AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-07-13 20:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 9355, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՆՏ ՀԵՆՐԻԿԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունք

Հանրապետության գիտական հանրությունը նշում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Հենրիկի Մաթեւոսյանի 70-ամյա հոբելյանը:

Հ. Մաթեւոսյանը այն գիտնականներից է, ով իր ողջ աշխատանքային գործունեությունը իրականացրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգումՙ անցնելով գիտական աշխատողի գրեթե բոլոր աստիճաններով:

Հ. Մաթեւոսյանը ծնվել է 1947թ. հուլիսի 10-ին Երեւանում, ծառայողի ընտանիքում: 1970թ., ավարտելով Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը «ֆիզիկոս» մասնագիտությամբ, նշանակվել է աշխատանքի ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում (ՌՖԷԻ)ՙ սկզբից որպես կրտսեր գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող, ՌՖԷԻ գիտական քարտուղար (1981-1987), գիտական գծով փոխտնօրեն (1987-2007), տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ (2016թ.-ից): 2007թ. Հ. Մաթեւոսյանը աշխատանքի է աանցել ՀՀ ԳԱԱ նախագահությունումՙ որպես «Գիտության զարգացման հիմնադրամի» տնօրեն, իսկ 2011-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար:

Տասնյակ տարիների ընթացքում Հ. Մաթեւոսյանը կարողացել է ակտիվորեն զուգակցել գիտական, գիտակազմակերպական, գիտամանկավարժական եւ հասարակական գործունեությունը:

Հ. Մաթեւոսյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատանքների, որոնք տպագրվել են հանրապետական եւ արտասահմանյան գիտական ամսագրերում եւ զեկուցվել հեղինակավոր միջազգային գիտաժողովներում: Նրա գիտական աշխատանքները նվիրված են լիցքավորված մասնիկների, մասնիկների փնջերի եւ պլազմայի ու պլազմանման միջավայրերի փոխազգեցության հետազոտմանը արտաքին հզոր դաշտերի առկայությամբ: 1977թ. Հ. Մաթեւոսյանը պաշտպանել է թեկնածուական, իսկ 1997թ.ՙ դոկտորական ատենախոսությունը, իսկ 2010թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Հ. Մաթեւոսյանը առաջիններից մեկն էր Հայաստանում, ով հետեւողական եւ արմատական ձեւով զբաղվեց ֆիզիկայի կարեւորագույն ճյուղերից մեկիՙ պլազմայի ֆիզիկայի տեսությամբ: Նրա գիտական հետազոտությունների շրջանակը ներառում է իոնային եւ իոնա-կլաստերային փնջերի արգելակումը մագնիսաակտիվ պլազմայում, իներցիոն (իոնային) ջերմամիջուկային սինթեզը, ոչ գծային երեւույթներ պլազմայում, ինտենսիվ էլեկտրամագնիսական ալիքների ցրումն ու տրանսֆորմացիան պլազմայում, պլազմային ալիքների գրգռումը ինտենսիվ լազերային իմպուլսներով կամ լիցքավորված մասնիկների փնջերով, պլազմայի խիստ կորելացված վիճակները, լազեր-պլազմա ոչ գծային փոխազդեցությունը:

Այդ ուղղություններով Հ. Մաթեւոսյանի կողմից ստացված տեսական լուծումների հիման վրա բացատրվել են փորձարարական հետազոտություններում դիտված մի շարք երեւույթներ, մասնավորապեսՙ իոնային դիկլաստերների ցրման երեւույթը միջավայրերի բարակ թաղանթների վրա, որը թույլ է տալիս չափելու միջավայրով անցնող լիցքավորված մասնիկների հետքային դաշտերը: Հ. Մաթեւոսյանն առաջարկել է իոնային փնջի մագնիսաակտիվ պլազմայում անոմալ շփման երեւույթի ստուգման եղանակ, որը, մասնավորապես, կիրառելի է իոնային իներցիոն ջերմամիջուկային սինթեզի եւ իոնային փնջերի էլեկտրոնային «սառեցման» բնագավառներում: Նա առաջարկել է նաեւ պարամետրիկ անկայուն պլազմայում արագացնող եւ ֆոկուսացնող ինտենսիվ էլեկտրամագնիսական հետքային դաշտերի գրգռման նոր մեթոդ:

Հ. Մաթեւոսյանի կողմից ստեղծված ու ղեկավարած գիտական խումբը մեծ հաջողությամբ համատեղ գիտական հետազոտություններ է իրականացրել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Կանադայի մի շարք գիտական կենտրոնների հետ: Հ. Մաթեւոսյանը ակտիվորեն ներգրավվել է միջազգային դրամաշնորհային ծրագրերին, մասնավորապեսՙ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC, 3 նախագիծ), Հայկական գիտակրթական ազգային հիմնադրամ (ANSEF, 2 նախագիծ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, մասնակցել եւ այժմ մասնակցում է ՀՀ ԳԿՆ գիտության պետական կոմիտեի մրցույթով շահած թեմատիկ նախագծերին:

Հ. Մաթեւոսյանը եղել է չորս թեկնածուական ատենախոսության ղեկավար եւ մեկ դոկտորական ատենախոսության գիտական խորհրդատու: 2011թ.-ից հանդիսանում է ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 049 մասնագիտական խորհրդի անդամ:

Լայնածավալ է հոբելյարի գիտակազմակերպական եւ հասարակական գործունեությունը: Ուսանողական տարիներին Հ. Մաթեւոսյանը ընտրվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության քարտուղար, ՌՖԷԻ-ում աշխատած տարիներին ընտրվել է երիտասարդ գիտնականների հանրապետական խորհրդի անդամ, ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ: 1992-1993թթ. ղեկավարել է հայ-բրիտանական «Արատեխ» համատեղ ձեռնարկությունը, որը զբաղվում էր գիտական հետազոտությունների առեւտրայնացման հարցերով: 1991թ.-ից «Erebouni-Biocide» հայ-բրիտանական համատեղ ձեռնարկության հիմնադիր-տնօրեն է: Նշանակվել է Միջազգային ֆինանսական հիմնադրամի հայկական մասնաճյուղի փոխտնօրեն եւ 1997-1999թթ.: 2011-2013թթ. եղել է Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում ՀՀ Պետական մրցանակների հանձնախմբի անդամ:

Հղելով մեր հոբելյանական շնորհավորանքները բազմավաստակ գիտնական ու գիտության հմուտ կազմակերպիչ Հ. Մաթեւոսյանին, սրտանց ցանկանում ենք նրան հետագա բեղմնավոր գիտական աշխատանքՙ ի փառս Հայաստանի գիտության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.