AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017



Տեղադրվել է` 2017-07-27 21:53:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 8078, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ 6,1 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ, Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այսպիսով 2017-ի առաջին կեսին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 6,1 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս ցուցանիշը փաստում է, որ առայժմ հաջողվում է պահպանել տարեսկզբից արձանագրվող տնտեսական աճիՙ վերջին տարիների համեմատ բարձր տեմպը: Հիշեցնենք, որ 2010-2016 թվականներին միջին տարեկան տնտեսական աճը կազմել է 3,5 տոկոս, իսկ այս տարվա հունվարից մինչեւ ապրիլ տնտեսական աճի ցուցանիշը գտնվում էր 6,5 տոկոսի միջակայքում: Ապրիլին որոշակի պասսիվություն արձանագրվեց, ինչը պայմանավորված էր ընտրական գործընթացներով, երբ սովորաբար սպասողական տրամադրություններ են առաջանում եւ գործարար ակտիվությունը իջնում է: Տնտեսական ակտիվության աճի տեմպը այս պահի դրությամբ կրկին գտնվում է 6 տոկոսից բարձր մակարդակի վրա: Կառավարության պատասխանատուները խոստանում են, որ տարեկան տնտեսական աճը առնվազն 5 տոկոս կլինի: Այսինքն, տարվա առաջին կեսին հաջողվել է ապահովել ավելին, քան նախատեսվել է: Ո՞ր ճյուղերի շնորհիվ է տեղի ունենում տնտեսական ակտիվության աճը եւ ո՞ր ճյուղերն են անկում արձանագրում:

Տարեսկզբից տնտեսական ակտիվության աճը տնտեսության հինգ ճյուղերից երեքի շնորհիվ է արձանագրվում: Արդյունաբերություն, որի ծավալներն առաջին կիսամյակում ավելացել են 12,6 տոկոսով, առեւտրի շրջանառությունՙ 12,8 տոկոսով եւ ծառայություններՙ 10,9 տոկոսով: Մյուս երկու ճյուղերից գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 1,4 տոկոսով, շինարարության ծավալըՙ 10 տոկոսով:

Ամենադրական հանգամանքն, անշուշտ, արդյունաբերությունում արձանագրվող աճն է, թեեւ հունիսին մայիսի համեմատ այս ճյուղի ծավալները որոշակիորեն նվազել են: Այդուհանդերձ, տնտեսական աճի որակական փոփոխությունն առանց արդյունաբերության անհնար է պատկերացնել:

Աճ արձանագրած մյուսը ճյուղն առեւտուրն է, որը, մեծ հաշվով, ոչ մի որակական փոփոխություն չի առաջացնում, այլ միայն վկայում է պահանջարկի ավելացման մասին: Բացի արդյունաբերությունից, գյուղատնտեսությունից եւ մասամբ էլ շինարարությունից, որոնց աճով է պայմանավորվում առեւտրի շրջանառության ծավալների աճը, վերջինիս վրա մեծ ազդեցություն են գործում նաեւ արտերկրից եկող մասնավոր փոխանցումները: Դրանք հիմնականում ուղղվում են մանրածախ առեւտրի, ապա նաեւՙ ծառայությունների ոլորտ:

Ծառայությունների ոլորտում, այդուհանդերձ, կան ճյուղեր, որոնց աճը գումարային հոսք է ապահովում: Խոսքը մասնավորապես զբոսաշրջության մասին է, որի զարգացումը նույն կարեւորությունն ունի, ինչ արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը:

Գյուղատնտեսության համախառն ծավալները դեռ ավելի փոքր են, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածինը, թեեւ միայն հունիս ամսին նախորդ տարվա հունիս ամսվա համեմատ արդեն ծավալների որոշակի աճ է արձանագրվել: Հավանական է, որ հուլիսի ցուցանիշները ավելի բարձր կլինեն նախորդ տարվա հուլիսի հետ եւ յոթ ամիսների արդյունքում գյուղատնտեսությունը նույնպես աճ արձանագրի: Բանն այն է, որ այս տարի գյուղմթերքների սեզոնը եղանակային պայմանների պատճառով մեկ-երկու ամիս հետ ընկավ եւ ամառվա երկրորդ կեսին դա արդեն կերեւա ցուցանիշների վրա: Թեեւ Արամավիրի մարզի 9 գյուղեր լրջորեն տուժեցին ուժեղ կարկուտի հետեւանքով, բայց բերքի ընդհանուր ծավալը Հայաստանում այս տարի նախորդ տարվա համեմատ ավելին կլինի:

