AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017



ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2017-07-27 21:53:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 7959, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. «ՍՐՏՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԵՆՔ, ՈՐՏԵՂ ԷԼ ԳՏՆՎԵՆՔ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Մայիսի կեսերից Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ խախտեցին հրադադարը եւ շփման գծում հրթիռ կիրառեցինՙ խոցելով ռազմական տեխնիկա: Փաստը չվրիպեց Ռուսաստանի ուշադրությունից եւ հաջորդ օրն իսկ հրավիրած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դատապարտեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկրի ներկայացուցիչՙ կոչ արեց հանդես բերել խոհեմություն ու բանականություն եւ անհրաժեշտ միջոցներ ձեռք առնելՙ հակամարտության գոտում լարվածությունն անհապաղ կանխելու համար:

Գեղեցկատես, հմայիչ ժպիտով եւ խելացի աչքերով 42-ամյա այս կինը շաբաթական մի քանի ճեպազրույց է անցկացնում լրագրողների հետ: Հաճախակի մասնակցելով նրա կազմակերպած հանդիպումներին եւ տեւական ժամանակ մոտիկից հետեւելով նրա ծանրաբեռնված գրաֆիկին ու բուռն իրադարձություններով հագեցած գործունեությանը` կարող եմ փաստել, որ մշտապես զգացել եմ Մարիայի` երբեմն թաքուն, իսկ երբեմն էլ բացահայտ համակրանքն ու ջերմ վերաբերմունքը մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ:

Դեռեւս մեկ տարի առաջ` ապրիլի 2-5-ը, ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակի հարցերով Հայաստան կատարած այցի ժամանակ, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զմայլվել էր Արարատ լեռան գեղեցկությամբ եւ լուսանկարել այն` Զախարովան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Արարատը պատկերող Լավրովի լուսանկարը եւ մակագրել. «Արարատն այսօր ուղղակի գերում էր իր գեղեցկությամբ. Լավրովը չդիմացավ ու լուսանկարեց»...

Ուղիղ մեկ տարի անց` 2017 թ. ապրիլի 24-ին, Մարիա Զախարովան պաշտոնական պատվիրակության կազմում գտնվելով Նյու Յորքում` տեղի հայկական եկեղեցում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ֆեյսբուքյան էջում լուսանկարներ տեղադրել եւ գրառել. «Այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք, որտեղ էլ գտնվենք: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ինչ որ մեկը չի ցանկանում ճանաչել «ցեղասպանություն» բնորոշումը, ինչ որ մեկը կասկածի տակ է դնում զոհերի թիվը, քննարկում` «եղել է, չի եղել: Իսկ Ռուսաստանի Պետդուման դեռեւս 1995 թվականին ընդունել է 1915-1922 թվականներին իր պատմական հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին բանաձեւ»...

Մոսկվա վերադառնալուց հետո, հերթական հանդիպման ժամանակ, Մարիա Զախարովան լրագրողներին կրկին հիշեցրեց, որ ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: «Ռուսաստանի դերակատարումը ԼՂ կարգավորման հարցում բավականին մեծ է,-նշել է Զախարովան եւ հավելել,- ՌԴ-ն վերջին տարիներին արել է մի շարք առաջարկներ, որոնք կողմերին մոտեցրել են վերջնական կարգավորման որոնմանը»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զախարովան նաեւ դժգոհություն է հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներիՙ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունների վերաբերյալՙ անվանելով դրանք լպիրշություն. «Ես անձամբ եմ կարդացել: Դրանք անտաշ հոդվածներ ենՙ առանց վերլուծության կամ կառուցողական քննադատության: Ու այդքանից հետո դուք խնդրում եք ձեզ ավելի շատ տեղեկատվություն տրամադրենք: Խոստովանում եմ, այդպիսի հոդվածներից հետո, անգամ շփվելու ցանկություն չկա»...

Իր բոլոր ճեպազրույցներին, հանդիպումներին եւ ելույթներին մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվող եւ, ընդհանրապես, աշխատանքում վերին աստիճանի կազմակերպվածություն դրսեւորող Մարիա Զախարովան ունի արտակարգ եւ լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան:

Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունն անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրըՙ Վլադիմիր Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում:

1998-ին Մարիան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետըՙ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանումՙ Ռուսաստանի դեսպանատանը: Աշխատակցել է ՌԴ ԱԳՆ «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ պաշտոնավորել ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում: Եղել է ՄԱԿ-ում ՌԴ մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը, 2008-2011 թթ. դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը:

2015-ի օգոստոսի 10-ին նշանակվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն: Ամուսնացած է, ունի անչափահաս աղջիկ` Մարիաննան:

Բարեխիղճ եւ անբասիր գործունեության համար բազմիցս պարգեւատրվել է, այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Մոսկվայի ժուռնալիստների միության եւ այլ գերատեսչությունների ու կազմակերպությունների կողմից:

Անցյալ տարի Մարիա Զախարովայի կերպարին մի նոր հմայք եւ ճանաչում բերեց հայտնի միջադեպը, երբ մայիսի 19-ին Ռուսաստան-Հարավարեւելյան Ասիայի երկրների գագաթաժողովից հետո տեղի ունեցած ընդունելության ժամանակ կատարել է լրագրողներին տված խոստումը եւ պարել «Կալինկա» պարը: Հատկանշական է, որ Զախարովան պարել է 15 սանտիմետրանոց բարձրակրունկներով, իսկ լրագրողներն էլ դեռ երկար ժամանակ սրամտում էին. «Երբ պարում է Մարիա Զախարովան, դիվանագիտությունը լռում է»...

Բայց պետք է ասել, որ դիվանագիտությունն ամենեւին էլ չի լռել եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանելով Մարիա Զախարովայի պարը` նշել է, որ անչափ հավանել է այն...

Կյանքը շարունակվում է: Աշխարհում եւ մեր տարածաշրջանում առջեւում նոր իրադարձություններ են սպասվում, եւ տա Աստված, որ մեր ժողովրդի համար անչափ կարեւոր հակամարտությունը խաղաղ եւ բանական լուծում ստանա:

Այո, մեր հոգու խորքում հավատի եւ հույսի ակնկալիքներ ենք փայփայում, եւ անկեղծ ասած, ապագայի լուսավոր շողեր են արթնանում, երբ մեզ համար տարվա մեջ անչափ կարեւոր մի օր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական եւ գեղեցկատես ներկայացուցչուհին ի լուր աշխարհի հայտարարում է. «Այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք, որտեղ էլ գտնվենք»...

Ես հավատում եմ բարեկիրթ եւ խոստումնալից այդ կնոջը, աղոթում մեր սահմանների անառիկության ու խաղաղության համար եւ ակնկալում նույնքան խաղաղ ապագա մեր Հայրենիքին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.