AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-09-07 22:58:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 7728, Տպվել է` 1808, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՊԱՑԻՔ ՆՈ՜Ր ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բոլորովին պատահական չէր, որ ընդամենը 10 օրում եվրոպական երկու լրատվամիջոց, երկու տարբեր երկրներումՙ Բուլղարիայում եւ Մեծ Բրիտանիայում, բացահայտեցին Ալիեւների իշխանության միջազգային մութ գործարքների եւ արարքների էությունը. հենց այդ երկրներում է հյուսվել խարդախության, կաշառակերության, կեղծարարության եւ ահաբեկչության ադրբեջանական սարդոստայնի եվրոպական հատվածը, որի բացահայտողներն են հանդիսանում, մե՜ծ ուշացումով, բուլղարական Trud.BG կայքը եւ անգլիական հեղինակավոր The Guardian օրաթերթը: Առաջինըՙ հետաքննող լրագրող Դիլյանա Գայթանջիեւայի (Dilyana Gaytandzhieva) գրչով, երկրորդըՙ Լյուկ Հարդինգի (Luke Harding), Կաելայն Բարանդի (Caelainn Barand) եւ Դինա Նահապետյանցի (Dina Nagapetyants) համահեղինակությամբ:

Ըստ առաջին հրապարակման, որն արժեցավ հեղինակի անհապաղ ազատմանը աշխատանքից, 2012-2016 թթ.ին Ադրբեջանի պետական փոխադրողը հանդիսացող Silkway Airlines ընկերության 350 թռիչքներով, «դիվանագիտական անձեռնմխելիության» քողի տակ, օգտագործելով տարբեր երթուղիներ, բայց հիմնականում` բուլղարական Բուրգազը, ազերիները զենք-զինամթերք ու քիմիական նյութեր են առաքել աշխարիհ մի շարք թեժ կետեր, մասնավորաբար Սիրիա, Իրաք, Աֆղանստան եւ անգամ Կոնգո, բոլորն էլ ահաբեկչական կազմակերպություններին, այդ վաճառքի, ավելի ճիշտՙ վերավաճառքի դիմաց գանձելով միլիարդավոր դոլարներ: (Այստեղ տեղին պիտի լիներ հարց տալ մեր դաշնակից ռուսներին, որոնք գլխավոր մատակարարն են այդ սպառազինությունների. մի՞թե չգիտեին, թե ո՞ւմ են տրամադրվում դրանք եւ ո՞ւմ դեմ): Միջազգային դիվանագիտության բոլոր նորմերի խայտառակությունը հանդիսացող այդ գործարքների, ավելի շուտ մաքսանենգության որոշ փաստերին հավելյալ անդրադարձները կարելի է գտնել կողքի սյունակներում եւ հետագա էջերում:

Ինչ վերաբերում է երկրորդՙ «Դը Գարդիանի» հրապարակմանը, ապա այն կատարում է զգայացունց բացահայտումներ, որոնք ապացուցում են, մեզ համար գուցե ավելորդ անգամ, որ ադրբեջանական պալատական էլիտան ոտից գլուխ ներծծված է փողերի լվացման, կաշառատվության, քաղաքական եւ այլ բնույթի խարդավանքներով, օգտագործելով բրիտանական քիչ հայտնի եւ ըստ ամենայնի ոչ թափանցիկ կազմակերպությունների եւ ընկերությունների խողովակները: Հետաքննական այդ հոդվածի տվյալներով, Անգլիան եւ Շոտլանդիան ադրբեջանական սարդոստայնի գլխավոր հենակետերն են, որոնց միջոցով 2012-2014 թթ.ին շուրջ 3 միլիարդ դոլարի թաքուն կամ քողարկված փոխանցումներ են կատարվել 16 հազար անգամՙ մեծ թվով քաղաքական գործիչների, լրատվամիջոցների, լրագրողների, բժշկական ու կրթական հաստատությունների հասցեին, այդ թվում, օրինակ, Լոնդոնում հաստատված Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի բուլղարացի տնօրեն Քալին Միթրեւին (Kalin Mitrev), որի կինը, ի դեպ, UNESCO-ի տնօրեն Իրինա Բուքովան (Irina Bukova) է, որին այդ պաշտոնում այժմ հավակնում է փոխարինել Բյուլբյուլօղլին... (Սա էլ մի ուրիշ պատմություն, որին կանդրադառնանք հետագայում): Այդ փոխանցումներն անշուշտ օրինական կարգով չեն կատարվել, այլՙ կրթաթոշակների, հիվանդանոցային ծախսերի, թանկարժեք նվերների, հյուրանոցային վճարումների, «մարդասիրական» եւ այլ ծրագրերի ֆինանսավորման եւ այլՙ զարմանազան ձեւերով, որոնք, ըստ «Գարդիանի», ֆինանսական վերահսկողական մարմիններում ստացել են «Ադրբեջանական լաունդրոմատ» (Azerbaijani Laundromat) հորջորջումը, «լվացք» եւ «բանկոմատ» բառերի կրճատ համադրմամբ, որի թույլ եւ տկար համարժեքը հայ իրականությունում «խավիարային դիվանագիտություն» է կոչվում: Այլ խոսքով, վերոհիշյալ եւ անշուշտ այլ երկրներում գործում է մի ամբողջ բազմամարդ համակարգ, որի ստեղծման նպատակը, ըստ անգլիական թերթի, իշխանությունը պահպանելու, մամուլի եւ միջազգային տարբեր հիմնարկներում ու ֆորումներում քննադատությունից խուսափելու, մարդու իրավունքների պաշտպաններին ճնշելու համար պատժամիջոցներից խուսափելու նախագահ Ալիեւի ցանկությունն է:

Սակայն երկու լրատվամիջոցներն էլ անտեսում կամ հաշվենկատորեն խուսափում են հայ-ադրբեջանական հակամարտությունը հիշատակելուց, ինչը մեր առաջ խնդիր է դնում բազմապատկելու մեր ջանքերը արտաքին ասպարեզներում: Խնդիրՙ որով պետք է զբաղվի հայկական դիվանագիտությունը, հայկական լոբբիինգը, որոնց համար այս հրապարակումները, որոնց անկասկած հետեւելու են նորերը, նպաստավոր ալիք են ստեղծում, որից պետք է կարողանանք օգտվել եւ շտկել անարդար վերաբերմունքը մեր նկատմամբ, գոնե հասարակական կարծիքի մակարդակում:

Գիտակցել է պետք, որ վերոհիշյալ ուշացած բացահայտումների համար ընտրված այս պահը բոլորովին պատահական չէ: Ադրբեջանը գոնե եվրոպական ասպարեզի վրա սկսել է կորցնել իր շինծու հեղինակությունը: Այս եւ հետագա հրապարակումներից հետո այլեւս եվրոպացի ոչ մի գործիչ չի ուզենա գործարքի մեջ մտնել Ալիեւի կլանի հետ, որն այժմ խեղճացել է նավթադոլարներից եւ «Իսլամական պետության» ու նման կազմակերպությունների ահաբեկչական հաճախորդությունից: Պետք է գիտենալ նպաստավոր քամու օգնությամբ թիավարել ճիշտ ուղղությամբՙ դեպի ճշմարտություն եւ արդարություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.