AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-07-27 21:53:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 6745, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԱՂԿԵՊՍԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայտնի իրականություն է, որ հայերս մեռելասեր ազգ ենք եղել եւ կանք: Դրա գրավոր առաջին վկայությունը բերում է Պատմահայր Խորենացին իր «Պատմութիւն հայոց» գրքում: Հղում կատարելով Արիստոն պատմիչինՙ Պատմահայրը նկարագրում է Արտաշես աշխարհակալ թագավորի թաղումն իր ամբողջական շքեղությամբ, նրա սիրելի կանանց, հարճերի ու մտերիմ ծառաների ինքնասպանությամբ (Պատմահայրը գործածում է «կամաւոր մահունք» արտահայտությունը), ոսկյա դագաղը, բեհեզյա կահույքն ու անկողինը, ադամանդակուռ թագն ու թանկարժեք զգեստները, ոսկե զենքն ու զրահը, կարծես պատերազմի գնացող զինավառ զորքն ու պալատականների ու նախարարների կառքերը, սեւազգեստ եղերամայրերն ու սգացող բազմությունները, որոնցից շատերն իրենց գցում էին գերեզմանափոսի մեջ: Պատմահայրն այստեղ օգտագործում է հատկանշական մի նախադասություն, որը բնորոշում է նաեւ այսօրվա մեր իրականությունըՙ «որպիսի՛ շուք բազմադիմիս արարին առ ի պատիւ դիոյն», որի մոտավոր թարգմանությունը կլինիՙ «ինչպիսի՛ բազմատեսակ պատիվներ տվեցին դիակին»:

Մեր Պատմահայրը չի քննադատում, չի ընդվզում ավելորդ ու կործանիչ այդ բոլոր ճոխությունների դեմ. նրա նպատակն այստեղ այլ էՙ ցույց տալ Ք.ա. 189-160 թթ.ին գահակալած թագավորի նկատմամբ ժողովրդի սերն ու հարգանքը:

Միակ ընդվզողը լինում է, ինչպես ծանոթ է պատմության դասագրքերից, Արտաշեսի գահաժառանգ որդինՙ Արտավազդը, որին մեր պատմիչները, ներառյալ Պատմահայրը, բնավ չեն համակրում, քանի որ, թեեւ իրատես եւ ողջախոհՙ բայց անիծյալ մարդ էր նա, անիծվածՙ մեռնող կամ արդեն մեռած հոր կողմից: Խոսքը ուղղելով դագաղում պառկած հորըՙ Արտավազդն ասում է. «Մինչ դու գնացեր, եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես աւերակացս ո՞րպէս թագաւորեմ»: Այսինքնՙ «Մինչ դու գնացիր եւ ողջ երկիրը տարար քո հետ, ավերակների վրա ես ի՞նչպէս թագավորեմ»: Եվ հայրը անիծում է որդուն, եւ անեծքը կատարվում է. Արտավազդը Մասիսի լանջերին որս անելիսՙ իր ձիով գլորվում է վիհը եւ անհետ կորչում, անշուշտ «չարքերի» օգնությամբ:

Ըստ երեւույթին, հայրակա՜ն այդ անեծքն է պատճառը, որ հայերիս մեջ մեռելի ու դիակի պաշտամունքը, եւ դրա հետ կապված ամեն ինչՙ տարատեսակ ճոխ հուղարկավորություններ, թաղումներ, հոգեհանգիստներ, քելեխ-հոգեճաշ-ճաշկերույթներ, ինքնահող (ըստ ոմանցՙ պետք է լինի էգնահող), յոթնօրյակ, քառասունք, տարելից եւ, ավելի մոտ ժամանակներում, մահարձան, մահաքանդակ, բազալտե ցանկապատ, փողերախումբ եւ, դեպի մեր օրերը, «յաշիկ» Մերսեդեսների սեւ շարասյունՙ թարթող լույսերով, ծաղկեպսակ, օղի, քաղցրավենիք եւ մնացածՙ իբր ծեսեր, ադաթներ եւ այլ ավելորդություններ քննադատելը տաբու է դարձել: Դարերի ընթացքում նույնիսկ մեր Ազգային եկեղեցուն չի հաջողվել, բացի զսպվածության մի քանի նորմերից, վերացնել այդ տաբուն, քրիստոնեական մոտեցումներն ու ըմբռնումները արմատավորել այս հարցում, մասնավորապես Հայաստանում: Անգամ Սովետի համահարթեցնող գլանին չի հաջողվել շատ բան փոխել, եւ տաբուն ընդհանրապես հանդուրժվել է:

Մեռելապաշտությունը շարունակվում է այսօր էլ, հետզհետե ձեռք բերելով նորանոր դրսեւորումներՙ հետզհետե ավելի զեխ եւ այլանդակ, որոնց դեմ պայքարելը մեծ ուժեր է պահանջում ու երկար ժամանակ:

Սակայն կարելի է գեթ մեկ հարցում անմիջական բեկում մտցնել, որի գեղեցիկ ու տպավորիչ օրինակը վերջերս տվեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության այժմ հանգուցյալ նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի ընտանիքըՙ իրենց հարազատի կտակի համաձայն «ծաղկեպսակի փոխարեն» նվիրատվությունները կենտրոնացնելով հայոց բանակի զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքների օգնության հիմնադրամում: Պետք է արմատավորվի այդ բարի սովորությունը, որը հանգուցյալ հարազատի հիշատակը հարգելու լավագույն ձեւերից մեկն է: Այո, ծաղկեպսակի փոխարեն, որը արժի 15 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամ, որը պարզապես ցուցամոլական ժեստ էՙ մի քանի օրից աղբավայր թափվելու սահմանված, կարելի է զոհված զինվորների ընտանիքներին ու վիրավոր մարտիկներին իսկական օգնություն ցուցաբերել: Եվ ոչ միայն նրանց: Սփյուռքահայ մեր բազմաթիվ համայնքներում նաեւ նման նվիրատվություններով են կազմակերպված պահվում մեր դպրոցները, մանկատները, ծերանոցները, բուժհիմնարկներն ու մամուլը:

Օրինակները պետք է վարակիչ լինեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.