AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017



Տեղադրվել է` 2017-07-27 21:53:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 7941, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԱՌԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մենք նույնպես, ինչպես շատ ուրիշներ, քաղաքական չէինք համարում Արա Բաբլոյանի նշանակումը Ազգային ժողովի նախագահիՙ խիստ քաղաքական պաշտոնում, նկատի ունենալով, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչը կդժվարանա քաղաքական կամ դիվանագիտական նրբին իրավիճակներում կողմնորոշվել: Որոշ այդպիսի դրսեւորումներ Ազգային ժողովի առաջին նիստերը վարելիս, իրոք, եղան: Անգամ տեղեկություններ կային, թե ինքըՙ Բաբլոյանը իր տեղում չի զգում իրեն ու կուզենար հրաժարվել պաշտոնից: Բայց տեսեքՙ շատերիս կարծիքով ԱԺ ապաքաղաքական նախագահը վերջին ժամանակների ամենաքաղաքական եւ որպես պետության ներկայացուցիչՙ պետականության տեսակետից ամենաարմատական պատասխանն է տվել Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին : Վերջինս, իր իսկ խոսքովՙ «ռազմավարական ու հուսալի գործընկեր» Հայաստանին, անկախ պետություններ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների քսանհինգամյակի առիթով հավանաբար, օտար երկրների վարորդական իրավունքներով աշխատելն արգելող օրենքի վերաբերյալ պատասխանի մեջ առաջարկել էր ռուսերենն օրենքով պետական լեզու ամրագրել Հայաստանում, որ խնդիրը լուծվի: Համ վարորդները ռուսերեն կիմանան, եւ վարորդական իրավունքի հարցն էլ ինքնաբերաբար կլուծվի: Մեր Բաբլոյանն էլ, առանց ավելորդ դիվանագիտության ու անկեղծ պատասխանել էր, թե մեր երկրի օրակարգում ռուսերենը որպես պետական լեզու ամրագրելու հարց չկա, առանց դրա էլ բոլոր դպրոցներում ռուսերեն անցնում են:

Վստահ կարելի է պնդել, որ դիվանագիտությանը խորքով տիրապետողին ու Աժ նախագահի պաշտոնում երկար թրծվածին նրա փորձը կխանգարեր այդպես ուղիղ եւ ըստ էության պատասխանել: Այս դեպքում նա պատասխանել է այնպես, ինչպես մտածել է, եւ ինչպես մեր պետությանն է հարիր: Երբեմն, այո, մեր պաշտոնյաները պետք է համարձակություն ունենան իրերն իրենց անուններով կոչել, այլապես դիվանագիտությունը դիմացինը երբեմն սխալ է ընկալում: Եթե Բաբլոյանն ուրիշ ոչինչ չանիՙ այսուհետ նրան կհիշեն որպես Հայաստանի պետականության ամենակարեւոր ատրիբուտներից մեկըՙ հայոց լեզուն պաշտպանող Ազգային ժողովի նախագահի, քանի որ այս միջադեպը, համոզված ենք, ե՛ւ ռուսական կողմում, ե՛ւ հայկական կողմում տարբեր առիթներով մեջբերվելու է: Ասենք, որ հարցն ամեն դեպքում կլուծվիՙ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը դիմել է Ռուսաստանին, որպեսզի վարորդական իրավունքների հարցում բացառություն արվի ԵՏՄ անդամ երկրների համար:

Սակայն Հայաստանում այս միջադեպը հանրային մակարդակով բավական քննարկվեց, անգամ որոշ զայրացածներ առաջարկում էին ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել, քանի որ մեր երկրի արժանապատվությանը կպչող այսպիսի առաջարկը բարձր պաշտոնյաի կողմիցՙ կարող է երկրորդվել նաեւ այլ նվաստացուցիչ առաջարկներով, իսկ ԵԱՏՄ-ի տնտեսական օգուտներն առանձնապես մեր մաշկի վրա չենք զգացել:

Իհարկե, բուն թեմայից սահուն անցումը ԵԱՏՄ-ից դուրս գալուն, կամ անգամ հակառակըՙ այդպիսի կտրուկ առաջարկներ հնչեցնելը աննպատակահարմար համարելը մեզ այնքան չզարմացրեց, որքան անհամարժեքությունն այն պահվածքի, որ դրսեւորեցին ե՛ւ իրենց ընդդիմություն անվանողները, ե՛ւ մեր երկրի դեմքը ներկայացնող պաշտոնյաները:Կարծես մի շարքային տնտեսական առաջարկ էր հնչեցրել Վոլոդինը: Եղբայր, քո սրբության սրբոցին են կպնումՙ վարորդական իրավունքի անվան տակ, անպատասխան թողնեքՙ մյուս անգամ արդեն Սահմանադրության մեջ ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ամրագրելուց կխոսեն, ինչո՞ւ ձայն չեք հանում: Հո չե՞նք ուրանում մեր ռազմավարական դաշնակցին, ընդամենը մոտիկ դրացուն պիտի ասենքՙ եկեք լավ հարեւանություն անենք, ամեն պայման կստեղծենք դրա համար, բայց անկողին չենք թողնելու: Թե չէՙ Բաբլոյանին մենակ թողեցիք, մինչդեռ խեղճ ԵՄ դեսպանին այնպես հակադարձեցիք, խեղճը համարյա հետ վերցրեց ասածը. ինչ էր ասելՙ ընդամենը խորհուրդ էր տվել ԿԸՀ-ինՙ բարելավել աշխատանքը, ողջ ուժով հակահարվածեցիք, թե ՙ «Մեր ներքին գործերին մի խառնվի»: Հիմա մեր լեզվին են կպել, բա ինչո՞ւ եք լռել:

Հետաքրքրական կլիներ այս միջադեպին նախագահ Սարգսյանի անդրադարձը:

Նա, այնուամենայնիվ, ինչ- որ բաներ իր վերջին հարցազրույցում ասում էր, (դա եղել է մինչեւ Բաբլոյան-Վոլոդին հանդիպումը), թեՙ իհարկե կան բաներ, որոնց վերաբերյալ մենք ռուսական կողմի պես չենք մտածում, բայց ի՞նչն եք ուզում վերանայենք (հարաբերությունները նկատի ուներ), ո՞ւմ հետ եք ուզում վերանայենք, Թուրքիայի՞, ՆԱՏՕ-ում մե՞զ են սպասում: Նա ասում էր, որ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա չէ, որ մենք սեւեռված ենք, եւ հարաբերվում ենք ինչպես մերձավոր դաշնակիցների, այնպես էլ համագործակից գործընկերների հետ: Հաջորդեց Վոլոդինի առաջարկը, որը հազիվ թե ինքանբուխ ծնված լինի, այդպիսի մտայնություն Ռուսաստանում, ուրեմն, կա:

Չգիտենք, բոլոր դեպքերում ճիշտ չէ մեր լեզվի հանդեպ արտաքին ոտնձգությանն ավելի որակյալ պատասխանի բացակայությունը, որքան էլ ռազմավարական գործընկերոջ հանդեպ սրդողած վեաբերմունքը լինի դրա պատճառը:

Բաբլոյանից ու Վոլոդինից սահուն անցում անենք Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մի այլ դրվագի, որտեղ նա ասում է, թե ինչ կարեւոր էՙ ով է լինելու վարչապետը 2018-ին, չէ՞ որ Հայաստանում խորհրդարանական համակարգի անցումով այլեւս անձնակենտրոն իշխանություն չկա, իսկ վարչապետին կորոշի քաղաքական մեծամասնությունը: Բայց... քաղաքական մեծամասնությունն էլ հենց անձնակենտրոն է ախր, ու էդ անձնակենտրոն քաղաքական մեծամասնության խորհրդարանը որոշելու է վարչապետին: Սա բառախաղ չէ ընդամենը, ցավոք, այլ անհարմար իրականություն: Մինչ այդ էլ Սարգսյանն ասել էր, թե երբեք չի մտածել, թե որն է իր հաջորդ գործունեության ոլորտը, սա՞ էլ ընդամենը մի գլուխկոտրուկ էՙ նետված վերլուծաբաններին, մի երկու ամիս էլ տալու-առնելու ու 2018-ը վերլուծաբա՛ր զբաղեցնել-մոտեցնելու:

Ու հետոՙ ո՞ր մեծամասնության մասին է խոսքըՙ ա՞յն մեծամասնության, որը երբեք առանց իր ղեկավարի ցուցումի ծպտուն չի հանո՞ւմ, ա՞յն մեծամասնության, որը եթե մի բանի վերաբերյալ էլ առանց ցուցումի արտահայտվում է, նախագահ Սարգսյանիՙ հաջորդած խոսքը լրիվ անէացնում է ձախ գնացած-ֆոկուսից փախած որեւէ կարծիք: Դե, հա, իհարկե անձնավորված իշխանություն չենք ունենալու:

