AZG Daily #34, 15-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 63. «ԸՍՏԱՀԱ՞Կ», ԹԵ՞ «ՍԸՏԱՀԱԿ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017



Տեղադրվել է` 2017-09-01 14:20:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 9244, Տպվել է` 1855, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Վ ԿՎԵՐԱՄՇԱԿԻ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԾ ԹՈՒՂԹԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա-Հայաստան

Չգիտեմՙ կա՞ վիճակագրություն, թե Հայաստանում տարեկան որքան աղբ է բաժին ընկնում յուրաքանչյուրին: Գերմանիայում այդ թիվը շատերին է վախեցնումՙ 213 կգ: Ու օրեցօր նկատելի է դառնում, որ աղբից ազատվելու շարժումը (Zero Waste) կամ ավելի ճիշտՙ այն նվազագույնի հասցնելու ձգտումը համակում է գերմանացիներին: Հաջորդ հրապարակումներիցս մեկում անպայման կգրեմ այդ աճ արձանագրող շարժման մասին, որ առաջին հերթին մարդկանց մտածողության փոփոխության, որոշ սովորույթներից հրաժարվելու արդյունքում է ալիքվում: Չմոռանամ փոխանցել, որ հիշյալ երկրում դեռ մանկապարտեզում սովորեցնում են աղբը տարանջատելՙ ապակին, ըստ գույների, հավաքվում է կանաչ, սպիտակ, շագանակագույն աղբամաններում, թուղթըՙ կապույտ աղբամանում, պլաստիկըՙ դեղին, բիո կամ բուսական մնացորդըՙ շագանակագույն աղբամանում, էլեկտրո ապրանքը հավաքվում է առանձին, իսկ այն, ինչ չեն կարող տեսակավորել թվարկած ամաններում, հավաքվում է սեւ գույնի մեծ աղբամանում:

Այստեղՙ Երեւանում ձեռքս ուղեղիսՙ Գերմանիայում ստացած հանձնարարականի հետ պայքարի մեջ էՙ ինչպե՞ս բոլորն իրար խառնել... իսկ ամենաշատը տխրում եմ, երբ ծառազուրկ մեր երկրում թուղթն էլ թափում ենք նույն աղբամանում:

Համոզված եմՙ մեր գյուղերում աղբն ավելի նվազ կլինի, քան քաղաքում: Գյուղացիներն ավելի տնտեսվար են, մեզ էլ կարող են հուշել, թե ասենք հավկիթի, վարունգի կեղեւները, սուրճի նստվածքը զորավոր ուժ ունենՙ կարող են պարարտ դարձնել հողը: Այն աղբը, ինչ Երեւանում ինձ է բաժին ընկնում, ամեն օր իսկապես մեծ մտահոգության տեղիք է տալիս. բոլորի նման ամեն ինչ նետում եմ նույն աղբամանը, հետոՙ օրվա վերջին նկատում, որ քաշով ամենածանրՙ բիո աղբը գոնե կարող եմ որպես կոմպոստ պահել, մեր բակի հողին խառնել: Վաղվանից կանեմՙ մտադրվում եմ, հետո ընդհանուրի մտածողությունը, թե «սա Հայաստան է, պիտի վերեւից լինի», խոստովանեմՙ ինձ էլ տարօրինակ ծույլ է դարձնում: Եթե այսօրվա գրածս դառնա երդման նման մի բան, իսկ վաղն ընթերցողի կարծիք շարժելով գործողություն դառնա, պատկերացնում եմ, թե պարարտանյութ ներկրող քանի հակառակորդ եմ ունենալու: Երկյուղ չունեմ, քանզի գիտեմ, որ չափերով փոքր, ծայրահեղություններով ծայրահեղագույն մեր երկրում բոլորի համար հող, արեւ, ջուր ու գործ կա: Թեկուզ աղբ վերամշակելու գործը, որքան մտավոր ներդրում, նույնքանՙ եկամուտ:

Եթե մեր հոգին ցավի կտրված ծառի բունը տեսնելիս, եթե 5- րդ դարի գրավոր մեր մշակույթը մեր մեջ գրի, գրավորի, թղթի հանդեպ հարգանքը վերականգնի, եթե «սովետական» դպրոցականիՙ մակուլատուրա հավաքելու, իսկ դրան ի պարգեւ գիրք ստանալու հիշողությունը հին հասարակարգի նման անցյալ չմնա, կարող ենք այսօր էլ գոնե թուղթը հավաքել- վերամշակել: Կա նիհարիկ կանաչ տարածք, որ հրդեհից մոխրանում է, կացնի տակ է հայտնվում, երբ ֆինանսական կլորիկ եկամուտ են խոստանում դրա դիմաց: Երբ ամեն օր ընդհանուր աղբամանն ենք փորձում նետել նաեւ թուղթն ու ստվարաթուղթը, միտքը ձեռքին կարող է սաստելՙ սա առանձնացնենք: Ես մի կույտ արդեն հավաքել եմ, ո՞ւմ դիմեմ, ո՞ւր տանեմ: Դեռ ոչ մի հրատարակչության դուռը չեմ թակել, զուգարանի թուղթ արտադրող որեւէ ձեռնարկության հեռախոսը չեմ ծանրաբեռնել իմ հարցմամբ: Միգուցե վաղվանից ինձ հետ դո՞ւք էլ հարցում անեք:

Մեկ էլ տեսարՙ մեր բոլորի նախաձեռնությունը երկիրն աղբից մի քանի սանտիմետր մաքրելու, գիրք, տետր, թեկուզ զուգարանի թուղթ ստանալու, ի վերջո անտառ կամ սերունդներ փրկելու ծրագիր դառնա: Գրավոր մեր ժառանգությունը պարտադրում էՙ թուղթը չխառնել ընդհանուր աղբին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.