը տնտեսապես պասիվ ամիս է, քանի որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հանգիստ են անցկացնում Հայաստանից դուրս, որն էլ բացասաբար է ազդում առեւտրի ծավալների վրա: Առեւտուրն, իհարկե, հավելյալ արժեք չի ստեղծում եւ նրա աճի միակ դրական պահն այն է, որ վկայում է բնակչության կողմից գնողունակ պահանջարկի ավելացման մասին:

Ինչ մնում է տնտեսության մյուս երկու ճյուղերին, ապա անկումն այստեղ շարունակվում էՙ գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 9,4 տոկոսով, շինարարության ծավալըՙ 8 տոկոսով:

Գյուղատնտեսության համախառն ծավալները թեեւ օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 65 տոկոսով, բայց զիջում են անցյալ տարվա հունվար-օգոստոսի ցուցանիշներին: Շինարարությունում ակնկալվող աշխուժությունն այդպես էլ տեղի չի ունենում, իսկ խոշոր ներդրումային ծրագրերըՙ չեն սկսվում:

Այնուամենայնիվ, հիմնականում շնորհիվ արդյունաբերական արտադրանքի աճի, ավելանում են Հայաստանից արտահանման ծավալները, իսկ բնակչության կողմից գնողունակ պահանջարկի ավելացման արդյունքում էլՙ ներմուծումը: Արտահանումն աճել է 21,7 տոկոսով, կազմելով 1 մլրդ 383 մլն դոլար, իսկ ներմուծումըՙ 26 տոկոսով, կազմելով 2 մլրդ 497 մլն դոլար: Արտահանման ծավալների աճի այս տեմպի պահպանման պարագայում տարեկան արդյունքում այն կգերազանցի 2 մլրդ դոլարի սահմանը:

Ինչ վերաբերում է բնակչությանը առավել հուզող միջին ամսական աշխատավարձի ցուցանիշին, ապա այստեղ դեռեւս լուրջ տեղաշարժ չկա: Միջին անվանական աշխատավարձն անցած 8 ամիսների ընթացքում ավելացել է ընդամենը 2,5 տոկոսով, կազմելով 190 հազար դրամ: Հարկ է նշել, որ այս թվի մեջ ներառված է նաեւ եկամտային հարկի ցուցանիշը, ինչը նշանակում է, որ այսպես կոչված «մաքուր» աշխատավարձը մոտ մեկ քառորդով ավելի փոքր գումար է կազմում: Եթե մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 3,5 տոկոսով, կազմելով 226 հազար դրամ, ապա պետականում գրեթե անփոփոխ է մնացելՙ կազմելով 160 հազար դրամ:

Բնական է, որ 5,5 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում պետք է սոցիալական հետեւանքների ակնկալիքներ լինեն: Եթե իրատես լինենք, ապա մեկ եւ անգամ երկու տարվա ընթացքում այս տեմպով տնտեսական աճի ցուցանիշը բնակչության ընդհանուր վիճակի վրա նկատելի դրական ազդեցություն չի կարող ունենալ: Սակայն, պետության կողմից սոցիալական որոշակի բարելավումները գոնե եկող տարվանից սկսած պետք է իրագործվեն, առավել եւս, որ վերջին երկու տարում աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում տեղի չի ունեցել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.