AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 71. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՂԱՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



Տեղադրվել է` 2017-07-14 21:29:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 17732, Տպվել է` 2270, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերջին օրերի երկու կարեւոր թեմաները` ղարաբաղյան բանակցություններ եւ Ազգային ժողովի քննարկումներից հանրությանը հասնող իմպուլսներ, միայն առաջին հայացքից իրար հետ կապ չունեն: Իրականում խորքային կապն առավել քան ակնառու է: Ավելի մանրամասնենք:

Ազգային ժողովի վերջին քննարկումները հավանաբար ընդհանրապես ցրեցին այն պատրանքները, որոնք կարող էր ունենալ հանրության գիտակից հատվածն ընդդիմության վերաբերմամբ: Բյուջեի կատարողականից սկսած` մինչեւ գլխավոր դատախազի կամ մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվություններ, ներառյալ քվեարկությունների պատկերը, ակամա վեր հանեցին գաղտնաշերտեր: Ու ոնց Չարենցն էր հարցնում ժամանակին, իհարկե հռետորական շեշտ դնելով «Ի՞նչ է կամ ո՞վ է Նաիրին» հարցի մեջ, քանզի նա հարցը տալիս էր, որ այդ ժամանակի Հայաստանի էլիտայի ողջ դեմքը նկարագրեր իր պատումում, նույն կերպ արդիական է մեր հարցն այսօր` «Ո՞վ է կամ ի՞նչ է այսօր ընդդիմությունը Հայաստանում», եթե, իրոք, կա այդպիսի բան: Ու այս հարց տվողն էլ, կյանքի դրվագներով տանջալից հետ գնալով վերջին քսան-քսանհինգ տարվա մեջ, վերստին տեսնելու է Հայաստանում իրենց ընդդիմադիր անվանողների անցած հետագիծը, հասկանալու, որ Հայաստանում ընդդիմադիրները միշտ եւ ամեն ժամանակի մեջ շարժառաիթներով, նպատակներով, մեթոդներով երբեք չեն տարբերվել իշխանական գործիչներից: Բոլոր ընդդիմադիր գործիչները բոլոր ժամանակներում փորձել են ուղղակի բարձր բղավել, բոլոր հնարավոր եղանակներով ու հնարավորինս շատ խայծեր կիրառելով` ԶԼՄ-ներում հայտնվել, որը երաշխիք է նրանց մասին հիշելու ու նրանց քաղաքական ապագա կարիերան երաշխավորելու, Հայաստանի քաղաքատնտեսական արեալում սեփական դիրքը նվաճելու:

Իսկ թե ինչ է եղել այդ բղավոցների նյութը, ի՞նչ աստիճանի է փոխվել այդ բղավոցների բովանդակությունը` սա լսարանի համարժեք-անհամարժեքության, մարդկային կարճ հիշողության մեղքի բաժնի խնդիր է: Այսպիսով` մեր սեփական կյանքով վկայում ենք, որ ընդդիմադիր բոլոր միավորները Հայաստանում մշտապես ստեղծվել են բարձր բղավող գործիչների հավակնությունների բավարարման համար, դրանց ստեղծմանը միշտ մասնակից են եղել իշխանությունները, որոնք, բղավոցի բարձրության աստիճանով կողմնորոշվածՙ ճիշտ ժամանակին որսացել են ամենաբարձր բղավողներին ու նրանց հավակնությունների բավարարմանը նպաստելով` ձեռքի հետ վերահսկելի դարձրել նրանց: Կամ ընդդիմություն են գործուղել սեփական մարդկանց` նպատակ ունենալով կառավարելի ընդդիմությամբ ամրապնդել իշխանության դիրքը: Այսինքն` ինքնաբուխ, ազնիվ մղումներով ընդդիմադիրների, որոնք իսկապես մտահոգված են երկրի զարգացմամբ ամեն գնով, նույնիսկ իրենց անձնական կարիերան անտեսելով` վերջին քսան տարում առանձնապես դժվար է հիշել:

Հիմա Հայաստանում ընդհանրապես այլեւս հնարավոր չէ կուսակցություն կամ բեւեռ ստեղծել առանց փողի, իսկ փող` նշանակում է իշխանություն, փողն իշխանության մոտ է, կամ` առնվազն նրա թույլտվությամբ է գոյանում: Այնպես որ` սին են հանրության այս ու այն սպասումները` նոր ընդդիմություն ձեւավորելու, նոր ընդդիմությամբ ինչ-որ բան փոխելու, որը նորմալ երկրներում իշխանության բնականոն փոփոխության ճանապարհ է:

