AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-08-10 22:24:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 21912, Տպվել է` 5403, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՖԻԱ ԿԱ»

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Շատ դժվար է սփյուռքահայ մամուլի միջոցով իմանալ Հայաստանում տիրող իրավիճակի, հատկապես բիզնես միջավայրի մասին մեր ազգակիցների իսկական կարծիքը: Թերթերն ու մյուս լրատվամիջոցները սովորաբար ունեն իրենց ավանդական թեմաներըՙ գերազանցապես հենված պաշտոնական տեղեկատվության վրա: Մեր խմբագիրներն ու թղթակիցները ըստ երեւույթին իրենց ավելի հարմար են զգում կուսակցական կամ հատվածական կաղապարվածության մեջ, աչքը հառած իրենց շեֆերի, մեկ էլՙ Սփյուռքի նախարարուհու մեդալների ու հրավերների վրա... Սփյուռքահայ հասարակ մարդը բացակա է գրեթե միշտ, չկա ընթերցողների հետՙ այսպես կոչված ինտերակտիվ երկխոսություն: Ճիշտ է, մեկ-մեկ հանդիպում ենք պոռթկումներիՙ սակայն միայն համազգային բնույթի հարցերի շուրջը:

Վերջերս մի քանի օրով եղա իմ ծննդավայր Բեյրութում, ինձ համար տխուր առիթով: Բնականաբար շատ էին այցելողներըՙ ազգականներ, հին ընկերներ, հարեւաններ: Գրեթե բոլորի մոտ նկատելի էր տագնապը քաղաքական ու տնտեսական անստուգության: Լիբանանի հարեւանությամբ տեղի ունեցող աշխարհացունց իրադարձությունները բնականաբար մտահոգում են փոքրիկ ու գեղեցիկ այս երկրի բոլոր մարդկանց, այդ թվումՙ նաեւ հետզհետե նվազող մեր գաղթօջախի անդամներին: Ու դարձյալ բնականաբարՙ նրանց աչքերը ուղղված են մնում դեպի Հայաստան: Մոտիկից հետեւում են մայր հայրենիքից եկող բոլոր տեղեկություններին, հավատարմորեն հետեւում նաեւ առաջատա՜ր մեր հեռուստաընկերությունների հայկակա՜ն սերիալներինՙ կռիվ, սպանություն, խարդավանք, առեւանգում, բռնաբարություն, դավաճանություն: Սովորել են «առաջատարների» մատուցած գողական ողջ բառապաշարըՙ «փայ մտնել», «վերխը գլխանց տալ», «ատգատ», «ադվիչայ եմ», «բեզպրեդել», «ռուլիտ անել» եւլն: Շատերի մոտ կա ցանկություն եթե ոչ մշտապես Հայաստան տեղափոխվելուՙ ապա Հայաստանում որեւէ գործ ձեռնարկելու, իսկ ավելի զգուշավորների մոտՙ որեւէ բան ձեռնարկելուց առաջ «քննական այց մը» կատարելու: Բայց...

- Հայաստան մաֆիա կա,- գրեթե համոզված են բոլորը:- Պզտիկ գործ մը դնելու համար ալ մաֆիան գլխուդ կկանգնի. կա՛մ իրենց հետ պիտի կիսվիս, կա՛մ կխեղդեն քեզ:

Խոսում են համոզված, առանց շատ կարեւորություն տալու առարկություններիս: Ասում էիՙ բնականաբար Հայաստանում էլ կան գողեր, խաբեբաներ, խարդախներ, կաշառակերներ, բայց միջին հայաստանցին իսկապես գնահատում է ձեռներեցությունը, քաղաքակիրթ նորամուծությունները առեւտրի, արհեստների եւ մյուս ոլորտներում, եւ ամենակարեւորըՙ Հայաստանում իրենց պատկերացրած սիցիլիական մաֆիա, այսինքնՙ օրենքի եւ կարգուկանոնի դեմ կազմակերպված թշնամանք ու հանցագործություն գոյություն չունի:

Խոսակիցներս մի պահ թերահավատ նայում էին ինձ եւ անմիջապես վրա բերում իրենց կամ իրենց ծանոթների հայաստանյան փորձառություններըՙ բոլորն էլ ձախողությունների պատմություններ: Մեկը անցյալ տարի 170 հազար դոլարով Կասկադում բնակարան է գնել, բայց հիմա հայտնվել է բնակարանի մի այլ սեփականատերՙ պետական մի հզոր պաշտոնյայի հովանին վայելող, եւ հետ է պահանջում: Մեկ ուրիշը հայրենի բարձրաստիճան զինվորականների քաջալերանքով 120 հազար դոլարի շաքարավազ է ներկրել երկիրՙ որից մի պտղունց անգամ չեն տվել իրեն, եւ սրտի կաթվածից մահացել է: Մեկ ուրիշը հյուսվածեղենի արտադրություն ձեռնարկելու համար բանկից 600 հազար դոլար վարկ է վերցրել եւ Չինաստանից հոսքագծեր է պատվիրել, սակայն մաքսավորների ձգձգումների հետեւանքով չի կարողացել ժամանակին արտադրություն սկսել, ու հիմա, լիբանանյան արտահայտությամբ, «նստած է ժանթին», այսինքնՙ ավտոմեքենան «բանդաժների» վրա:

Գրեթե համատարած էր դժգոհություն-բողոքը հատկապես մաքսային, առավել եւս հարկային մարմինների դեմ: Կրկին առարկությունսՙ թե Լիբանանն էլ պակաս կաշառասուն երկիր չէ, միաբերան պատասխանեցին. «Ճիշդ է, հոստեղի պետական պաշտոնյաները հրեշտակ չեն, սակայն գործատերը սնանկացնել բնավ չեն ուզեր, հակառակըՙ իրե՛նք ցույց կուտան ճամփան հարկերը ավելի դյուրին վճարելու, որովհետեւ գիտեն, որ եթե կովը լավ պահենՙ իրենք ալ չեն զրկվիր կաթեն»:

Հատկանշական էր խոսակիցներիցս մեկի եզրափակիչ արտահայտությունը. «Եթե ըսածներդ ճիշդ են, որ Հայաստան մաֆիա չկա, ուրեմն պետությունն է մաֆիան»:

Իմ հերթին ուզում եմ հարց տալ մեր իշխանություններինՙ մաֆիա կա՞ Հայաստանում: Ինձ չհաջողվեց տարհամոզել լիբանանահայ ազգակիցներիս. դո՛ւք արեք այդ գործը, ես պարզապես տեղյակ պահեցի ձեզ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.