AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-07-14 21:29:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 16593, Տպվել է` 2264, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈՂԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մենք մշակույթ եւ փող սիրող ազգ ենք: Ընդ որում, փող սիրում են նաեւ նրանք, ովքեր մշակույթ են ստեղծում, երեւի այդ պատճառով էլ այսքան շատ մշակույթ ենք ստեղծում, մանավանդ այս կամ այն կոնկրետ անձի շուրջ, մասին եւ նրա փողերով:

Ուրեմն բնական է, որ մեր փողի վրա պետք է լինեն առավելաբար մշակույթի գործիչներ: Հետեւաբար, զուտ մշակութային տեսանկյունից, զարմանալի է, թե ինչո՞ւ է ԿԲ-ի հուլիսի 11-ի որոշումն այսքան մեծ ընդվզում առաջացրեց փող եւ մշակույթ սիրող մեր քաղաքացիների մեջ: Ի դեպ, ԿԲ-ի հուլիսի 11-ի որոշումը հենց անպես չէ, այլ հիմնված է կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «Է» կետի վրա, որով հաստատվում են ՀՀ թղթադրամների թեմաները, կոնկրետ այս պարագայումՙ երրորդ շարքի: Այնպես որ ամեն ինչ օրինական է եւ այս առումով անհանգստանալու հիմքեր չունենք:

Այլ հարց է, թե ովքե՞ր են լինելու նոր թղթադրամներին: ԿԲ-ի որոշմամբ, 1000-անոցների վրա Եղիշե Չարենցն իր տեղը զիջելու է Պարույր Սեւակին, որի նկարի կողքին հավանաբար կգրվիՙ «մենք քիչ ենք, բայց մեզ....» եւ բազմակետ, տպավորություն ստեղծելով, որ խոսքը հենց 1000-դրամանոցների մասին է, որոնք բոլորիս մոտ էլ միշտ քիչ են: 5000-դրամանոցների վրա կլինի Վիլյամ Սարոյանի նկարը: Հետաքրքրական է, ո՞րը: Ավելի հետաքրքրական է, թե Սարոյանից ի՞նչ է մեջբերվելու թղթադրամի վրա, ավելի ճիշտՙ ի՞նչ լեզվով: Եթե հայերեն, եւ իհարկե հայերեն, ապա Սարոյանը հայերեն չի գրել, անգամ երբ գրել է, թե «Իմ անունն Արամ է», կամ «իմ սիրտը լեռներում է»: Այս առումով առաջարկում եմ նոր 5000-անոցները ոչ պաշտոնապես կոչենքՙ Ջոնի:

Ինձ ամենաշատը հետաքրքրքում էին 10 հազարանոցները: ԿԲ-ն որոշել է, որ դրանց վրա այսուհետ լինելու է Կոմիտասը: Սա շատ խորհրդանշական է: Բանն այն է, որ հենց 10 հազարանոցն է համարվում ընտրությունների ժամանակ ամենակիրառելի թղթադրամը: Անգամ առաջարկ կար եւ կա, որ այդ թղթադրամի վրա պատկերեն հայ ժողովրդին, քանի որ ընտրությունների ժամանակ հայ ժողովուրդը բազմիցս ստանում է 10 հազարանոցներ: Բայց փոխարենը կայացվել է փիլիսոփայական որոշում. էլի ցույց է տրվում խելագարությունը, ընդ որումՙ ժողովրդին պատուհասած եւ արհավիրքից ծնված խելագարությունը, բայց ավելի նուրբ ձեւով, որպեսզի միայն հասկացողները հասկանան, իսկ նրանք այնքան քիչ են մնացել... Հայաստանում:

Հովհաննես Այվազովսկին կլինի 20 հազարանոց դրամանոցների վրա, փոխարինելով մեկ այլ նկարիչ Մարտիրոս Սարյանին: Առաջարկում եմ դրամանոցի հակառակ երեսին պատկերել ծով, եւ վրան գրելՙ «Ծովից ծով Հայաստան»: Կարելի է, իհարկե, նաեւ փոքրիկ, ցանկալի է ռուսերեն տառերով գրելՙ «Որտե՞ղ էին ռուսները, երբ Ղրիմը մերն էր», բայց դա կարող է ունենալ քաղաքական հետեւանքներ, ընդ որումՙ անցանկալի, ռուս-ադրբեջանական զենքի առեւտրի պես:

Եւ վերջապես, նոր 50 հազարանոցների վրա լինելու է Գրիգոր Լուսավորչի նկարը: Ես անկեղծ ասած դժվարանում եմ պատկերացնել, թե որտեղի՞ց են գտնելու այդ լուսանկարը կամ գտածը որքանո՞վ է նման լինելու Լուսավորչին, բայց ամեն դեպքում առաջարկում եմ հակառակ երեսին գրելՙ «Լուսավոր Հայաստան». ընդդիմությունը գոհ կլինի, իշխանությունըՙ կուշտ:

100 հազարանոց թղթադրամներ այլեւս չեն թողարկվի: Նախ դրանց կիրառման ընթացքում քչերս ենք երբեւիցե այն տեսել, բացի այդ Աբգար թագավորի նկարով թղթադրամ ունենալն այլեւս արդիական չէ, քանի որ Տիգրան Սարգսյանը, ով Աբգար անունով որդի ունի, այլեւս ՀՀ վարչապետ չէ:

Եւ մի նորույթ. կունենանք 2000 դրամանոցներ, այն էլ շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի նկարով: Հենց 2000 դրամանոցների վրա շախմատիստի նկար դնելը պատահական չէ: Բանն այն է, որ 2000 դրամանոցները լայն մասսայականություն են ունենալու, ինչն էլ իր հերթին կբերի շախմատի լայն մասսայականացման, որն էլ ՀՀ-ում հայտարարվել է պետական ծրագրի պես մի բան:

Հիմա, եթե առանձին-առանձին դիտարկենք նոր թղթադրամների հերոսներին, ապա որեւէ մեկի մեծության առումով քննարկում ծավալելն անիմաստն է: Ու հարցն այն չէ, թե ինչո՞ւ է հենց Սեւակը փոխարինում Չարենցին, կամ հենց Սարոյանըՙ Թումանյանին, հենց Կոմիտասըՙ Իսահակյանին, հենց Այվազովսկինՙ Սարյանին, հարցն այն է, թե ինչո՞ւ են փոխարինվում Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը եւ Սարյանը առհասարակ: Նրանք այլեւս ազգային նշանակություն չունե՞ն, ինչպես, օրինակ Լենինի արձանը, կամ Ստալինինը, թե՞ պարզապես հոգնել ենք նրանց նկարներից: Երկու պարագայում էլ, մի քանի տարուց փոխարինելու ենք Սեւակին, Կոմիտասին: Փառք Աստծո, գրողներ, արվեստագետներ, մեծեր շատ ունենք: Գուցե որոշել ենք հերթով բոլոր մեծերին պատկերել թղթադրամների վրա՞, համաձայն իհարկե ԿԲ-ի մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «Է» կետի...

Ամեն դեպքում, եթե այդպես է, ապա դա լավ է: Օրինակ Չադում, մինչ աֆրիկյան այս երկիրը անկախություն ձեռք կբերեր, անցկացվել էր գեղեցկության մրցույթ: Հաղթող գեղեցկուհու նկարը պահպանել էին, ու երբ Չադը անկախություն ստացավ, թղթադրամներին հայտնվեց հենց այդ լուսանկարը: Գիտե՞ք ինչու. որպեսզի Չադի բնակիչները երբեք չմոռանան ու ամեն օր տեսնեն, թե ո՞վ է եղել իրենց գեղեցկուհին:

Գուցե այդ պատճառով էլ մեզ մո՞տ են շարունակ թարմացնում մեծերի նկարներըՙ թղթադրամներին, իսկ դուք ասում եքՙ ինֆլյացիա...

Ամեն դեպքում, փողն այնպիսի բան է, որ կարեւոր չէ, թե ո՞վ է պատկերված նրա վրա. կարեւորն այն է, թե ի՞նչ թիվ է այնտեղ գրված:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.