Ազգային ժողովի վերջին մի քանի նիստերն ակամա կարծես մաքուր ջրեր էին դուրս բերում իրենց ընդդիմադիր անվանողներին, ուրվագծում են առաջիկա մի քանի տարին. խորհրդարանից դուրս ընդդիմության ամենաիսկական վակուում է, ընդդիմադիր աչքակապություն, իսկ խորհրդարանի քննարկումներից տպավորությունն այնպիսին է, թե իշխանական էլիտայի ամենբարձրում գտնվող երեք-չորս հոգին խորհրդարանում իրար դեմ են կռվում` սեփական ընդդիմություններով իրար պոզ ցույց տալով, կամ միմյանց ուժերը չափելու ստուգողական միջոցառում են ցուցադրում: Պե՞տք է` գլխավոր դատախազին կարելի է մի թեթեւ քաշքշել, նախորդ գլխավոր դատախազի հայացքի ներքո, կամ` մարդու իրավունքների պաշտպանի ներկայանալի կերպար կառուցել ու այդպես մաքրել մի քանի կեղտ, որ պաշտոնյաներն իրենց ապաշնորհ աշխատանքով են գոյացրել, բայց հո այդպես Եվրոպայի աչքին «պուպուշ» կերեւանք: Եւ այդպես շարունակ: Եւ անգամ այդ բոլորը լայնորեն լրատվամիջոցներ տեղափոխելով ու զարմանազան վերլուծություններով ամենապրիմիտիվ քարոզչություն իրականացնելով` ԶԼՄ-ներով էլ հանրությանը շեղել բուն պրոբլեմերից, Հայաստանի ամենահրատապ հարցերից, որոնք ամենեւին չեն վերաբերում նրան, թե ով կլինի վարչապետը 2018 թվին, այլ նրան, թե վերջապես ե՞րբ կսկսեն երկրի զարգացման արմատական միջոցառումներ իրականացնել` էժանագին կոսմետիկա կիրառելու կամ թոզփչոցի անելու փոխարեն:

Մինչդեռ ընդդիմությունը խորհրդարանում տղայական «ռազբորկաների» մեջ է, դրսում հնուց դեռ մնացած կենտ ընդդիմադիրները մեկ առ մեկ վնասազերծվում են` կա՛մ տնտեսական շոշափուկներով անշարժացվելով, կա՛մ զանազան փոքր պաշտոնների նշանակելով, կա՛մ էլ պարզապես ոչնչացնելով` ազատվում նրանց սեւեռուն հայացքից:

Բա այս տեսակ ընդդիմությունը ո՞նց պետք է հաշիվ պահանջի իշխանությունից` ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ, կամ այնպես շնչի իշխանության թիկունքին, որ վերջինս սարսռա` ամեն նոր որոշումը կայացնելիս:

Ինչ ստավեց` ընդդիմությունը երկար ժամանակով մեռա՞վ: Քանի որ Հայաստանում ոչ ոք այլեւս առանց ֆինանսի որեւէ գաղափարի չի հավատում եւ որեւէ անփող ձեռնարկի չի մասնակցի, փող ունեցողներն էլ նման ձեռնարկ մտքով անցկացնելիս մի քանի անգամ պիտի մտածեն, քանի որ հենց հաջորդ օրը նրանք կզրկվեն բիզնես անելու հնարավորությունից, իսկ ժոովուրդն էլ այլեւս այնքան խորն է ընկղմվել հարմարվողականության ու մի հինգ հազարանոց տեսնելով միայն մի կերպ իրար գալու նոր սովորույթների մեջ, այնպես է թաղվել իր սոցիալական խնդիրներում, որ դեռ երկար թացը չորից չի տարբերելու: Այնպես որ` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն ասածը, թե իշխանությունն իր թիկունքին չի զգում ընդդիմության շունչը, իհարկե ճիշտ է: Բայց դրա մեղավորը հենց իշխանությունն է:

