AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-08-24 23:00:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 12186, Տպվել է` 1772, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ ԱՐՇԱՎԸ ԿՈՎԿԱՍ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հայաստանի թշնամական հարաբերությունները հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, Ռուսաստան-Վրաստան լարված հարաբերությունների պայմաններում, Կովկասը վերածում են վառոդի տակառի: Ի՞նչպես է իսրայելական գործոնի ներարկումը ազդելու տարածաշրջանի վրա: Սա այն հարցադրումն է, որի շուրջը այժմ մտմտում են գիտակներից շատերը: Հուլիսին Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեբին այցելեց Երեւան, հանդիպեց վարչապետ Կարեն Կարապետյանի եւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետՙ ստորագրելու տնտեսական երկկողմանի համաձայնագրեր, հայտարարելով, որ ինքը Հայաստան է եկել «բեկում» մտցնելու երկու երկրների հարաբերությունների մեջ: Նույն ժամանակամիջոցում, գրեթե զուգահեռաբար, Իսրայել այցելեց Վրաստանի վարչապետ Գեորգի Քիվրիկաշվիլին եւ իր պաշտոնակցիՙ վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ «երկկողմանի հարաբերություններն իրենց երկու երկրների միջեւ զարգանում են շատ արագ եւ թե բարձրաստիճան այցերի փոխանակումը հավելյալ խթան է իրենց համագործակցությանը»:

Մյուս կողմից, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում էր, որ սիրիական պատերազմը հանգուցյալուծելիս «Իսրայելի ապահովական շահերը պետք է հաշվի առնել», նշանակում է, որ այդ երկիրը գտնվում է Ռուսաստանի քաղաքական ռադարի տակ:

Ինչպես տեսնում ենք, հանկարծակիորեն Իսրայելը կովկասյան ասպարեզում դարձել է կարեւոր, հատկապես այն պատճառով, որ այդ երկիրը հետզհետե դուրս է գալիս այժմ ոչ մի երկրի օրակարգի վրա տեղ չունեցող պաղեստինյան հարցի վրա սեւեռվելու պարտադրած մեկուսացումից:

Ոչ պաշտոնական մի կարգախոս գոյություն ունի Մ. Նահանգների պետքարտուղարությունում. որեւէ երկիր, որը իրեն համարում է Ամերիկայի բարեկամ, այդ կարգավիճակին չի կարող հավակնել, եթե մինչ այդ չի դարձել Իսրայելի բարեկամը: Այդ քաղաքականությունը ուժի մեջ է նաեւ ներքին կյանքում: Արդարեւ, երբ նախագահական նախկին թեկնածու, հանրապետական Փաթ Բուքանանն իր «Պահպանողականը» (The Conservative) գրքում հայտարարեց, որ Մ. Նահանգների շահերը գերադաս են Իսրայելի շահերից, փաստորեն անհետացավ հեռուստաընկերությունների էկրանից, որտեղ ոչ շատ ժամանակ առաջ մեծ ժողովրդականություն էր վայելում որպես քաղաքական վերլուծաբան:

Իսրայելն ունի բոլոր հատկանիշները փաստացիորեն դառնալու Հայաստանի լավ դաշնակիցը, սակայն քաղաքական նպատակահարմարությունները գերակայում են եւ պատճառ են դառնում երկու երկրներին հեռու պահելու միմյանցից:

Իսրայելի կարծիքով Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի պայմանների շրջանակում, ինչը նշանակում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է փոխարինի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Իսրայելի ծայրահեղ աջակողմյան արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը վերջերս վերահաստատեց այդ մոտեցումը: Ոչ ավել եւ ոչ պակաս, Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը ավելի լավ բան չարեց, քան «յուղոտելը Ադրբեջանի նախագահ Ալիեւին շողոմ խոսքերով, ասելով, թե ինքը որպես տարածքներ կորցրած կողմՙ կիսում է նրա «ցավը»:

Որպես մի երկիր, որի քաղաքացիների նախահայրերն իրենց հերթին ենթարկվել են զանգվածային ոչնչացման, բնական պիտի լիներ մտածել, որ Իսրայելը բարոյապես պարտադրված պետք է լիներ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Թեեւ պաշտոնական քաղաքականությունը հակված է դեպի ժխտողականություն, սակայն ուժգին ձայներ են հնչում Ակադեմիայում եւ խորհրդարանում հօգուտ ճանաչման: «The Caucasus Chronicals»ը վերջերս վկայակոչում էր հետաքրքրական զարգացումներ այդ ուղղությամբ. «Մինչ իսրայելական ձախակողմյանները, հատկապես Մերեց կուսակցության հանգուցյալ առաջնորդ Յոսի Սարիդը, տեւական ժամանակ համակիր էին հայերին, կենտրոնի եւ աջերի քաղաքական գործիչները հեռու էին պահում իրենց: Այս վիճակն սկսել է ինչ-որ չափով փոխվել: 2013 թ.ից ի վեր Քնեսեթի խոսնակը Լիկուդից Յուլի Էդելշտեյնն է, որը կողմնակից է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն: 2015 թ.ից ի վեր Զեեւ Էլքինը, որ նույնպես Քնեսեթում աջակից է հայկական հարցերին, Նաթանյահուի կաբինետում դարձել է բանալի դեմք: 2015 թ.ին Լիքուդը Երեւան գործուղեց իր անդամինՙ Անատ Բերքոյին մասնակցելու Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին: Իսկ այս տարի, աջակողմյան հակասական մի կերպարՙ Ավիգդոր Էսքինը, որը նախկինում համակրում էր Ադրբեջանին, անակնկալ այց կատարեց Լեռնային Ղարաբաղ»:

Արդյոք այս բոլոր զարգացումները հուշում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի պատրաստակամության մասի՞ն: Հազիվ թե: Քանի որ հարցը այնքան է քաղաքականացվել, որ լավագույն դեպքում այն կարող է դառնալ քաղաքական ջերմաչափ գնահատելու կամ չափելու թուրք-իսրայելական հարաբերությունների ջերմաստիճանը: Հենց որ ճանաչի Ցեղասպանությունը, Իսրայելը կորցրած պիտի լինի քաղաքական կարեւոր մի հաղթաթուղթ, որը կարող է խաղարկել Թուրքիայի դեմՙ ամեն անգամ որ Անկարայից որեւէ զիջում ակնկալի:

Եվս առավելՙ այս բոլոր զարգացումները ժամանակավոր տենդենցներ են թվում այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը ծրագրում է իր նորահայտ գազի մատկարարումները Եվրոպա առաքել Թուրքիայի վրայով:

Քաղաքականության հեգնական ու ցինիկ բնույթը ցույց տալու համար բավարար է մտաբերել 2016-ի ապրիլյան պատերազմը, երբ Ադրբեջանը օգտագործելով իսրայելական «Հարոպ» դրոններ եւ «Սպայք» հակատանկային հրթիռներ, Արցախից հետ կորզեց ռազմավարական նշանակության որոշ դիրքեր: Հենց այդ օրերին Քնեսեթի փոխխոսնակ Թալի Պլոսքովն, որ այցելում էր Հայաստան գլխավորելով խորհրդարանական մի պատվիրակությունՙ հայտարարեց, որ «ուժգնորեն դատապարտում է ազերիական ագրեսիան» եւ կոչ արեց վերադառնալ հրադադարի ռեժիմին:

Նախագահ Ալիեւը պոռոտախոսում է, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները նման են այսբերգի, որի 90 տոկոսը ընկմղված է ջրի տակ: Սակայն դրա մի մասը վերջերս ջրի երես դուրս եկավ, երբ իսրայելական «Հաարեց» թերթը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիեւը 6 միլիոն դոլար արժողությամբ վիլլա է գնել Հայֆայում, մինչ Ալիեւների ընտանիքը 600 միլիոն դոլար է ներդրել Իսրայելի բորսայում:

Երբ Իսրայելը քննադատվում է Ադրբեջանին զենք վաճառելու համար, կառավարության պատասխանը միշտ պատրաստ էՙ նույնը կանի Հայաստանի համար: Երբ Հայաստանի ռազմավարական դաշնակիցըՙ Ռուսաստանը պատերազմող երկու կողմերին էլ զենք վաճառելու միեւնույն դիրքում է գտնվում, հայերս զրկվում ենք Իսրայելի վարմունքի դեմ բողոքելու իրավունքից:

Մեր երկու երկրների միջեւ երկկողմանի հարաբերություններում տեղական քաղաքականությունը նույնպես դեր ունի: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Երուսաղեմի հայազգի բնակչությունը 25000 էր հաշվում: Հաջորդող տասնամյակներին այդ թիվը կայունացավ 15000-ի վրա: Այսօր այդ թիվը նվազել է տասնապատիկՙ 1500: Պարզապես դրամատիկ անկում է սա, որի հետեւում կան առարկայական պատճառներ:

Նմանապես, ռիսկային է Երուսաղեմի Հայոց պատրիարքության կալվածների ճակատագիրը: Վերջերս «The Times of Israel» թերթը տեղեկացրեց, որ «Հույն-ուղղափառ եկեղեցին ձեռք է քաշել իր անշարժ գույքը իսրայելացիներին երկարաժամկետ վարձակալության տալու տասնամյակների պրակտիկայից եւ այժմ պարզապես վաճառել է այն, քանի որ այլեւս չի կարողանում տոկալ իսրայելական իշխանությունների զանգվածային ճնշումներինՙ այն վաճառելու պահանջով»: Սկանդալային այդ գործարքի հետեւանքով Հունաց պատրիարքը ստիպվեց հրաժարական տալ, փոխարինվելով նորով: Միեւնույն ճնշումները կիրառվում են նաեւ Հայոց պատրիարքության վրա: Նույնիսկ ամենաճարպիկ եկեղեցականները պիտի անձնատուր լինեին նման ճնշումների դիմաց: Միայն Աստված գիտի, թե հայապատկան քանի կալված է արդեն կորսվել:

Ակնհայտորեն, վերոհիշյալ խնդիրներից ոչ մեկը չի քննարկվում Հայաստանի ու Իսրայելի միջեւ: Վերեւում ակնարկված «բեկումը» նոր սկիզբ է խոստանում երկու երկրների հարաբերություններում, որոնց միջեւ առեւտրային հաշվեկշիռը ներկայիս հասնում է ողորմելի 8,5 միլիոն դոլարի:

Իսրայելի արշավը կովկասյան տարածաշրջան պայմանավորված է մի քանի գործոններով: Մ. Նահանգները փորձում է սեպ խրել Ռուսաստանի ու տարածաշրջանում նրա դաշնակիցների միջեւ: Եթե Հայաստանը բավարար դրդապատճառներ տեսնի նոր զարգացումներում, կարող է հիմք գցել իր կոմպլեմենտար քաղաքականությունն ամուր կռվանների վրա հաստատելու նպատակով: Հայաստանի մասնակցությունը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններինՙ արդեն իսկ գրգռիչ քայլ է համարվել Մոսկվա-Երեւան հարաբերություններում:

Հաջորդ գործոնը Հայաստանի առեւտրական լուրջ կախվածությունն է Իրանից: Իսրայելն արդեն թակարդել է Բաքվին ընդդեմ Իրանի: Հայաստանի հետ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, մասնավորաբար ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, նվազեցնելու է Հայաստանի կախվածությունը Թեհրանից, ինչը բոնուս է Իսրայելի համար:

Հակառակ Իսրայելի հետ առկա բոլոր խնդիրներին, Հայաստանը կարիք ունի հետապնդելու ռեալպոլիտիկի քաղաքականությունՙ շահելով Վաշինգտոնի բարեհաճությունը: Եվ ինչպես նկատեցինքՙ դա չի կարող պատահել, եթե շրջանցվի Իսրայելը: Իսրայելի պարզած ձիթենու ճյուղը մեկանգամյա պատեհություն է Հայաստանի համար մատչելու Արեւմուտքին: Ի վերջո Վաշինգտոնը Հնդկաստանի պես մեծ երկրին պարտադրեց քաղաքականության փոփոխություն, եւ աշխարհը ականատես դարձավ վարչապետ Նարենդրա Մորդիի այցին Իսրայել: Նույնիսկ Սաուդյան Արաբիան հայտնաբերել է, որ իր վերապրումը պայմանավորված է Իսրայելի բարեկամությամբ:

Քաղաքական իրապաշտությո՛ւնը պիտի ստիպի Հայաստանին բռնելու դեպի իրեն երկարած ձեռքը:

Թարգմ. Հ.Ա., Armenian Mirror-Spectato

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.