Ուրիշ բան, որ արժանին պետք է մատուցել այն մարդուն, ով ոչնչացրեց եւ ձեռնասուն դարձրեց ընդդիմությանը, ընդհանրապես որեւէ ընդդիմադիր եւ ինքնուրույն բան: Բայց դա նաեւ նշանակում է միայնա՛կ պատասխանատվությունՙ ամեն ինչի համար: Այդ թվում, այնպիսի բաների, որոնց հասցեատերը նորմալ սուբորդինացիայի դեպքում ամենեւին էլ այսօր նախագահը, կամՙ վաղը վարչապետը չէ: Օրինակՙ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովիՙ ձայների մեծամասնությամբ օրերս ընդունած այն բանաձեւի պատասխանատվությունը, որի տակ շատ նվազ «դեմերի» մեջ Հայաստանի «դեմն» էլ կա, ռուսների խելքին ընկած. դա Ղրիմը Ռուսաստանին բռնակցելու որոշումը Ռուսաստանի կողմից չեղյալ հայտարարելու կոչ էՙ կից նաեւ Արցախյան հակամարտության վերաբերյալ աննպաստ ձեւակերպումներով: Եթե ամեն ինչի համար մեկ մարդ է պատասխանատու, այս քվեարկության հայկական մասի պատասխանատվությունն, ուրեմն, նույնպես նրանն է: Խորհրդարանական կառավարում լինի, թե նախագահական: Որովհետեւ ոչ ոք Հայաստանում ինքնուրույն լինելու շռայլությունը չի կարող թույլ տալ իրեն: Ոչ հիմա, ոչ հետո: Ոչ էլ Վոլոդինի հետ հանդիպմանը: Դրա համար էլ Բաբլոյանին չերկրորդեցին:

Բայց չէ՞ որ գալու են ավելի դժվարին ժամանակներ, երբ էլի կպնդեն ռուսերենը պետական լեզու դարձնելու սեւեռուն գաղափարը, կամ նույն կերպ կուզենան Արցախի հարցի լուծման քավորը դառնալՙ փոխզիջումների իրենց հարմար տարբերակը դեմ տալով: Լեզվին ոտնձգող առաջարկին կոշտ չդիմակայեցինք, զիջումներին կարողանալո՞ւ ենք դիմակայել:

Իսկ որ 2018-ի վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու, արդեն իսկ ուրվագծվում է. Արցախի անցումային նախագահը որ Բակո Սահակյանն էՙ 2020 թվականից հետո կրկին նախագահ լինելու ուղերձով, խորհրդարանական չանձնավորված մեծամասնության վարչապետը ինչո՞ւ պիտի Հայաստանի ներկա նախագահը չլինի որ, ինչը կամ ո՞վ է դրան խանգարելու:

Ի դեպՙ եթե Սերժ Սարգսյանը վարչապետ լինի, կխաղաղվի նաեւ ծառուկյանական ընդդիմությունը, քանի որ վերջինիս կռիվը Կարեն Կարապետյանի դեմ է: Այսինքնՙ վարչապետ լինելու ուղերձը եթե իշխանության ներսում այնպիսի անցավ վերադասավորման մասին է, որ երկար ժամանակով եւ հարաբերականորեն ընդդիմությունը մեծ անհանգստություն չպատճառի իշխանությանը, դա հենց կարող է լինել Սարգսյանի վարչապետությամբ, համենայնդեպսՙ խորհրդարանի ներկա դասավորությա՛մբ:

Իսկ թե արդյոք ռուսական առաջարկը այն նյարդային շարժումների հետեւանք է, քանի որ Հայաստանը աշնան ստորագրելու ԵՄ համաձայնագիրըՙ գիտեք, ամեն ինչ կարող է պատահել, սակայն դա կարող է նշանակել մի բան. ՌԴ պաշտոնյաներն իրենց տեղում չեն եւ խորքային պատկերացում չունեն իրենց առաջարկների բարոյա-հոգեբանական անդրադարձների վերաբերյալ: Նրանք կա՛մ վատ են իրազեկված, կա՛մ պարզապես բանի տեղ չեն դնում ո՛չ Հայաստանի ներսում եղած տրամադրությունները, ոչ էլ մեր երկիրը: Սա նրանց սխալմունքն է, նրանք եւս պատմությունից դասեր չեն առնում: 1987 թվականին, Ղարաբաղյան շարժման սկսումից ընդամենը ութ ամիս առաջ Խորհրդային Միության կենտրոնական հեռուստատեսությունը հավաքել էր մյուս հանրապետությունների հեռուստատեսությունների գլխավոր խմբագիրներին եւ նրանց, մասնագիտական վերապատրաստման անվան տակ, սովորեցնում էր առավել սեղմել օղակները տեղերումՙ խորհրդային միախառնված, ազգային առանձնահատկությունները համահարթեցրած մշակույթը տարածելու եւ քարոզելու առումով: Այսինքնՙ այն աստիճան անհամարժեք էին իրական կյանքին, որ երկրի կենտրոնախույս ձգտումների ահագնությունը չէին ընկալում եւ ավելի էին սեղմում օղակը: Արդյունքըՙ ութ-ինն ամիս հետո սկսվեցին առաջին կենտրոնախույս ցույցերը Խորհրդային Միությունում, այսինքնՙ հիմք դրվեց միության փլուզմանը: Չարժե նույն կացնային վերաբերմունքը դրսեւորել երեք տասնամյակ անց, պատմությունը կրկնվելու սովորույթ ունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.