AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-08-24 23:00:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 10516, Տպվել է` 1790, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐԸՙ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄՇՈՒՇՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեւանի ավագանու Ելք դաշինքը հայտնաբերել է, որ եթե մայրաքաղաքի, օրինակ Սարգիս Կասյանի անունը կրող փողոցն անվանափոխվի եւ ստանա մի շատ հայտնի հայ ու ամենակարեւորը հայասեր գործչի անուն, ապա մենք այլեւս չենք կրի Խորհրդային Միության հետքը: Հետեւաբար, քանի դեռ այդ փողոցը կոչվում է հայ բոլշեւկի անունով, մենք կրելու ենք այդ հետքը, ու քանի որ հենց այդ փողոցում է բացվում գյուղատնտեսական մթերքի տոնավաճառը, ուրեմն այդՙ ստրկատիրության հետքը մթերքի միջոցով ներթափանցելու է մեր օրգանիզմ ու մենք այն կրելու ենք արդեն մերՙ բառիս բուն իմաստով ներսում: Այս համատեքստում Ելքն առաջարկում է Երեւանի այն փողոցները, որոնք կրում են բոլշեւիկ գործիչների անուններ, արագորեն անվանափոխել:

Անկեղծ ասած, Երեւանի ավագանու վերջին ընտրություններին ես կարծում էի, որ Ելքը, մտնելով քաղաքապետարան, ցույց է տալու այն ճանապարհը, որով գնալիս երեւանցիները մի քիչ գոնե ավելի լավ են ապրելու, եւ հիմա, մի տեսակ չեմ հասկանում, թե որքանով է երեւանցիների բարեկեցությանը նպաստելու օրինակ Սոսե Մայրիկ վերանվանված Կասյան փողոցը, ի՞նչ է, փողոցի անունը փոխելուց հետո փողոցի շենքերի բնակիչներն ավելի լա՞վ են ապրելու... Ու առհասարակ, մեզ պետք են լավ անուններով կեղտոտ փողոցնե՞ր, թե՞ թեկուզ վատ անուններով, բայց մաքուր փողոցներ եւ լավ... ապրուստ:

Բայց թողնենք այս մանր հարցերը քաղաքապետարանը լուծի, մենք ավելի մեծ խոսակցության նյութ ունենք, եթե երկու բառովՙ այն կոչվում է ԽՍՀՄ հետք: Այն, ինչպես հասկացանք, ուզում են ջնջել, իսպառ, քոքը կտրելով, բայց ինչո՞ւ ու ամենակարեւորըՙ ինչպե՞ս: Օրինակ այն մարդկանց, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ում, իսկ նման մարդիկ բոլորիս ընտանիքներում էլ կան, ովքեր մեծացել, սովորել, կրթվել, աշխատել են այդ երկրում, ԽՍՀՄ արժեքների կրողն են, քանի որ այլ արժեքները նրանց անհասանելի են եղել. ի՞նչ ենք անելու: Նրանք հո փողոց չե՞ն, որ անունները փոխենք ու թոթափելով ԽՍՀՄ հետքըՙ միանգամից սկսենք ապրել ազատ, անկախ Հայաստանում, սպանելո՞ւ ենք, թե՞ համբերելու ենք, որ իրենք մահանան, մաքրելով անկախ Հայաստանը անցյալի ստրկության ծանրածանր հետքերից: ԽՍՀՄ-ը մեր պատմությունը չէ՞, թեկուզ անիծյալ, բայց անխուսափելի, թե՞ մենք դաշնակցական Հայաստանի անկումից հետո ազգովին քնել ենք ու զարթնել այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ում արդեն ջինս էին հագնում ու Coca-Cola խմում: Եթե այո, ուրեմն աշխարհահռչակ աստղագետ ու աշխարհի շախմատի չեմպիոն, օրինակ, չունենք, ի դեպ, Վիկտոր Համբարձումյանն ու Տիգրան Պետրոսյանը ոչի՞նչ որ ԽՍՀՄ հետքն են մեր անբասիր անկախության վրա: Ոչ ոք չի հերքում, որ ԽՍՀՄ-ը մեծ հաշվով վատ է անդրադարձել մեր ազգային իղձերին ու նպատակներին հասնելու վրա, եթե, իհարկե, մենք ազգային իղձեր ու նպատակներ ունեցել ենք, կամ ունենք, բայց այդ անծայրածիր երկրում բոլո՞րն էին սրիկա ու հայատյաց: Հասկանալի է անշուշտ, որ ժամանակներն իրենց հերոսներին են բերում, բայց փոփոխվող հերոսները չե՞ն ապացուցում, որ ազգը անհերոս է մնում, ու մի արձան ունի, կամ շենք, որը չի տապալի:

Լավ, եթե Տարոն Մարգարյանը մեղավոր է, որ հին Երեւանն է քանդումՙ մեզ զրկելով քաղաքի պատմական շնչից, բա ԽՍՀՄ հետքը վերացնել ցանկացողներն ի՞նչ են քանդում, չէ՞ որ քանդում են: Օրինակ, երբ հեգնում են այն մարդկանց, ովքեր նշում են, թե այսօրվա Հայաստանը չէր լինի, եթե Խորհրդային Հայաստանը չլիներ, քանդում են: Այո, Հայաստանի առաջին անկախ հանրապետությունը քանդվեց, այդ թվում հայ բոլշեւիկների ձեռամբ, բայց դա պետք է չէ՞ ապացուցի, այդ թվում առաջին հանրապետության երդվյալ սիրահարներին, որ քանդել չի կարելի: Ի դեպ, սիրահարությունը մի վատ կողմ ունի, այն կուրացնում է, ոչինչ չես տեսնում, բացի նրանից, ում սիրահարված ես, այնպես որ, եթե սիրահարվել, ապա ժողովրդին, որը եղել է խորհրդային ժողովուրդներից մեկը ու չի կորել, իսկ եթե հենց այդ ժամանակ չխորհրդայնանար չէ՞ր կորի...

Ու դեռ երկա՞ր ենք ապրելու բոլշեւիկ-դաշնակցական այս մեծ եւ ընդհանրական երկբեւեռության պայմաններում, երբ առաջինները Լենինի արձանն են դնում երկրի հենց սրտում, իսկ երկրորդները դրա տեղում առաջարկում են Արամ Մանուկյանին: Լավ, պարզ չէ՞, որ Լենին քանդելը արտոնելու է Մանուկյան քանդելը, թե՞ Մանուկյանն անհերքելի հերոս է հիմա, իսկ անհերքելի չէ՞ր Լենինը, երբ նրան կանգնեցնում էին: Հայ ժողովրդի համար ոչինչ չի՞ արել, բայց ԽՍՀՄ հայ գործիչները հայ ժողովրդի համար ոչինչ չե՞ն արել, իրո՞ք, առաջին հանրապետության արեւո՞վ եք երդվում...

Իսկ այդ հանրապետությունը մեր պատմությունն է, այնպես ինչպես ԽՍՀՄ-ը, նույնքան, ոչ ավել, ոչ պակաս, երկուսի դեպքում էլ նույնքան անկախ ենք եղել, ավելի անկախՙ հիմա էլ չենք: Իսկ պատմության հետքերը չեն ջնջում, որպեսզի սովորեն, այդ թվումՙ սրիկաներից, կամ ջնջում են, բայց բոլորըՙ ոչինչ չսովորելով, թողնելով սրիկայությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.