AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017



Տեղադրվել է` 2017-09-01 14:20:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 9688, Տպվել է` 1872, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

«Դպրոցականների պայուսակներըՙ չինական, շալվարներն ու վերնաշապիկներըՙ թուրքական, դպրոցըՙ հայկական»

Երեւանյան տոնավաճառի աղմկոտ երթեւեկն ու շոգն իրենց հորձանուտի մեջ են առնում առեւտրի եկածներին: Խելահեղ երթեւեկի մեջ մխրճվելովՙ շատերը միառժամանակ մոլորված այս ու այն կողմ են շպրտվում, հայացքով չափչփում տոնավաճառի խայտաբղետ ապրանքները, աշխատում արագ սթափվել ու կողմորոշվելՙ ի՞նչ պետք է գնել ու որտեղի՞ց: Շարվեշարան տաղավարների վրա ինչ ասես որ չկա. հագուստ-կոշիկի, կենցաղային իրերի առատությունից ուղեղդ ուղղակի շաղվում է, մանավանդ, երբ կին լինելով հանդերձՙ առեւտրի հետ այդքան էլ սեր չունես: Բայց սեպտեմբերը մոտենում է. երեխաներին դպրոց ճանապահելը հանաք-մասխարա չէ: Ու բազմերանգ տաղավարների մեջ հայացքով փնտրում ես ս--սպիտակ գույները, որ անիմաստ չչափչփես տոնավաճառի անվերջանալի շարքերը:

Խանութներում էլ կա դպրոցական ապրանք. հատկապես ֆիրմային շոր-կոշիկը որակյալ է, բայց դե գներն էլ են «որակյալ»: Մեր երկրում ամեն ինչն աշխարհում ընդունված կանոններին հակառակ է գործում: Օրինակՙ սեպտեմբերմեկի նախօրեին աշխարհի մի շարք երկրներում զեղչային ճկուն համակարգ է գործում, մեզ մոտՙ ընդհակառակը, դպրոցական ապրանքը կրկնակի թանկանում է: Մտնում ես ֆիրմային խանութ, որի վրա գրված է «Back to school . մինչեւ 70 % զեղչ»: Նայում ես պիտակներին. աստղաբաշխական թիվը ցուցադրաբար ջնջված է, դրանից հինգ-վեց հազար դրամ պակաս գին է գրված, տակն էլՙ սմայլիկ. իբր թե զեղչել ենք: Թանկագիններս, այդ նույն վերնաշապիկը տասն օր առաջ ավելի էժան էր, քան հիմա, երբ դրա գինը իբր զեղչել եք:

Մեր խանութների զեղչային տարօրինակ համակարգի խնդիրն առանձին թեմա է. ինչեւէ, երկու-երեք դպրոցական երեխա ունենալու դեպքում ստիպված ես ֆիրմային խանութների մասին մոռանալ ու հույսդ դնել տոնավաճառների վրա: Մի վերջին անգամ շոշափում ես դրամապանակիդ համեստ պարունակությունը, գլուխդՙ բարձր, հայացքդՙ դեպի պայծառ ապագա, առաջՙ դեպի տոնավաճառի հորձանուտ, որտեղ հնարավոր է ապրանքի գները սակարկել ու 1000-2000 դրամով իջեցնել: Իսկ մի քանի վերնաշապիկի, տաբատի, կիսաշրջազգեստի, երկու-երեք զույգ կոշիկի ու պայուսակների պարագայում այդ 1000-2000-ը գումարվում, դառնում է 10.000-20.000 դրամՙ միջին եկամտի տեր ընտանիքի համար գոհացուցիչ խնայողություն: Ուրեմն եւ ստիպված ես թեթեւ նայել տոնավաճառի շարքերում քեզ հրմշտող չաղ տիկնանց, տաղավարներից «էստի համեցեք» անողներին, խաշած եգիպտացորեն, մեջք քորիչ, քիսա, ճանճի դեղ առաջարկող պապիկ-տատիկներին, դերմանտինե կոշիկը կաշվի տեղ սաղացնող, մեկանգամյա օգտագործման դպրոցական պայուսակը «ֆիրմեննի սումկա» որակող առեւտրականին: Ի՞նչ արած. այս կյանքում ամեն մեկը փորձում է իր ձեւով ապրել ու գումար աշխատել:

Տոնավաճառը մեր հասարակության խճանկարն է: Տնովաճառներից առեւտուր է անում մեր հասարակության զգալի մասը, թեեւ հաճախ խնամքով թաքցնում է այդ փաստը: Ու որքան էլ բողոքեն, թե սնկի պես աճող խանութները տոնավաճառների «գործին խփում են», միեւնույն է, բոլոր տոներից ու սեպտեմբերից առաջ հասարակության զգալի մասը տոնավաճառներ է շտապում:

Սեպտեմբերմեկյան հոգսերի մասին են դպրոցահասակ երեխաներ ունեցող մեր հայրենակիցների մտահոգությունները:

Վարդուհի Իսպիրյան (44 տարեկան) - Երկու երեխա ունեմ, չոր հաշվարկովՙ երկուսին դպրոց ճանապարհելու համար հարյուր հազար դրամ է պետք: Հագուստ-կոշիկով չպրծանք. դասագրքերի, տետր-գրիչների փող էլ է պետք: Երկու պայուսակ եմ առել, բայց գիտեմ, որ մինչեւ հունվար էլ չեն ձգելու: Ապրանքն անորակ է, շուտ է փչանում, ոչ փողի մեջ ուժ կա, ոչ ապրանքի: Սիրուն-սիրուն, պսպղան բաներ են կպցնում, երեխեքին էլ խաբում, մեզ էլ. առնում ենք ու ձեռքները կրակն ընկնում: Բայց դե սեպտեմբեր է գալիս, երեխաներն ուրախանում են, ուզում են նոր շոր-կոշիկ հանգնեն, նոր պայուսակ բռնեն, ո՞նց չառնես, կաշվից էլ դուրս գանք, պիտի առնենք, հո մեր երեխեքին հներով չե՞նք ուղարկի դպրոց:

Հայկարամ Մաղաքյան (78) - Ծոռս առաջին դասարան է գնում, պապիկ եմ, բա առաջին պայուսակը ես չառնե՞մ: Թոշակիցս 10.000 դրամ մի կողմ եմ դրել, ըհը, ձեռքս բռնել, ինքն է ինձ խանութ տանում: Ամբողջ ճանապարհին ալիֆրանգի անուն է տվելՙ «սպայդերմեն» է, ինչ է, դրա նկարով պայուսակ է ուզել: Իրեն հետս տանում եմ, որ ցույց տա: Հիմիկվա երեխեքին չգիտե՞ս, իրենց կամքն են թելադրում: Նշանված տղա էի. մայրս ինչ առներ, դա էլ հագնում էի: Կարո՞ղ էի ասելՙ չէ, սա դուրս չի գալիս, էն մյուսն եմ ուզում. քանի՞ գլուխ ունեի ուսերիս: Նույնն էլ նշանածս: Սկեսուրն ինչ առներՙ սուսուփուս կհագներ, չէիր էլ իմանաՙ դուրն եկա՞վ, թե չէ: Բայց դե էդ էլ մի բան չէրՙ մեր մեջ ասած: Հիմա լավ է, որ մի մատ երեխան էլ իր կարծիքն ու ճաշակն է թելադրում:

Ազնիվ Մակարյան (61) - Հարսիս հետ եկել ենք երեխաների համար դպրոցական հոգուստ-պայուսակ առնենք: Անցյալ տարվա համեմատՙ ամեն ինչն էլ ահագին թանկացել է: Երեւի մեր գումարի մեջ չտեղավորվենք: Երեք դպրոցահասարակ երեխա ունենք: Մրգաշատ գյուղից եկել-հասել ենք էստեղ, որ մի քիչ էժան առնենք, թե չէ մեր հարեւանն էլ է էսպիսի բաներ վաճառում, բայց կրկնակի թանկ: Տղա երեխաներ են, շուտ-շուտ մեծանում են, ոչինչ, եթե մի քիչ էլ որակին ուշադրություն չդարձնենք, աշխարհը չի փլվի: Երկու ամսից կոշիկն էլ է փոքրանում, շալվարն էլ: Մտածում ենք երեքին միասին հիսուն հազար դրամը հերիք է: Տեսնենքՙ կտեղավորվե՞նք:

Գայանե Սիմոնյան (56) - Հիմա խանութներն էլ որ ման գաս, հնարավոր է հարմար գնով ապրանք առնես: Բայց սովորել եմ տոնավաճառին: Ամեն ինչ կա, մի քանի ժամում առեւտուրդ կանես-կգնաս: Ուղղակի պետք է լա փնտրես, որ որակն էլ գոնե մի քիչ տեղը լինի: Շատը թուրքական ապրանք է: Հա, ես էլ եմ դեմ թուրքականին, բայց տեղական կա՞: Եթե լինի, բայց նաեւ թանկ չլինի, սիրով կգնեմ: Հայկական արտադրության պայուսակներ եմ տեսել, բայց դրանց մեկի գնով ես երկու հատ թուրքական կառնեմ: Ես ինքս ժամանակին տեքստիլում եմ աշխատել, մեծ արտադրանք էինք տալիս, բայց հիմա ո՞ւր է. ամեն ինչ փլվեց-կորավ, մնացինք թուրքականի ու չինականի հույսին: Թոռներս դպրոց են գնալու. կոշիկնեըՙ չինական, շալվարներն ու վերանաշպիկներըՙ թուրքական, գնացած դպրոցըՙ հայկական: Հսկայական տովաճառ է, տեսեքՙ մի հայկական ապրանք կգտնե՞ք:

Էլեն Մարգարյան (15 տարեկան) - Ես էլ եմ մայրիկիս հետ եկել տոնավաճառ, որ իմ ուզած իրերը գնենք: Գիտե՞ք տոնավաճառից գնված ապրանքի ինչն է վատ, որ գնում ես դպրոց ու տեսնում ես, որ դասարանի կեսը նույն շոր-կոշիկն է հագել: Իսկ ես չեմ սիրում, որ իմ հագուստից ուրիշի վրա էլ եմ տեսնում, մի տեսակ հիասթափվում եմ: Հիմա մայրիկիս նախապատրաստել եմ, որ պիտի երկար ման գանք, մինչեւ իմ ուզածը գտնենք: Նախատեսել ենք մոտ քառասուն հազար դրամՙ չհաշված դասագրքերն ու տետրերը, որ դեռ չենք գնել:

Երկու տոնավաճառներում նախասեպտեմբերյան հարցումները ցույց տվեցին, որ միջին եկամուտ ունեցող ընտանիքները դպրոցահասակ մեկ երեխայի ծախսերը հոգալու համար նախատեսել են քառասուն-հիսուն հազար դրամ, միջինից ցածր եկամուտ ունեցողներըՙ մինչեւ երեսուն հազար: Մեր հայրենակիցների նախասեպտեմբերյան ընդհանուր տրամադրությունը կարելի դրական գնահատել: Ինչքան էլ սուղ լինեն պայմանները, հայ մայրիկ-հայրիկները երեխաների համար ոչինչ չեն խնայում. մեր ազգային առանձնահատկություններից մեկն էլ երեխայապաշտությունն է: Հագուստ-պայուսակի հոգսերից ավելի շատ մեր քաղաքացիներին հուզում են դպրոցական կրթության, ուսուցիչների ցածր որակն ու մակարդակը: Նրանք բողոքում, որ դպրոցներում գործում են երկրորդ եւ երրորդ հերթեր, որոնց պատճառով երեխաների ուսուցումն ավելի անարդյունավետ է դառնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.