Չէ, իսկապես, մեկ առ մեկ փնտրեք անցյալի բոլոր ընդդիմադիրներին... ու նրանց կգտնեք ամենաանսպասելի տեղերում, պաշտոններում ու բիզնեսներում, եւ ամեն ինչ պարզ կլինի: Վերջին դրսեւորումը` Ալեքսանդր Արզումանյանի դեսպան նշանակումը: Իհարկե, մեր երկրի համար շատ ավելի լավ է, երբ զանազան սպորտսմենների կամ բիզնեսմենների փոխարեն դիվանագիտության Ա-ն ու Բ-ն տարբերող ու կրթված մարդ է դեսպանը, սակայն խնդիրը սկզբունքն է` բոլոր իրենցից մի բան ներկայացնող եւ անցյալներից հայտնի ընդդիմադիրների վերջին խլյակների չեզոքացումը, որոնց միգուցե կուղղվեին սպասման հայացքներ: Եւ նոր, մասամբ անհայտ մարդկանց ներմուծումն ընդդիմադիր դաշտ (օրինակ` «Ելքի» անդամների մեծ մասը մինչեւ ընտրությունները հանրության լայն շերտերին անհայտ մարդիկ էին), որոնց դեռ էլի մի տասն տարի պետք է փորձարկել տարբեր իրավիճակերում, մինչեւ որ նրանց հանդեպ վստահություն ու պահանջարկ ձեւավորվի: Մինչ այդ սովածների սերունդը կանցնի ու կանհետանա, իշխանությունն էլ կշարունակի նույն կերպ, ինչպես որ մինչեւ հիմա է եղել:

Այդ իմաստով բոլորովին զարմանալի չէ, որ ղարաբաղյան բանակցություններին տիրապետող անձինք չեն մնացել ընդդիմադիրների մեջ, որոնք, ճիշտ է, իրավունք չէին ունենա բանակցությունների խորհրդապահությունը բացահայտելու, սակայն անուղղակի այդ բոլորին հարկավոր պահի դիմակայել միգուցե կկարողանային: Եւ միգուցե ճիշտ կլինենք, եթե պնդենք, որ Արցախի հարցը ընդդիմադիրների առումով թիկունքը բաց է:

Ի դեպ` ռուսական համացանցային տիրույթում այսօր էլ կարելի է հանդիպել վերլուծությունների, թե «Սասնա ծռերը» ամերիկյան ազդեցությունների ներքո էին ուզում տապալել ղարաբաղյան բանակցությունները, երբ Ռուսաստանն արդեն լուծել էր խնդիրը: Այսինքն` ի՞նչ են ակնարկում: Ռուսաստանը ոնց է միայնակ հարց լուծում, որքան էլ այս պահին փորձում է Ադրբեջանին իր տեղը ցույց տալ (արցախ-իրանական սահմանի վերաբերյալ եւ իր հայարմատ քաղաքացիներին Ադրբեջանի վերաբերմունքի մասին ռուսական հայտարարությունները նկատի ունենք), հո այնպես չի անի, որ զենքի իր բիզնես-գործընկերը ընդմիշտ նեղանա ու չգնի իր արտադրած զենքը, միամիտ չլինենք:

Դե չգիտենք` ոչ այն կողմի ձեռքին ենք ուզում խաղալիք դառնալ, ոչ` մյուս, դրա համար ոչ թե պիտի հուսայինք Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ սեւ կատվի անցումը, այլ գլուխներս կախ մեր գործին լինեինք: Միգուցե ավելի վաղուց կոշտ հակահարվածներ տայինք հակառակորդին, ինչպես որ վերջերս արեցինք: Առողջացնեինք մեր տնտեսությունը, ազատվեինք երկրի հարստությունն իրենցով անող մակաբույծներից, ոչ թե թույլ տայինք մի քանի անձի գերակայությունը տնտեսության մեջ:

Մի քանի օր անց մեկ տարին կլրանա այն աննախադեպ ժամանակից, երբ մի խումբ մարդիկ գրավեցին ՊՊԾ գնդի տարածքը, ու դա անսովոր մի բան էր Հայաստանի համար, այնքան անսովոր, որ ժողովրդի լայն զանգվածները, որոնք դժգոհ էին իշխանությունից, ոտքի չկանգնեցին շատերի համար անհասկանալի այդ գործելաոճի հեղինակներին պաշտպանելու համար, որի դեպքում այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ երկրում: Նրանց մեջ կան արցախյան ազատամարտի մասնակիցներ, ու ինձ համար ցավ է, որ նրանց հանդեպ կալանքի վայրում կամ դատարանի նկուղում կարող է բռնություն կիրառվել, այսինքն` նույն մեթոդներն աշխատեցնել նրանց դեմ, ինչով անցած հուլիսին նրանք էին առաջնորդվել: Իշխանությունն անգամ չի կարող այնպես կազմակերպել նրանց դատավարությունը, որ ոչ թե նմանատիպ մեթոդներով շարժվի, այլ բռնությանը հակադրի չափազանց քաղաքակիրթ դատավարություն: Բայց որ ավելի կարեւոր է` այդ մեկ տարում այդ իրավիճակից գործնական հետեւությունններն առանձնապես չենք տեսնում: Չգիտենք` կլինե՞ն բողոքի գործողություններ` որպես հիշեցում այդ գործողության, թե ոչ, սակայն գիտենք, թե ինչ պիտի աներ իշխանությունը, որ այդպես էլ չարեց:

Հուլիսի 11-ին, Համբուրգում Թրամփ-Պուտին հանդիպումից անմիջապես հետո, Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը (որը նախապես պլանավորված էր Մայերբախում, բայց ռուսական լրատվամիջոցների ակնարկներով` Բրյուսել է տեղափոխվել այստեղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լարովի ժամանումով. վիրավորական է, չէ, գոնե բացատրեք, թե ինչու է փոխվել հանդիպման վայրը): Մինսկի խմբի համանախագահները նախարարներին առաջարկել են իրենց նախագահներին փոխանցել տարեվերջին հանդիպելու առաջարկը:

Սա նշանակում է` մինչեւ տարեվերջ, եթե այդպիսի հանդիպում հնարավոր լինի, սպասենք անվերջ սադրանքներ Ալիեւից, անվերջ էսկալացիա մեր սահմաններին, որին դիմակայելու տարբերակն ավելի ինտենսիվ հակահարվածն է եւ դերակատար մեծ պետությունների ճնշումների դեմ առավել ամուր կամք ցուցադրելու անհարժեշտությունը: Քանի որ` ապրիլյան չորսօրյա պատերազմի նախադեպը թույլ տալու իրավունք չունենք, մինչդեռ մեր սահմաններին էլի զոհվում են մեր զինվորները: Իսկ որ Բաքուն իրեն պահելու է այնպես, ինչպես որ սպասելի է նրանից, հասկացվում է թեկուզ նրանից, որ բանակցություններից հետո Ադրբեջանը խոսում է Հայաստանի` նախապայմանները մերժելուց, իսկ հայկական կողմը` Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների (այդ թվում` վերահսկման մեխանիզմների ընդլայնման) իրագործումից::

Իսկ ահա այն ընդդիմություը, որը կարող էր Հայաստանի նախագահից պահանջել` այս կամ այն դիրքորոշումը կարծրացնել կամ մեղմացնել այդ հնարավոր հանդիպմանը, չկա: Կա կառավարելի ընդդիմություն, որը գործում տվյալ պահին ձեւավորվող (հայտնի չէ կամ լավ էլ հայտնի է` ում կողմից) օրակարգերով:

Այլապես` քաղաքական ընդդիմությունը անմիջապես պետք է հայտարարություն աներ եւ տեսակետ հայտներ բրյուսելյան հանդիպման մասին, այդ ընթացքում հարցերի վերաբերյալ իր տեսակետները բարձրաձայնելով:

Նույն կերպ գոյություն չունի այն ազդեցիկ ընդդիմությունը, որը կկարողանար դե ֆակտո փոխել տալ տնտեսության ու կառավարման մենաշնորհային եղանակը:

Միգուցե փոփոխություններն իսկապես թողնվում են նրան, ով 2018-ին է գալու, չէ որ մեզ մոտ ամե ինչ խաղ է` այն ինչ կարելի է անել անհապաղ, գուցե թողնվում է 2018-ին եկողին, որպես նրա վարչապետության ամրապնդում: Բայց ուրեմն որքան պիտի չսիրեն հասարակ մարդուն ու հային, որ նրան անվերջ խաբեն բարեփոխումներով, այս անգամ էլ` եւս մի քանի ամիս, ինչ է, թե մի երկու կոսմետիկ փոփոխություն եկող տարի եկողն անի ու միավոր գրանցի իր հաշվին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.