AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 56. ԲՈՂԿԻ ՊԵՍ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԸ ՃԱԿՆԴԵՂԻ ՊԵՍ ԿԱՐՄՐԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 11631, Տպվել է` 1292, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՀԵՐՙ 6-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՎԱՐՏԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի արդյունքներն ամփոփելիսՙ ցինիկները վստահաբար պիտի գնահատեն այն որպես հաջող եւ շահավետ բիզնես-պրոյեկտ-արտասահմանյան երկրներից այսքան մարդ ժամանեց, օդանավային ընկերությունները շահեցին այսքան, հյուրանոցները, ռեստորանները, սրճարաններն ու կազինոներըՙ այսքան: Առավել ցինիկները պիտի չմոռանան ավելացնել, որ շահողը, ինչպես միշտ, եղավ երկիրը կառավարող վերնախավը, «վերխուշկան», որին պատկանում է այդ «օբյեկտների» մեծամասնությունը, եւ արդեն, պիտի ավելացնեն նույն մարդիկ, համաժողովը կազմակերպել էին հենց դրա համար:

Իսկ գործնապաշտները, ինչպես միշտ իրե՛նց չափումներին հավատարիմՙ պիտի թելադրեն մի քիչ համբերել տեսնելու համար, թե Սփյուռքից ժամանածներից քանի՞սը բիզնես հետաքրքություն ցույց տվեց, քանի՞սը գործնական քայլ կատարեց Հայաստանում գործ դնելու ուղղությամբ:

Իսկ հասարակ ժողովուրդը, թեեւ հոգնած ու ձանձրացած երկուսուկես տասնամյակ իր լսած ամբոխահաճո-պոպուլիստական ելույթներից, այնուամենայնիվ պիտի հիշի ու հիշատակի Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի արտասանած քննադատական խոսքերը երկրում տիրող անարդարությունների եւ անառողջ մթնոլորտի մասին: Եվ սաՙ ասված նույն այն ժողովրդին, որն ապրում է այդ մթնոլորտում, կամ արդեն չի ապրում... եւ, որը, հակադարձորեն, Արամ կաթողիկոսի խոսքերում պիտի փնտրի ու գտնի՛ արդարացումը երկրից հեռանալու իր ցանկության....

Համենայնդեպս, պետք է անկեղծորեն ողջունել 6-րդ համաժողովի կայացումը ընդհանրապես, հակառակ կազմակերպչական որոշ թերություններին, քանի դեռ չի գտնվել, ավելի շուտՙ չի գործում որեւէ այլ ձեւաչափ ու տարբերակ ազգահավաք նման հանդիպումների համար:

Նույնհետայն, եռօրյա հավաքներում հնչած որոշ մտքեր ու գաղափարներ կարող են հետագա արծարծումների, մտքեր շարժող խորհրդածումների լայն առիթ տալ Հայաստանի եւ Սփյուռքի մտածողներին: Եվ, կարծում եմ, հիմնականում հենց դա՛ է այս եւ նման հավաքների որոշակի նպաստը համազգայնական գործընթացներին:

Մինչ այդ, թռուցիկ անդրադառնալով 6-րդ համաժողովի բովանդակային կողմինՙ կարծում եմ ճիշտ կլինի առանձնացնել ելույթներից հատկապես երկուսըՙ Տանն Կիլիկիո կաթողիկոսինը եւ ՀՀ վարչապետինը: Հակադիր մոտեցումներովՙ մեկը զգացական, մյուսըՙ գործնական, սակայն երկուսն էլ նպատակամղված միեւնույն թիրախի երկու կողմերինՙ ազգ-հայրենիք եւ ազգ-պետություն գաղափարներին, ավելի շուտՙ այդ գաղափարների միջեւ գոյություն ունեցող կարեւոր տարբերությանը:

Նախ պետք է նշել, որ կազմակերպիչների թեթեւ, շատ թեթեւ ձեռքով Արամ կաթողիկոսին տրվել էր Սփյուռքը միանձնյա ներկայացնելու դերը, որը նա կատարեց նախանձելի վարպետությամբ, իր խոսքի մեջ խտացնելով այս պահին չխոսկան հարսի կարգավիճակում գտնվող ՀՅԴաշնակցության տեսակետը նաեւՙ համահայկականության սոուսի մեջ: Անշուշտ, Արամ կաթողիկոսը, օգտվելով իրեն տրված պատեհությունից ու մանավանդ Ամենայն հայոց հայրապետիՙ խոսքը գործի վերածելու հնարավորություններից զրկված լինելու կաշկանդումներից, ճիշտ ախտաճանաչումներ կատարեցՙ հատկապես ինչ վերաբերում է ահագնացող արտագաղթին, «փտածության» (կոռուպցիա) աննահանջ ընթացքին, Հայաստանի նկատմամբ Սփյուռքի եւ Սփյուռքի նկատմամբ Հայաստանի պատասխանատվության բացակայությանը եւ նման հարցերի: Սակայն կաթողիկոսը հակասության մեջ էր ինքն իր հետ (միշտ ասել եմՙ Արամ կաթողիկոսի ճառերն ու քարոզները պետք է կարդալ եւ ոչ թե լսել), երբ ասում էր, թե գեղեցիկ լոզունգներով պետք չէ խանդավառվել, սակայն առաջինը ինքն էր խանդավառորեն գեղեցիկ լոզունգներ արտասանում: Ու երկրորդՙ խոսում էր արտագաղթը կանգնեցնելու մասին, սակայն երկրորդական էր համարում բիզնեսի զարգացման առաջնահերթությունը մեր երկրում, որը, ավելորդ է բացատրել, գլխավոր զենքն է աղքատության դեմ պայքարի, որը, հասկանում ենք, հիմնական պատճառն է արտագաղթի: Երրորդՙ ամպագոռգոռ հայտարարություններ էր անում ազգային միասնականության մասին, սակայն, հակառակ «եղբայրականության» երեւույթին, գործնական կյանքում անզիջում կեցվածք է դրսեւորում ազգի տարանջատվածության գլխավոր պատճառներից մեկիՙ Հայ եկեղեցու երկփեղկվածության նկատմամբ, հատկապես գրավված եւ մրցակից թեմերի հարցում: Ինչպես ասում ենՙ զանգ կախելը միշտ ավելի հեշտ է, քան հարց լուծելը:

Գալով մերՙ ի պաշտոնե «հարց լուծողներից» երկրորդինՙ վարչապետ Կարեն Կարապետյանին, երկրի տնտեսական զարգացման եւ դրա մեջ Սփյուռքի ներգրավման դրույթների նրա ներկայացումը, մանավանդ ցարդ արձանագրված քաջալերական ցուցանիշների մատուցմամբ, ըստ ամենայնի գրավիչ ու համոզիչ էին: Սակայն դրանց հետագա իրագործման եւ տեւական զարգացման (sustainatility) խնդիրը, հատկապես ներհայաստանյան անվստահության ներկա մթնոլորտում, եթե ոչ կասկածելի, ապա տարակուսելի է դժբախտաբար:

Մնում է հուսալ, որ առաջիկա ամիսներին ականատես կլինենք երկրի խելամիտ կառավարման եւ ազգ-պետություն գաղափարի իրականացմանը տանող գործնական քայլերի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.