AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



ՄԱՏՂԱՇ ՍԵՐՈՒՆԴ

Տեղադրվել է` 2017-09-07 22:58:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 5788, Տպվել է` 286, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՐՏՈՒԱԼԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՈՍՏԱՅՆԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հոգեբանները զենքերը վայր են դրել. եկել է մի սերունդ, որին դժվար է հոգեբանությանը մինչեւ հիմա հայտնի եւ գործածված մեթոդներով ղեկավարել կամ հասկանալ: Խոսքը վերաբերում է հատկապես վերջին տասը տարում ծնված սերնդին: Թեեւ դրանից առաջ ծնվածներին էլ չի կարելի համարել սովորական սերունդ: Ընդհանրապես յուրաքանչյուր սերունդ պետք է գերազանցի նախորդին, բայց մեր օրերի երեխաներն իրենց մտածելակերպով, հոգեբանությամբ, խառնվածքով ու տեսակով հոգեբաններին ստիպում են մոռանալ բոլոր ավանդական ու անհատական մեթոդները, առավել եւս մարդու ներաշխարհը վերլուծելու եւ նրան տեսակավորելու վաղուց սահմանված կանոնները: Աշխարհի հոգեբաններն անգամ ֆորումներ են անց կացնումՙ խելք խելքի տալու եւ պարզելու նոր սերնդի տեսակը, նրա մտածողությունը, նախասիրությունները, առանձնահատկությունները: Հոգեբանների մասնագիտությունը եւս վտանգված ու կասկածի տակ է առնված: Երեխա-ծնող, երեխա-ուսուցիչ, երեխա-երեխա, երեխա-արտաքին աշխարհ կապերը դուրս են եկել վերահսկողությունից, աղավաղվել, բնականոն զարգացումից շեղվել: Ու դա համատարած է. դեպքերը բացառիկ ու եզակի չեն: Իսկ հոգեբաններին դիմելու դեպքում էլ հրաշքներ չեն կատարվում: Դրանից է, որ նրանք իրար են անցել ու փորձում են հասկանալ մերօրյա մարդու միտքը, նպատակները, դրանցից բխող հետեւանքները:

Ինչո՞ւ եւ ինչո՞վ են այդքան տարբեր այսօրվա երեխաները. նույն հոգեբանները բազմաթիվ պատճառներ են առաջ քաշում: Առանցքային պատճառներից մեկը համակարգիչն է, որը երեխային կտրում է իրական իրականությունից: Վիրտուալ աշխարհը բառացիորեն իշխում է նրա մտքի, հոգու, էության վրա. վիրտուալ է դառնում անգամ երեխայի զգայական աշխարհը: Այդ աշխարհում մարդկային իրական փոխհարաբերություններ չկան, անգամ ծնող-երեխա կապն է խեղվում: Երեխան հարազատ մոր զգացմունքները, նրա լավ ու վատ տրամադրությունն ընկալում է իր համակարգչային խաղերի հերոսների օրինակովՙ փորձելով իրական ծնողի ու վիրտուալ հերոսների միջեւ ընդհանրություններ, նմանություններ, անգամ նրանց արարքների նույնականություն գտնել:

Շատ ծնողներ հիացած պատմում են, թե իրենց մի քանի ամսական երեխան ինչպես է կարողանում համակարգիչը միացնել-անջատել, հեռախոս ու պլանշետ տեսնելիս ինչքան է ոգեւորվում, իսկ խաղալիքի նկատմամբ բացարձակ անտարբեր է: Իրականում հենց այդտեղից է սկսվում երեխայի մեկուսացման, բնական ու իրական կյանքից հրաժարվելու նախնական դրսեւորումը, որը տարիների ընթացքում ավելի ու ավելի է խորանում:

Շատ ծնողների թվում է, թե իրենց երեխան շատ խելոք եւ ուշիմ է, դե ուրիշ ինչպե՞ս նկարագրես այն երեխային, որը ժամերով անշարժ նստած է համակարգչի առաջ, ոչ վազվզում ու սենյակն է թափթփում, ոչ տարօրինակ հարցերով մայրիկ-հայրիկի գլուխն է տանում ու ոչ էլ ընկերների հետ մանկական չարաճճիություններ է անում: Ծնողները կարծում են, թե այդպիսով իրենց երեխան զերծ է մնում դրսի աշխարհի բացասական ներգործություններից, իր հասակակիցների հետ ծեծկռտուքներից ու վեճերից: Իրականում կա մի կարեւորագույն օղակ, որը մեծ դեր է խաղում երեխայի սոցիումի հարցում: Բակ: Բակում երեխան նախապատրաստվում է ավելի հասուն տարիքում իր նմանների հետ փոխհարաբերություններին, բակում նա դրսեւորում է իր հատկանիշները, բնավորությունը, բակային խաղերի ժամանակ ցույց է տալիս իրավիճակն ընկալելու, դժվար կացությունից դուրս գալու, տարեկիցների հետ լեզու գտնելու, ուժերը չափելու ունակությունները: Բակային խաղերում ու բակում իր տարեկիցների հետ շփումներում երեխան մրցակցելու, առաջ մղվելու հմտություններ է ձեռք բերում: Բակային խաղերում հավանականությունը մեծ է, որ երեխան կընկնի, կվնասվի, ընկերների հետ կվիճի ու կկռվի, հաղթանակի հասնելու համար թույլի եւ ուժեղի միջեւ պայքարն իրական ու միգուցե ցավոտ կլինի, բայց դա է հենց հետագա մեծ կյանքի նախապատրաստական շրջանը. բակը կյանքի մանրակերտն է, որի տիրույթում ինքնադրսեւորվելու եւ փորձ ձեռք բերելու դեպքում երեխան կոփվում, թրծվում, բարոյապես ու հոգեպես ամրանում է:

Համակարգչային խաղերի վիրտուալ հնարավորություններին սովոր երեխան մատի հպումով իրեն է ենթարկեցնում խաղի բոլոր կանոններն ու իր հետ «մրցող» հերոսներին: Նրանք բոլորն էլ խամաճիկի պես կատարում են երեխայի հրամանները: Երեխան հեշտությամբ է հասնում երանելի հաղթանակին: Ողբերգությունն սկսվում է այն ժամանակ, երբ երեխան իրական կյանքում իր ուժերը փորձում է իրական մարդկանց ու հանգամանքների հետ: Այստեղ է, որ բախվում են իրական ու վիրտուալ աշխարհները, եւ համակարգչային կյանքի սարքովի «դժվարությունները» հեշտությամբ հաղթահարող երեխան դեմ հանդիման կանգնում է իրական դժվարություններին, շոկ ապրում, թե ինչու ոչ ոք չի ենթարկվում իրեն: Նա ընկճվում, թեւաթափ է լինում ու զենքերն արագ վայր դնում: Վիրտուալ աշխարհում նա ամենակարող է, իսկ իրական պայքարում երեխան գիտակցում է իր անզորությունը , եւ թերարժեքության, սեփական ուժերին չհավատալու զգացումները ներխուժում են երեխայի ներաշխարհ: Իրարամերժ, խորթ զգացողություններն ագրեսիայի համար նպաստավոր պայմաններ են ստեղծում, ու արտաքին աշխարհի առաջին իսկ անհաջող հանդիպումը երեխային ստիպում է այդ աշխարհից հեռու մնալ: Նրան պատում է չհասկացված, մերժված լինելու զգացումը, ինչի պատճառով էլ երեխան սիրով վերադառնում է վիրտուալ աշխարհ, որտեղ ինքը մենակ է ու իր մենակության մեջՙ զորեղ: Իսկ եթե ծնողները, դպրոցն այդ պահերին չփորձեն հասկանալ երեխային ու նրան ձեռք չմեկնեն, ողբերգությունը պատրաստ է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ահաբեկչություն, զանգվածային սպանություններ, անձի հետապնդումներ իրականացնողները մեծ մասամբ չստացված կյանք, ընտանիքի, միջավայրի կողմից չհասկացված, մեկուսացած մարդիկ են, որոնք անձնական մեծ ողբերգություն են ապրել:

Մեր երկրում այս երեւույթները դեռ ահագնացող չափերի չեն հասել, մեր բակերում դեռ կարելի է գտնել հատուկենտ երեխաների: Մեր ազգային հոգեկերտվածքը, բարոյական արժեքները, երեխայապաշտ լինելը թույլ չեն տալիս անդառնալի հեռուն գնալ, բայց կասկածելի էՙ արդյո՞ք հաջորդ սերունդն այդ չափանիշների կրողը եւ արտահայտողը կլինի իր երեխայի նկատմամբ:

Պատկերն ավելի ողբերգական է քաղաքակիրթ Եվրոպայում, որտեղ երեխաները մեծանում են իրենց տան չորս պատերից ներսՙ չհաշված մանկապարտեզում ու դպրոցում անցկացրած մի քանի ժամը: Զարգացած երկրներում բակային խաղերի, տարեկից երեխաների շփումների, մտերմության սովորույթներ չկան, չնայած խաղահրապարակները, երեխաների ժամանցի վայրերն ամեն քայլափոխի են: Եվրոպացիները միմյանց տեսնելիս ժպտում են. այդ հատկանիշը բարեկրթության նշան է: Բայց այդ սինթետիկ ժպիտով հանդերձՙ նրանք կարող են ոստիկան կանչել, երբ զբոսայգու նստարանին նստած լրագիր կարդացող հայրիկն իր երեխային հորդորի մոտենալ ու խաղալ իր տարեկից մեկ այլ երեխայի հետ:

Համակերպվելու հատկանիշը բնորոշ է մարդուն. հարմարվելու միջոցով է մարդը ինտեգրվում տվյալ միջավայրին, պայմաններին ու զարգանալու, առաջ շարժվելու, փոփոխություններ իրականացնելու ձգտումներ դրսեւորում: Սական մեր դարը բնորոշվում է մի բացասական երեւույթով, որ կոչվում է անտարբերություն: Անտարբերությունը եւս հարմարվելու դրսեւորումներից մեկն է, բայց որի հետեւանքներն արդեն աղետալի են դառնում : Մարդկությունը ոչ միայն հարմարվել է ահաբեկչություններին, մարդածին արհավիրքներին, այլեւ անտարբեր դարձել դրանց նկատմամբ: Մենք հասել ենք նրան, որ մարդկության քայլերը դադարել են լինել մարդակենտրոն: Մարդն այլեւս գերագույն արժեք չէ: Նրան կարող է փոխարինել թանկարժեք ավտոմեքենան, պաշտոնը, նյութական ցանկացած մեծ ու փոքր միավոր: Օրինակ, եթե երթուղայինի վարորդը մեկ այլ երթուղայինից ուղեւոր փախցնելու համար երթեւեկության կանոնները խախտում, սահմանված արագությունը գերազանցում է, նշանակում է նրա համար կարեւորվում է ոչ թե մարդը, այլ հարյուր դրամը, որի համար նա պատրաստ է վտանգել մարդկանց կյանքերը:

Աշխարհաքաղաքական բոլոր քայլերը, ՏՏ ոլորտի թռիչքային զարգացումները, տնտեսական ու սոցիալական «բարեփոխումները»ՙ ամենամեծից մինչեւ փոքր, ոչ մարդակենտրոն ու ոչ մարդանպաստ են: Սրա հիմքում միայն նյութականի, փառքի, իշխանատենչության ձգտումները չեն, այլ մարդուն իր նմանից հեռացնելու հեռահար նպատակը: Ընտանիքի, համայնքի, ժողովրդի, ազգի մոդելներն աստիճանաբար աղճատվում են: Ազգություն, լեզու, կրոն, ավանդույթներ, հայրենիք, ծնողներ հասկացություններով են առանձնանում ազգերը: Իսկ աշխարհանվաճման այսօրվա ծրագրերում նման վեհ գաղափարները խանգարիչ դեր են կատարում: Անսեռ, անդեմ, աննկարագիր, միատարր ու միանման զանգված է հարկավոր, որին հնարավոր կլինի իշխել ու ենթարկեցնել վիրտուալ գործիքներով: Իսկ այդ զանգվածի տարրերը չպետք է հարազատական, զգայական, մտավոր, հոգեւոր որեւէ կապով կապված լինեն միմյանց: Մեր շատ տներում այլեւս չկա զրույց, քննարկումներ, մտքերի փոխանակում, կատակ ու աշխուժություն: Ընտանիքի բոլոր անդամները տանն են, բայց լռություն է տիրում. հատկապես երիտասարդներն ու երեխաները չեն շփվում իրար հետ: Ամեն մեկը սավառնում է վիրտուալ աշխարհի իր տիրույթում, իսկ մարդկային պարզ, ընտանեկան, ընկերական շփումները նվազագույնի են հասցվածՙ լավագույն դեպքումՙ մամ, սոված եմ, պապ, փող տուր: Անեկդոտի վերածված դառը ճշմարտություն կա. «Երկու ժամով տան ինտերնետն անջատվեց: Պարզվեցՙ մեր տնեցիները լավ էլ հետաքրքիր մարդիկ են»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.