AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-09-07 22:58:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 11488, Տպվել է` 1773, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԱՐՏԱՍՎՈՒՄ ԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Պատկերացրեք հետեւյալ իրավիճակը. խաչմերուկում, որտեղ լուսացույց չկա, մի կողմում կանգնած է ոստիկանության մեքենան, որը շտապում էՙ մեծ ձկներին գլխից բռնելու եւ ողնաշարը ջարդելու, մյուս կողմիցՙ շտապօգնության մեքենան, որի անվանման մեջ ոչ շտապն է ճիշտ, ոչ էլ օգնությունը, նաեւ հրշեջ մեքենան, որն շտապում է Բյուրականՙ չմարող հրդեհը մարելու, ավելի ճիշտՙ չի շտապում, եւ սովորական մի մեքենա, որը, սակայն, վարում է ասմունքող: Ո՞ւմ պետք է զիջեն առաջինն ացնելու պատիվը... Պարզվում էՙ ասմունքողին, քանի որ նա միակն է այս խաչմերուկում կանգնածներից, որ հայ գրականությունն է ներկայացնում, իսկ դա, հասկանում եք, լուրջ գործ է: Հավանաբար այսպես էր կարծում աշխարհահռչակ ասմունքող Լիանա Զուրաբյանը, որն ամբողջ աշխարհին ներկայացնում է հայ պոեզիան իր ողջ կրքով: Օրինակ սա.

Կուզեմ լինել կրքիդ գերին,

Դու ջուր ուզես, քեզ կաթ տամ,

Միայն պատռիր դոշս կիսաբաց

Տես, թե այնտեղ ինչեր կան...

Մի խոսքով, Լիանան ասմունքում է, ու քանի որ հրավերներ շատ ունի, նաեւ մեքենա է վարում, որպեսզի հասցնի: Մի օր էլ ճանապարհին Լիանային կանգնեցնում է պետավտոտեսուչը: Հիշո՞ւմ եք այն հին անեկդոտը, երբ Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա ու հանկարծ պետավտոտեսուչը կանգնեցնում է... Այ, մոտավորապես այդպես էլ կանգնեցնում են Լիանային: Պարզվում էՙ կինն այնքան է տարված եղել հայ պոեզայի ընտիր գոհարների սերտման սրբասուրբ գործով, որ մոռացել է մեքենայի տեխզննման կտրոնը թարմացնել արդեն երեք ամիս: Ոստիկանը, որը իր եւ Լիանայի ողջ զրույցը տեսանկարահանում է, արձանագրում է խախտումը եւ պահանջում Լիանայի վարորդական իրավունքի տոմսը: Լիանայի ներսում ամեն բան խառնվում է իրարՙ Սահյանըՙ Իսահակյանին, Կապուտիկյանըՙ Դուրյանին, Մեծարենցըՙ Սեւակին, Չարենցըՙ ...Չէ, Չարենցը ոչ մեկին չի խառնվում, քանի որ անխառնելի է: Դեմքին տալովՙ Մայակովսկիի արտահայտությունՙ Լիանան պետավտոտեսուչին ասում էՙ «Դուք գիտե՞ք ես ով եմ»: Դե, մեր պետավտոտեսուչներն էլ, ի տարբերություն ոստիկանապետի, պոեզայի սիրահար չեն, ասմունքի երեկոներ չեն հաճախում, ինչպես 21-րդ դարումՙ շատերը, գուցե ցավոք, եւ Լիանային կանգնեցրածն էլ, անկեղծ պատասխանում էՙ «Ոչ, չեմ ճանաչում»: Կարող էր, իհարկե, պատասխանել, թե դա ի՞նչ կարեւոր է, խախտում եք արել, կանգնեցրել եմ, բայց խեղճ պետավտոտեսուչն ի՞նչ իմանար, թե ո՞ւմ է կանգնեցրել, գուցե իսկապես այնպիսի մեկն է, որի ճանապարհը չեն փակում, եթե ուզում ես, որ քոնը չփակվի: Լիանան, արդեն բարկացայտ աչքերով, ասում էՙ «Ես ասմունքող Լիանա Զուրաբյանն եմ»: Պետավտոտեսուչն առաջին անգամ է լսած լինում այդ անունը, նկատի ունեմՙ ասմունքող եւ բնականաբար, նորից է պահանջում վարորդականը... Հետո սկսվում է իսկական ցասումը. Լիանան բռնկվում է, պահանջում տեսուչից անունը, տեսուչն էլ, թեՙ «Ես Մնացականյանն եմ», Լիանան էլ, թեՙ «Մնացականյան, նենց արա, որ տեղումդ մնաս, հանել չտամ»: Մի խոսքով, Լիանա-պետավտոտեսուչ պոեմը օվկիանոսի ալիքների պես փոթորկում է քաղաքամայր Երեւանի արեւակեզ փողոցում ու տեղափոխվում համացանց, որտեղ ոստիկանություննՙ իր կողմից, Լիանանՙ իր կողմից, միմյանց են նվիրում անսպառ կրքի կաթիլներ, որոնք միահյուսվելով սոցցանցերի այլ օգտատերերի քահ-քահ ծիծաղին, ստեղծում են մի իսկական պոեզիայի երեկո, մի քիչՙ անառակաբարո:

Ով չի տեսել ոստիկանների նկարահանած տեսանյութըՙ Լիանայի մասնակցությամբ, հորդորում եմ անպայման դիտել, առնվազն պոետիկ է:

Բայց մենք այս ամենի հետ կապ չունեցող բանից խոսենք: Լսո՞ւմ եք, թե ինչպես են լալիս արտասանողները, որոնք նախ եւ առաջ բանաստեղծ են ու կարողանում են աշնան մասին գրելՙ առանց աշուն բառն օգտագործելու, բայց այնպես, որ դու զգաս, թե ինչպես են թափվում անձրեւի կաթիլները վրադ եւ կամ ինչպես ես խժռում դեղձը: Ու նրանց կողքին պետավտոտեսուչները, այո նրանք, որոնք եւս մի տաբատ ունենՙ բացի ծառայողականից, այն էլ գնել են 7 տարի առաջ, երբ ամուսնանում էին: Նրանք կան երկրում, նրանք էլ կան երկրում: Չեն հեռացել, հաճախ են մտածել հեռանալու մասին, բայց մնացել են, քանի որ երբ երկրում բանաստեղծ չկա ու օրենքի պաշտպան, երկիրն այդ անգամ փակել հարկավոր չէ. արդեն փակ է: Ու նրանք արտասվում են, քանի որ ասմունքողները պետավտոտեսուչին ասում են, որ արդեն երեք ամիս է չեն հասցնում նորացնել տեխզննման կտրոնը, քանի որ «սաղ օրը ազգի գրականություն եմ ներկայացնում», եւ որովհետեւ պետավտոտեսուչը չի պատժում օրինախախտ վարորդին, որը կարող է ասմունքող լինել, կարող է մարզպետ լինել, կարող է անգամ նախագահի աշխատակազմի ղեկավար լինել: Կապ չունի, ավելի ճիշտՙ ունի, դրա համար էլ Լիանան ասում է, որ ինքը ազգի գրականություն է ներկայացնում, դրա համար էլ պետավտոտեսուչը չի ասում, որ դա կապ չունի:

Դրա համար էլ ոչ ազգի գրականությունն է ներկայացված, ոչ էլ երկրում օրինականությանն են հավատում, ու դրա համար էլ արտասվում են բանաստեղծներն ու ոստիկանները, իսկականները, մնացածները:

Սթափվե՜ք, գժուկներ, սա պոեզիա է, սա օրենք է եւ սա երկիր է, որը չի փակվել ու չի էլ փակվելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.