Շինարարության ծավալները թեեւ ամսե-ամիս ավելանում են, բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածին դրանք դեռ զիջում են: Այստեղ աշխուժության ակնկալիքները պայմանավորված են մի քանի ոչ մեծ եւ Երեւանում նախատեսված երկու խոշոր ներդրումային ծրագրերովՙ Հին Երեւանի եւ Ֆիրդուսու փողոցին հարող տարածք: Առաջինի իրացումը թեեւ շատ դանդաղ, բայց ընթացքի մեջ է, իսկ երկրորդինը սկսվեց բառացիորեն այս օրերին:

Ինչ կարելի է սպասել տարվա երկրորդ կեսից, փորձենք ներկայացնել ըստ ճյուղերի: Ծառայությունների ոլորտում եւ առեւտրի շրջանառությունում արձանագրվող ցուցանիշները արտացոլելու են տնտեսության իրական հատվածում դրական զարգացումները, զբոսաշրջության հոսքը, ինչպես նաեւ արտերկրից եկող մասնավոր դրամական փոխանցումները: Շատ բան կախված է Ռուսաստանի Դաշնությունից, որտեղից էլ հիմնականում իրենց հարազատների գումարային փոխանցումներ են անում այդ երկրում ապրող մեր հայրենակիցները: Ռուսաստանի տնտեսության վրա դեռեւս մեծ է նավթի միջազգային գների ազդեցությունը, որոնք վերջին ամսվա ընթացքում կրկին նվազել են: Հետեւաբար, դրամական հոսքերի առումով կարող են ռիսկեր առաջանալ եւ այդ դեպքում դա բացասական կազդի նաեւ վերոնշյալ ճյուղերի վրա:

Նկատի ունենալով, որ մեր արդյունաբերության, մասնավորապես պատրաստի արտադրանքի, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքների արտահանման հիմնական երկիրը դարձյալ Ռուսաստանն է, այդ երկրի վիճակի փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ մեր տնտեսության նաեւ իրական հատվածի վրա: Միանշանակ է, որ անհրաժեշտ է ընդլայնել արտահանման շուկաները, ինչը որոշ առումով տեղի է ունենում: Մասնավորապես նկատելիորեն ավելանում են արտահանման ծավալները դեպի Վրաստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ, Շվեյցարիա եւ մի քանի այլ երկրներ: Ամեն դեպքում, գոնե ներկա պահին ռուսական տնտեսությունը կարծես թե հաղթահարում է տնտեսական անկումը եւ անգամ փոքր աճի հավանականություն կա: Մյուս կողմից էլ, արդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում ներդրումների խրախուսման պետական քաղաքականությունը պետք է որ արդյունք տա:

Այսինքն, հավանական է, որ այս պահին աճ արձանագրած երեք ճյուղերում տեմպը պահպանվի, անկում արձանագրածներից էլ գյուղատնտեսությունը, ինչպես արդեն նշեցինք վերուոմ, սկսի աճ արձանագրել, իսկ ահա շինարարության մասին դժվար է նման կանխատեսում անել: Կարելի է հուսալ, որ գոնե անկումն այստեղ դադարի: Ամեն դեպքում, մեր երկրի ներսում եւ արտաքին աշխարհում իրերի ներկա կացության պահպանման պարագայում, 5-6 տոկոսի միջակայքում տնտեսական աճի տարեկան ցուցանիշը հնարավոր է թվում:

Բնական է, որ շարքային քաղաքացու մոտ առաջացող հարցն այն է լինելու, թե դա ինչպե՞ս կարտացոլվի իր կենսամակարդակի վրա: Պատասխաննն այն է, որ նման տոկոսային աճը մեկ տարվա ընթացքում բնակչության ընդհանուր վիճակի վրա նկատելի ազդեցություն չի ունենա: Դա տեղի կունենա առնվազն 3-4 տարի նման աճ ունենալու պարագայում: Նման երեւույթի մենք ականատես ենք եղել 2000-ականներին, երբ մի քանի տարի շարունակվող երկնիշ տնտեսական աճից հետո միայն մեր կենսամակարդակը նկատելիորեն փոխվեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.