AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017



Տեղադրվել է` 2017-09-01 14:20:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 9670, Տպվել է` 1836, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕԳՆԵՆՔ ԲԱՆԱԿԻՆ, ԴԵԶԴԵՄՈՆԱ

Հ. ԱՖՅԱՆ

Ժամանակին մի թատրոն կար: Միայն մեկը, առաջինը: Բոլորն այնտեղ էին գնում ու դեռ չէր ծնվել այնպիսի հանդիսատես, որը բեմադրության ընթացքում ոչ թե մտածերՙ տեսածը հասկանալու ուղղությամբ, այլՙ մեկ այլ թատրոն ստեղծելու մասին: Այ հենց այդ առաջին թատրոնում բեմադրություն էր: Բեմում են թագավորը, նրա զորքը, նազիր-վեզիրը, թագուհին, արքայազնը, մյուս արքայազնըՙ «ես երբեք արքա չեմ կարող դառնալ» դեմքի արտահայտությամբ, արքայադուստրը... Մի խոսքով: Հանկարծ, ըստ բեմադրության, բեմում հայտնվում է հարեւան երկրի սուրհանդակը: Նա նամակ է բերում ու այն հանձնելով արքային ասում. «Իմ արքայիցՙ պատվելի արքային, կարդա, ով արքա»: Արքան, կրկին ըստ բեմադրության, բացում է նամակը ու հայտնաբերում, որ այնտեղ ոչինչ գրված չի լինում, մաքուր թուղթ է, սա արդենՙ ըստ բեմադրության չի լինում: Բանն այն է, որ թատրոնի անձնակազմը որոշած է լինում կատակել արքայի դերում հանդես եկող դերասանի հետ ու նրան հանձնել մաքուր թուղթ, սա այն պարագայում, երբ դերասանը երբեք անգիր չէր անում այդ նամակի բովանդակությունը, քանի որ միշտ այն բացում էր եւ կարդում: Հիմա, փաստորեն, նամակում գրված ոչինչ լինում: Բայց, քանի որ արքայի դերասանը մեծ վարպետ է լինում, նա նամակը նորից հանձնում է սուրհանդակին ու, հասկանալի է, ոչ ըստ բեմադրության, ասումՙ «Իմ երկրում ընդունված չէ, որ արքան նամակներ կարդա, այն էլ հարեւան թագավորի. ինքդ կարդա»: Սուրհանդակը վերցնում է նամակը ու որովհետեւ ինքը եւս մեծ դերասան է լինում, պարզապես անբախտ, քանի որ արքա չէր խաղում, այլՙ սուրհանդակ, ասում է. «Ով արքա, իսկ մեր երկրում ընդունված չէ, որ սուրհանդակները կարդալ իմանան, որպեսզի նրանք չկարողանան կարդալ արքաներին ուղղված նամակները: Ես անգրագետ եմ»...

Այստեղ այս պատմությունն ավարտվում է ու հայտնի չէ, թե անբառ նամակն ի վերջո ո՞վ է կարդում, կամ ի՞նչ է անում հանդիսատեսը, կամ որքա՞ն են խմում արքան ու մյուս դերասանններըՙ բեմադրությունից հետո, երբ քննարկելիս են լինում այս պատմական դարձած կատակը, բայց դա երեւի կարեւոր էլ չէ:

Հիշեցի այս պատմությունը, քանի որ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի նոր տնօրեն Վարդան Մկրտչյանին: Վերջինս էլ հայտարարել է, որ բավականին շատ ու մեծ ու լուրջ ծրագրեր ունի, որոնցից կլինեն, օրինակ թատրոնի ֆեյսբուքյան էջի թարմացումը, նոր կայքի թողարկումը եւ այլն: Բայց ամենակարեւորը, պարոն Մկրտչյանը հայտարարել է, որ այս թատերաշրջանից սկսած, թատրոնի եւ ՊՆ-ի համագործակցության արդյունքում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի յուրաքանչյուր տոմսի 10 տոկոսն իրենք կուղղեն հայոց բանակին:

Գաղափարն ինքնին հրաշալի է, ավելի ճիշտՙ լավն է, ավելի ճիշտՙ վատը չէ... Մի խոսքով, այսուհետ նրանք, ովքեր թատրոն չեն գնաՙ բանակին լավություն չեն անի, քանի որ նրանք, ովքեր թատրոն կգնան, բանակին լավություն արած կլինեն: Թատրոն, այսինքնՙ Սունդուկյան, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ մյուսներն էլ իրենց տոմսերի 10 տոկոսը չեն ուղղի հայոց բանակին: Պարոն Մկրտչյանը, ցավոք, չի խոսել Սունդուկյանի նոր թատերաշրջանում սպասվող ներկայացումների մասին, գոնե պիեսների վերնագրերը տար, ինչը շատ կարեւոր է, կներեք, բայց ավելին, քան այն, թե ուր է գնալու թատրոնի տոմսի 10 տոկոսը: Բանն այն է, որ եթե սունդուկյանցիներին պետք է, որ թատրոն գան նրանք, ովքեր այն սիրում են ու դրանից բան են հասկանում, եւ առհասարակ հասկանալ սիրում են ու ձգտում են, այդ պատճառով էլ թատրոն են գալիս, այլ ոչ թե նրանց պետք է, որ թատրոն ուղղակի շատ մարդ գա, ապա ավելի կարեւոր է այն, թե ինչ ներկայացումներ են խաղալու թատրոնում: Իսկ եթե սունդուկյանցիներին պետք է, որ թատրոնը մարդաշատ լինի, որ ամեն մեկը գա այնտեղ, քանի որ ամեն մեկս էլ մտածում ենք բանակին օգնելու մասին, ու եթե սունդուկյանցիները չգիտեն, որ ամեն մեկը թատրոն չի գնում, հակառակ պարագայում աշխարհի բոլոր թատրոնները փակված կլինեին, ու նրանց դիմաց կանաչի կվաճառեին, ապա այս նախաձեռնությունը լավն է, բանակին օգնելու պես:

Օգնենք բանակին լոզունգը շատ չե՞նք օգտագործում, չե՞նք չարաշահում, ազգամիջյան պառակտիչ պատերազմում դրոշակ չե՞նք դարձնում: Հասկանալի է, անշուշտ, որ մեր բանակն օգնության կարիք ունի, ոչ այնքան, ռուսների, որքանՙ հենց մե՛ր, բայց մարդիկ, այսքան կարելի է՞ բարձրաձայնելՙ օգնենք բանակին: Ինչո՞ւ վատ դրության մեջ դնել նրանց, ովքեր չունեն այդ ամսական լրացուցիչ 2000 դրամը ու չեն կարող գալ Երեւան ու տեսնել, թե ինչպե՞ս է Օթելլոն արդեն քանի՞ դար խեղդում անմահ Դեզդեմոնային, կամ ինչպե՞ս է Համլետը բարձրացնում դարի անլուծելի հարցը: Նրանք ուզում են բանակին օգնել, բայց քանի որ թատրոն չեն կարող գալ, մենք նրանց ասում ենքՙ դուք չեք օգնում բանակին: Սա ճի՞շտ է: Կամ ինչո՞ւ է միայն Սունդուկյանն իր տոմսի 10 տոկոսն ուղղում հայոց բանակին, բա մյուս թատրոնները, Օպերան, պատկերասրահը, պատմության թանգարանը, տուն-թանգարանները չե՞ն ուզում բանակին օգնել: Սունդուկյանն ամենալա՞վն է, ամենահայրենասե՞րն է, ախ պարզապես առաջի՞նն է, շուտով մյուսները եւս միանալո՞ւ են այս նախաձեռնությանը ու մենք ունենալու ենք մի կողմից բանակին օգնող, մյուս կողմից թատրոն սիրող ու հաճախող կիրթ ու հայրենասեր, տոկուն ու իմաստուն, գեղեցիկ, ավելի շատՙ մտքով հասարակությո՞ւն: Ու Սունդուկյանի այս նախաձեռնությունը դրա՞ն է ուղղված... Հնարավոր էՙ այո, բայց ամեն դեպքում մենք հիշում ենք, թե ինչ եղավ առաջին թատրոնի բեմում, երբ հարեւան երկրի սուրհանդակը արքային նամակ բերեց: Հիշում ենք ու հասկանում, որ թատրոնում թղթերը չեն կարեւորը, անգամ եթե դրանք թղթադրամներ են, կամ շատ հայրենասեր որոշումներ, այլ խաղը, դերասանը, վարպետությունը: Սրանք են թատրոն հրավիրում, իսկ բանա՞կը... իսկ բանակը միշտ ստիպում է, տեղեր կան, թատրոնից շատ ու շատ հեռու, եւ արդարացիորեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.