AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017



Տեղադրվել է` 2017-08-24 23:00:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 7961, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՅԱՆՔԸ ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅԱՍՏԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Հայաստանը որպես զբոսաշրջության երկիր տարեցտարի նոր գրավչություն է ձեռք բերում: Մայր հայրենիքը սփյուռքահայության ճնշող մեծամասնության համար վերածվել է մի հսկա հյուրանոցի, ուր գալիս են բնական սնունդ վայելելու, կարոտախտի, երեխաներին մայրենիին մերձեցնելու եւ այլ մղումներով: Հայաստանն այն յուրահատուկ երկրներից է, ուր այցելող զբոսաշրջիկների 70 տոկոսը ծննդավայրը լքած նույնազգի մարդիկ են, որոնց համար Հայրենիքը շատ հարմար եւ մատչելի հանգստավայր է, ինչպես նաեւՙ այսօր ահաբեկչության սարսափի մեջ ապրող Եվրոպային հաջող փոխարինող երկիր (սատանի ականջը խուլ): Շատերն էլ գալիս, ակնածանքով բացում են իրենց Հայաստան- Տան դուռը, ուր ամեն մի անկյուն ծանոթ է իր լավ ու վատով, տեսնելու թե ի՞նչ է փոխվել նախորդ այցից հետո, արդյո՞ք արտաքուստ գեղեցկացող, եվրոպական քաղաքի սքանչության հավակնող Երեւանում արտաքին տպավորիչ բարեփոխումները համընթաց են ներքին փոփոխություններին:

Ոմանց անձնագրերում վիզայի ժամկետը երկարաձգելու համար կա մեկ հասցեՙ «Շենգավիթի անձնագրային բաժանմունք»: Ու, ինչպես ասում են, այստեղից էլ սկսվում է Հայրենիքը: Չեմ հիշում մի դեպք, որ այստեղ ականատես չլինեմ հերթագոյացման, նյարդային իրարանցման, կապվածՙ ինչ-որ տեղ «անհետացած» աշխատողին սպասելու կամ փաստաթուղթ կրկնօրինակելու համար շենքից դուրս գալու, համապատասխան սարք փնտրելու վերուվարումների հետ: Զարմանալի է, որ ՀՀ ոստիկանության համակարգում, ինչի կատարելագործման եւ մինչեւ ատամները վերազինման համար ոչինչ չի խնայվում, կա այսպիսի վթարային, գյուղական ակումբ հիշեցնող եւ բոլոր առումներով արդիականացման կարոտ հիմնարկություն:

«Քուր ջան, երկու հատ էն սիգարետներից կտա՞ս, մեկ էլ հերթ չկանգնեմ», - դիմում է մեկը Ամիրյան - Մաշտոց հատման անկյունում գտնվող SAS-ի աշխատողին: Հերթ կանգնածները լուռ համբերում են, իսկ բողոք հայտնողը վերածվում է «սպիտակ ագռավի»: Մտովի այս էպիզոդը տեղափոխում եմ ամերիկյան իրականություն, հնարավոր կլինե՞ր արդյոք այս կարգազանցությունն այնտեղ: Ոչ: Նախՙ նույն անձն այլ երկրում հլու-հնազանդ հերթ կկանգներ, որովհետեւ հասարակությունն այդ հարցում ունի զրո հանդուրժողականություն, երկրորդՙ հերթի սպասարկումը կատարվում է էլեկտրոնային կանչերի միջոցով եւ ենթարկվում է տեսագրման: Չկա արտահերթ սպասարկման երեւույթ Ամերիկայում, երբեք չեմ նկատել: Հայաստանում դա կարելի է: Նույնիսկ ասում են, որ հերթ խախտելը հայի գենետիկ շերտերում է, որ սերունդ պետք է փոխվի, որպեսզի այս «խասյաթը» վերանա: Այնինչ շտկել կարելի է օրերի ընթացքում: Միայն պետք է, որ SAS-ի տնօրենությունն իր խանութի մաքրությանը վերաբերող նկատելի բծախնդրությունը, որով ստիպում է տարեց մաքրողին ծնկաչոք սրբել դարակի փոշին, կիրառի նաեւ հերթի խախտում չհանդուրժելու գործում:

Քաղաքում վխտող ծեր մուրացկանների կատարյալ համաճարակ է: Նրանք ամենուր ենՙ հյուրանոցների դիմաց, եկեղեցիների շուրջ, փողոցում կարող են ուղղակի կտրել ճանապարհդ: Տարիներ առաջ այս երեւույթը ազդեցիկ տպավորություն թողեց, այս ամառ հանդիպում են կրկին նույն դեմքերը: Մեր ազգային նկարագրին հասցված եւս մի խորշոմ է սա, ինչի ականատեսն է նաեւ օտարազգի զբոսաշրջիկը: Քաղաքային իշխանություններին կամ պատկան մարմիններին մի՞թե այս վիճակը չի անհանգստացնում: Մաֆիա՞ է սա, թե՞ անհատական դեպքեր, բացահայտել է պետք եւ օգնել մուրացող թոշակառուներին կտրվելու փողոցներից:

Այդ ո՞ր օրենքն է արտոնում, որպեսզի քաղաքային ավտոբուսի վարորդը վիրավորի իջնող ուղեւորին, ափի մեջ զնգացնելով ստացած 5 հատ 20 լումաները. «Տո, ամոթ չի՞ քեզ, էս դու ո՞րտեղից ես գալիս, որ ըսենց փող ես ինձ տալիս...»:

Երեւանն այսքան բազմալեզու երբեւէ չէր եղել: Փողոցը ողողած մարդկային հոսքում աջ ու ձախ ունկիդ են հասնում օտարալեզու խոսքի պատառիկներ, բոլորն էլ ճանաչելի, տիրապետողը դրանց մեջՙ ռուսերենն է: Ռուսաստանից ժամանած հայ մայրն իր երեխայի հետ խոսում է ռուսերեն: Էլ ո՞րն է նպատակը Հայաստան գալու: Եվ սա ամենուր է, Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռում, Ջերմուկ, Սեւան հանգստավայրերում: Կարծես վերադարձ է տեղի ունենում խորհրդային ժամանակների ռուսամանյային, երբ ռուսերենի օգտագործումը էլիտար խավին դասվելու ցուցադրականություն էր: Հայերեն խոսքը գրեթե մեռնում է Ռուսաստանի միլիոնանոց հայ համայնքումՙ հայ Սփյուռքի ամենաթույլ օղակում: Իսկ մայրենիի ուրացումը նույնն է, ինչՙ հայրենադավությունը: Սփյուռքի նախարարության համար սա լուրջ ահազանգ պետք է լինի: Այսուհետ «Արի տուն» հորդորը պետք է փոխարինվի թերեւսՙ «Արի՛ տուն եւ խոսի՛ր հայերեն» պահանջով:

Գուցե մի այսպիսի «ակցիա» հայտարարվի, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, սկսածՙ ՀՀ նախագահից, մյուս տարի իրենց հանգիստն անցկացնեն ոչ թե Շվեյցարիայում, այլՙ Հայաստանի մարզերում: Գուցե դա՞ ստիպի Ջերմուկի «Արմենիա» առողջարանի տնօրենությանը ցանցապատելու հյուրանոցի բոլոր պատուհանները, օդափոխիչ տեղադրելու համարներում, մաքրելու «Գալերիայի» դիմացի մամռակալած ջրավազանը, որպեսզի մոծակների պարսը հյուրերի տեսադաշտը չփակի, խնամելու անտերության մատնված «Ֆիդայիների պուրակը»: Վայոց Ձորի մարզպետարանը գուցե ասֆալտապատի հյուրանոցային համալիրներից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Ջերմուկի բնակիչների փողոցները, մայթերը եւ բակային տարածքները: Միգուցե Սեւանում էլ հնարավոր լինի կանխել լճի ահագնացող էկոլոգիական վիճակը:

Տպավորություն է, որ Հայաստանը մատնված է ապաշնորհ, անտարբեր մենեջմենտի քմահաճույքին: Աշխատում, ավելի շուտՙ շահագործվում են միայն ստորին օղակները, իսկ տնօրենների մակարդակումՙ կատարյալ ինքնաբացարկ է: Հայ զբոսաշրջիկը կվերածվի տանտիրոջ, երբ Հայաստանում կգործեն քաղաքացու իրավունքները պաշտպանող օրենքներ, երբ երկիրը կմաքրվի կառավարման ապատիայի համախտանիշից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.