AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 65. ԱՏՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Տեղադրվել է` 2017-08-10 22:24:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 22819, Տպվել է` 5284, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԼԻՆԻ ՄԵԿ ՓՈԽԱԴՐՈՂ, ՈՐԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ ԻՆՉՊԵՍ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՈՉ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչ սպասենք Հայաստանում միասնական երթուղային ցանցի ներդրումից

Երեւանի հասարակական տրանսպորտին բազմիցս ենք անդրադարձել, իսկ ահա Հայաստանի մարզերը մայրաքաղաքին եւ միմյանց կապող հասարարական տրանպորտի թեման մի տեսակ դուրս է մնացել մեր եւ ոչ միայն մեր ուշադրությունից: Սակայն, դա ամենեւին էլ չի նշանակում, որ խնդիրներ այստեղ չկան կամ պակաս սրություն ունեն: Կառավարությունում որոշել են անցում կատարել միասնական երթուղային ցանցի եւ հավանության արժանացրել հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Սակայն, նախ անդրադառնանք, թե ինչպիսի՞ն է հասարակական տրանսպորտի վիճակը Հայաստանում (առանց Երեւանի), այնուհետեւ կներկայացնենք, թե ի՞նչ է նախատեսվում իրականացնել այստեղ:

Միջմարզային ավտոբուսային փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ներկա պահին գործում են միջմարզային 47 ավտոբուսային եւ 106 միկրոավտոբուսային երթուղիներՙ 75 փոխադրող կազմակերպություններով: Մարզպետարանների կողմից էլ ձեւավորված են ներմարզային 120 ավտոբուսային եւ 143 միկրոավտոբուսային երթուղիներՙ դրանք շահագործող 70 փոխադրողներով: Միաժամանակ, Հայաստանի 231 համայնքներ ընդհանրապես ապահովված չեն տրանսպորտային սպասարկմամբ, ոչ շահութաբեր լինելու պատճառաբանությամբ: Սա, թերեւս, ամենալուրջ խնդիրն է, բայց ոչ միակը:

Գործող երթուղային ցանցերը չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը: Չվացուցակները կազմվում են այնպես, որ հնարավոր չի լինում ապահովել գյուղերից մինչեւ մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետեւ դեպի Երեւան ուղեւորների արդյունավետ փոխադրումը: Կան շահութաբեր երթուղիներ, կան ոչ շահութաբերՙ կախված բնակավայրերի մեծությունից եւ ուղեւորահոսքի ծավալներից: Ոչ շահութաբեր երթուղիների համար հայտարարված մրցույթները չեն կայանումՙ հայտերի բացակայության պատճառով, ինչի հետեւանքով էլ բազմաթիվ համայնքներում ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ ելումուտ չեն անում:

Ինչ վերաբերում է ավտոկայաններին, ապա դրանց մի մասը տեղակայված է այնպիսի վայրերում, որտեղից ուղեւորափոխադրումներ կա՛մ չեն իրականացվում, կա՛մ իրականացվում են թերբեռնվածությամբ, մյուսներն էլՙ չեն կարողանում ապահովել ուղեւորների պատշաճ սպասարկում, քանի որ տեխնիկական վերազինման կարիք ունեն:

Մարզերի ուղեւորափոխադրումները իրականացվում են տարբեր սակագներով, որոնց տրամաբանությունը շատ հաճախ անհասկանալի է: Երբեմն լինում են գրեթե նույն հեռավորությունն ունեցող երթուղիներ, բայց էապես տարբերվող սակագներով: Բնականաբար, բացակայում է ինչպես միասնական տոմսավորման համակարգը, այնպես էլՙ տեղորոշման համակարգը: Դա հնարավորություն չի տալիս որոշել ուղեւորահոսքի իրական ցուցանիշները եւ թե ինչ տեղատարողության տրանսպորտային միջոցներ է անհրաժեշտ ներգրավել: Որոշ համայնքներ էլ չունեն անցանելի ավտոճանապարհներ կամ դրանք անբարեկարգ են: Կանոնավոր փոխադրումներ իրականացնողների համար անհավասար մրցակցություն են ստեղծում տաքսիները:

Այս ամենի հետեւանքով հաճախակի խախտվում են փոխադրումների միջեւ ընկած ժամային տեւողությունները, փոխադրումները իրականացվում են գերբեռնվածՙ մարդկանց կյանքի եւ առողջության համար վտանգ ստեղծելով, երեկոյան ժամերին նախատեսված փոխադրումներ հաճախ չեն կատարվում եւ այլն:

Այս կացությունը արմատապես փոխելու նպատակով էլ կառավարության որոշմամբ նախատեսվում է անցնել միասնական տրանսպորտային ցանցի: Տեխնիկական առաջադրանքի համաձայն, սահմանվել են օպտիմալ երթուղիներ, դրանց սկզբնակետը, վերջնակետը, միջանկյալ համայնքները, ուղեւորահոսքըՙ ըստ երթուղում ներառված համայնքների, երթերի նախընտրելի ժամերը սկզբնակետից: Մասնավորապես, մարզերում հետեւյալ բաժանումներն են արվել ըստ տարածաշրջանների եւ դրանցում նախատեսված երթուղիների:

Արագածոտնի մարզը բաժանվել է 4 տարածաշրջանների` Թալինի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, որտեղ կձեւավորվի 27 երթուղի: Արարատի մարզը բաժանվել է 4 տարածաշրջանների` Արարատի, Արտաշատի, Վեդիի, Մասիսիՙ դարձյալ 27 երթուղի: Արմավիրի մարզը բաժանվել է 2 տարածաշրջանների` Արմավիրի եւ Վաղարշապատիՙ կգործի 25 երթուղի: Գեղարքունիքի մարզը բաժանվել է 5 տարածաշրջանների` Գավառի, Սեւանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակիՙ 38 երթուղի: Լոռու մարզը բաժանվել է 4 տարածաշրջանների` Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Տաշիրիՙ կձեւավորվի 86 երթուղի: Կոտայքի մարզը բաժանվել է 4 տարածաշրջանների` Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի, Եղվարդիՙ 37 երթուղի: Շիրակի մարզը բաժանվել է 2 տարածաշրջանների` Գյումրիի եւ Արթիկիՙ 54 երթուղի: Սյունիքի մարզը բաժանվել է 3 տարածաշրջանների` Սիսիանի, Գորիսի, Կապանիՙ 26 երթուղի: Վայոց Ձորի մարզը բաժանվել է 2 տարածաշրջանների` Եղեգնաձորի եւ Վայքիՙ 26 երթուղի: Տավուշի մարզը բաժանվել է 4 տարածաշրջանների` Իջեւանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդիՙ 31 երթուղի:

Նախատեսվում է, որ մրցույթներն անց կկացվեն մեկ փաթեթովՙ մարզի խոշոր քաղաքներից կամ մարզկենտրոնից դեպի Երեւան կամ այլ մարզի խոշոր քաղաքներՙ դրանց հարող բոլոր մեծ ու փոքր բնակավայրերին կապող երթուղիներով: Արդյունքում, հնարավոր կլինի ընտրել մեկ փոխադրող, որը կսպասարկի ինչպես շահութաբեր, այնպես էլ ոչ շահութաբեր երթուղիներն ամբողջությամբ: Դրա շնորհիվ կապահովվի բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումը եւ այլեւս չեն լինի համայնքներ, որոնք դուրս կմնան միասնական ցանցից:

Միասնական տրանսսպորտային ցանցի պարագայում կկրճատվի նաեւ ուղեւորության համար ծախսվող ժամանակահատվածը, իսկ ուղեւորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներըՙ մեծ եւ միջին տեղատարությամբ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ եւ այլն, կհամապատասխանեցվեն փաստացի ուղեւորահոսքի ծավալներին: Կբացառվի տրանսպորտային միջոցի թերբեռնվածությունը մի կողմից, ինչը երթուղին կդարձնի տնտեսապես հիմնավորված, մյուս կողմից էլՙ հնարավոր կլինի փոխադրումներ իրականացնել առանց գերբեռնվածության: Կներդրվի միասնական տոմսային համակարգ, իսկ տրանպորտային միջոցներումՙ նաեւ տեղորոշման համակարգ: Փոխադրումների նկատմամբ վերահսկողությունը հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով:

Նոր համակարգի շնորհիվ կբարձրանա ավտոկայանների շահագործման արդյունավետությունը, ավելացնելով նրանց ֆինանսական հոսքերը, հնարավորություն կստեղծվի բարելավել ավտոկայանների տեխնիկական հագեցվածությունը եւ ուղեւորների սպասարկման որակը:

Այս ամենը ենթադրում է, որ այս ոլորտը արմատական փոփոխություններ կկրի, թեեւ դրա համար դեռ որոշակի ժամանակ կպահանջվի: Միաժամանակ, կառավարությունում դեռեւս հստակ ժամկետներ չեն նշել, թե ե՞րբ կյանքի կկոչվի միասնական տրանսպորտային ցանցը Հայաստանի Հանրապետությունում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.